Ուսանողին Brabus-ով վրաերթի ենթարկածները ՀՀԿ երիտասարդական թևի՞ց են. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ուսանողին Brabus-ով վրաերթի ենթարկածները ՀՀԿ երիտասարդական թևի՞ց են. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը Forrights.am-ի հարցին ի պատասխան հրաժարվեց մենաբանել ոստիկանության անգործության մասին գնահատականները՝ խնդրելով հետևել պաշտոնական լրահոսին:   

Ավելի ուշ տեղեկացանք, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում այսօր առավոտյան «Բրաբուս» մեքենայի կողմից ցուցարարներին սեռական բնույթի հայհոյանքներ տալու, ծեծելու ու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:    

Նշենք, որ այսօր առավոտյան Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում բախում տեղի ունեցավ ցուցարարների և 62 SS 465 պետհամարանիշով «Բրաբուս» մեքենայի վարորդի միջև։   

Վարորդն ու ուղևորները սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվեցին ակտիվիստների վրա, հարվածներ հասցրեցին նրանց և, ուսանողներից մեկին վրաերթի ենթարկելով, ճեղքեցին ուսանողական պատը:

Տեղում գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ոստիկաններին մեղադրեց անգործության մեջ՝ հայտարարելով. «Մարդկանց ծեծում են, վրաերթի են ենթարկում դուք կողքից կանգնած դիտորդի դերում եք։ Հանցագործություն է տեղի ունենում, դուք կանգնած դիտորդի դերում եք, դուք պետք է հանցագործներին բռնեք, իսկ դուք թողեցիք, որ հանցագործները թողնեն գնան։ Չի կարելի անգործություն ցուցաբերել, մի քիչ դուխով եղեք, կրիմինալին պետք է կանգնեցնեք, չի կարելի կողքից նայել, թե ոնց են մարդկանց ծեծում»:   

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում կոչ է արել գլխավոր դատախազությանը՝ անհապաղ քրեական գործ հարուցել և քրեական հետապնդում իրականացնել հանցագործություն իրականացրած անձանց հանդեպ։   

Ոստիկանության այսօրվա հայտարարության մեջ ՀՀ ոստիկանությունը «պարզաբանել է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»:   
Ի դեպ, Politic.am-ը պարզել է, որ ուսանողներին վրաերթի ենթարկածները ՀՀԿ երիտասարդական թևի անդամներ են: Այս առթիվ ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: 

Այսօր առավոտից Երևանում մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ, որոնք ուղեկցվում են փողոցներ փակելով ու գործադուլի ու դասադուլի կոչերով, ոստիկանությունը լրագրողների աչքի առաջ մետրոներից ու փողոցներից մի շարք ուսանողների և այլ ցուցարարաների է բերման ենթարկել:    

Սակայն  ոստիկանության աշխատակից Էդգար Ջանոյանը հրաժարվեց ասել, թե քանի բերման ենթարկվածի մասին է խոսքը:   

Մարինե Խառատյան


16.04.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=20&ln=1&page_id=285