Ցմահ ազատազրկված Կարեն Օգանեսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց

9504

Ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանը, ով արդեն 23 տարի իր պատիժն էր կրում բանտում, այսօր պայմանականորեն ազատ արձակվեց։

Վաղաժամկետ ազատ արձակվելու համար Օգանեսյանը 2 անգամ  դիմել էր ՔԿՀ-ին, սակայն ՔԿՀ-ն բացասական եզրակացություն էր տվել, ուստի դատարանը չի բողոքարկել որոշումները: Չնայած այդ հանգամանքին, այսօր դատապարտյալը դատարան մտավ հանգիստ և խաղաղ տրամադրվածությամբ: 13 տարի անցկացնելով Կալիֆորնիայի բանտում, 2009թ-ից Կարենն իր պատիժը կրում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղից դատարան է ներկայացվել դրական բնութագիր:

«Կարեն Օգանեսյանը պատժի կրման տարիներին դրսևորել է պատշաժ վարքագիծ, երբեք խնդիրներ չեն եղել նրա հետ կապված, փախուստի դիմելու հավանականությունը Կարենի դեպքում գրեթե բացակայում էր, բացի դրանից, ՔԿՀ-ում անցկացրած տարիների ընթացքում 2 տարի աշխատել է որպես թարգմանիչ, մասնակցել՝ մարզամշակութային միջոցառումներին: Ուստի գտնում եմ, որ նրան վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը ենթակա է բավարարման»,- դատարանին հայտնեց «Նուբարաշեն» ՔԿՀ սոցիալ-հոգեբանական և իրավական աջակցության բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանը:

Պաշտպան Միհրան Պողոսյանն իր հերթին դատարանին ներկայացրեց ՔԿՀ-ի կողմից ներկայացված դրական բնութագիրը, Օգանեսյանին աշխատանքի տեղավորելու մասին կազմակերպության գրավոր առաջարկը և հավելեց՝ պատիժը կրելու ընթացքում իր պաշտպանյալն ամուսնացել է և այս պահին իր խնամքի տակ ունի 2,5 տարեկան երեխա.

«Եթե դատարանը բավարարի և վաղաժամկետ ազատ արձակի Կարեն Օգանեսյանին, ապա սա կարող է նախադեպ և լավ օրինակ լինել մյուս դատապարտյալների համար: Ցույց տա, որ լավ վարքի դրսևորման դեպքում հնարավոր է մի օր էլ նրանք վաղաժամկետ ազատ արձակվեն»,- նշեց պաշտպան Պողոսյանը:

Դատարանը խոսքի իրավունք տվեց նաև դատապարտյալ Կարեն Օգանեսյանին: Վերջինս խոսեց բավականին հուզված, առանձնահատուկ շեշտելով՝ հենց սկզբից ընդունել է առաջադրված մեղադրանքը և անկեղծորեն զղջացել կատարվածի առթիվ.

«Դեպքը տեղի է ունեցել 1996թ. ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բեւեռլի Հիլզ քաղաքում: Այդ օրն աշխատանքս ավարտելուց հետո հանդիպել եմ ընկերոջս ու իր հետ գնացել ենք ընկերուհուն տեսնելու: Երբ մենք 3-ով խոսում էինք, ագրեսիվ վիճակում մեզ մոտեցան մի քանի մեքսիկացի: Սկզբից չեմ նկատել, որ ընկերոջս հետ վիճում են, քանի որ մի փոքր հեռու կանգնած խոսում էի ընկերուհու հետ: Հանկարծ 2 կրակոց լսեցի, շրջվեցի ու տեսա ընկերս ընկած է, դեմքն էլ՝ արնաշաղախ է: Իմ և ընկերոջս անվտանգությունից ելնելով արագ հանեցի ինձ ամրեցված ատրճանակը, որն աշխատանքի բերումով օրինակ է ինձ տրվել, ու 2 անգամ կրակեցի մեքսիկների ուղղությամբ: Միայն հետո եմ իմացել, որ նրանք մահացել են»,- դեպքը մանրամասնեց Օգանեսյանը և մի քանի րոպե լռեց՝ զգացմունքները կառավարելու համար:

Չմտածված սպանություն կատարելու մեղադրանքով, այդ ժամանակ 21-ամյա Կարենը, ԱՄՆ-ի քրեական օրենսգրքով դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Հատկանշական է, որ այդ թվականներին Հայաստանում պատժի կրման առավելագույն ժամկետը 15 տարին էր, առավել ծանր հանցագործություն կատարած անձիք դատապարտվում էին գնդակահարման։ Միայն 2003թ-ից հետո ՀՀ նախագահի հրամանով մահապատիժը փոխարիվեց ցմահ ազատազրկմամբ: Կարեն Օգաննիսյանը Հայաստան տեղեափոխվեց 2009թ.-ին:

Ցմահ դատապարտյալն այսօր հատուկ շնորհակալություն հայտնեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ դրական բնութագրի համար, ապա ընդգծեց՝ եթե իրեն հնարավորություն տրվի ազատության մեջ հայտնվելու, խոստանում է արդարացնել բոլոր սպասելիքները:

Դատավոր Մկրտչյանը՝ լսելով կողմերին, 30 րոպեով հեռացավ խորհրդակցական սենյակ: Այդ ընթացքում դահլիճում գտնվող Օգանեսյանի հարազատները մոտեցան նրան: Forrights-ի հետ զրույցում դատապարտյալը հույս հայտնեց, որ դատարանը կբավարարի միջնորդությունը և ազատ կարձակի իրեն. «23 տարի այս օրվան եմ սպասել»,- ասաց նա:

Դատարանը նիստերի դահլիճ վերադառնալով որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը և հենց դատարանի դահլիճից 10 տարի ժամկետով վաղաժամկետ ազատ արձակել Կարեն Օգանեսյանին: Դահլիճը բուռն ծափահարություններով ողջունեց դատարանի որոշումը: 23 տարի բանտում անցկացրած դատապարտյալը խոստովանեց, որ մինչև վերջին պահը կասկածում էր, որ ազատ կարձակվի:

Պաշտպան Միհրան Պողոսյանը Forrights-ի հետ զրույցում արձանագրեց, որ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ցմահ ազատազրկման դատապարտված անձը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվում ոչ հիվանդության հիմքով.

«Տարիներով ձևավորված մշակույթ կոտրվեց այսօր. դատարանը և դատախազը փաստական հանգամանքների հիման վրա օբյեկտիվ դիրքորոշում հայտնեցին: Այս որոշումը մյուս դատապարտյալների համար լավ օրինակ և հիմք կարող են հանդիսանալ, որ վերանայեն իրենց վարքագիծը»,- նշեց փաստաբանը:

Հավելենք, որ Հայաստանում շատ հազվադեպ են պատահում այն դեպքերը, երբ դատարանը բավարարում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին ՔԿՀ-ի կամ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ռոզա Վարդանյան