Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Արտաշար գյուղում հողին են հանձնել զինծառայող Արթուր Աջամյանի դին: Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանը հայտնեց Forrights.am-ին, որ հուղարկավորությանը եկել էին մարդիկ Հայաստանի տարբեր բնակավայրերից:
«3000 հոգի մարդ կար: Որ լսել էին՝ զինվոր են սպանել, եկել էին հարգելու: Հանգիստ հուղարկավորոթյունը անցավ: Այլևայլ բաներ չեն եղել: Մարդկանց խոստացան, որ քննությունը կընթանա առանց խոչընդոտի, ու հիմա մարդիկ հանգիստ սպասում են», — ասաց Մանվել Օհանյանը:
Խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողները հիմնականում լուռ են տանում իրենց վիշտը: Ողբերգական դեպքերին հաջորդող օրերին շատերը հույսով ապավինում են քննիչին, որքան էլ անհավանական լինեն վերջինիս առաջ քաշած վարկածները: Ոմանք էլ, ինչպես արտաշարցիները, աղմկոտ ակցիաներ են կազմակերպում, բողոքում են ՊՆ-ից և նախաքննության մարմնից, պահանջելով օբյեկտիվ քննություն:
Դեկտեմբերի 4-ին նրանք Արթուրի լուսանկարն առած, Ազգային Ժողովի դարպասի մոտ էին, պատասխան էին պահանջում խորհրդարանից սպանված երիտասարդի համար: Նրանց ներս չթողեցին:
ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Անդրանիկ Քոչարյանը խոստացան մարդկանց, որ արդարությունը տեսնելու են ու շատ շուտով:
Ավելի վաղ, դիահերձարանի մոտ Արթուրի համագյուղացիները խոստանում էին նրա դիակը չտանել տուն, մինչև որ չբացահայտվի Արթուր Աջամյանի մահվան գաղտնիքը:
11 ամսվա զինծառայող Արթուր Աջամյանին սպանել են դեկտեմբերի 2-ին, իր ծննդյան օրը: Նույն դեռևս չպարզաբանված միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը: Նա Երևանի բնակիչ է:
Նա գլխի ծանր վնասվածք ունի և ներկայում վերակենդանացման բաժանմունքում է։
Մեր տեղեկություններով, տղաները երկուսով են հերթապահել պահպանության տեղամասում: Դեպքից 2-3 ժամ առաջ հրամկազմից այցելել են այնտեղ, ստուգել են տեղամասը, համոզվել են, որ ամեն ինչ կարգին է, և հեռացել են:
Արտաշարցիներին, որոնք ակցիա էին կազմակերպել խորհրդարանի դարպասի մոտ, այնտեղ էր բերել որոշ ԶԼՄ-ներով տարածած տեղեկությունը, թե Արթուրը ինքնասպան է եղել: Չի բացառվում, որ ի սկզբանե կեղծ տեղեկատվությունն այս տարածվել էր մարդկանց արձագանքը ստուգելու համար: Արձագանքը բուռն էր:
«Ամոթ այդ լրատվականներին, որ գրել են, որ երեխան ինքնասպան է եղել», — ասում էր զոհվածի հարազատներից մեկը:
Քննչական կոմիտեն գործ հարուցեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ:
Արթուր Աջամյանի հարազատների շահերը ներկայացնող փաստաբանը արձանագրել է , որ նրա մարմնին տարբեր վաղեմության բռնության հետքեր են եղել` ճակատի, ձեռքերի, ոտքերի հատվածում։
Մեզ հասած տեղեկություններով, զորամասում, որտեղ ծառայում էին Արթուրն ու Դավիթը ողջ անձնակազմը շոկի մեջ է և բոլորը խոսում են դեպքի մասին: Հարցաքննվում են զինծառայողները:
Ինքնասպանության վակրկածի շուրջ առաջին օրն այստեղ իրոք քննարկում եղել է: Նույնիսկ կարծիքներ են եղել, թե կատարվածը թշնամու զինվորի հետ հանդիպման հետևանք է, որի արդյունքում տղաներից մեկը վիրավորվել է, իսկ մյուսը մոտ 300 մետր հեռու գնալով, սպանվել է անհայտ հանգամանքներում, կամ ինքն է իր վրա կրակել:
Մեր աղբյուրը բացառում է, որ տղաները կրակած լինեն իրար վրա: «Նրանք իրար հետ շատ հաշտ են եղել, երկուսն էլ խելոք երեխեք էին: Էդ օրը Արթուրի ծնունդն էր, ու Դավիթը նույնիսկ զանգել էր ինչ-որ մեկի ու հեռախոսով ասում էր, որ Արթուրի ծնունդն ա, ալյուր կա, տորթի նման մի բան ո՞նց կարելի է սարքել», — ասում է մեր աղբյուրը:
Սա նշանակում է, որ Արթուր Աջամյանի և Դավիթ Մելիքբեկյանի միջև ընկերական հարաբերություններ են եղել, և չի բացառվում, որ սպանությունը կատարել է երրորդ անհայտ անձը:
Մարտակերտի պաշտպանական շրջանը համարվում է Արցախի ՊԲ լավագույն զորամասերից: Սակայն այստեղ վերջին մեկ-երկու տարում բազմաթիվ քրեական դեպքեր են տեղի ունեցել:
Այս տարվա հունվարի 7-ին դիրքերում խորհրդավոր հանգամանքներում զոհվեց ժամկետային զինծառայող, Գեղարքունիքի մարզի Շորժա /Շողակաթ/ գյուղի բնակիչ Վաչե Չիլինգարյանը: Դեպքը ներկայացվեց որպես դիպուկահարի կրակոցի հետևանք:
2018 թվականի դեկտեմբերի 12-ին այստեղ ժամկետային զինծառայող Արգիշտի Հակոբյանը որովայնի շրջանում հրազենային վիրավորում ստացավ «Կալաշնիկով» ավտոմատից արձակած կրակոցից: Վնասվել էին զինծառայողի ներքին օրգանները: Սա ներկայացվել էր որպես անզգույշ կրակոց: Մուրացանի հոսպիտալում զինծառայողը մորը խոստովանել էր, որ խնդիրներ է ունեցել զորամասում, որ իր վրա կրակել է ծառայակիցը, Աբովյանի բնակիչ Հ.Մ-ն:
2017-ի նոյեմբերի 4-ին զորամասի պահեստում ականի պայթյունից, իր մարմնով փակելով հակատանկային ականը, մահացավ ժամկետային զինծառայող, դիպուկահար Հրանտ Մանգասարյանը: Հրամանատարության հանցավոր անփութության պատճառով ականը մարտական վիճակում բերվել է պահեստ ու պայթել զինվորի ձեռքերի մեջ՝ դառնալով նրա մահվան և ևս երկու զինծառայողների վիրավորման պատճառը:
Եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը ծառայության մեկնելուց մոտ երկու շաբաթ հետո դաժան ծեծի ենթարկվեց Բադ մականունով կոմբատի կողմից, որից հետո ցնցումների մեջ ընկավ և ի վերջո ազատվեց ծառայությունից:
Հունվարին ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց Մարտակերտի նույն զորամասի ժամկետային զինծառայող, երևանցի Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով: Դատաքննությունն այս գործով չի ավարտվել:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: