Հայաստանում շարունակում է ակտուալ մնալ կանանց իրավունքների պաշտպանության իրավունքը

0
66

Հայաստանում շարունակում է ակտուալ մնալ կանանց իրավունքների պաշտպանության խնդիրը` կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելումից մինչև հանրային որոշումների կայացման գործընթացում կանանց թերներկայացվածությունը: Համաձայն միջազգային կառույցների ու իրավապաշտպանների գնահատականների, Հայաստանում կանայք շարունակում են զգալիորեն թերներկայացված լինել հանրային որոշումների կայացման գործընթացում:

Այս առումով խնդիր է մնում ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր մակարդակներում առաջնորդության հավասար հնարավորությունները, հավասար վճարումները և աշխատաշուկային հավասար հասանելիությունը։ Խնդրահարույց են համարվում նաև հանրային մթնոլորտի փոփոխության դժվարությունները:

Ընտանեկան բռնության խնդիրը Հայաստանում թեպետ շատ չի բարձրաձայնվում, սակայն տարեց տարի ավելացող դեպքերը լուրջ մտահոգության առիթ են: Շուրջ 2 տարի է՝ գործում է «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը, սակայն ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը շարունակվում են արձանագրվել։

«Այս տարի կանանց իրավունքների պաշտապության ու քաղաքականության մեջ նրանց ներգրավվածության առումով որևէ առաջընթաց չկա, այդ խնդիրները շարունակում են մնալ առօրեական»։ Այս մասին քննարկում «Կանանց իրավունքները 2019 թ. թերներակայացվածության և բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Փաստն այն է, որ այս խնդիրը ՀՀ-ում շարունակում է մնալ։ Մենք չենք կարողանում մշակել այնպիսի մեխանիզմներ, որ խնդրին տանք ճկուն լուծումներ»,- նկատեց Անի Սամսոնյանը։ Վերջինիս կարծիքով՝ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց մասնակցության մասով հետընթաց ենք ապրել։

«Սեպտեմբերի 29-ին Մասնակցել եմ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների նախընտրական քարոզարշավներին և կանանց ներգրավվածության քննարկումներին և այս հարցով բավական դժվարություններ կային այն մասով, որ ՏԻՄ ընտրությունները դարձել են ոչ գրավիչ կանաց համար և նրանց մասնակցությունը պակասել է»,-ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, նշելով, որ 7 համայնքների համար առաջադրվել էր 99 թեկնածու, որոնցից 12-ն էր կին։

Պատգամավորը նկատեց, որ նույն պատկերը եղել է նաև դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին․

«Առաջադրվել էր 3 կին, ճիշտ է երեքն էլ ընտրվել են, սակայն սա ցածր և խայտառակ ցուցանիշ է։ Հեղափոխությունն ինքնին առաջընթաց չի գրանցել։ Այն, որ հեղափոխություն է եղել և քաղաքական համակարգն է փոխվել, դա չի նպաստել, որ ՏԻՄ ընտրություններում կանայք ակտիվ ներգրավվեն, և սա խոսում է, որ մենք համակարգում ունենք խնդիրներ»,- ասաց Անի Սամսոնյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի կարծիքով, խնդիրը խորքային է, քանի որ հեղափոխությունից հետո քաղաքականության մեջ միանգամից կանանց մասնակցության կտրուկ և աննախադեպ աճ չի գրանցվել․

 «Սակայն այս պահին երկիրը կառավարող ուժը որդեգրել է կանանց և տղամարդկանց հավասարությունը խթանող քաղաքականությունը։ Մանկությունից սկսած աղջիկ երեխաներին պետք է դաստիարակենք այնպես, որպեսզի նրանք երիտասարդ տարիքում և արդեն հասունության տարիքում, ունենան մարդկային ցանցեր, ունենան ընտրողների զանգված, ունենան ճանաչելիություն։ ՏԻՄ-երի առումով համամտ եմ, որ շատ աշխատանք ունենք անելու՝ զորեղացնելու, որ կանայք ներգրավվեն»,- ասաց Մարիա Կարապետյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան մատնանշեց նաև դրական փոփոխությունները․ «Այսօր ՀՀ-ում կառավարում է մի ուժ, որի կորիզը հանդիսացող թե փիլիսոփայության, և թե նախընտրական ծրագրի մեջ կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, ինչպես նաև բռնությունից զերծ հանրության կառուցումը կարևորագույն, առանցքային թեզեր են։ Նշեմ, որ այս կառավարությունում փոխնախարարների թվով ամենամեծ թվով կին փոխնախարարներն ունենք, քան նախորդ ժամանակաշրջաններում»,- նկատեց նա։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանի կարծիքով կանանց նկատմաբ խտրականության  բոլոր ձևերի վերացումն ու նրանց նկատմաբ բռնության դեմ պայքարը չպետք է դիտարկվի, իբրև կանանց պայքար իրենց իրավուքների համար․

«Դրա վերջնական հասցեատերը պետությունն ուև հասարակությունն է։ Կանանց նկատմամբ բռնությունն ընտանիքում նրանց իրավունքների խախտման ամենակոպիտ ձևն է»,-նկատեց Նինա Փիրումյանը։

Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանի կարծիքով՝  հասարակական-քաղաքական կյանքին կանանց թերներկայացվածությունը մնում է արդիական։

Նաև նաև անդրադարձավ ընտանիքում կանանց նկատմամբ իրականացվող բռնություններին։

«Առանձին, ինքնուրույն խնդիր և մարտահրավեր է ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, որովհետև կանանց նկատմամբ բռնությունն ընտանիքում կնոջ նկատմամբ խտրականության դրսևորման ամենակոպիտ ձևն է։ Սա նաև իր հերթին խանգարում է և չի թողնում կնոջն ինքնադրսևորվել այլ հարաբերություններում, այդ թվում՝ աշխատանքային հարաբերություներում»,- վստահեցրեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here