«Արկադի Վարդանյանը քաղբանտարկյալ է. նրան խոշտանգում են՝ բանտում ապօրինաբար կիսափակ ռեժիմով պահելով»

«Արկադի Վարդանյանը քաղբանտարկյալ է. նրան խոշտանգում են՝ բանտում ապօրինաբար կիսափակ ռեժիմով պահելով»
Քաղաքագետ Արկադի Վարդանյանը, որին հանրությունն առավել հիշում է 2000 թվականին Հայաստանում կազմակերպած բազմահազար ցույցերից, քաղաքական հալածանքի է ենթարկվում բանտում. նրա նկատմամբ արդեն մեկ տարի կիրառվում է ՔԿՀ-ում պահման մի ռեժիմ, որն օրենքով նախատեսված չէ:    

Այս մասին Forrights.am-ին ասաց Վարդանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Վարդանյանը քաղբանտարկյալ է միջազգային չափանիշներով:    

«Կան մեխանիզմներ, համապատասխան իրավական ակտեր, որոնց համադրմամբ որոշվում է՝ դատապարտյալը քաղբանտարկյալ է, թե ոչ: Արկադի Վարդանյանն այս պահին դիտվում է որպես քաղբանտարկյալ, քանի որ պատժի այլ՝ ավելի խիստ ռեժիմ է կրում, քան օրենքը նախատեսում է իր պատժի դեպքում: Օրենքով իրեն հասնում է այս պահին կիսաբաց ռեժիմ, սակայն նա պահվում է կիսափակ ռեժիմով, դրա համար է քաղբանտարկյալ»,- բացատրեց պաշտպանը:   

Նշենք, որ քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 –րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն, ընկերոջ հետ ընկերոջ հորը թունավորելու նախապատրաստության համար: Այս գործով Արկադի Վարդանյանը ձերբակալվել էր 2013 թ մայիսի 18-ին, իր ընկերոջ՝ Արսեն Ավետյանի հետ:   Դատարանում Վարդանյանը չի ընդունել սպանության նախապատրաստությանն օժանդակելու` իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն գնահատելով «քաղաքական աստառ» ունեցող: Նա դատարանում նաև հայտարարել է, որ որոշ պաշտոնյաներ անհանդուրժողական են իր հոդվածների հանդեպ, և  իրեն «փողոցից առևանգելու և անազատության մեջ պահելու նպատակը իրեն լռեցնելն էր, գուցե՝ վերադասին հաճոյանալը»:   

Ի դեպ, գործով տուժողը՝ ընկերոջ հայրը դատարանում հայտարարել է, որ իր որդին չէր կարող իրեն փորձել թունավորել: Սակայն Արկադի Վարդանյանն ու նրա ընկերը այս մեղադրանքով բանտում են մոտ 5 տարի: Ըստ Վարդանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ միջազգային կառույցները պետք է Վարդանյանին ճանաչեն քաղբանտարկյալ: 

«Նա, լինելով քաղաքական գործիչ, դրանով է պայմանավորում, որ ոչ թե իրեն հասանելիք ռեժիմն է կրում, այլ արդեն մեկ տարի գտնվում է մի ռեժիմի տակ, որը օրենքով իրեն չի վերաբերում»,-նշեց պաշտպանը:   Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանը վերջրս մերժել է այդ առթիվ կալանավորի բողոքը և այժմ այդ որոշումը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում:    

«Առաջին ատյանի դատարանը մերժեց տեղափոխումը՝ պայմանավորելով, որ նրա անվտանգությունը չեն կարող ապահովել կիսաբաց ռեժիմի դեպքում, թեպետ օրենքով նման պահանջ չկա: Եթե չեն կարողանում կալանավորի անվտանգությունն ապահովել, ապա տվյալ հիմնակի տնօրենը պետք է դիմում գրի, գնա»,- տարակուսանք հայտնեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ նման օրենսդրություն գոյություն չունի: 

«Իրենք ղեկավարվում են ենթաօրենսդրական ակտերով, որի իրավունքը չունեն, որովհետև նման հարցը լուծելիս պետք է ղեկավարվեն բացառապես սահմանադրությամբ կամ օրենքով»:   Վերջերս բանտում առողջական վիճակի վատթարացումից հետո Արկադի Վարդանյանի հետ հեռախոսով խոսել է կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը: 

«Ձայնը թույլ էր: Նրա բանտակիցն էր ինձ ասել, որ Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, պարզվել է, որ սրտի խնդիրներ են, սակայն նրան հրաժարվել են տանել քաղաքացիական հիվանդանոց և բուժօգնությունը տրամադրել է Արմավիր ՔԿՀ-ն»,-պատմեց Խզմալյանը՝ շարունակելով. «Ես համարում եմ, որ դա խոշտանգման միջոց է: Նա տարեց մարդ է և ունի մի շարք հիվանդություններ, սակայն  մերժում են նրան կիսափակ ռեժիմով բանտ տեղափոխել»:   

Պաշտպան Նիկոլայն Բաղդասարյանը ևս համոզված է, որ Վարդանյանը վատացման պատճառը բանտի պայմաններն են: 

«Իր առողջական վիճակի վատացումը բացառապես կապ ունի իր պահման վայրի հետ: Մի քանի անգամ դիմել եմ էդ հարցով: Դա փաստված է նաև կալանավորի գործում առկա փաստաթղթերով, քանի որ ինքը պահվում է էն պայմաններում, որոնք համատեղելի չեն իր առողջության հետ, հետևաբար, իմ կարծիքով, դա է նպասել իր առողջության վատթարացմանը»,-ասաց պաշտպանը:   Մինչդեռ ԱՆ քրեակատարողական վարչությունը օրերս մամուլում հերքել է, թե Արկադի Վարդանյանն ուշաթափվել է, և առողջական լուրջ խնդիրներ ունի: 

Պաշտպանը տրամաբանությունից դուրս է համարում ՔԿՎ-ի հերքումը: «ՔԿՀ աշխատողը ամեն վայրկյան նրա կողքին չէ, որ իմանա՝ ուշաթափվել է, թե ոչ: Նման բանը հերքել իրենք չէին կարող: Այլ բան է, որ կարող էին հետազոտել և պարզել՝ առողջական վիճակը բարվոք է, թե չէ»,-հակադարձեց պաշտպանը՝ ասելով. 

«Իր անձնական գործում կան փաստաթղթերը, որ նա վատառողջ է և բուժում է ստացել, 70-անց անձնավորություն է, և նման պայմաններում չէին կարող առողջական խնդիրները չսրվել»:   

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ իշխանությունը Վարդանյանից վրեժ է լուծում: 

«Սա հաշվեհարդար է և վրեժխնդրություն՝ համակարգի կողմից քննադատի, այլախոհի հանդեպ: Արկադի Վարդանյանը երրորդ նախագահի կոշտ հակառակորդ է: Նրան փորձում էին հեռացնել Հայաստանից, զրկել էին տնտեսական լծակներից, բայց նա նորից վերադարձավ: Ցանկացած տրամաբանող մարդ մեղադրանքը զավեշտալի կհամարեր: Բավական ապահովված մարդ լինելով՝ ի՞նչ շահ պետք է ունենար ընկերոջ հոր, այն էլ ոչ հարուստ մարդու մահափորձը կազմակերպելու մեջ»,-հարց բարձրացրեց Խզմալյանը՝ շարունակելով. 

«Այն, որ հասարակությունն իր մեջ ոչ ուժ, ոչ հետաքրքրություն, ոչ խիղճ չի գտել՝ պաշտպանելու իր քաղաքացիներին, բերեց նրան, որ մաս առ մաս մեզ բոլորիս դարձրեցին պատանդներ ու քաղբանտարկյալներ»:   

Հիշեցնենք, որ անցյալ նոյեմբերին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացավ Հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ, գործով կարևոր վկա Էդիկ Գրիգորյանը, ում ՔԿՀ-ն հրաժարվել էր ժամանակին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այժմ Գրիգորյանի հայրը ՀՀ քննչական կոմիտեին բողոք է ներկայացրել ՔԿՀ-ի ղեկավարության դեմ, ում մեղադրում է որդու մահվան համար:   

Մարինե Խառատյան


12.03.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=19&ln=1&page_id=197