«Եթե կարողացել ես բանտում մարդ մնալ, գազանի չվերածվել, միայն դա հերիք է հասարակություն վերադառնալու համար»

«Եթե կարողացել ես բանտում մարդ մնալ, գազանի չվերածվել, միայն դա հերիք է հասարակություն վերադառնալու համար»
Հայաստանի արդարադատական համակարգը անելանելի ծանր վիճակի մեջ է դրել ցմահ դատապարտյալներին։ Ազատություն տանող ծանր դռները հավերժ փակված են, և թվում է՝ այդ մարդկանց փրկության միակ ելքը բնական մահն է։ Դատարաններն առանձնակի դաժանությամբ, անհիմն պատճաներով մերժում են պատժի կրման 20 տարին լրացած ցմահականների՝ վաղաժամկետ ազատման դիմումները։ 

Պատկան մարմինների անմարդկային վերաբերմունքը անուղղակի կերպով վերածվել է խոշտանգման մի ձևի։ Ապացույցը 26 ցմահականի մահն է բանտում։ Որոշ ցմահականներ երբեմն հրաշքով բարեհաճ վերաբերմունքի են արժանանում՝ փոխվում է պատժի կրման ռեժիմը․ 1 ժամվա փոխարեն իրավունք են ստանում զբոսանքի դուրս գալ 4 ժամով։ Արթուր Մկրտչյանը այն ցմահ դատապարտյալներից է, որ անգամ այդ բախտին չի արժանացել։ 

Նա ճաղերի հետևում է անցկացնում արդեն 23 տարի։ Պատժի կրման ռեժիմի փոփոխության խնդրանքով Արթուրը 2 անպատասխան նամակ է ուղարկել Քրակատարողական վարչություն։ Նույն պահանջով ՔԿՎ դիմել է նաև երրորդ անգամ։ Այս տարվա մայիսի 11-ին ՔԿ ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին Արթուր Մկրտչյանի միջնորդագիրը։

Որոշումը բողոքարկվել է դատարանում։ Որպես մերժման հիմք Հանձնաժողովը գտել է, որ Արթուրի հետ ուղղման գործընթացի ծրագրով նախատեսված աշխատանքները անհրաժեշտ է շարունակել։ Որպես պնդման հիմք բերվել է 23 տարվա ընթացքում Մկրտչյանի ստացած 9 տույժը։ Սրանցից միայն մեկն է պայմանավորված վարքագծով, այն էլ՝ տրված հեռավոր 1998 թվականին։ Մյուս 8 տույժերը Արթուր ստացել է հեռախոս պահելու համար։ Վերջին տույժը նրա նկատմամբ 2011 թվականին է նշանակվել։ 

Արթուր Մկրտչյանը Forrights.am-ի հետ զրույցում վստահ ասում է՝ իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել՝ որևէ հիմնավորում մերժման հիմքում չի դրվել․ «Աբսուրդ է այս տույժերի հիմքով ինձ մերժելը, որովհետև ինձնից առաջ համարյա բոլոր ցմահների ռեժիմը փոխել են, դարձրել կիսափակ, ու բոլորն էլ ունեցել են խախտումներ։ Իմ տեղեկությունով՝ միայն իմ դեպքում է, որ ռեժիմը չեն փոխում»։ 

2016 թվականին դատարանը մերժել է Արթուր Մկրտչյանի՝ վաղաժամկետ ազատման դիմումը։ 9 տույժերի հետ մեկտեղ բացասական հատկանիշ դիտարկվել թենիսի մրցաշարին Արթուրի չմասնակցելը։ Անտեսվել են նրա մարդկային արժանիքները․ «Դատարանում վաղաժամկետի քննարկման ժամանակ հարցնում եմ՝ ասեք մի դեպք, երբ հային, քրիստոնյային ոչ հատուկ վարմունք եմ դրսևորել։ Ոչ մի արձագանք չկա․․․ թե չէ ասում են՝ թենիս չեմ խաղացել։ Ախր ես կյանքո՞ւմ եմ թենիս խաղացել»,- ասում է ցմահ դատապարտյալը։  

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պարբերաբար այցելում է ցմահ դատապարտյալներին։ Ավելի քան համոզված է՝ Արթուր Մկրտչյանը ցմահականների այն խմբին է պատկանում, որոնց անհրաժեշտ է ժամ առաջ ազատ արձակել։ Դեռ հարց է, թե որքանով հիմնավոր է 9 տույժերից յուրաքանչյուրը․ «։ Անցած տարի Նուրաբարաշեն ՔԿՀ էի այցելել, Արմենակ Մնջոյանի և Արթուր Մկրտչյանի հետ հանդիպելու։ Պետի տեղակալը, երբ իմացավ ում հետ եմ հանդիպում, ասաց՝ նրանք այն դատապարտյալներն են, որոնց առաջ հաճույքով բանտի դռները կբացեի և կասեի գնացեք։ Ասեց,՝ ցավոք ես այդ լիազորությունը չունեմ։ Այս օրինակը ցույց է տալիս, թե Արթուրը 20 տարի շարունակ ինչպիսի վարք է դրսևորել՝ համբերություն՝ անմեղի կարգավիճակով»։ 

Դատապարտյալին ուղղելու և քաղաքացիական կյանք վերադարձնելու մեխանիզմներ բանտում չեն գործում։ Ուղղվելու և օրենքին ենթարկվելու մոտիվացիան գործնականում բացակայում է․ «Բանտում գործում է մարդուն ոչնչացնելու պրակտիկան։ Եթե մարդը կարողացել է բանտում մարդ մնալ, գազանի չվերածվել, դա մենակ հերիք է, որ ինքը պատրաստ լինի վերադառնալ հասարակություն»,- ասում է Արթուր Մկրտչյանը։ 
Հայաստանի ՔԿՀ-ներում դեռ գործում է սովետական համակարգը, որը ոչ թե մարդկանց ուղղում, այլ կոտրում ու ոչնչացնում է։ 

Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ Արթուր Մկրտչյանը դատապարտվել է չկատարած հանցանքի համար․ «Տարիների ընթացքում դատախազությունը հաշվի չի առել, որ Արթուր Մկրտչյանը անմեղ է դատապարտված։ Արթուրը անարդար դատավճռով է դատապարտվել նախ՝ գնդակահարության, հետո՝ ցմահ ազատազրկման, և դատավճիռը հրապարակած դատավորը՝ Սերժիկ Ավետիսյանը, դեռ հավակնություն ունի դառնալու Վճռաբեկ դատարանի նախագահ»։ 

20 տարուց ավելի պատիժ կրող ցմահ դատապարտյալներին վաղաժամկետ ազատ արձակելու մասին հրապարակավ արտահայտվել է նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա ընդունում է, որ 100 000 բնակչի հաշվարկով ցմահ դատապարտյալների թիվը Հայաստանում անհամաչափ բարձր է՝ համեմատ այլ պետությունների։ Պարոն Զեյնալյանը «Ազատություն» ռադիոկայանի զրույցում ասել է, որ կառավարությունը մտածում է առկա համակարգը բեռնաթափելու մեխանիզմներ․ 

«Այս ոլորտում առաջիկայում կլինեն հայտարարություններ և կոնկրետ գործողություններ»։ Նախարարն ասել է նաև, որ իրեն հետաքրքիր կլիներ իմանալ զոհերի հարազատների, նրանց շահերի պաշտպանների մեկնաբանություններն այս հարցերի շուրջ։ Արթուր Մկրտչյանը ցմահ դատապարտյալների անունից Արդարադատության նախարարին հրավիրում է բանտ՝ հանդիպելու և ցմահականների վերաբերյալ քննարկումներում իրենց ևս ներգրավելու։ 

«Հույս ունենք, որ Արտակ Զեյնալյանը նախորդ նախարարներից դրականորեն կտարբերվի․ նրա օրոք օրենքը վերջապես կսկսի գործել ու վաղաժամկետ ազատման խափանված մեխանիզմը արդյունավետորեն գործի կդրվի»,- ասում է Մկրտչյանը։ Ժաննա Ալեքսանյանը ցավով ընդգծում է՝ քրեակատարողական հիմնարկները, և արդարադատական համակարգն ընդհանրապես Հայաստանում չեն փոխվում․ «Անգամ սովետմիության բանտերին հատուկ չէ դատապարտյալին բնութագրող այս կարգի գրություններ ուղարկել։ Խորհրդային ոճին հատուկ պատասխանները copy past են անում և մերժում ռեժիմի կրման և վաղաժամկետ ազատման խնդիրանքները»։ 

Իրավապաշտպանը հուսով է, որ պարոն Զեյնալյանը կարողանալու է փոխել պրակտիկան՝ քաղաքակիրթ և մարդկային միջոցների կիրառմամբ հասկանալ, թե դատապարտյալներից ով ով է։ 

«Ցմահականների վիճակը նմանեցնում եմ դուռը չբացած նկուղի, որը փոշոտված է, լավի հետ վատն էլ է խառնված, ուղղակի որևէ մեկը զահլա չի անում նկուղի դուռը բացել, այն մաքրել ու սիրուն դասավորել։ Օրենքը կա և պետք է գործի»,- նշում է Արթուր Մկրտչյանը։ 

Հայաստանում կա շուրջ 100 ցմահ դատապարտյալ, որոնցից 30-ը հատել է պատժի կրման 20 տարին և իրավունք ունի օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման օրենսդրական իրավունքից։ Գործնականում դատարանները բոլորին մերժել են և որևէ մեկը չի հայտնվել ազատության մեջ։ 

Ռոբերտ Անանյան      

Ժաննա Ալեքսանյանի հարցազրույցը ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի հետ


11.06.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=19&ln=1&page_id=211