Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և մի խումբ երիտասարդներ այսօր ներխուժել են Մեդիա կենտրոն՝ փորձելով տապալել «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլիս ասուլիսը։ Պատճառը, հավանաբար, «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանի հետևյալ գրառումն էր․

«Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին։ Մանրամասները՝ ժամը 16:00-ի ասուլիսին, որ տալիս ենք Մեդիա Կենտրոնում»։

Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ցույց տալով իր հետ եկած երիտասարդներին՝ պատգամավորը հարցրեց դիտորդներին՝ նրանց մասի՞ն է խոսք գնում, տարածքում էինք բոլորս, մասնակցել ենք․ «Ո՞նց կարելի է նման բան անել, էս նոր Հայաստանում նոր մոտեցումներ են»։ Ընդհատելով «Անկախ դիտորդ»-ի անդամ Արթուր Սաքունցին ու Դանիել Իոաննիսյանին՝ Էնֆիաջյանն ու իրեն ուղեկցող երիտասարդները գոռգոռացել են դիտորդների վրա․ «Չշշկռե՛ս»։ Պատգամավորը բարձր տոնով կրկնել է իր խոսքը, թե ասուլիս տվողները ապատեղեկատվություն են տարածում։ Արթուր Սաքունցն առաջարկել է ասուլիս տալ ու պաշտոնապես հերքել իրենց։

Պատգամավորի ու դիտորդական կազմակերպության ներկայացուցիչների թեժ զրույցից հետո Վահե Էնջիաջյանը հեռացել է։ Այս պահին ասուլիսն ավարտվել է։ տեսագրությունը կարող եք դիտել ստորև։ Միջադեպը՝ 27-րդ րոպեից։

«Խոսքի ազատության ցանկացած սահմանափակում անթույլատրելի է, հատկապես Ազգային ժողովի պատգամավորի կողմից։ Ես սա համարում եմ խոչընդոտում մեր խոսքի ազատությանը, ավելին՝ սպառնալիք մեր կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ»,- վերսկսելով ասուլիսը՝ ասել է Արթուր Սաքունցը։

Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ իրենք ունեն ձայնագրություններ, տեղեկատվությունը մի քանի անգամ են ստուգել, համոզվելով, որ մի քանի աղբյուրներից գալիս է տեղեկատվությունը, միայն նոր հրապարակել են․ «Հստակ գիտակցում են այսպիսի փաստերի հրապարակման պատասխանատվությունը։ Մենք հիմա չենք հրապարակում աղբյուրների անունները, որպեսզի հետաքննությունը շարունակվի և հետագայում միգուցե ավելի շատ տեղեկություն կարողանանք ձեռք բերել»։ Ըստ Իոաննիսյանի՝ իրենց ձեռքի տակ եղած փաստերն ամբողջությամբ հրապարակելու են և իրենք խոսում են նրանից, ինչը կարող են փաստերով ապացուցել։ Դիտորդներն իրենց ձեռքի տակ եղած փաստերը շուտով կներկայացնեն ոստիկանություն։

Հավելենք, որ «Հանրային լրագրության» ակումբը՝ Մեդիա կենտրոնը, հայտարարություն է տարածել և խստորեն դատապարտել միջադեպը՝ այն համարելով անընդունելի և ոչ պատշաճ․

«Ինչի հետևանքով խոչընդոտվել է Մեդիա կենտրոն ակումբի բնականոն գործունեությունը։ Այս միջամտության պատճառով ասուլիսն ի վերջո ընդհատվել է։ Միջոցառման բանախոսները դիմել են իրավապահ մարմիններին, որոնք ժամանել են Մեդիա կենտրոն և հաղորդումներ վերցրել։ Մենք հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու յուրաքանչյուր տիպի գործողությունից և հարգել լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունքը»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest