Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն հրապարակել է աշխատակցի նամակագրությունը և ապօրինի ազատել աշխատանքից

3119

Լուսանկարի աջ կողմում Եսթեր Աբրահամյանն է

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի
տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Եսթեր Աբրահամյանը, ըստ նույն կենտրոնի փորձագետ Տաթևիկ Համբարձումյանի, տևական ժամանակ է հալածում և ճնշումների է ենթարկում իրեն։

Այդ մասին մեզ  պատմեց Տաթևիկ Համբարձումյանը։ Նա պնդում է, որ մարտ ամսին, երբ Էսթեր Աբրահամյանը դարձել է իրենց ՊՈԱԿ-ի
տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այդ օրվանից նա անընդհատ արհամարհական և նվաստացնող վերաբերմունք է ցուցաբերել իր նկատմամբ։

«Մասնավորապես, մի օր նա ինձ առավոտ շուտ, երբ դեռ միայն ես էի եկել աշխատանքի, հրամայեց, որ հավաքարարի հետ սենյակը մաքրեմ, այնուհետև քարտուղարուհու միջոցով փոխանցել էր, որ ես սուրճ չխմեմ և չծիծաղեմ, քանի որ դա իրեն նյարդայնացնում է»,- վերհիշեց Տաթևիկը։

Իսկ վերջերս բանը հասել է նրան, որ էսթեր Աբրահամյանը մուտք է գործել Տաթևիկ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջ, կարդացել նրա նամակները և կարդալուց հետո հաջորդ օրը  հրապարակային մի խումբ աշխատակիցների ներկայությամբ իրեն վիրավորել է, աշխատակիցներին ցույց է տվել իր նամակագրության սքրինշոթերը և  շանտաժի միջոցով ասել է, որ դիմում գրի և ազատվի աշխատանքից։ Հակառակ դեպքում՝ սպառնալով, որ իր նամակները կհանձնի իրավապահներին։

Տաթևիկ Համբարձումյանը նախ ազատման դիմում է գրել, այնուհետև հենց հաջորդ օրը հետ է վերցրել իր դիմումը։ Դրանից, ըստ կենտրոնի փորձագետի
տնօրենի ԺՊ Աբրահամյանն ավելի է զայրացել և  ամեն օր իր պարտքն է համարում վիրավորել Տաթևիկ Համբաձումյանին և անտեղի նկատողություններ հնչեցնել ու տարաբնույթ արձանագրություններ ստորագրել Համբարձումյանի վերաբերյալ։

Տաթևիկ Համբարձումյանը իր նամակագրությունը հրապարակելու վերաբերյալ դիմել է ոստիկանություն և սպասում է արձագանքի։

«Ես արդեն դիմել եմ մի քանի ատյանի, սակայն սրանով կանգ չեմ առնելու։ Ես պայքարելու եմ իմ իրավունքների համար՝ բոլոր օրինական միջոցներով։ Ես չեմ կարող թույլ տալ իմ նկատմամբ այս նվաստացումներն ու հոգեբանական ճնշումները։ Եսթեր Աբրահամյանը մեր աշխատակիցների ներկայությամբ ասել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ինձ հեռացնի աշխատանքից։»,- ասաց Տաթևիկ Համբարձումյանը։

Նրա խոսքով ժամանակին Տաթևիկ Համբարձումյանը և Եսթեր Աբրահամյանը մտերիմ ընկերուհիներ են եղել։ Բայց քանի որ մի ժամանակ առաջ  վերոնշյալ ՊՈԱԿ-ը ղեկավարել է Աբրահամյանի բարեկամուհի Շողիկ Ասոյանը, որի հետ Տաթևիկ Համբարձումյանն աշխատանքային վեճ է ունեցել և օրենքով սահմանված կարգով հաղթել է վեճը, Տաթևիկը կարծում է, որ դա է պատճառ դարձել, որ Աբրահամյանն իր նկատմամբ նման ատելությամբ է լցված։

Մենք զրուցեցինք նաև Եսթեր Աբրահամյանի հետ։ Զրույցի սկզբում նա ասաց, որ ինքը որևէ ճնշում չի գործադրել։ Այլ հարցերի վերաբերյալ նա ասաց հետևյալը

«Ես հիմա չեմ կարող հարցերին պատասխանել, կհորհրդակցնեմ համապատասխան ինստանցիների հետ, հետ կզանգեմ»։

Աբրահամյանի հետ զրույցից ժամեր անց, մեզ հետ կապ հաստատեց Տաթևիկ Համբարձումյանը՝ տեղեկացնելով, որ Եսթեր Աբրահամյանն իր վրա բղավում է, աղմկում և ստիպում, որ աշխատանքից ազատման հրամանը ստորագրի։ Տաթևիկ Համբարձումյանը հրամանը չէր ստորագրել և իրավիճակի մասին տեղեկացրել էր ՄԻՊ, որտեղից նրան պատասխանել էին, որ կզրուցեն նաև Աբրահամյանի հետ։

Երբ մենք նորից կապ հաստատեցինք Եսթեր Աբրահամյանին հետ, վերջինս ասաց հետևյալը.

«Ես՝ աշխատանքային օրենսգրքով ինձ վերապահված լիազորությունների շրջանակում գործառույթներ եմ իրականացնում, որևէ տեսակի մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված ակտ իմ գործունեության մեջ չի գրանցվել, մարդը բացակայել է աշխատանքից, բացակայելու համար գործողություններ են կատարվել։ Մնացած ամեն ինչը նո քոմմենթ»,- ասաց Եսթեր Աբրահամյանը։

Այս ամենից հետո, Տաթևիկ Համբարձումյանը տեղեկացրեց, որ ինքը չի հանձնվելու և շարունակելու է պայքարել՝ իր նկատմամբ հետապնդման և ապօրինի աշխատանքից ազատման համար։  

Լիլիթ Թադևոսյան