Հուլիսի 24-ին Արցախի Հադրութի զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից ընդամենը երեք ժամ անց: Ըստ ՔԿ հաղորդագրության, շարքային Վոլոդյա Գալոյանը մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, ապա հեռացել է դիրքից ու ինքնասպան եղել:
Քրեական գործը հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով` սպանություն փորձ և ինքնասպանության հասցնելը սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով:
Երկրորդ կայազորային զինդատախազության քննիչները ապացուցված են համարել, որ սպանությունից առաջ Գալոյանի և դիրքի ավագ, պայմանագրային զինծառայող Ռոնալդ Ստեփանյանի միջև տեղի է ունեցել բախում անհեթեթ թեմայի՝ բջջային հեռախոսի պահել-չպահելու հետ կապված:
Բոլոր վկաները մի մարդու նման նույն բանն են կրկնում, որ դեպքի ժամանակ Ռոլանդ Ստեփանյանը բաց ափով մեկ անգամ հարվածել է Գալոյանի դեմքին, իսկ Գալոյանը, ինքնաձիգը ուղղելով Ստեփանյանի վրա, կրակահերթ է արձակել Ռոլանդին սպանելու նպատակով, սակայն ինչպես նշում են քննիչները, Ռոլանդը հասցրել է թաքնվել գետնատնակում, ու նրան ոչ մի գնդակ չի դիպչել:
Սա ընդունելով հիմք, նախաքննության մարմինը որոշել է քրեական գործը կարճել ու Գալոյանին տուժող չճանաչել, մինչդեռ այս պահի դրությամբ տուժող կողմի ձեռքի նյութերը վկայում են, որ քննիչների նկարագրած վարկածը աղերս չունի իրականության հետ, և որ իրականում կատարվել է զարհուրելի սպանություն: Նյութերը ուսումնասիրելուց հետո նման եզրակացության է հանգել քրեագետ, ռազմական փորձագետ և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Վոլոդյա Գալոյանի մարմնի փորձաքննությամբ հայտնաբերվել են քսաներկու վնասվածքներ, ճակատի, վերհոնքային շրջանում, արյունազեղում ձախ թշի շրջանում, սալջարդ վերք դեմքին, որը շատ դաժան հարվածի հետևանք կարող է լինել, վնասվածքներ կրծքավանդակի, աջ ու ձախ բազուկների, աջ սրունքի վրա և այլն:
«Գործով կատարված դիակի արտաքին զննություն իրականացրած մասնագետը, որի անունն ու ազգանունը նշված չեն, չի նկատում այս քսաներկու վնասվաքները և գրում է ընդամենը մեկ վնասվածքի մասին: Կամ նա մասնագետ չէր, կամ էլ կույր մասնագետ է եղել», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:
Ըստ դատաբժիշկ Շավարշ Գևորգյանի, վնասվածքների մի մասը Գալոյանը ստացել է մահից երկուսից երեք օր առաջ, իսկ մեծ մասը պատճառվել է սպանությունից ամիջապես առաջ: Ամենատարօրինակն այն է, որ երկրորդկայազորային զինդատախազության քննչականի պետ Մ. Շիրվանյանը հարց չի տվել փորձագետին, թե քանի կրակոցով է սպանվել Գալոյանը:
«Նրա կզակի շրջանում երկու հրազենային վնասվաքների խողովակներ են հայտնաբերվել, որոնցից ամենայն հավանականությամբ անցել է մեկից ավելի գնդակ: Պարանոցի ձախ կեսին հայտնաբերվել են թվով չորս սևացա օջախներ, դատելով որոնցից կարելի է ասել, որ տղայի գլխի շրջանում կրակվել է չորս, կամ ավելի գնդակ, ահա նման պայմաններում նախաքննական մարմինը այս բացահայտ սպանությունը անվանում է ինքնասպանություն: Մինչդեռ հենց առաջին իսկ օրը պարտավոր էր պարզել, որ Գալոյանի վրա կա քսաներկու մարմնական վնասվածք և նա իրավուքն չուներ ինքնասպանության հոդված դներ», պնդում է Ռուբեն Մարտիրոսյանը:
Նա վստահեցնում է, որ փոխված է ու կեղծված դեպքի վայրը: Քննիչները Գալոյանի մարմինը, իբր, հայտնաբերել են չեզոք գոտում, թիկնոցավրանի մեջ փաթաթված, իսկ կողքին դրված է եղել ինքնաձիկգը: Սակայն նրա շուրջ, նրա տակ՝ ոչ մի տեղ արյուն չի հայտնաբերվել և չի հայտնաբերվել նաև ոչ մի պարկուճ: Սա նշանակում է, որ Գալոյանը սպանվել է այլ վայրում, ապա նրա մարմինը թիկնոցավրանով փաթաթված վիճակում տարել են ու դրել չեզոք գոտում:
Ի դեպ, նախաքննության մարմինը չի իրականացրել նաև զինվորների զենքի փորձաքննություն, ինչը պարտավոր էր կատարել, պարզելու համար, թե ում զենքից են սպանել Գալոյանին: Փորձաքննությամբ հերքվել է նաև ընդհուպ կրակոցի փաստը: Ապացուցվել է, որ զինվորը սպանվել է քառասուն սանտիմետրից մինչև մեկ մետր հեռավորությանբ արձակված կրակոցից, ինչը նույնպես հերքում է ինքնասպանության վարկածը:
«Գործով կատարվել է հակաքննություն պայմաններում խոսել ինքնասպանության մասին պարզապես անբարոյական է: Երեք օր շարունակ այս դիրքում տեղի են ունեցել բախումներ: սա խմբակային սպանություն է, ու այս պահին մենք չգիտենք թե ովքեր են մասնակցել այդ սպանությանը», — եզրակացնում է քրեագետը:
Հիշեցնենք, որ սպանված տղայի ծնողները կտրականապես չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է: Նրանք հրաժարվում են հ որևէ հարցաքննությունից, իրենց անվստահությունը հայտնելով քննչական մարմնին:
Սյուզան Սիմոնյան
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի
Հ.Գ. Ուզում ենք ընդգծել, որ նախաքննական մարմինը հարուցված քրեական գործը փորձում էր կարճել դեպքից անմիջապես հետո, Վոոլոդյա Գալոյանի մահվան հիմքով: Նախաքննական մարմինը հրաժարվույմ էր հանգուցյալ զինծառայողին որևէ կարգավիճակ տալ՝ մեղադրյալի կամ տուժողի: Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների ՀԿ կողմից գլխավոր դատախազին ուղղված բողոքներից հետո միայն իրավիճակը փոխվեց: Օրերս, զինծառայողի մահվանից գրեթե 4 ամիս անց միայն կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը ճանաչվեց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Ի դեպ, բավականին ուշ, ամիսներ հետո տրամադրվեց նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ վերը նկարագրված զինվորի խոշտանգված մարմնի զարհուրելի պատկերը, թաքցնելու նպատակով, ինչն ակնհայտորեն փոխելու է քրեական գործի ընթացքը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: