«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը «խայտառակություն» է որակում լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառած ու նրա լրագրողական գործունեությունը խոչընդոտած Կոտայքի մարզային վարչության բաժնի պետ Արսեն Արզումանյանի արդարացման վճիռը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հովհաննես Ավագյանի կայացրած դատավճռով լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրած և նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտած Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության բաժնի պետ Արսեն Արզումանյանն արդարացվեց:
«Հուսով եմ, որ այս տիպի վճիռները կամաց-կամաց վերանալու են: Կարծում եմ՝ էստեղ սուբյեկտիվ հանգամանքներ են ազդել դատավորի վրա, և սա պետք է սխալ վճռի նախադեպ դառնա: Սա ոչ արդար և անհիմն վճռի նախադեպ է»,- Forrights.am-ին ասաց Աշոտ Մելիքյանը: Փորձագետի խոսքով՝ եթե նույնիսկ նկարահանում կատարեր շարքային քաղաքացի, ոստիկանները իրավունք չունեին բիրտ ուժ կիրառել, մինչդեռ այս դեպքում նաև խոչընդոտել են լրագրողի աշխատանքը:
«Սա լրագրողական գործունեության ակնհայտ խոչընդոտում է՝ անկախ, թե Տիրայրը որ միջոցով պետք է հաղորդեր, թեկուզ և իր ֆեսյբուքյան էջով»,-շեշտեց Աշոտ Մելքիյանը՝ հավելելով. «Հասկանալի է, որ այդ պահին մատչելի էր հենց ֆեյսբուքյան էջը և հասկանալի է, որ դա կարող էր հետո ցանկացած լրատվամիջոցով դա տարածել: Ֆեյսբուֆյան էջը լրագրողը հենց հանրային նշանակություն ունեցող տեղեկատվություն տարածելու համար է օգտագործել, և որևէ հիմք չկա չընդունելու, որ սա լրագրողական գործունեության խոչընդոտում է»:
Մինչդեռ ոստիկանապետ Արսեն Արզումանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը արդարադատության իրականացում է հայտարարել սույն վճիռը: «Անհնար է դրական չգնահատել այն հանգամանքը, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կան դատավորներ, ովքեր չեն ենթարկվում ճնշումների ու ունակ են արդարադատություն իրականացնել, ղեկավարվելով միայն օրենքի տառով, անկախ այն հանգամանքից, թե այդ ճնշումը «վերևից» է, հասարակության որևէ զանգվածից, թե իր վրա ամեն գնով ուշադրություն հրավիրելու համար բարձր գոռացող որևէ անհատից»,-անթաքույց ոգևորությամբ ֆեյսբուքյան էջում գրել է Վարոսյանը:
Լրագրող Տիրայր Մուրադյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը «ծիծաղելի» որակեց ոստիկանապետի պաշտպանի հայտարարությունը՝ արդարադատության գործելու մասին: «Ասել, որ դա արդարադատություն էր, մաքուր անբիծ դատական ակտ էր, ծիծաղելի է, որովհետև փաստերը հակառակի մասին են խոսում»,-նշեց Բալասանյանը:
Լրագրողի պաշտպանի խոսքով՝ իրենք բողոքարկելու են դատարանի վիճիռը Վերաքննիչ դատարանում՝ այն ստանալուն պես: «Մեր կարծիքով՝ ոստիկանապետին արդարացնելու որևէ հիմք չկար: Փաստերն ավելի քան հիմնավոր են, որ Արսեն Արզումանյանն իմացել է, որ տարածքից հեռացնում է լրագրողի, լրագրողական վկայականն ակնհայտ տեսանելի կախված է եղել, բացի այդ, Տիրայրն ասել է, որ ինքը լրագրող է: Սրան գումարած՝ նաև բռնություն է կիրառվել լրագրողի նկատմամբ՝ ստիպողաբար մեքենա նստեցնելիս: Սա ֆիքսված է նաև տեսանյութում»,-նշեց Բալասանյանը: Նրա խոսքով՝ նաև վկա ոստիկանները, որոնք մասնակցել են այդ «օպերացիային», դատարանում ասել են, որ կատարել են Արսեն Արզումանյանի հրամանը:
«Պնդում եմ, որ ոստիկանապետն իմացել է, որ Տիրայրը լրագրող է և դիտավորյալ հեռացրել է տարածքից: Ինչո՞ւ, որովհետև էդ պահին Տիրայր Մուրադյանը հենց իրենց էր նկարում, ուղիղ եթերում խոսում, մեկնաբանում էր, գուցե ինչ-ինչ բաներ նրանց դուրը չի եկել և փորձել են Տիրայրին տարածքից հեռացնել»,-նշեց պաշտպանը:
Ոստիկանապետ Արսեն Արզումանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, մինչդեռ, անթաքույց հպարտությամբ նաև գրել է. «Համոզված էի, որ պաշտպանական կողմիս հաջողվել էր դատարանում ապացուցել ու հիմնավորել 2 հանգամանք` տուժող-լրագրող Տիրայր Մուրադյանը, 20.04.2018թ. Երևան-Սևան մայրուղում գտնվելու ընթացքում իրականացնելիս չի եղել լրագրողի մասնագիտական օրինական գործունեություն, իսկ Արսեն Արզումանյանը նրան այդ վայրից որոշում կայացնելիս չի իմացել, որ հեռացվողը լրագրող է»։
«Չգիտեմ, պարոն Վարոսյանն ինչից է ենթադրել, որ Տիրայրը չի իրականացրել լրագրողական գործունեություն, իհարկե դատարանում ևս նման պնդումներ արվել են՝ պատճառաբանելով, թե Տիրայրը ուղիղ հեռարձակումը կատարել է ֆեյսբուքով, սակայն նա ուղիղ եթերում տեսագրել է կատարվածը՝ նաև հետո կայքում տեղադրելու համար»,-հակադարձեց լրագրողի պաշտպան Բալասանյանը:
Նա նաև նկատեց, որ հիմա լրագրությունն առանց ֆեյսբուքի դժվար է պատկերացնել.
«Այսօր շատ լրատվամիջոցներ հենց ֆեյսբուքյան ուղիղ եթերների տեսանյութերն են դնում իրենց կայքերում: Երկրի առաջին դեմքերն են ֆեյսբուքյան ասուլիսներ ու լայվերով ուղերձներ փոխանցում, այնպես, որ ֆեյսբուքը դարձել է լրատվամիջոց»: Պաշտպանի խոսքով՝ եթե Տիրայրը ուղիղ եթերում չհեռարձակեր կատարվածը, չի բացառվում, որ ոստիկանները, ինչպես նախկինում, խլեին կամ կոտրեին հեռախոսը:
Գրիշա Բալասանյանի կարծիքով՝ եթե դատական ակտը մտնի ուժի մեջ, լրագրողներն ավելի կաշկանդված են լինելու, ավելի սահմանափակ հնարավորություններ են ունենալու:
Լրագրող Տիրայր Մուրադյանը մեզ հետ զրույցում ապօրինի որակեց դատարանի վճիռը՝ հայտարարելով, որ այն բողոքարկելու է բոլոր ատյաններում: «Իրենք ֆիզիկական ուժ են գործադրել, բռնություն են կիրառել, որ ինձ նստեցնեն մեքենա: Բողոքարկելու եմ բոլոր դատական ատյաններով, որովհետև էդ վճիռն ապօրինի է»,-վստահեցրեց լրագրողը:
Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտպանի պնդմանը, թե ինքն այդ պահին լրագրողական գործուենություն չի իրականացրել, քանի որ իր ֆեյսբուքի էջում է հեռարձակել նյութը, Մուրադյանը շեշտեց. «Լրագրողը կարող է իրադարձությունը նկարել իր հեռախոսով, իր ֆեյսբուքի էջն օգտագործել, հետո դա կայքում տեղադրել: Սա հենց լրագրողական գործունեություն է: Կդիմենք Վերաքննիչ, հույս ունենք այս վճիռը կբեկանվի»:
Տիրայր Մուրադյանը նաև նշեց, որ դատարանում դատավորն ասել է, որ ոստիկանապետ Արսեն Արզումանյանի հետ աշխատել են Աբովյան քաղաքում, գործընկերային հարաբերություններ են ունեցել. «Բացի դա, այս գործով ցուցմունք տված գրեթե բոլոր ոստիկանները, որոնք Արզումանյանի ենթականերն են, պաշտոնի բարձրացում են ունեցել դատավարության ընթացքում: Ենթադրում եմ, որ ուղղորդված ցուցմունքներ են տվել»:
Լրագրողը հույս ունի, որ Հայաստանի լրագրողական կազմակերպությունները գոնե կդատապարտեն այս դատական ակտը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արսեն Արզումանյանը՝ հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլլ» տոնավաճառ տանող խաչմերուկում քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 164-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից 700-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Մեղադրողը այս գործով պահանջել էր 700 հազար դրամ տուգանք, սակայն ոստիկանապետին թերևս առավել անհանգստացրել էր այն, որ դատվածությունը հետագայում անհնարին էր դարձնելու նրա «անբասիր» աշխատանքը ոստիկանությունում:
Մարիեն Խառատյան
.
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: