Գեղանկարիչ Արայիկ Պետրոսյանը, ով 2008 թվականի Մարտի 1-ին ոստիկանների դաժան ծեծի արդյունքում ուղեղի ցնցում է ստացել ու 3 ամիս բուժվել հիվանդանոցում, համոզված է, որ մարտի 1-ին ոստիկանական գործողությունները կազմակերպված էին «ամենաբարձր մակարդակով»:

«Ասել, որ Քոչարյանն էդտեղ կապ չուներ, դա մեղմ ասած հիմարություն է կամ կողմակալություն»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արան՝ շարունակելով. «Հնարավոր չի՝ էդ կարգի իրադարձություններ կատարվեն երկրում ու նախագահը տեղյակ կամ ներգրավված չլինի, որովհետև էդ մարդիկ, ոստիկանները, որ գործում էին նման դաժանությամբ, չէին կարող ուղղակի գնալ նման դաժանության առանց հրամանի: Շարքայինից միչև ենթասպա, գեներալ ներգրավված էին: Ինչպես նաև՝ ամբողջ պետական պատժիչ ռեսուրսը՝ կլինի դատախազություն, ոստիկանություն, դատավորներ, ներգրավված էին պատժելու, ծեծելու, հետո էլ վրաները գործ կարելու գործում»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները երեկ հայտարարեցին, թե Քոչարյանը չի հրամայել իրավապահներին՝ ներխուժել Ազատության հրապարակ: Մինչդեռ Քոչարյանը Մարտի 1-ին նախորդող օրերին հրապարակայնորեն խոսել էր հրապարակն ազատելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հայտնի է՝ 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նոր քրգործ է հարուցվել՝ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու և տեղեկություններ կեղծելու փաստով: Ըստ այդմ՝ «ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին»:

Մարտի 1-ին ու դրան նախորդող օրերին Ազատության հրապարակում անցկացրած Արա Պետրոսյանը հիշում է՝ ինչպես ոստիկանները գրոհեցին: «Լսվեց Տեր- Պետրոսյանի ձայնը, որ խնդրում եմ, դիստանցիա պահեք, մի մոտեցեք ոստիկաններին, մինչև պարզենք՝ ինչ է իրենց ուզածը: Իրենց ուզածը ցրելն էր, չնայած իրենք որևէ զգուշացում կամ կոչ չհնչեցրին, ուղղակի սկսեցին մահակներով ծեծելով առաջ գալ»,-պատմեց Արան՝ հավելելով, որ իրենց դիմադրությունը շատ կարճ է տևել, վազել են դեպի Հյուսիային պողոտա:

«Կարճ ասած, ով ընկնում էր ձեռքները, ծեծում-ջարդում էին: Բայց էնպես չէր, որ բոլորը ցրվեցին, վազեցին տներով, քանի որ մեր մեջ կար էդ զգացումը, որ կատարվում է անարադարություն: Ես էն խմբի մեջ էի, որ մենք չփախչելով՝ կարծես դիմադրություն էինք ցույց տալիս: Էդ էն խումբն էր, որն արդյունքում հասավ Ֆրանսիայի դեսպանատուն»,-պատմեց Արան:

«Մարիոթ» հյուրանոցի մոտ Արան զգացել է, որ էլ չի կարողանում վազել, մի անկյուն է մտել ու պառկելով գետնին՝ գլուխը ծածկել ձեռքերով. «Ոստիկանները տեսնելով ինձ՝ մոտեցան ու սկսեցին բատինկեքով ու դուբինկեքով խփել: Զգացի, որ մեկը կրունկով ուժեղ խփեց գլխիս, դրանից հետո էլ բան եմ հիշում, ուշքս գնաց»:

Արան ուշքի է եկել ոստիկանական մեքենայի մեջ, երբ իրեն այդ վիճակում տարել են ոստիկանություն: «Մեր հետ մի երեխա կար, ում ձեռքն էին կոտրել, Վարդգես Գասպարին էր էդ մեքենայում: Մի քանի ժամ պահեցին: Քանի որ երեխայի ձեռքը ջարդված էր, շտապօգնություն եկավ: Ես հասկացա, որ եթե աղմուկ չբարձացնեմ, որ սիրտս խառնում ու գլխուխս պտտվում է, ինձ ոչ մի օգնություն չեն տրամադրի»:

Ոստիկանների ծեծի արդյունքում տարած ուղեղի ցնցումով Արան մոտ 3 ամիս պառկում է Հանրապետական հիվանդանոցում, սակայն այդպես էլ տուժող չի ճանաչվում: Դեպքից մի քանի օր հետո հիվանդանոց է գալիս քննիչը և սպառնում գործ հարուցել իր դեմ՝ ոստիկաններին դիմադրելու հոդվածով, եթե վերջինս չասի, որ ինքն է ընկել ու գլխի վնասվածք ստացել: Հիվանդանոցում ծանր վիճակում պառկած Արան համաձայնվում է: Դեպքից մի քանի ամիս հետո են միայն Արային կանչում դատաբժշկական փորձանքննության, երբ արդեն սևացած մարմինը հիմնականում ապաքինված է լինում:

«Պետք է պատասխան տան մեղավորները ու մինչև վերջ պետք է պատասխան տան, որովհետև դա արվել է պետության կողմից հենց պետության քաղաքացիների հանդեպ. բռնություն՝ սպանություններով, վիրավորներով»,-շեշտեց Արան՝ շարունակելով. «Ինչքան ժամանակ էլ անցնի, պետք է սերժանտից մինչև Քոչարյան-Սարգսյան պատասխան տան: Որովհետև էդտեղ եղել է կազմակերպված ջարդ ու սպանություն: Հեղափոխության ամենակարևոր արդյունքներից մեկը կլինի, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի»:

«Ինձ հետ վերաբերվել են նենց, ոնց որ թուրքը երևի չէր վերաբերվի հայ գերու հետ»

Մարտի 1-ից հետո հաշմանդամ դարձած Փոքր Վեդի գյուղի բնակիչ, ԵԿՄ նախկին անդամ 43-ամյա Խաչիկ Դավթյանը նույնպես սպասում է արդարադատության ու իր հետ վատ վերաբերված քննիչների պատժին:

2008 թվականի Մարտի 1-ի երեկոյան Խաչիկ Դավթյանի ոտքի թաթը համարյա պոկվել է «Չերյոմուխա 7» զինատեսակի կիրառումից: «Ոտնաթաթս սրունքից համարյա կտրված էր: Ինձ էդտեղից եղբայրս ու ընկերս տարան հիվանդանոց, մի ամիս 20 օր հիվանդանոց պառկեցի»,- Forrights.am-ին պատմեց Խաչիկ Դավթյանը:

Խաչիկը 2008 թ-ի Մարտի 1-ին և դրան նախորդող օրերին Ազատության հրապարակում մասնացել է ընդդիմության նստացույցին ու ականատես եղել, թե ինչպես են իրավապահները «մաքրել» հրապարակը: «Ես վրանի առաջ նստած էի, երբ կարմիր բերետավորներն ու հատուկ ջոկատայինները մտան հրապարակ ու սկսվեց ծեծուջարդը: Ում հասնում, հարվածում էին, մահակով հարվածեցին դեմքիս, ատամներս փշրվեցին»,-պատմեց Խաչիկը՝ շարունակելով. «Հիշում եմ՝ նստացույցի մասնակիցների մեջ մի հղի կին կար երեխաների հետ, ում տունը խլել էին, ու նա բողոքավոր էր դարձել, նրան այնքան էին քաշքշել ու խփել, որ լրիվ արնաշաղաղ էր»:

Օպերայի տարածքից Խաչիկ Դավթյանին ոստիկանները փորձել են ձերբակալել , սակայն նա ոստիկանական մեքենայի լուսամուտից փախել ու թաքնվել է որոշ ժամանակ: Այնուհետև գնացել է ծանոթ ատամնաբույժի մոտ, ով փշրված ատամների հետ կապված առաջին օգնություն է ցույց տվել:

Երեկոյան Խաչիկը վերադարձել է ցուցարարների մոտ՝ Մյասնիկյանի արձանի տարածքի հսկա ցույցին մասնակցելու: «Մութը տալուն պես սկսվեցին կրակոցները: Տեսել եմ՝ ոնց ոստիկանական «Վիլիսը» պրիցեպով ժողովրդին վրաերթ անելով՝ գնաց: Հետո մենք բարիկադներ սարքեցինք զիբիլի արկղերով: Ես եղել եմ Պրոսպեկտի մոստի մոտ: Մոստի վրա իմ աչքի առաջ գլխին հարված ստացավ մի տղա, որը երևի մահացավ, որովհետև գլուխը պայթել էր կարելի ա ասել, իրան դրեցին մեքենայի վրա, տարան: Դրանից կես ժամ հետ արդեն ես վիրավորվեցի «Չերյոմուխա 7»-ից»,-պատմեց Խաչիկը:

Նա նաև ականատես է եղել, թե ինչպես է այդ օրը թալանվել «Երևան-սիթի» խանութը: «Մինչև վիրավորվելս տեսել եմ՝ ոնց են ոստիկանական զորքերի միջից դուրս եկած քաղաքացիական հագուստով անձինք՝ 4-5 տղամարդ մոտենում «Երևան սիթիին» ու չագուջով ջարդում խանութի ապակիները: Ինչ կար տանելու, իրենք վերցրեցին ու ժողովրդին ասեցին, մտեք վերցրեք ժողովուրդ ինչ ուզում եք տարեք»,-պատմեց Խաչի Դավթյանը:

Իրական խոշտանգման Մարտի 1-ին ծանր վիրավորված Խաչիկ Դավթյանը ենթարկվել է հիվանդանոցից դուրս գալուց հետո դատախազի սենյակում: Առանց որևէ ծանուցագրի, նրան տանից ձեռնափայտերով տարել են հարցաքննության։

«Կարելի է ասել՝ ինձ գողացան տանից, տարան դատախազություն, ու այնտեղ ահավոր վատ վերաբերմունք Գոռ Հովակիմյանի կաբինետում։ Սեռական հայհոյանքներով Գոռ Հովհակիմյանն ու ինչ-որ Աշոտ ինձ հայհոյում ու սպառնում էին՝ ցուցմունք չգրելու համար: Ստիպում էին ցուցմունք գրել, որ մեզ Արամ Զավենի Սարգյանն ու քրեական հեղինակություն Մարզպետն են բերել, կազմակերպել»,-պատմեց Խաչիկը՝ շարունակելով. «Ասեցին՝ մենք պետք ա ասենք, ինչ գրես ու ամենավերջին հայհոյանքներով: Մինչև էսօր ես սպասում եմ՝ երբ պետք է իրենք պատժվեն: Ով որ ինձ նման վնաս ա հասցրել, պետք է 100 տոկոսով պատասխան տա: Ինձ հետ վերաբերվել են նենց, ոնց որ թուրքը երևի չէր վերաբերվի հայ գերու հետ»:

Երբ Խաչիկը Դավթյանը կտրականապես հրաժարվել է իրենց ուզած ցուցմունքները տալ, նրան արդեն սպառնացել են: «Հենց Գոռ Հովակիմյանը տարավ աստիճանների մոտ, ասեց՝ ջարդած ոտդ սա ա՞, եթե հարցերիս իմ ուզած ձև չպատասխանես, մյուս ոտդ էլ կջարդեմ, կկրակեմ մյուս ոտքիդ, կասեմ՝ փախնում էր՝ կրակեցի»,-պատմեց տուժածը։

Այնուհետև հենց սենյակում խոշտանգում են տուժածին՝ ծեծելով, գիպսի մեջ գտնվող ոտքը պտտելով ու իրեն գետնին գցելով: «Ուշաթափվեցի, հետո ուշքի եկա: Հետո նորից հիվանդանոց, նորից վիրահատություն ու գիպս», — պատմեց Խաչիկ Դավթյանը՝ հավելելով, որ սպասում է, որ ոչ միայն Մարտի 1-ին իր վրա կրակողը, այլև հետո իրեն սպառնացած ու խոշտանգած իրավապահները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն. «Ինձ էնպիսի հայհոյանքներ են տվել, որ ես կյանքում չեմ կարա մոռանամ, ու իրանք հաստատ պիտի պատասխան տան»:

Մարտի 1-ի գործով ավելի քան 50 դատապարտվածներ կարող են դիմել արդարացման համար

ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, ով Մարտի մեկի օրերին զբաղվել է քաղբանտարկյալների ու վիրավորների խնդրով, նոր դրվագով քրեական գործի հարուցումը շատ կարևոր է համարում, քանի որ մարտի 1-ի առավոտվա դեպքերով հարուցված գործով ավելի քան 50 քաղաքացիներ քրեական հետապնդման են ենթարկվել, ազատազրկվել ու դատապարտվել են Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելը

«Բայց հիմա, երբ պարզվում է, որ ոստիկանության գործողությունները եղել են ոչ օրինական, ի հայտ է գալիս նոր երևան եկած հանգամանք»,-նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ուստի 2008 թվականի մարտի 1-ից հետո ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու հոդվածով դատապարտված անձինք կարող են դիմել գլխավոր դատախազություն նոր ի հայտ եկած հանգամանքներով, որպեսզի դատախազությունն էլ դիմի Վճռաբեկ դատարան՝ բեկանելու համար արդեն իսկ կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռները և արդարացնի այդ անձանց։

«Արդարացումը քրդատով արդեն հանգեցնում է հետևանքների, այդ թվում՝ նախատեսում է փոխհատուցում ապօրինի ազատազրկման համար»,-եզրափակեց Խաչատրյանը։

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest