Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանը երեկ հերթական անգամ հետաձգեց «Նորքի հանցավոր խմբի» գործով դատաքննությունը: Այս անգամ պատճառը փաստաբաններից մեկի արձակուրդն է: Նշենք, որ այս գործով Արթուր Վարդանյանը կալանավորվել է դեռ 2015 թ-ի նոյեմբերին, սակայն մինչ այժմ խմբից ոչ մեկի գործով վճիռ չկա:

Այս գործով դատավորը բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանն է: Այդ խորհրդի մեկամյակի կապակցությամբ օրերս վարչապետը վստահեցրեց, որ այսօր պատմական շանս կա Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ, և այսօր չկա որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսն արգելակելու համար։

«Ըստ էության, այս գործով իշխանափոխությունից հետո կայուն ձևով դատական նիստեր տեղի չեն ունեցել»,-ասաց Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ հավելելով, որ առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած Արթուր Վարդանյանի կալանքը փոխելու համար պետք է դատական նիստ տեղի ունենա, ինչը տևական ժամանակ չի լինում:

«Ուղղակի խախտվել է ողջամիտ ժամկետում գործը լսելու պայմանը, որն ամրագրված է ներպետական օրենքներով, նաև շատ կոշտ ձևով դրան արձագանքում է ՄԻԵԴ-ը՝տեսնելով արդարադատության հետ կապված խնդիր»,-ասաց պաշտպանը:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը իր պաշտպանյալի հետ կապված խոշտանգման տարրեր է տեսնում և չի բացառում, որ հնարավոր է դիմի Եվրոպական դատարան: «Ես էստեղ կոնվենցիայի խախտում եմ տեսնում երկու հիմքով: Առաջինը՝ կալանքի հիմքեր չեմ տեսնում: Քրդատ օրենսգրքի 135 հոդվածն ուղղակի մատնանշում է հիմքերը, որոնցով անձը պետք է գտնվի կալանքի տակ: Արթուր Վարդանյանի դեպքում անձը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ է կրում: Էստեղ նաև խտրականության տարրեր եմ տեսնում, հավասարության խնդիր եմ տեսնում՝ Սահմանադրության խախտմամբ»,-նշեց պաշտպանը:

Արթուր Վարդանյանն այժմ Միքայելյանի անվան հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում: Նորքի «զինված խմբի» գործով մեղադրյալ, «Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի կինը՝ Աշխենը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ Վարդանյանի մոտ ախտորոշվել է Քրոնի հիվանդություն, որը աղիների բորբորքում է՝ էրոզիա:

Կնոջ խոսքով՝ Քրոնի հիվանդությունը Վարդանյանի մոտ առաջացել է կալանավայրում՝ երկու տարի առաջ: «Դատապարտյալների հիվանդանոցում» չեն հասկացել՝ ինչ հիվանդություն է Արթուր Վարդայնաի մոտ և միայն այս ամռանն են քաղաքացիական հիվանդանոցում ախտորոշել Քրոնի հիվանդությունը:

Կինը միտում է տեսնում ամուսնու գործով դատական նիստերը հետաձգելու հարցում, քանի որ ըստ նրա, համարյա մեկ տարի նիստ չի լինում: «Ուղղակի որոշում չեն կարողանում կայացնել, քանի որ ուղղորդված չեն ու ունեն նախկին հրաման: Եթե իրավացի է, որ իշխանությունը հրահանգներ չի տալիս, ուրեմն դատավորը չի կարողանում կողմնորոշվել, սակայն չէ որ դատարվորը պետք է պատասխան տա նման գործելաոճի համար»,-եզրակացրեց Վարդանյանի կինը:

Նա նաև հավելեց, որ անգամ հեղափոխությունից հետո դատավոր Արմեն Բեկթաշյանի գործողություններում որևէ փոփոխություն չի տեսել և անմարդկային վերաբերմունքն ու անարդարությունը շարունակվում է ամուսնու հանդեպ:

«Հեղափոխությունից հետո ինքն ընդհանրապես նիստեր չի անում: Հեղափոխությունից հետո առհասարակ ոչ մի նիստ չի արել»,-ասաց նա՝ մտավախություն հայտնելով, որ եթե Վարդանյանին կրկին տեղափոխեն ՔԿՀ, հիվանդությունը կսրվի ու կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

«Ամուսնուս 3,5 տարի է՝ պահում են անազատության մեջ առանց դատարանի վճռի, մինչդեռ գործով անցնող մյուս ամբաստանյալները, որոնք նույն մեղադրանքն են կրում, ազատված են կալանքից: Վարդանյանին կալանքից ազատելու արդեն 6-րդ միջնորդությունն է մերժվել: Որեւէ բան հաշվի չեն առնում»,-դժգոհեց կալանավորի կինը՝ հավելելով. «Իշխանական պատգամավորներին ենք դիմել անգամ, բայց ասում են՝ «չենք ուզում խառնվել»: Ալեն Սիմոնյանը խոստացավ զանգել ինձ, հանդիպել Արթուրի հետ, սակայն մինչև հիմա այդպես էլ ոչ զանգեց, ոչ հանդիպեց»:

Աշխենը հիշեցրեց, որ ամուսնուն կալանավորել են 2015 թվականից, քանի որ, ըստ մեղադրանքների, նա դուրս էր եկել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ: «Միայն մտադրությունների համար մարդուն կալանքի տակ են պահում: Ես երեկ կարդացի, որ Սերժ Սարգսյանի եղբորորդուն տվել են անձնագիր՝ Հայաստանը լքելու համար, այն դեպքում, երբ նրա վրա կան շատ ծանր հոդվածներ: Էսօրվա դրությամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի ներկայացուցիչները դրսերում ու Հայաստանում հանգստանում են, իսկ իմ ամուսինը մինչև հիմա նստած է: Հեղափոխությունը Արթուրի՞ դեմ էր, եթե նա մինչև հիմա դուրս չի եկել»,-սրտնեղեց կինը:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ Արթուր Վարդանյանը հանդիսացել է ենթադրյալ զինված խմբի ղեկավարը: Այդ խումբը, ըստ մեղադրանքի, 2015թ.-ին ծրագրել է խոցել նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, զավթել պետական կառույցների շենքերը՝ իշխանությունը բռնությամբ յուրացնելու պատճառով: Ամբաստանյալները մեղադրանքները չեն ընդունում:

Արթուր Վարդանյանի կինն արդեն չի հավատում հեղափոխությանը: «Հեղափոխությունից հետո պիտի պատժվեին էն մարդիկ, ում դեմ հեղափոխություն արվեց: Էդ մարդիկ դեռ չեն պատժվել, պատժվում են էն մարդիկ, որոնք նախկին ռեժիմի դեմ էին, որոնցից մեկն ամուսինս է»,-ասաց Աշխենը՝ հավելելով. «Մենք չենք թալանել էս երկիը, որ էդ թալանածից բաժին տանք կամ փոխանցենք տարբեր ֆոնդերի ու ազատվենք: Ես էդ եմ տեսնում, որ ով թալանել է, կարողանում է իր թալանածից տալ ու պատիժներից ազավել: Ու ես չգիտեմ՝ ինչ անել, իմ ասածները բանի տեղ դնող չկա»:

Միքայելյանի անվան հիվանդանոցի գասթրոէնթերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժնի ղեկավար Գագիկ Հակոբյանը, ով Արթուր Վարդանյանի բուժող բժիշկն է, մեզ հետ զրույցում ասաց, որ Վարդանյանի մոտ Կրոնի հիվանդություն է, իսկ դա կարող է բավական բարդ ընթանալ և լուրջ բարդությունների բերել:

«Բուժման արդյունքում իր մոտ հարաբերականորեն կայուն վիճակ է, բայց դա չի նշանակում, որ վիճակը լավ է: Որովհետև դա խրոնիկ հիվանդություն է: Ինքը միշտ կարիք ունի դեղորայքային և բժշկի հսկողության: Էս հիվանդության առանձնահատկություններից մեկն է, որ ինքը կարիք ունի հատուկ դիետաների: Կալանավայրուրմ կարո՞ղ են տան էտ դիետան, թե՞ ոչ, չգիտեմ»,-ասաց բժիշկը:

Նրա խոսքով՝ եթե դիետայի խանգարում լինի, հնարավոր է՝ հիվանդությունը սրվի: «Եթե խառնի ռեժիմը, դիետան, կարող է լինել սրացում, կարող են լինել շատ ուժեղ բարդություններ»,-ասաց բժիշկը:

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest