«Պաշտպանության նախարարությունն ընդունում է այն փաստը, որ Յուրիկ Բրոյանն ունի լուրջ առողջական խնդիրներ և մտավոր հետամնաց է, սակայն շարունակում է անօրինական կարգով պահել Ռազմական ոստիկանությունում: ՊՆ-ն հայտարարում է, որ օրենքի նախագիծ կա, համաձայն որի՝ շուտով այս խնդրով զինծառայողները չեն զորակոչվելու: Ստացվում է, որ ՊՆ-ն Յուրիկ Բրոյանի իրավունքները ոտնահարում է»,- Forrights-ի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում Բրոյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած հայտարարությանը:
«Ներկայումս ՊՆ-ն կողմից Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտարարում է, որ ՀՀ ՊՆ-ն հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած: Սակայն նախարարությունն անտեսում է այն հանգամանքը, որ, եթե Բրոյանի առողջական վիճակը ծառայության սկզբում վատ էր, ապա այս մեկ տարվա ընթացքում էլ ավելի է վատթարացել և ՀՀ-ում բուժումը դարձել անհնար:
Հայարփի Սարգսյանը փաստում է, որ զինծառայողն անդառնալի վնաս է կրել, նրա բուժումն այլևս հնարավոր չէ շարունակել քաղաքացիական հիվանդանոցում և հենց այդ պատճառով էլ նա դուրս է գրվել:
«Ինչո՞ւ Բրոյանը տեղափոխվեց Ռազմական ոստիկանություն. այդ հարցի պատասխանը ՊՆ-ն որևէ կերպ չի հստակեցնում: Օրենքով սահմանված կարգով նա պետք է գտնվեր հոսպիտալում, քանի որ նրա առողջական վիճակն ավելի է բարդացել, սակայն Յուրիկ Բրոյանն այս պահին անհիմն կերպով գտնվում է Ռազմական ոստիկանությունում: Երեկ այդ մասին փաստել է նաև ՄԻՊ-ի աշխատակազմը»,- նշում է փաստաբանը:
Զինծառայողին դուրս գրելուց հետո բժիշկները դեղատոմսով դեղեր էին նշանակել, բայց Ռազմական ոստիկանությունում հրաժարվել են Բրոյանին դեղեր տրամադրել, քանի որ, ըստ նրանց, բժիշկների կողմից համապատասխան դեղատոս չկա տրամադրված և բժշկական փաստաթղթերն էլ իրենց մոտ չէ: Այս մասին երեկ ահազանգել էր նաև Յուրիկի մայրը՝ Մարինեն:
«Հիմա ստացվում է մի «կազուս». մի դեպքում՝ նա ունի առողջական խնդիր, որը ՀՀ-ում չի բուժվում, մյուս դեպքում՝ Բրոյանը զինծառայող է և պետք է նրան զորացրել: Ընդ որում, բժիշկները նշում էին, որ դեղերի չափաքանակն ավելացրել են և Յուրիկն այդ դեղերի կարիքն ունի առավել քան երբևէ: Այս պահին՝ այսպես, առանց որևէ դեղի, կտրուկ վտանգի տակ է իմ վստահորդի առողջությունը»,- հայտարարում է փաստաբան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 20-ամյա զինծառայող Բրոյանը նյարդային համակարգի հետ կապված ծանր հիվանդություն ունի, որը բժիշկները չեն կարողանում ոչ ախտորոշել, ոչ բուժել: Նա դժվարությամբ է տեղաշարժվում, անընդհատ ցնցումների մեջ է ընկնում և երեկվա դրությամբ պահվում էր «Նուբարաշեն»-ի հոգեկան առողջության կենտրոնում: Յուրիկի առողջական վիճակը մեկ տարվա պայքարից հետո վերջապես արձանագրվել էր: Կա բժշկական եզրակացություն, որով Յուրիկ Բրոյանը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, ուստի թույլատրել էին մորը, որ որդուն տուն տանի:
Սակայն հասնելով տուն, մայրը տեղեկանում է, որ որդու նկատմամբ Պաշտպանության նախարարությունը հետախուզում է հայտարարել:
«ՙԵրեխին ձեռիցս հանեցին, քնած վիճակում տարան ռազմական ոստիկանություն: Տարել էի, լողացրել էի, բժիշկը ասել էր՝ ուշադիր կլինես, ինքը արդեն անջատված ա, ոչ մի բան չի զգում: Քնած վիճակում դրել եմ տաքսի, տարել եմ տուն, գրկած վիճակում իջեցրել ենք մեքենայից: Մի պահ զարթնեց, կերակրեցի, լողացրեցի, էլի բերի Մուրացանի հիվանդանոց: Ոչ ոք նրան չընդունեց: Մի բոյով, լիքոտ բժիշկ դուրս եկավ, ասեց՝ ձեր երեխուն ստուգել եմ, իրա մոտ ամեն ինչ նորմալ ա, տարեք զորամաս: Տարան ռազմական ոստիկանություն: Վաղը կտեսնեն, պիտանի է, թե չէ: Չթողեցին, որ հոգեբուժարանում տված դեղերը դնեմ հետը: Ասեցին՝ մենք չենք կարող էդ դեղերը տանք: Շատ վատ վիճակում էր երեխեն»,- Forrights-ին էր երեկ պատմել Բրոյանի մայրը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: