Երեկ NewsMedia-ի յութուբյան էջում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները հակագազով և մահակով փորձում ցուցմունք կորզել քաղաքացուց։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, Forrights-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքի առթիվ Ոստիկանության պետ պաշտոնակատար Արման Սարգսյանը հանձնարարություն է տվել․ «Ոստիկանության ներքին անվտանգության վարությունում ստուգումններ են իրականացվում։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նաև հայտնեց, որ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել և այն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով:
«Ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է Հատուկ քննչական ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Թե դեպքը երբ է տեղի ունեցել, դա կպարզվի քննչական գործողությունների ընթացքում, սակայն այն, որ ոստիկանների նման գործողությունն իրավապաշտպանների համար նորություն չէ, դա արդեն իսկ փաստ է։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը փաստում է, որ խոշտանգման եղանակով ցուցմունք կորզելը Հայաստանում շատ ընդունված է և շարունակվում է մինչ օրս։
«Գլխավոր դատախազությունը ջանասիրաբար պայքարում է խոշտանգումների բացահայտման դեմ; Քանի դեռ խոշտանգման դեպքերը կոծկվում և հնարավորինս քողարկվում են Դատախազության կողմից, Հայաստանում խոշտանգումները կշարունակվեն և գոյություն կունենան»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Ալեքսանյանը։
Դատախազության և Հատուկ քննչական ծառայության անգործության մասին բարձրաձայնեց նաև «Հայաստանի հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Նինա Կարապետյանցը։ Նա նշում է, որ իրենք տարիներ շարունակ բարձրաձայնել են ոստիկանական բաժնում կատարվող խոշտանգումների և բռնությունների մասին, սակայն իրավիճակը երբևէ չի բացահայտվել ու համապատասխան գնահատական չի տրվել․
«Թե՛ Դատախազության, թե՛ ՀՔԾ-ի կողմից երբեք ուշադրության չի արժանացել բաժանմունքներում տեղի ունեցող բռնությունները։ Լավագույն տարբերակով գործը կարճվել է, վատագույն տարբերակով՝ սուտ մատնության հոդվածով քրեական գործ հարուցվել։ Հայաստանում մինչև օրս գործում է միմյանց պահելու, իրար վրա գործ չսարքելու, յուրայիններին թևի տակ առնելու քաղաքականությունը։ Ոստիկանությունը և Դատախազությունն առաջնորդվում են չգրված օրենքներով»,- հայտարարում է իրավապաշտպանը։
Կարապետյանցի համար երեկվա տեսանյութի դեպքն առաձնացված նրանով, որ, եթե մնացած բոլոր դեպքերը կատարվել են գաղտնի, առանց որևէ այլ վկաների, ապա այս տեսանյութից ուղղակի տեսանելի է դառնում այն ամենը, ինչն իրականում է կատարվում ոստիկանությունում․
«Շատ ավելի դաժան իրավիճակներ են տեղի ունեցել, ուղղակի դրանք ապացուցելու որևէ տարբերակ չի եղել։ Պարբերաբար հայտարարում են, թե ոստիկանական բաժնում շուրջբոլորը տեսախցիկներ են տեղադրվելու, սակայն, միևնույն է, կգտնեն մի անկյուն, որտեղ բռնություն կկիրառեն ու դա հենց այդ անկյունում էլ կմնա»,- ցավով արձանագրում է Կարապետյանցը։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ պետք է պատժվեն ոչ միայն տեսանյութում խոշտանգումն իրականացնողները, այլև նրանց ղեկավարները, քանի որ եթե պատկան մարմինները տեղում լինեին, ապա նման միջադեպերը շատ վաղուց այլևս չէին լինի․
«Երեկվա տեսանյութն ամենամեծ վկայությունն է այն մասին, որ բռնությամբ ցուցմունք ստանալու քաղաքականությունը դեռ շարունակվում է։ Մեր իրականությունում մենք պետք է բացառենք նման դեպքերի գոյությունն ու բարքերը։ Եթե մեկ կամ երեք տարվա ընթացքում թեկուզ նմանատիպ մեկ դեպք գրանցվի, դա արդեն իսկ չափազանց շատ է ու դատապարտելի։ Այս դեպքը շատ լուրջ ուշադրության պետք է արժանանա՝ ամենաբարձր իշխանության մակարդակով»,- նշում է նա։
Նման բարքերի բացառման համար, Հարությունյանը խորհուրդ է տալիս բացատրական աշխատանքներ տանել Ոստիկանությունում, ուժեղացնել դաստիարակչական թևը․
«Ցանկալի կլինի, որ այդ աշխատանքներում ներգրավված լինեն ոստիկանական համակարգից դուրս գտնվող մարդիկ, այսինքն իրենց էությամբ «միլիցեք» չլինեն»։
Հավելենք, որ հանրության հիշողության մեջ դեռ թարմ է ամիսներ առաջ ոստիկանական բաժանմունքում խոշտանգման հետևանքով 36-ամյա Էդգար Ծատինյանի մահը։ Ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած Էդգարի հարազատների պնդմամբ, նա մահացել է ոստիկանության բաժանմունքում դաժանորեն ծեծվելու, ահաբեկվելու, այնուհետև սպառնալիքի պատճառով վտանգավոր թմրանյութ կուլ տալու և բժիշկների անտարբերության պատճառով:
ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել՝ ոստիկանների կողմից խոշտանգման հոդվածով: Forrights-ի հետ զրույցում, Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ այս պահին գործը նախաքննության փուլում է, մեղադրյալներ չկան։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: