«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դատապարտում է Երևանի ավագանու նիստում բռնի ուժի կիրառումը

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դատապարտում է Երևանի ավագանու նիստում բռնի ուժի կիրառումը
Բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ

2018 թվականի փետրվարի 1 Երևանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից  բռնի ուժի է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ:  

«Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող և թաղամասում գարշահոտություն տարածող  կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել  քաղաքապետ Տարոն Մարգարյանին։  

Հանրապետական խմբակցության ավագանու անդամների և  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև հրմշտոց է սկսվել։ Հանրապետականները նիստերի դահլիճից բռնությամբ  դուրս են  հանել  ընդդիմադիր խմբակցության անդամներին։ «Ազատություն» լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին և քաշում վերջինիս մազերը ։ 

Բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին։ 

Հիշեցնենք, որ ծեծը  կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաև պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով  լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը: 

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունները, ինչպես նաև լրագրողների աշխատանքի խոչընդոտում։ 

«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ և թափանցիկ քննություն և քրեական պատասխանատվության  ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին:  

Կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել իրավական և հոգեբանական աջակցություն Մարինա Խաչատրյանին։            


13.02.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=8&ln=1&page_id=253