«Արայիկ Խանդոյանը բռնության էր ենթարկվել, խոշտանգվել ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով…»
Հոկտեմբերի 10-ին հանկարծամահ եղավ «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը: Նա ուներ առողջական խնդիրներ, որոնք ձեռք էր բերել պատերազմի տարիներին, սակայն դրանք ավելի վատթարացան և իրենց զգացնել տվեցին 2017թ. հունիսի 28-ից հետո, երբ հենց դատարանի շենքի խցում մոտ 15 ոստիկանների կողմից դաժան ծեծի և խոշտանգումների ենթարկվեց:
«Արայիկ Խանդոյանը բռնության էր ենթարկվել, խոշտանգվել ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով: Հիմնականում հարվածներ էր ստացել գլխի, երիկամների և որովայնի շրջանում, ոտքերին ևս վնասվածքներ են եղել: Պատճառն այն էր, որ երբ դատական նիստերի դահլիճից ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին «տշելով» և ծեծելով տարել են, Արայիկ Խանդոյանը բարձրաձայնել էր՝ ի՞նչ եք անում»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Նրան պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, չի հատկացվել անհրաժեշտ դեղորայքները, իսկ այցելած բուժակը սահմանափակվում էր զարկերակային ճնշումը չափելով։ Ըստ պաշտպանների, Արայիկ Խանդոյանն անհապաղ բուժօգնության կարիք ուներ։
«Ես համոզմունք ունեմ, որ այդ խոշտանգման ժամանակ իմ պաշտպանյալն ուղեղի ցնցում է ստացել, քանի որ դրանից հետո Խանդոյանն անընդհատ բողոքում էր գլխացավերից, գլխապտույտներից և սրտխառնոցներից: Մենք մի քանի անգամ բարձրաձանել ենք, որ նրա գլուխը պետք է սոնոգրաֆիա անել, սակայն որևէ արդյունքի այդպես էլ չհասանք. նախկին իշխանությունները տեղից չշարժվեցին»,- ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Արայիկ Խանդոյանի պահման պայմանները ևս անմարդկային էին: Մեկ անգամ չէ, որ պաշտպանական կողմն ահազանգել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վատ պայմանների մասին: Այնուամենայնիվ, Խանդոյանն առողջական այդ վիճակում կալանավայրում անցկացրեց շուրջ 2 տարի:
Արայիկ Խանդոյանի փաստաբանների նկատմամբ ցուցաբերվում էր «լկտի» պահվածք
Դատարանում՝ ամբաստանյալների խոշտանգումների ժամանակ, բռնություններից զերծ չէին մնացել նաև դատարանում նրանց շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբանները:
Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Ղարագյոզյանին և Արայիկ Պապիկյանին այդ օրը դատարանի դահլիճ մտնել թույլ չտրվեց: Մուտքի մոտ նրանց նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք ցուցաբերվեց.
«Այն ամբաստանյալները, որոնց նկատմամբ այդ պահին բռնություն էին գործադրում, հենց նույն ժամանակ նրանց փաստաբաններին տարբեր պատրվակներով ներս մտնել թույլ չէին տալիս, ոստիկանները բավականին լկտի պահվածք էին ցուցաբերում մեր նկատմամբ: Մեզ վրա գոռում էին, հայհոյում, քաշքշում և խոչընդոտում մեր տեղաշարժը: Սա չէր կարող պատահական լինել…Եղել է հստակ հրաման՝ սաստել, լռեցնել Խանդոյանին և «Սասնա Ծռեր» խմբավորման մի քանի անդամի, դրա հետ մեկտեղ՝ նաև նրանց փաստաբաններին»,- հայտարարեց Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանների նկատամբ նմանօրինակ դրսևորման մասով քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, կարճ ժամանակ անց, կարճվել է:
«Ծառայելով օրենքին, ծառայում ենք Սերժ Սարգսյանին…»
Ոստիկանական ուժերի մերօրյա կարգախոսը՝ «Ծառայելով՝ օրենքին, ծառայում ենք՝ ժողովրդին», պաշտպան Պապիկյանը ձևափոխում է: Նրա խոսքերով՝ Խանդոյանին և մյուսներին խոշտանգելը նախապես հրահանգված է եղել նախկին իշխանությունների կողմից: Այդ եղանակով նրանք ցանկանցել են «դաս տալ» և լռեցնել «Սասնա Ծռեր»-ին.
«Իրենք ծառայելով օրենքին, ծառայում են Սերժ Սարգսյանին կամ Վովա Գասպարյանին: Նրանց կողմից էլ կոնկրետ հրաման է եղել՝ սաստել Խանդոյանին և մյուսներին, նրանց, ովքեր ցանկանում էին իրավիճակ փոխել, ովքեր անընդհատ բարձրաձայնում և խոսում էին նախկին իշխանությունների մասին: Նախկին իշխանություններն այդ եղանակով ցանկացել էին վրեժ լուծել և «դաստիարակչական աշխատանք տանել» նրանց և մեր նկատմմաբ»,- հայտարարեց Պապիկյանը:
Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված, Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը չփոփոխվեց նախկին իշխանությունների օրոք: Ինչքան էլ պաշտպանական կողմը բարձրաձայնում էր Խանդոյանի առողջական վիճակի և կալանավորման մեջ մնալու անհամատեղելիության մասին, այնուամենայնիվ դատարանը շարունակում էր մերժել խափանման միջոցը փոխելու բոլոր տեսակի միջնորդությունները: Միայն 2 տարի անց՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, 2018թ օգոստոսի 17-ին դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և փոխեց Խանդոյանի խափանման միջոց կալանքը: Արայիկ Խանդոյանն ազատության մեջ անցկացրեց ընդամենը 2 ամիս:
Խոշտանգումն անհետևանք մնալ չէր կարող…
Նախնական տվյալներով, Արայիկ Խանդոյանը մահացել է սրտի կաթվածից: Ըստ «Գյումրի» ԲԿ հերթապահ բժիշկների եզրակացության, Խանդոյանը հիվանդանոց է տեղափոխվել արդեն իսկ մահացած վիճակում:
Պաշտպանական կողմն այս պահին սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, սակայն համոզմունք ունի՝ 1 տարի առաջ իրականացված խոշտանգումն անհետևանք մնալ չէր կարող:
Երեկ կատարված դիահերձման ժամանակ հրավիրված է եղել նաև փորձագետ և 2 ներկայացուցիչ: Պաշտպան Պապիկյանը թեմայի գաղտնիությունից և էթիկայի կանոներից ելնելով խուսափեց այլ տեղեկություններ ու մանրամասներ հայտնել, սակայն շեշտեց.
«Մենք այս պահին ունենք որոշակի տեղեկություններ, սակայն կսպասենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Եթե դրանք մեզ չբավարարեն, այդ ժամանակ մենք կհրապարակենք մեր ինֆորմացիան»,- նշեց Պապիկյանը:
Հարուցված քրեական գործից անցել է ավելի քան 1 տարի, սակայն գործը մինչև օրս դեռևս նախաքննության փուլում է
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեպքի հաջորդ օրվանից մի շարք ահազանգեր էր ստանում խոշտանգման ենթարկված ամբաստանյալների փաստաբաններից: Գրասենյակի աշխատակիցները տեսակցելով վերջիններիս հետ, հայտարարություն էին տարածել՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել մեղավորներին և քրեական վարույթ նախաձեռնել:
Հատուկ քննչական ծառայությունում դեռևս 2017թ. հուլիսի 3-ին՝ դեպքից օրեր անց, Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը` որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) քրեական գործ հարուցեց ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:
«Նկատի ունենալով, որ միջադեպից հետո քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս հայտարարության, պատճառվել են ոստիկանների կողմից, դեպքի առթիվ ավելի վաղ նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Իրականացվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ` միջադեպի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ», — ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:
Հարուցված քրեական գործից այս պահին անցել է ավելի քան 1 տարի, սակայն ՀՔԾ-ն մինչ օրս որևէ տեղեկություն չի հրապարակում գործի մասին: Պաշտպանական կողմն այստեղ ևս միտում է տեսնում.«Գործն այդպես էլ տեղում կմնար, սակայն այս օրերին հնարավոր է կրկին հիշեն գործի մասին ու ընթացք տան, քանի որ կվախենան հանրության արձագանքից»,- կարծիք հայտնեց Արայիկ Պապիկյանը:
Forrights-ի հետ զրույցում, քննչական ծառայությունից հայտնեցին, որ այս պահին գործի քննությունը նախաքննության փուլում է, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի նախկին հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ղազարյանին: Սակայն այս անգամ մեղադրանքը ոչ թե Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով է, այլ հենց Քրեական օրենսգրքի 309 պրիմ 1 հոդվածով (խոշտանգում):
Forrights-ի տեղեկություններով նախաքննության փուլն ավարտական փուլում է և մյուս շաբաթ գործը կուղարկվի դատարան:
Փաստացի, մոտ 15 ոստիկաններից, որոնք բռնություն են կիրառել և խոշտանգման ենթարկել 4 կալանավորի, մեղադրանք է առաջադրվել միայն մեկ անձի:
Հավելենք, որ դատարանի նկուղում տեղի ունեցածին էր անդրադարձել նաև միջազգային հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով «շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն» իրականացնել և «պատժել մեղավորներին».
«Կալանավորված անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը խստիվ արգելված է բոլոր հանգամանքներում: Որևէ հանգամանք չի կարող արդարացնել ֆիզիկական բռնությունը, եթե անգամ անձը ծանր հանցագործություն է իրականացրել: Իշխանությունները հստակ պարտավորություն ունեն անմիջապես և մանրակրկիտ ուսումնասիրելու գործը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու», — հայտարարել էր Human Rights Watch-ը:
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:
Արայիկ Խանդոյանին կհուղարկավորեն Եռաբլուր պանթեոնում:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: