Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր ավարտվեց տուժող ճանաչված լրագրող Տիրայր Մուրադյանի գործի քննությունը։ Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց ոստիկանության աշխատակիցներ Սուրեն Թորոսյանին և Արեգ Թորոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝) նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակեց տուգանքի ձևով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 19-ի առավոտյան, երբ Տիրայր Մուրադյանը իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով գնացել է Հանրապետության հրապարակ և քայլել տեղի ունեցող հավաքի մասնակիցների հետևից։ Այդ ընթացքում նա ֆիքսել էր հավաքի մասնակիցների վարքագծից ակնհայտորեն տարբերվող անձանց՝ հիմնավոր կասկածներ ունենալով, որ այդ մարդիկ ոչ թե հավաքի մասնակիցներ են, այլ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, սադրիչներ։ Եվ այս ընթացքում էլ նա ոստիկանների կողմից ենթարկվել էր բռնության։

Այսօր մինչև դատական ակտի հրապարակումը՝ պաշտպանական ճառով հանդես եկավ Արեգ Թորոսյանի պաշտպան Անի Գրիգորյանը։ Մեջբերում ենք նրա ճառից մի հատված, որտեղ նա խոսում է, լրագրողական աշխատանքի խոչընդոտման իր պատկերացումների մասին․

«Համաձայն տուժող Տիրայր Մուրադյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքի, ամբաստանյալները անակնկալ մոտեցել են իրեն, խոսակցություն բացել, իսկ այնուհետև հրել ու հարվածել, երբ վերջինս կանգնել է շենքի անկյունում և ծխել։ Տուժողը հայտնել է նաև, որ այդ պահին իր տեսախցիկը եղել է անջատված վիճակում։ Եթե անգամ պատկերացնենք, որ սույն քրեական գործով քննության առարկա հանդիսացող դեպքը տեղի է ունեցել հենց այնպես ինչպես նկարագրում է տուժող Մուրադյանը, ապա արդյոք շենքի անկյունում կանգնած ծխող և հանգստացող լրագրողն իրականացնում է լրագրողի մասնագիտական օրինական գործունություն և արդյոք այդ անձին որևէ կերպ խանգարելը, կամ անգամ հարվածելը կարողէ դիտվել որպես լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտել»։

Այուհետև պաշտպան Գրիգորյանը մեջբերելով ԶԼՄ մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը՝ դարձյալ սեփական պատկերացումներով, նշում է, որ պարզից էլ պարզ է, որ լրագրողի հանգստի ժամանակահատվածը որևիցե կերպ չի կարող մեկնաբանվել, որպես լրագրողի մասնագիտական գործունեություն և ըստ նրա մեղադրանքից պարզ չէ, թե ոստիկանները լրագրողի կոնկրետ որ գործողությանն են խոչընդոտել։

Սուրեն Թորոսյանի պաշտպան Զորայր Հարությունյանը միացավ իր գործընկերոջ ճառին։ Նա նշեց, որ ընդմիջման ժամին լրագրողը մեկ ժամով կդադարի լինել լրագրողական գործունեություն իրականացնող։

Պաշտպանի այս ճառից հետո ռեպլիկով հանդես եկավ տուժող Տիրայր Մուրադյանի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը։ Նա ընդգծեց, որ պաշտպանական կողմը չի պատկերացնում լրագրողի աշխատանքը։

«Երբ նշում են, որ լրագրողը ընդմիջման էր և այդ պահին ինքը լրագրող չի համարվում։ Դա աբսուրդ է, բացի այդ, լրագրողը միայն նկարող, ձայնագրող անձ չի, լրագրողը նույնիսկ կարող է կանգնել, լսել տեսնել, գնալ աշխատավայր և վերաարտադրել իր տեսածն ու լսածը։ Նույնիսկ, եթե ընդունենք այն հանգամանքը, որ տուժողը ծխում էր, այսինքն՝ ընդմիջում էր անում՝ դա չի նշանակում, որ ինքը աշխատավայրում չի։ Բացի այդ խոչընդոտել ի՞նչ է նշանակում։ Այն պահից ի վեր, երբ Տիրայր Մուրադյանի նկատմամբ իրականացվել է ոտնձգություն, նա այդ օրը չի կարողացել իր մասնագիտական օրինական աշխատանքը կատարել, տեղափոխվել է հիվանդանոց և հիվանդանոցից հետո անմիջապես գնացել է տուն, որովհետև առողջական վիճակը թույլ չի տվել աշխատել, դա էլ խոչընդոտելն է»,- հակադարձեց Գրիշա Բալասանյանը։

Լիլիթ Թադևոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest