Նույնիսկ Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ եւ նախատիքներ չի ստացել, որքան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները։ Վստահեցնում է նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։
Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելուց հետո Արսեն Մկրտչյանը սկսել է վիրավորանքներ եւ սպառնալիքներ ստանալ։ Սպառնալիքներ հնչել են ինչպես իր, այնպես էլ երեխաների հասցեին։Նույնիսկ սպառնացել են, թե թուրքի է պաշտպանում եւ որ իրեն կմորթեն:
Եղել է դեպք, երբ հրահանգիչը հրաժարվել է սովորեցնել մոտոցիկլետային գազել վարել․
«Հրահանգիչն ասել է, քանի որ դու Մանվել Գրիգորյանի փաստաբանն ես, չեմ սովորեցնի։ Դուք գնաք, վթարի ենթարկվեք, չպաշտպանեք։ Փողոցում անծանոթ մարդիկ ասել են՝ ֆաշիստի փաստաբանն է գալիս»,- պատմում է փաստաբանը։
Այդ հայտարարությանը փաստաբանը ընթացք չէր տվել, փոխարենը սպառնալիքների մասով հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։
Սպառնալիք տվողներից մեկին՝ Կարեն Սաթյանին, ոստիկանությունը շատ արագ հայտնաբերել էր։ Սակայն փաստաբանը բողոք չի ներկայացրել եւ անձը ազատվել է քրեական պատասխանատվությունից:
«Հասկացել եմ, որ չէր կարող իր սպառնալիքներն իրականացնել, կտոր-կտոր աներ, մորթեր։ Ընդամենը հիվանդ երեւակայություն ունեցող անձնավորություն էր։ Ի վերջո, նպատակն այն չէր, որ բողոքեի։ Նպատակը մնացածին ցույց տալն էր, որ մյուս սպառնալիքներ հնչեցածները եւս կհայտնաբերվեն»,- ասում է փաստաբանը։
Արսեն Մկրտչյանի խոսքերով՝ ամենատհաճն այն է, որ սպառնալիքները տարածվում են նաեւ ընտանիքի անդամների վրա: Եւ շատ դժվար է լինում ընտանիքի անդամներին բացատրել, որ սպառնալիքն իրական չէ։
Եթե Արսեն Մկրտչյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձը շատ արագ՝ ժամերի ընթացքում հայտնաբերվեց, ապա «Սասնա ծռեր»-ի եւ «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով պաշտպանությունը ստանձնած Արայիկ Պապիկյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձն արդեն մեկ տարի է չի հայտնաբերվել։ Փաստաբանը հիշում է՝ վերջին անգամ դեկտեմբեր ամսին է քննիչից որոշում ստացել, որ նախաքննական մարմինը դիմել է ԱՄՆ համապատասխան մարմիններին՝ ՖԲ օգտատիրոջ մասին տեղեկություններ ստանալու համար։ Ներկա պահին գործի քննությունը կասեցված է։
«Վաղուց հույսս կտրել եմ, որ գործը կբացահայտվի։ Ակնկալիք էլ չունեմ մեծ հաշվով։ Թեեւ շատ հետաքրքիր էր, մեկ երկու ամիս առաջ կրկին նման հարց էր առաջացել եւ կրկին փաստաբանի ՖԲ գրառման հետ կապված, ոստիկանությունը մեկ երկու ժամվա ընթացքում բացահայտել էր, նաեւ օգտատիրոջն էին շատ արագ գտել։ Չգիտեմ ինչով է պայմանավորված։ Դեպքի մասին բարձրաձայնել եմ անցյալ տարվա օգոստոսին: Հին ռեժիմի ոստիկանությունն էր իմ գործով զբաղվում, չեմ բացառում նաեւ կանխակալ վերաբերմունքը»,- ասում է Արայիկ Պապիկյանը։
«Սասնա ծռեր»-ի եւ «Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսներ»-ի պաշտպանությունը ստանձնած «Հելսինկյան ասոցիացիա»-յի նախագահ Նինա Կարապետյանցը ուղիղ սպառնալիքներ՝ վառելու, սպանելու վերաբերյալ չի ստացել, սակայն հոգեբանական ճնշումներ բազմիցս են գործադրվել։ «Եղբայրաբար, բարեկամական ակնարկում էին, որ ոչ «Ծռեր»-ի, ոչ Սեֆիլյանի գործով իմ մասնակցությունն այնքան էլ ցանկալի չէ, որ դա ինձ ապագա չէ։ Դրա արդյունքում Հատուկ ծառայությունների կողմից իմ դրամական շարժերն են ստուգվել, որոշ կառույցներ տեղյակ են, որ իմ ապրելակերպի մեջ փոփոխություն չի եղել։ Իրենց համար հասկանալի չէր, որ եթե ես եկամուտ չունեմ, ֆինանսական ակնկալիք չունեմ, իմ նպատակը ո՞րն է մասնակցելու այդ դատավարություններին։ Ես բացատրում եմ, որ դա իմ աշխատանքը, մասնագիտությունն է»,- ասում է Նինա Կարապետյանցը։
Դա, սակայն, Նինա Կարապետյանցին չի ընկճել։ Թավշյա հեղափոխությունից առաջ, ապրիլի 22-ին Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվածներից Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետի ազատմանը մեծապես նպաստած փաստաբան Տիգրան Աթանեսյանի քայլը սկզբում նրա, ապա նաև ընտանիքի անդամների հասցեին սոցիալական ցանցերում բազմաթիվ վիրավորական գրառումների տեղիք տվեց։ Դրանից հետո փաստաբանը նաեւ գրառում էր կատարել․ «Շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք, առայժմ մեղադրյալ անհիմն մեղադրանքով»: Նույնիսկ իր 5 տարեկան երեխայի նկարի տակ հայհոյանքներ գրելը չի ընկճել փաստաբան Տիգրան Աթանեսյանին։
«Եթե փաստաբանին իր մասնագիտական գործի համար մեկը հայհոյում է, այդ մարդու մասին առհասարակ չարժե խոսել։ Նման կերպարների բազմությունն է, որ խնդիր է առաջացնում, մտավախություն։ Պատճառները տարբեր են։ Մի որոշ մասը հաստատ ուղղորդվում է՝ ֆեյքերի այդպիսի բանակ է։ Կարող է նոր իշխանության կողմից լինել եւ տարբեր տեղերից լինել։ Հեղափոխության օրոք բազմացան ֆեյքերը»,- ասում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հայհոյանքներ էին գրվել նաեւ նրա 5 տարեկան երեխայի նկարի տակ։ Հնչեցրած հայհոյանքներին պատասխանել էր նաեւ փաստաբանը․ «Հազարավոր հայհոյանքներին մի երկու հատ էլ ես եմ պատասխանել։ Շատ էլ լավ եմ արել։ Դա քիչ է, քիչ եմ հայհոյել»։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանների հասցեին էլ համացանցում տարածվել են վիրավորանքներ, սպառնալիքներ եւ անեծքներ: Փաստաբան Հայկ Ալումյանը նաեւ նշել է, որ իրեն նույնիսկ անվանել են ազգադավ։
«Ու ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն: Սա է ցավալի, այլ ոչ թե վիրավորանքները (որոնք տրվում են իրենց խոսքի արժեքը չհասկացող անձանց կողմից)»,- ասել է պաշտպանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համոզված է՝ փաստաբանների նկատմամբ որեւէ ճնշում, որեւէ սպառնալիք եւ նրա գործունեությանն խոչընդոտող դեպքերն անթույլատրելի են։ Բայց մյուս կողմից էլ կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր կարծիքն՝ այդ թվում սուր քննադատական , արտահայտելու իրավունք ունի։
«Դա արդեն փաստաբանի խնդիրն է, որ տրվի ոչ թե հասարակական կարծիքին կամ նրան ենթարկվի, այլ կատարի իր աշխատանքները։ Եթե կա որեւէ հանգամանք, որ խոչընդոտում է փաստաբանի բուն գործունեությանը, ապա դա պետք է փաստվի։ Իսկ ինչ մնում է, որ իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն հասարակական կարծիքի կարգավորման հետ, ապա դա կտրականապես մերժում եմ»,- ասում է Արթուր Սաքունցը։
Ըստ նրա՝ փաստաբանական ինստիտուտի հեղինակության կայացման ճիշտ հասցեատերը Փաստաբանների պալատն է։ Նա պետք է կարողանա փաստաբանների շահերի պատասխանատվությամբ հանդես գալ։ Իսկ հանրային կարծիքը փոխելու լիազորություն որեւէ մեկը չունի․
«Իշխանությանը մեղադրել, որ ինքը ինչ- որ հայտարարությամբ հանդես գա կամ փորձի մեղմի կամ սահմանափակի հանրային քննադատությունները որեւէ գործողության նկատմամբ, դա անթույլատրելի է։ Իրավական տեսակետից չի կարող համարվել հիմնավոր»,- ավելացնում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Ըստ նրա՝ եթե թույլ տանք կամ վստահենք, որ իշխանությունը հանրային կարծիքը կարգավորի, ապա դա հիմք է տալիս նույն իշխանության կողմից չարաշահումների։ Այդ դեպքում նույն հանրային կարծիքը, Արթուր Սաքունցի խոսքերով, ծայրահեղ բացասական կլինի իշխանության գործունեության վերաբերյալ։
Սուսաննա Պողոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: