Երկու ամսից կլրանա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության 5-րդ տարին, սակայն դատավարությունը մինչ օրս շարունակվում է։ Դատական նիստերը դատաքննության 4 տարիների ընթացքում պարբերաբար հետաձգվում են, նույնաբովանդակ միջնորդություններ ներկայացվում դատարանին, կրկին հետազոտության ներկայացվում արդեն իսկ ուսումնասիրված առարկաները։
Այսօր՝ որդու մահից 5 տարի անց, Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, միայն արդար դատաքննություն է պահանջում, դատարանից ակնկալում է, որ «որդուն նման դաժանությամբ սպանողներն իրենց խստագույն պատիժը ստանան»․
«Միգուցե արդար քննությունից հետո բանակում դադարեցվի ինքնասպանությունները, ինքնասպանության որակումների տակ իրականացվող դաժան սպանությունները, ի վերջո, գուցե իշխանությունն իր ուշադրությունը սևեռի բանակում կատարվող խոշտանգումների վրա։ Պետք ա բոլորը տեսնեն, թե նման արարքն ինչ պատժի ա արժանանում, որ անհրաժեշտության դեպքում հիշեն ու սթափվեն»,- Forrights-ի հետ զրույցում ընդգծեց Արկադի Բարսեղյանը։
4 տարի առաջ՝ 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանվեց 19-ամյա Հայկազ Բարսեղյանը: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվեց ֆիզհրապարակի պտտաձողից կախված:
Մեղադրանք առաջադրեց Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին ծեծել են, կտրել երակները, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար՝ դիակը տարել ու կախել են պտտաձողից:
Եղբոր սպանությունը մեծ ազդեցություն է ունեցել Դավիթի վրա, ով այդ ժամանակ 14 տարեկան էր։ «Փոքր տղես մինչև դեպքը շահագրգռված էր, որ պետք ծառայի, բայց հիմա․․․Ասում ա՝ պա՛պ, առավոտից իրիկուն կգնամ կծառայեմ, բայց գիշերը՝ քնելուց, պետք ա տանը լինեմ։ Երեխուս մեջ վախ կա, թե ինչ կկատարվի «քուն» հրամանից հետո»։
«Ինձ ասում էին՝ եթե տղաս խոստովանի, գիտե՞ք իր հետ ոնց կվարվեն բերդում»
Անցնող գրեթե 5 տարիների ընթացքում 4 մեղադրյալներից և ոչ մեկի ծնողները կամ հարազատները չեն այցելել Բարսեղյաններին։ Միայն մեկ անգամ Արկադին, հաշվի առնելով մեղադրյալներից Նորիկ Սահակյանի դրական բնութագիրը, սեփական նախաձեռնությամբ հանդիպեց Սահակյանների հետ։ Ըստ Արկադիի, այդ ժամանակ Նորիկի մայրն «ինքնախոստովանություն է արել»․
«Նորիկի մայրն ասեց՝ եթե տղաս խոստովանի, գիտե՞ք իր հետ ոնց կվարվեն բերդում, մանավանդ, որ իմանան «միլիցու» տղա ա։ Եթե էս ինքնախոստովանություն չէր, բա էլ ի՞նչ էր։ Էսքանն ասեց, բայց վերջում էլի իրենը պնդեց, թե՝ իմ տղան անմեղ ա։ Լավ, բոլորն ամեղ են, բա իմ տղուն ո՞վ սպանեց։ Ես իրենց էդքան ասում եմ, եթե վերադաս մարմիններից մեկն ա կատարել սպանությունը, բայց ձեր վրա ա գցում՝ ասեք․․․ես չեմ ուզում անմեղ մարդկանց կյանքը խորտակեմ»,- նշեց կուրսանտի հայրը։
Գործով անցնող 30 վկաները գրեթե միաբերան ասում էին․ «Վախենում էինք, որ մենք էլ այդ ճակատագրին կարժանանանք»
2015թ․ նոյեմբերի 28-ից սկսվեց Հայկազ Բարսեղյանի կամ առավել հայտնի «Կուրսանտի գործով» դատավարական գործողությունները։ Քրեական գործն ի սկզբանե հարուցվել է ոչ թե ինքնասպանության, այլ սպանության հոդվածով, և քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Վերջինս ինստիտուտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյաի որդին է: Սպանության դեպքից հետո Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է: Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:
Գործով անցնող 30 վկաներ իրենց նախաքննական ցուցմունքներում գրեթե նույնությամբ պատմել են, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Սական վկաներից շատերը դատարանում՝ ամբաստանվող անձանց ներկայությամբ, հրաժարվեցին ցուցմունք տալ։ Վկաներն այն կուրսանտներն են, որոնք սպանության գիշերը եղել են դեպքի վայրում՝ 408 ննջասենյակում։ Նրանք բոլորը պատմում էին, որ Գնելը, Նորիկը, Վաչեն և Մովսեսը դաժանությամբ ծեծել են Հայկազին, ապա կտրել երակները, ինչից հետո վախեցել իրենց արածից և որոշել սպանությունը քողարկել ինքնասպանությամբ։
«Ասում էին՝ գցենք 2-րդ հարկից։ Հետո փոշմանեցին ու որոշեցին իջեցնել ֆիզհրապարակ ու կախել։ Հայկազին քարշ տալով տարան ննջասենյակից։ Երևի արդեն չէր շնչում, քանի որ չէր շարժվում»,- նշում էին վկաները։
Դատավարական կողմերի այն հարցին, թե ինչո՞ւ վկաներից և ոչ ոք չի խոսել և փորձել օգնել Հայկազին, 30 վկաները գրեթե միաբերան ասում էին՝ վախենում էինք, որ մենք էլ այդ ճակատագրին կարժանանանք։
«Անընդհատ հետաձգում են․ էս բանն են կրկին հետազոտում, էն բանն էլ էլի դատարան բերում․միշտ նույնը, նույնը․․․»
Երևան քաղաքի ընդհանուր իրավասություն դատարանի Ավանի նստավայրում՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննվող նիստերը պարբերաբար հետաձգվում են։ Այսօր ևս բացառություն չէր․ նախորդ նիստին դատարանը որոշում էր կայացրել բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և կրկին փորձաքննության ենթարկել զինվորական կոշիկների քուղերից պատրաստված պարանը, որով ենթադաբար կախված է եղել Հայկազը։
ԴՆԹ փորձաքննության պատճառով առաջիկայում կհետաձգվի նաև հաջորդ նիստը։ Այս հանգամանքը վրդովեցնում է կուրսանտի հորը։ Արկադին նշում է, որ պաշտպանների կողմից միտում կա երկարեցնելու դատաքննության գործընթացը․
«Անընդհատ հետաձգում են․ էս բանն են կրկին հետազոտում, էն բանն էլ էլի դատարան բերում։ Միշտ նույնը, նույնը, այնինչ դրա փոխարեն կարող էին հրապարակել գործով առանցքային վկա Սամվել Սերոբյանի նախաքննական ցուցմունքները։ էս 3 տարի ա չեն կարողանում բերման ենթարկել, բայց մարդը եկել-գնացել ա Հայաստան»,- վրդովված նշում է Բարսեղյանը։
Սամվել Սերոբյանը սպանված Հայկազ Բարսեղյանի հետ նույն սենյակում էր քնում: Նախաքննության ընթացքում գործով ամբաստանյալների դեմ ցուցմունքներ էր տվել, ինչը էական հակասություններ էր առաջացրել։ Սերոբյանը միայն մեկ անգամ է ներկայացել դատարան, սակայն ինքնազգացողությունը վատացել և Շտապ օգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանի կարծիքով՝ դատարանը դեռևս չի հրապարակում Սերոբյանի նախաքննական ցուցունքները, քանի որ դեռևս հույս ունի ապահովել նրա ներկայությունը դատարանում, սակայն համամիտ է իր վստահորդի հետ, դատաքննությունը երկարում ու երկարում է․
«Արդեն 4-րդ տարին լրացել է, եթե պաշտպանական թիմի կողմից կան միջնորդություններ, որոնք կարելի է միասին ներկայացնել, ապա ի՞նչ պատճառով այդպես չի արվում։ Հասկանալի է, որ դատարանը ցանկանում է բազմակողմանի գործը քննել, բոլոր միջնորդություններին հանգամանալից անդրադառնալ, բայց այսքան երկարեցնել դատաքննությունը, չի կարելի»,- նշում է Անի Թորոսյանը։
Նկատենք, որ Datalex.am դատական տեղեկատվական համակարգում դատական նիստերի օրերն այլևս չեն էլ թարմացվում։ Վերջին թարմացումը կայքում եղել է ապրիլի 15-ին։
Ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը, ասում են՝ իրենց գլխին սարքել են
Գործով 4 ամբաստանյալներից և ոչ ոք չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, շեշտելով, որ «գործը սարքում են իրենց գլխին» և իրենք լիովին անմեղ են: Ամբաստանյալներից Նորիկ Սահակյանն էլ ընդհանրապես հրաժարվել է հարցաքննությունից: Մեղադրյալները հայտարարել են, որ Ռազմական ոստիկանությունում իրենց խոշտանգել են և ստիպել ընդունել չկատարած հանցանքը։ Գործն այս պահին Հատուկ քննչական ծառայությունում է, գործով չկան մեղադրյալներ և կասկածյալներ, նախաքննությունը շարունակվում է։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը նիստերի պարբերաբար հետաձգումը կապում է նաև ՀՔԾ-ի՝ դեռևս չկայացված որոշման հետ։ Ըստ փաստաբանի, հնարավոր է դատարանը սպասում է, թե արդյոք կապացուցվի տղաների խոշտանգման հանգամանքը։
Չնայած այս հանգամանքներին, տուժող կողմը հայտարարում է՝ դատարանից պահանջելու է ամենախիստ պատիժը․
«Ցմահ պետք է դատել դրանց, որ ուրիշների համար դաս լինի»,- ասաց Արկադի Բարսեղյանը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: