Այս տարվա ապրիլի 7-ին Նոր Նորքի ոստիկանություն տարված և ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը, ըստ քրեական գործերով անկախ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի, փաստում է, որ երիտասարդը ոստիկանների ու բժիշկների գործողությունների զոհ է դարձել:
«Խոսքը սպանության մասին է, որին մասնակցել են ինչպես ոստիկանները, այնպես էլ բժիշկները»,- դատաբժշկական փորձաքննության առթիվ Forrights.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ շարունակելով. «4 ամիս է անցել, սակայն առ այսօր ոչ մի բժիշկի ու ոչ մի ոստիկանի մեղադրանք չի ներկայացվել: Դատաբժշկական եզրակացությունը ստանալուց հետո պարտավոր էին մեղադրանք ներկայացնել»:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի դեպքով, որը հարազատների պնդմամբ, մահացել է ոստիկանության բաժանմունքում դաժանորեն ծեծվելու, ահաբեկվելու, այնուհետև սպառնալիքի պատճառով վտանգավոր թմրանյութ կուլ տալու ու բժիշկների անտարբերության պատճառով: ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել՝ ոստիկանների կողմից խոշտանգման հոդվածով: Ավելի ուշ Քրօրի 130 հոդվածի 2-րդ մասով ՀՀ Քննչական կոմիտեում քրգործ հարուցվեց նաև բժիշկների կողմից ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու հոդվածով:
Մահացածի մայրը՝ Լարիսա Եփարյանը ավելի վաղ մեզ պատմել էր, որ տղային ոստիկանությունում խոշտանգել են՝ փորձելով հարևանի դեմ ծեր կնոջ սպանության գործով ցուցմունք կորզել: Մոր խոսքով՝ ծեծված վիճակում ոստիկանները փորձել են Էդգարի գրպանը «Կրիստալ» թմրանյութ գցել՝ ստիպելու, որ գրի իրենց ուզած ցուցունքը, իսկ վերջինս ընդդիմացել է, բայց քանի որ նախկինում դատվածություն է ունեցել, վախեցել է, որ կնստեցնեն, կուլ է տվել թմրանյութը:
Դեպքից հետո ոստիկանները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Մոր խոսքով՝ այնտեղ հրաժարվել են ընդունել, բուժօգնություն չեն ցուցաբերել: Այնտեղից տեղափոխել են «Արմենիա» ԲԿ: Այդտեղ էլ ոստիկանությունից տարված Էդգարը անուշադրության էր մատնվել, ըստ ծնողի, ու մահացել:
«Բժիշկներն ու քույրերն իրանց համար սենյակում սերիալ էին նայում, ոչ մի բան չէին անում: Դատարկ ասեղը մտցրած թևը իմ տղան պառկած էր: Անգամ մեր խնդրելուց հետո ստամոքսի լվացում չարեցին: Իմ երեխեն լավ էր, էնքան լավ էր, որ ահագին բաներ մեզ պատմեց»,-պատմել էր վշտահար մայրը:
«Եթե անհրաժեշտ բուժօգնություն ցույց տային, այդ տղան ողջ կմնար»
Էդգար Ծատինյանի հարազատները վերջերս ստացել են նրա դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որն իրանանացրել է դատաբժիշկ Ս. Հարությունյանը: Փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով՝ դատաբժիշկի եզրակացությունը փաստում է, որ Էդգարը հիվանդանոց ընդունվելիս անմիջապես բժիշկներին ասել է, որ «Կրիստալ» կոչվող թմրանյութ է կուլ տվել:
«Եզրակացության մեջ գրված է, որ բժիշկներն ասել են, որ կատարել են Էդգարի ստամոքսի լվացում, սակայն դատաբժիշկն արձանագրել է, որ նրա ստամոքսում մնացել է մոտ «50 մլ մուգ կանաչ գույնի կիսահեղուկ լորձանման զանգված», 2.355 գ մետամֆետամին տեսակի թմրամիջոց»,-նշեց փորձագետը: Ըստ նրա՝ դա մահացու չափաքանակ է: Հարազատների պնդմամբ, վախից Էդգարի կուլ տվածը 3 գրամ թմրամիջոց է եղել:
«Էդգարի արյան մեջ եղել է 0,1 գ, մեզի մեջ՝ 0,9 գ թմրանյութ: Ստամոքսում այդ թույնը մոտ 23 անգամ շատ է եղել, քան ներթափանցել է արյան մեջ: Մահացու քանակությամբ թույն է եղել նրա ստամոքսի մեջ: Տեղի է ունեցել ներքին օրգանների թունավորում, որն էլ սպանել է նրան: Հարց է ծագում, եթե բժիշկները լվացում են արել, ինչպե՞ս է 50 մլ կանաչ զանգվածը մնացել ստամոքսում: Կամ ոչ պատշաճ են լվացել, կամ՝ չեն լվացել»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ Էդգարի ստամոքսում հայտնաբերվել է նաև զիպ փականով պոլիէթիլենային տոպրակ.
«Փաստորեն իրեն չեն արել ստամոքսի անհրաժեշտ մաքրում: Եթե անեին, այդ երիտասարդը ողջ կմնար, եթե ժամանակին անհրաժեշտ օգնություն ցույց տային իրեն»:
Փորձագետը նկատեց, որ հիվանդության պատմության մեջ նշվում է, որ Էդգարին ենթարկել են սոնոգրաֆիկ հետազոտության. «Չե՞ն տեսել, որ կա օտար մարմին և հեղուկ: Կարող էին վիրահատելով հանել ու փրկել կյանքը, ինչը չի արվել: Էդգար Ծատինյանը 8 ժամ 40 րոպե մնացել է հիվանդանոցում և էդ ընթացքում նրան իրական բուժօգնություն ցույց չի տրվել: Տպավորություն է, որ ոստիկանությունը բժիշկներին հրահանգել է այնպես անել, որ չապրի, որովհետև, եթե ապրեր, պիտի ցուցմունք տար իրենց դեմ»:
Համաձայն դատաբժշկական փորձաքննության՝ Էդգար Ծատինյանը մահացել է Էկզոգեն թունավորումից. «Արտածին սուր թունավորում «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցից»:
Փորձագետի խոսքով՝ Նոր Նորքի հետաքննիչ Ա. Նավասարդյանը դատաբժշկին ուղղված գրավոր հարցերի շարքում չի տվել շատ կարևոր հարց՝ արդյոք բժիշկները գործե՞լ են ըստ օրենքի ու պաշաճ բուժօգնությո՞ւն են ցույց տվել մահացածին:
«Բժիշկները չեն կատարել իրենց աշխատանքը, ցուցաբերել են հանցավոր անգործություն, որի հետևանքով Էդգարը մահացել է»,- եզրակացրեց Մարտիրոսյանը:
«Մարմնական վնասվածքների փաստը հիմք է տալիս ասել, որ այդ տղային ոստիկանությունում ծեծել—խոշտանգել են»
Դատաբժիշկը Էդգարի ստամոքսում իրար մեջ երկու պոլիէթիլենային տոպրակներ է արձանագրել է եղել Էդգարի ստամոքսում: Այսինքն՝ թմրանյութը եղել է տոպրակի մեջ:
Էդգարի հարազատների փաստաբան Արայիկ Զալյանին ՔԿ-ից տրված պարզաբանումը փաստում է, որ Էդգարը Նոր նորքի ոստիկանություն է գնացել ինքը՝ հարևան շենքի բնակիչ ծեր կնոջ սպանության գործով ցուցմունք տալու:
«Եթե ինքն իր ոտքով գնացել է ոստիկանություն, ապո՞ւշ էր, որ «Կրիստալը» հետը տաներ ոստիկանություն: Անտրամաբանական է, որ դա իր թմրանյութը լիներ, որովհետև ոչ ոք թմրանյութով ոստիկանություն չի գնում: Անգամ թմրամոլը նման բան չի անի, որ հանցակազմը դնի գրպանը, տանի ոստիկանություն»,-նկատեց Ռուբեն Մարտիրոսյանը՝ պնդելով. «Այսինքն՝ թմրանյութն իրեն չի պատկանել, դա միանշանակ: Եթե ոստիկանությունն ասում է՝ թմրանյութն իրեն է պատկանել, մեզ հիմարի տեղ են փորձում դնել: Նարկոտիկը գրպանում ոստիկանություն չեն մտնում»:
Փորձագետի խոսքով՝ համաձայն դատաբժշկական եզրակացության՝ ոստիկանները Էդգարին ծեծել են բռուցքներով ու մահակով: «Դատաբժիշկն արձանագրել է հետևյալ վնասվածքները Էդգարի դիակի վրա. արյան զեղում վերին շուրթի ձախ կեսի ներսի մակերեսին: Դա նշանակում է՝ Էդգարին բաց ափով հարված են հասցրել բերանին, որ դրսից վնասվածք չունենա: Բռունցքով եթե խփեին, դրսից հետքեր կմնային»,-նշեց փորձագետը՝ շարունակելով թվարկել վնասվածքները.
«Թվով երկու արյունազեղում ներքին շուրթի ձախ կեսին, արյունազեղում ձախ բազկի շրջանում: Թվով երկու քերծվածքներ աջ արմկնահոդի շրջանում: Քերծվածք աջ նախաբազկի շրջանում: Քերծված ձախ ճաճանչ-դաստակային մակերեսին: Քերծվածք աջ դաստակի շրջանում: Քերծվածք աջ դաստակի երրորդ մատի շրջանում: Քերծվածք ձախ դաստակի երրորդ մատի շրջանում: Աջ դաստակի շրջանում էլ կա քերծվածք, ձախ դաստակի էլ: Մենք կարող ենք համոզված ասել, որ Էդգարի ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել ու ծեծել»:
Ընդ որում, Էդգարը վնասվածքները ստացել է մահվանից մոտ 24 ժամ առաջ, այսինքն՝ երբ ոստիկանությունում է եղել: Ըստ փորձագետի՝ հետաքննիչը դատաբժիշկին տվել է ուղղարդված գրավոր հարց, թե հնարավո՞ր էր, որ այդ վնասվածքները հասակի բարձրությունից վայր ընկնելու հետևանք լինեին, ինչը դատաբժիշկը բացառել է:
«Դրանք բոլորը հասցվել են առանձին-առանձին: Երբ Էդգարը փորձել է դիմադրել, խփել են ձեռքի ափերին մահակով և միջամատերը վնասվել են: Այսինքն՝ մենք ունենք այսօր միանշանակ փաստ, որ ոստիկանները Էդգարին ծեծի են ենթարկել, նրան խոշտանգել են»,-եզրակացրեց Մարտիրոսյանը: Ի դեպ, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, թե ոստիկանները մատով չեն կպել Էդգարին:
Փորձագետի համոզմամբ՝ ենթադրությունը, թե Էդգարը ինքնասպանություն է գործել՝ կուլ տալով թմրանյութը, անհեթեթ է. «Որովհետև եթե ուզենար մահանալ, բժիշկներին հենց սկզբից չէր ասի, որ թմրանյութ է կուլ տվել ու չէր ուզենա փրկել իր կյանքը: Չի բացառվում, որ իսկապես ոստիկանությունում նրան սպառնացել են և նա այդ սպառնալիքի ներքո է կուլ տվել թմրանյութը: Մարմնական վնասվածքների փաստը հիմք է տալիս ասել, որ այդ տղային ոստիկանությունում ծեծել-խոշտանգել են, ապացույցը եզրակացության մեջ է»:
«Բոլորն անպատիժ ման են գալիս, իսկ իմ ամուսինը չկա ու իմ աղջիկը հայր չունի»
Էդգարի հարազատները կասկածներ ունեն, որ Էդգարի մահվան առթիվ հարուցված քրգործերը փարձում են կոծկել: Մոտ 4 ամիս որևէ տեղաշարժ չկա:
««Արմենիա ԲԿ»-ի բժիշկները մինչև այսօր անպատիժ են, Մասիվի ոստիկանները, որոնք խիստ վնասվածքներ են հասցրել իմ ամուսնուն, ինչն ապացուցում է դատաբժշկական փորձաքննությունը՝ նույնպես անպատիժ են: Բոլորն անպատիժ ման են գալիս, իսկ էսօր իմ ամուսինը չկա ու իմ աղջիկը հայր չունի»,-մեզ հետ զրույցում դժգոհեց Էդգարի կինը՝ շարունակելով. «Հաստատ կոծկվում է էս գործը: Ում դիմում ենք, ոչ ոք չի արձագանքում, իսկ այսօր իր երկու էրեխքն անհեր են: Թե տենց հեշտ ա մարդուն երկրագնդի երեսից վերացնելը: Էսօր ամուսնուս ծեծողները աշխատում են որպես ոստիկան, իսկ ամուսնիս կենդանի չէ ոև իմ աղջիկը հայր չունի:
ՀՔԾ-ից մեր հարցին, թե քրգործով ի՞նչ նորություն կա, պատասխանեցին, որ նախաքննությունը շարունակվում է, գործով մեղադրյալ չկա: Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգման հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետեր)։
Իսկ ՀՀ Քննչական կոմիտում է քննվում ոչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու առթիվ հարուցված քրգործը՝ Քրօրի 130 հոդվածի 2-որ մասով: ՔԿ-ից մեր հարցին, թե ինչ նորություն կա այս գործով, պատասխանեցին, որ գործով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չկա:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: