Արցախում դատում են ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում ծառայող երևանցի Կ-ին: Տղան մեղադրվում է քրեական օրենսգրքի 333 հոդվածով՝ զորամասի սպա Գ-ի նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար: Իրականում այս մեղադրանքը, ըստ Կ-ի մայրիկի, Կ-ի պատիժն էր: Նա համարձակվել էր մորը, այնուհետև նաև զորամասի ղեկավարությանը և քննիչներին հայտնել, որ սպան իրեն ծեծել է և պարբերաբար բռնբաբարել է: Հայկական բանակն արատավորող այս խոստովանությունից հետո, որը տեղի էր ունեցել ապրիլին, ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով:

Գ-ն հերքում էր, որ նման գործողություններ է իրականացրել: Forrights.am-ին նա ամիսներ առաջ հայտնել էր, որ Կ-ն իրեն բանսարկել է մեկ նպատակով՝ բանակային ծառայությունից ազատվելու համար:

Շատ արագ գործը շրջվեց Կ-ի դեմ: Նա տուժողից վերածվեց մեղադրյալի: Նրան մի քանի ամիս առանց հիմքի պահեցին ռազմական ոստիկանությունում, ինչպես ինքը հետագայում պատմեց՝ ճնշումների տակ, ստիպեցին ինքնախոստովանական ցուցմունքներ գրել:
Նախաքննության ավարտից հետո, սակայն, երբ գործը մտավ Ստեփանակերտի դատարան, զինծառտայողը հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից և հայտնեց դատարանին, որ մեղադրանքը չի ընդունում ամբողջությամբ:

Երիտասարդի մայրը պայքարում է նրան Երևան տեղափոխելու համար, քանի որ Արցախի զորամասում նա հոգեբանորեն ընկճված է, և ամեն րոպե վտանգ կա, որ տղան նոր նվաստացումների կենթարկվի զորամասի հրամանատարության, սպա Գ-ի, իր մյուս ծառայակիցների կողմից: Կինը դիմել է բոլոր պատկան կառույցներին՝ պաշտպանության նախարարությունից մինչև ՄԻՊ և գլխավոր դատախազություն: Վերջին դատական նիստում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, դատարանը վերացրել է Կ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ հրամանատարության հսկողության հանձնելը:

Շուտով նրան տեղափոխելու են այլ զորամաս: Այս մասին Forrights.am-ին տեղեկացրեց Կ-ի շահերի պաշտպան, փաստաբան Հայարփի Սարգսյանը:
Ստեփանակերտի դատարանում նա իր պաշտպանյալին գտել էր վատառողջ վիճակում, մազերը տեղ տեղ թափված: ՎԻճակը ավելի է սաստկացել ռազմական ոստիկանությունում գտնվելու ժամանակ: Արցախի բուժհաստատությունները նույնիսկ տարրական հետազորություն չեն անցկացրել, և Հայարփի Սարգսյանը ստիպված է ոչ միայն ապացուցել, որ իր պաշտպանյալը հանիրավի է ամբաստանվում, այլև զբաղվել նրա առողջական խնդիրներով, պայքարել, որ զինծառայողին գոնե պատշաճ հետազոտության ենթարկեն:

«Իմ պաշտպանյալը մաշկային, սրտի, այլ խնդիրներ ունի: Նրան տարել էին Ստեփանակերտի հոսպիտալ, ինչ որ հետազոտություններ էին արել , սակայն որևէ դրական տեղաշարժ իմ պաշտպանյալի առողջական վիճակի մեջ չի եղել: Իմ տարբեր գրություններին ի պատասխան ես ստանում եմ տեղեկություններ, թե իմ պաշտպանյալը հետազոտվել է պատշաճ կարգով, և նրան անհրաժեշտ չէ բուժական միջամտություն, որ նրա մոտ այնպիսի հիվանդություն չի հայտնաբերվել, որպեզի նրան տեղափոխեն Հայաստան: Մաշկային խնդիրները հնարավոր չի չտեսնել: Ես տեսնում եմ, որ դրանք ավելի արտահայտիչ են դարձել, բայց ինձ պատասխանում են՝ չկա նման խնդիր: Ես չեմ կարող դա համարել օբյեկտիվ եզրակացություն, ահա ինչու պահանջել եմ, որ դատաբժշկական փորձաքննություն արվի ՀՀ արդարադատության նախարարության «Փորձաքննությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողից», — ասում է փաստաբանը:

Կ-ին հետազոտել է նաև Արցախի ռազմաբժշկական հանձնաժողողը: «Կ-ին հայտնել են, որ նա սրտի առիթմիա ունի, բայց նաև ասել են, որ չեն կարող դա արձանագրել, — ասում է Հայարփի Սարգսյանը, — Պաշտպանյալս դատարանում հայտարարեց, որ իրեն տանում են հոսպիտալ, բայց դեմքի դուրս տված հատվածներից ոչ մի քսուկ, չեն վերցնում, ուղղակի նշում են, որ դեմքին պզուկներ կան, իսկ սրտի ստուգման սարքն էլ չէր աշխատել, դրանով չեն կարողացել որևէ հետազոտոթյուն իրականավցնել»:
Փաստորեն, Արցախի բուժհաստատությունները լրջորեն չեն զբաղվում զինծառայողների առողջական խնդիրներով, չունեն հնարավորություններ պարզագույն հետազոտություններ կատարելու:

Հայարփի Սարգսյանը նաև միջնորդել է դատարանին, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը վերացվի, քանի որ որևէ հիմք, որը նշված է քրեական դատավարության օրենսգրքում, չկա: Հայարփի Սարգսյանի միջնորդություններից մեկը՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ, դատարանը մերժեց, սակայն բավարարեց երկրորդը և վերացրեց Կ-ի խափանման միջոցը: Այժմ դատարանը գրություն է ուղարկելու իրավասու մարմիններին, պահանջելով միջոցներ ձեռնարկել զինծառայողի անվտանգությունն ապահովելու համար: Նրան ամենայն հավանականությամբ կտեղափոխեն մեկ այլ զորամաս, սակայն մի քանի օր երիտասարդը դեռ մնալու է ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ կայանում:

Դատական նիստի ժամանակ Կ-ն հայտնեց, որ իր մեղադրանքը չի ընդունում ամբողջությամբ: Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 21-ը:
Զինծառայող Կ-ի մայրիկը վախեցած է որդու անվտանգության համար: Նա հայտնեց մեզ, որ որդուն բռնաբարած սպան վատ կարծիքներ է տարածում իր որդու վերաբերյալ զորամսում: Նա պատմեց, որ պարբերաբար զինվորներ են գնում որդու մոտ և տհաճ միջադեպ են ստեղծում:

«Խոջալուի հիվանդանոցում որ պառկացրել էին երեխուն ստուգելու համար, մի տղա էին բերել, որը կանգնել էր, ասել էր որդուս՝ արա դու հըլը սա՞ղ ես, տես, քեզ ինչ ենք անելու: Երեխեն վախը մեջն ա, կաշկանդված էր, միջադեպեր են լինում անընդհատ: Ռազմական ոստիկանությունը, անվտանգության ծառայության աշխատակիցները վերահսկում են, բայց չգիտես, այդ նոր զորամասում ինչ կլինի: Գուցե Գ-ն այնտեղ էլ իր մարդկանց ունի; Արդեն երկու-երեք անգամ այդպիսի տհաճ դեպքեր են եղել», — ասում է տագնապած մայրը:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest