«Սպառնում էր, որ կսպանի մեզ, եթե ես ծնկի չգամ իր առաջ». վարդավառ, որը չի մոռացվի

«Սպառնում էր, որ կսպանի մեզ, եթե ես ծնկի չգամ իր առաջ».  վարդավառ, որը չի մոռացվի
Կոտայք գյուղի 42 ամյա բնակիչ Ավետիք Սարգսյանը իր անձնական խայտառակությունն է համարում Վարդավառի տոնին՝ հուլիսի 8-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի առանձնատան բակում տեղի ունեցած միջադեպը: Ինչպես  հայտնի է, Գասպարյանի եղբայրը զրկել է Ավետիք Սարգսյանին ազատությունից, կանչելով նրան իր տուն և փակելով  դարպասի դռները, ապա ստիպել է ծնկի գալ իր առաջ, իսկ Գասպարյանի որդին հարվածներ է հասցրել նրան: 

Պատմության սկիզբը, մի փոքրիկ դույլ ջուրն է եղել, որը Ավետիքի 12-ամյա դուստրը՝ Սոնան, Վարդավառի օրը նետել է Գասպարյանի եղբոր ավտոմեքենայի ուղղությամբ: Կարեն Գասպարյանը կանգնեցրել է մեքենան և, հարձակվելով երեխայի վրա, փորձել է նրա վզից բռնել և մտցնել առուն: Հայրը, բնականաբար, պաշտպանել է աղջկան: Երկու տղամարդկանց կռվի տեսագրությունը, որին փորձում են միջամտել հարևանները, հաշշված ժամերում տարածվել է համացանցով մեկ: Կռիվը շարունակվել է Գասպարյանի առանձնատանը: Ավետիքը ծեծված վիճակում ուղեղի ցնցումով հայտնվել է հիվանդանոցում:  

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստել և ուղարկել է գլխավոր դատախազություն, նաև ծառայողական քննություն է սկսվել Կարեն Գասպարյանի որդու՝ ոստիկանության աշխատակից, օպերլիազոր Սերգեյ Գասպարյանի նկատմամբ: Նա, գյուղացիների  վկայությունների համաձայն, ծեծի է ենթարկել Ավետիքին: Սերգեյ Գասպարյանի լիազորությունները ժամանակվորապես կասեցված են:   

Գործը ՀՔԾ-ում է 

Գլխավոր դատախազությունից Forrights.am-ին հայտնեցին. «Ոստիկանությունից ստացված նյութերը գլխավոր դատախազությունից ըստ ենթակայության՝  ուղարկվել են ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստումը  շարունակելու և քրեական գործ հարուցելու հիմքերը  պարզելու համար»։ Այսօր Ավետիք Սարգսյանին կանչել են հատուկ քննչական ծառայություն: «Ես մինչև վերջ գնալու եմ», - ասաց  նա  Forrights.am-ին: 

Ավետիք Սարգսյանը փաստաբան չունի, մինչդեռ Վովա Գասպարյանի եղբայրը արդեն հասցրել է պաշտպան վարձել՝ փաաստաբան Արմեն Ֆերոյանին: Վերջինս երեկ հայտարարել է. «Լրատվամիջոցներով Կարեն Գասպարյանի մասնակցությամբ իբրև թե տեղի ունեցած «ծեծուջարդի» հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Նշված հանգամանքներն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ առկա են շատ հստակ ապացույցներ, որոնք ուղղակիորեն ապացուցում են դրանց շինծու և մտացածին լինելը: Մասնավորապես` առկա է ինչպես դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկի տեսագրությունը, այնպես էլ` Կարեն Գասպարյանի տան տեսագրությունը»: 

Կինն ու աղջիկը հրճվում էին մեր ծնկի գալու վրա 

Ավետիք Սարգսյանը, նրա հարևան Շուրա Մելքոնյանը նողկալի մանրամասներ են հաղորդում դեպքի մասին, և ինչպես և Ֆերոյանը, վստահ են որ տեսախցիկների տեսագրությունները արձանագրել են ողջ եղելությունը:  Ըստ տուժողի, կռվից հետո Գասպարյանի օպերլիազոր որդին՝ Սերգեյը, Ավետիքին կանչել է իրենց տուն, վերջինս իր 70 տարեկան հարևանի և եղբոր զինակոչիկ որդու հետ գնացել են Կարեն Գասպարյանի առանձնատուն, որտեղ տեղի է ունեցել այն, ինչ Ավետիք Սարգսյանը որպես տղամարդ երբեք չի մոռանալու: 

«Իրենք 8-ից 10 հոգի էին, համազգեստով չէին, քաղաքացիական շորերով էին, բայց ես իրենց դեմքերը չեմ ճանաչում: ՄԻանգամից չեն խփել ինձ: Ինքը՝ Կարենը, ինձ իմ հարևանի, եղբորս երեխայի ներկայությամբ, սպառնում էր, որ կսպանի մեզ, եթե ես ծնկի չգամ իր առաջ: Ասեց՝  ես հաճույք եմ ստանում նրանից, որ իմ առաջ չոքում ներողություն են խնդրում: Պետք է դու չոքես ներողություն խնդրես, թե չէ քեզ և երեխային սպանում եմ»: 

Ինչո՞ւ դուք հավատացիք, որ նա իրոք, կսպանի: Այս հարցին տուժողը պատասխանեց. «Հավատացի, որովհետև նա ասեց՝  մեքենայի մեջ անձնական զենքեր ունեմ, ոչ մեկդ ողջ դուրս չի գալու, ես սպանելու եմ երկուսիդ էլ: Սկզբում ես ծնկի չիջա: Նրա տղեն ինձ անսպասելի հարվածեց: Էդ տղեն, որ սկզբից ասում էր՝ գնանք, պապայի հետ էլ խոսանք, վերջանա, գնա: Էդ ամեն ինչը մեր հարևան Շուռա Մելքոնյանի աչքի առաջ կատարվեց: Որ ասեցի, ես ծնկի չեմ գա,  նույն րոպեին մեր հարևանը Շուռա Մելքոնյանը, ասեց, պետք է, ես ներողություն խնդրեմ,  ծնկի գալը ո՞րն է: Ինքը / Կարեն Գասպարյանը/ բրդեց հարևրանին, ասեց՝ պտի ծնկի գաս, թե չէ, քեզ էլ, երեխուն էլ գյուլլում եմ: Որ եղբորս երեխուն տարան էն կողմը, ես էլ վախեցա երեխու համար, ծնկի իջա:  Մյուս մարդիկ ուղղակի շրջապատել էին, սպասում էին»: 

Ավետիք Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց վատ առողջական վիճակում է: «Սթրեսի մեջ եմ, ի՞նչ վիճակում պետք է լինեմ: Երեխայի ներկայությամբ ինձ նվաստացրել են, ու իրա կինն ու աղջիկն  էլ էն կողմը հրճվում էին մեր ծնկի գալու վրա: Ես մինչև վերջ գնալու եմ: Էսօր իմ երեխու վրա հարձակվեց, վաղը մեկ ուրիշին է վնասելու», - պատմում է վիրավորված տղամարդը:   

«Փաստաբանը ստում է»  

Ավետիք Սարգսյանի քույրը՝ Հայկուհի Սարգսյանը պնդում է, որ փաստաբանը ստում է: Նա լսել է աղջնակին ուղղված Կարեն Գասպարյանի գոռոցները: «Տատիկիդ գնա ջրի, պապիկիդ գնա ջրի, հորդ մորդ, դու չգիտե՞ս, ես ով եմ: Ո՞վ ես դու, ո՞ւմ լակոտն ես դու»:  «Նա շատ կոպիտ խոսքեր էր ասում, որը որ ինձ հարիր չի արտաբերել հիմա: Ինչու մենք պետք է իմանանք, ինը ով է: Թող ավտոյի վրա գրի իր անունը, որ բոլորը իմանան», - ասում է կինը: 

Նա մի 10 օր առաջ որդու հետ եկել է Շվեդիայից: Տղան 8 տարեկան է: Մոր հայրենասիրական պատմությունները կլանելուց հետո եկել ու բախվել է հայկական իրականությանը, և առաջին տպավորություններից մեկը, որ ստացել է՝ Հայաստանի նախկին ոստիկանապետի եղբոր հայհոյանքներն ու բռնություններն են եղել, որոնք կատարվել են երեխայի աչքի առաջ:  

«Մենք ուղղակի ապշած ենք, - ասում է Հայկուհի Սարգսյանը, - Մեզ մոտ Շվեդիայում շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում երեխաների իրավունքների պաշտպանությանը: Իսկ այստեղ ոչ ոք չասաց, որ բռնություն է կատարվել մանկահասակ երեխայի նկատմամբ: Ոստիկանները մեզ շատ անտարբեր ընդունեցին, մի կերպ: Եղբորս աղջիկը, Սոնան ինքն իրեն է մեղադրում կատարվածի համար, որովհետև գիտի, որ իր հայրը հասարակ գյուղացի է, անօգնական է կալվածատերերի դեմ: Մենք ուրախ եկել էինք Վարդավառ տոնելու, բայց հանցագործների պատճառով մենք շատ տխրել ենք: Հարցը մարմնական վնասվածքը չէ, այլ հոգեկան ճնշվածությունն է, իմ եղբորը նվաստացրել է, որը երեք անչափաս երեխայի հայր է»: 

Բարբարոսություններին միացել են Գասպարյանի ընտանիքի անդամները: Աղջիկը, որը երեխաներին վախեցրել է էլեկտրաշոկով: «30 տարեկան աղջիկ կար, նրա եսիմ ինչն  էր, իմ հետևից ասեց՝ ձեր հետևից գալու են; Եւ իրոք, իրենք եկան մեր հետևից», - պատմում է Հայկուհին:   

«Կարենը քմծիծաղ տվեց:  Իրա հաճույքը ստացավ, պրծավ»:    

Սարգսյանների հարևան, 70-ամյա Շուրա Մելքոնյանը համարում է. կատարվածը «ստորություն» է: «Դա ստորություն էր իր կողմից: Մարդուն ստիպեցին, որ պետք է չոքես ու ներողություն խնդրես չոքած: Ես միջամտեցի, ասեցի՝ լավ, ներողությունը հասկացանք, բա չոքածը ո՞րն է: Թե՝ ես դրանից հաճույք եմ ստանում: Դա է մարդկանց մակարդակը: Ասեց, չոքում ես, չոքի, եթե չէ՝ զենքով վերջացնում եմ, խփում եմ քեզ: Մոտ 8-10 մարդ էր հավաքված, բոլորի շունչը կանգնել էր: Դա վերջին ստադիայի ստորացումն էր իրենց կողմից, որը կանի միայն ամենավերջին գազան մարդը: Չի կարելի, չի թույլատրվում նման բան»: Մեր հարցին, թե ինչ արեց Կարեն Գասպարյանը երբ Ավետիքն այնուամենայնիվ ծնկի եկավ իր առաջ, Շուրա Մելքոնյանը պատասխանեց. «Կարենը քմծիծաղ տվեց: Իրա հաճույքը ստացավ, պրծավ»:  

Սադիստական գործողություններից, մարդուն նվաստացնելուց ընտանյոք հանդերձ հաճույք ստանալը կարող է մի բան նշանակել՝ որ Կարեն Գասպարյանը և նրա որդին նախկինում էլ են իրենց ինքնասիրությունը նման  հաճույքներով շոյել: Կոտայք գյուղում այս մասին ոչինչ չգիտեն: 

Նախկին ոստիկանապետի եղբայր Կարեն Գասպարյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետն է: Ապրում է Երևանում: Գյուղ գալիս-գնում է ժամանակ առ  ժամանակ: Նրա առանձնատունը բարձր բետոնյա պատով է առանձնացված մնացյալ աշխարհից, և ինչ է այնտեղ կատարվում, գյուղացիները չգիտեն: Գյուղացիները չգիտեն, արդյոք Վովա Գասպարյանի եղբայրը նախկինում էլ է տղամարդ նվաստացրել, թե ոչ:  

«Նա իրենց տան պահակին ու բոլորին վախեցնում է միշտ: Ինքը քֆուրներով, հայհոյանքներով բոլորին վախեցնում է, նա չի շփվում գյուղացիների հետ», - պատմեց գյուղի կանանցից մեկը: 

 Սյուզան Սիմոնյան


11.07.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=8&ln=1&page_id=276