Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից

Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից
Անուշ Ասլանյանը, որը 2014թ. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հիմնեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն, անձամբ բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում՝ մատչելի միջավայրի բացակայության պատճառով:  Նույն խնդրի հետ են բախվում Լուռու մարզի Վանաձոր քաղաքում ապրող հաշմանդամություն ունեցող 8 հազարից ավելի անձինք, որոնց մեծ մասն ունեն հենաշարժողական խնդիրներ:       

Մարզում եւ, մասնավորապես, Վանաձոր քաղաքում առկա խնդրիներն են դրդել Անուշ Ասլանյանին՝ ստեղծել մի կազմակերպություն, որը կզբաղվի իրավախորհրդատվությամբ: Իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքում այն դեռեւս միակն է: Միջավայրի անհավասար պայմաններն, ըստ նրա, հաճախ ուղղակի չիմացության արդյունք են. մարդիկ տեղյակ չեն, որ ընդամենը մի քանի պարզ քայլերի արդյունքում հնարավոր է ստեղծել բարենպաստ պայմաններ բոլորի համար: Հատկապես դա վերաբերում է պետական մարմինների շենքերին:    

«Ես 2-րդ մարզպետարան կամ քաղաքապետարան չունեմ, որ ասեմ՝ այստեղ մատչելի է մտնել, գնամ, իսկ մյուսը՝ ոչ։ Մյուս հաստատությունների դեպքում դեռ կարող ես ընտրել` այստեղ չմտնեմ, քանի որ չկան տեղաշարժի համար անհրաժեշտ հնարավորությունները, իսկ այն մյուս տեղում՝ կան: Այդ պատճառով նախատեսում ենք ֆիզիկական մատչելիության մոնիթորինգ անել եւ Դատախազությունը, եւ Հարկայինի, ինչպես նաեւ՝ մյուս անհրաժեշտ գերատեսչությունների  շենքերը»,- նշում է նա:  

Անուշ Ասլանյանը հիշում է՝ Լոռու նախորդ մարզպետի՝ Արթուր Նալբանդյանի ժամանակ իրենց կազմակերպությունը մարզպետարանի շենքի բազրիքի հարց բարձրացրեց: Ի պատասխան պատճառաբանվեց, թե շենքը պատմամշակութային կառույց է, հնարավոր չէ։    

«Դե, եթե այդպես է, ապա ինչո՞ւ եք եվրալուսամուտներ դրել։ Մինչդեռ լուծումներ կան. ենթադրենք՝ տվյալ շենքի մայթը թույլ չի տալիս թեքահարթակ ունենալ, սակայն հնարավոր է՝ շենքի կողքից վերելակ կառուցել, ու միջազգային փորձն էլ է ցույց տալիս, որ կարելի է պատուհանն այնպես հարմարեցնել, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձն այդպես ներս մտնի։ Մի անգամ էլ Հարկային մարմնի շենք էի գնացել ու բանավոր կերպով մի քանի անգամ զգուշացրել՝ բազրիք կառուցելու մասին: Պարբերաբար հիշեցնելու արդյունքում ի վերջո կառուցեցին։ Հակառակ դեպքն էլ է եղել. վարսավիրանոցներից մեկին՝ կրկին բազրիք կառուցելու հարցը բարձրացրի, մերժեցին` ասելով, թե շենքի տեսքը կգցի։ Ես էլ ասացի` այդ դեպքում կգնամ այլ տեղ, որն ինձ ավելի մատչելի կլինի»,- պատմում է Անուշ Ասլանյանը։       

Լոռու մարզում եւ հատկապես Վանաձոր քաղաքում նմանատիպ խնդիրները բազմաթիվ են: Այստեղ ապրում են մարդիկ, որոնք օրերով, ամիսներով անգամ իրենց բնակարանից չեն կարողանում դուրս գալ՝ չկան ոչ միայն թեքահարթակներ, այլեւ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն սկսել է դիմումներ ստանալ վերելակների անսարքության մասին: 

«Ունենք հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք, որոնք, ասենք, ապրում են 5-րդ կամ 6-րդ հարկերում, վերելակների բացակայության պատճառով տնից տարին մեկ կամ երկու անգամ են դուրս գալիս։ Ունենք շահառուներ, որոնք հենասայլակներով են տեղաշարժվում, արդյունքում մեծ խնդիր է դառնում նրանց համար անգամ 2-րդ հարկից իջնել։ Մի դեպք պատմեմ` մի կնոջ մասին, որը որեւէ հարազատ չունի, ապրում է 2-րդ հարկում՝ միայնակ: Իդեալական ձայն ունի, երգել է երգչախմբում, սակայն մեր միջոցառումներին մասնակցելու համար մշտապես մեծ խնդիրների առջեւ է կանգնում. չունի աջակցող, որ կօգնի նրան՝ ցած իջնել, թեկուզ եթե միջոցառման վայր նրա տեղափոխման հարցը մենք հոգանք»,- տեղեկացնում է ՀԿ ղեկավարը։   

Նա չի ժխտում, որ հաշմանդամություն ունեցող անձանց Լուռու մարզային հանձնաժողովը պարբերաբար` գրեթե երկու ամիսը մեկ անգամ, նիստ է անցկացնում, որի ժամանակ ոլորտին լավատեղյակ կազմակերպությունները ներկայացնում են իրենց ծրագրերը, առաջարկությունները, խնդիրները, այդ թվում՝  նաեւ Անուշ Ասլանյանի ՀԿ-ն. «Հիմա փորձում է արվում ինչ-որ քայլեր իրականացնել, սակայն ամեն ինչ միայն իրենցից կախված չէ, դա նաեւ Կառավարության խնդիրն է»։   

Իբրեւ աջակցություն՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն, ինչպես նաեւ՝ ոլորտի խնդիրներով զբաղվող մյուս կազմակերպություններն ինտենսիվ աշխատել եւ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ներառման օրենքի ինչպես փոփոխությունների, այնպես էլ ամբողջովին նոր օրինագծի վրա։ Հին օրենքում որոշ սահմանումներ խնդրահարույց էին եւ չէին բխում ՀՀ ընդունած կոնվենցիայից։ 

«Օրինակ` հաշմանդամության սահմանումը հիմնված էր անձի հիվանդության վրա, սակայն նոր սահմանմամբ նշվում է, որ սա միջավայրային գործոնների հետ փոխազդեցություն է, այսինքն՝ քո ֆիզիկական, մտավոր, հոգեկան խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների միջեւ բախումն է ծնում հաշմանդամություն։ Այսինքն, սա ոչ միայն քո խնդիրն է, այլեւ հասարակության, պետության։ Մենք հանդիպել ենք հաշմանդամություն ունեցող անձանց հետ, հավաքել ենք նրանց բոլորի խնդիրները ու հիմա զինված սպասում ենք, թե երբ է նոր օրենքի քննարկման փուլը գալու: Իսկ գործող օրենքի փոփոխությունները ԱԺ միայն առաջին ընթերցմամբ անցան. 2-րդ ընթերցման ժամանակ արդեն Կառավարությունը փոխվեց: Քանի որ արդեն իրավիճակ է փոխվել, այդ պատճառով ենք մտածում նոր օրինագիծ գրենք զրոյից, հատկապես երբ հին օրենքում կային խնդրահարույց կետեր, որոնք մասամբ շտկվեցին։ Հիմա ավելի բարենպաստ պայմաններ են ու վստահ եմ՝ ամեն ինչ մեր պատկերացրածով կլինի»,- ասում է Անուշ Ասլանյանը։             

 Օրենքի փոփոխությունների վրա աշխատել են Զարուհի Բաթոյանի հետ, որը  ղեկավարում է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ն եւ արդեն մոտ մեկ ամիս է՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարարն է: Անուշ Ասլանյանի գնահատմամբ՝ Զարուհի Բաթոյանի նշանակումը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման համար առանցքային նշանակություն ունի: 

Նորանշանակ փոխնախարար Զարուհի Բաթոյանն իր հերթին՝ իր առաքելությունն է համարում հաշմանդամություն ունեցող անձանց խնդրիների մասին բարձրաձայնելը. «Ես ինքս հաշմանդամություն ունեցող անձ եմ ու կարծում եմ, որ կան խնդիրներ, որոնք հնարավոր է կարճ ժամանակում լուծել, իսկ որոշների համար երկարաժամկետ բարեփոխումներ են անհրաժեշտ։ Մեկ ամիս չկա, որ նշանակվել եմ ու իմ գործընկերոջ, իմ նոր թիմի հետ պետք է հասկանամ, թե ինչպես կարող ենք այդ խնդիրները լուծել, գտնել մեխանիզմներ։  Սա հատկապես վերաբերում է երկարաժամկետ բարեփոխումներին, որպեսզի դրանք հիմնված լինեն մարդու իրավունքների վրա եւ կարողանան ապահովել հաշմանդամություն ունեցող անձի լիարժեք մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին»։   

Ըստ նրա՝ սա մեկ նախարարության խնդիր չէ. «Այս առումով կարիք ունենք սերտ համագործակցելու ու ներգրավելու մյուս գերատեսչություններին, քանի որ ունենք համատեղ նպատակ: Այլապես կունենանք այն, ինչ եղել է նախկինում»։     

Որպես առաջնահերթություն՝ լինելու է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին նոր նախագծի մշակումը` իր ամբողջ փաթեթով ու մեխանիզմներով: Զարուհի Բաթոյանը հիշեցնում է, որ մենք ունենք նաեւ միջազգային պարտավորություններ եւ, մասնավորապես, 2010թ.   

«Հաշմանդամություն ունեցող անձանց» կոնվենցիան վավերացնելով` նաեւ պարտավորություն ունենք օրենսդրական դաշտը բարելավելու, որպեսզի բոլոր մեխանիզմները հիմնված լինեն մարդու իրավունքների վրա. «Գործող օրենքը դա չէր արտացոլում. այն «Սոցիալական պաշտպանության մասին» օրենքն է, որը միայն տալիս է արտոնություններ բժշկական ծառայությունների, կրթության դեպքում, սակայն դա իրավունքների ամբողջ փաթեթը չէ։ Նույնիսկ մեկ օրենքը բոլոր իրավունքները չի կարող ներառել։ Ամբողջովին նոր օրենք ենք մշակելու եւ ունենանք փոփոխությունների փաթեթ՝ մյուս նախագծերի եւ հարակից օրենքների համար։ Մեկ օրենքը չի կարող լիարժեք գործել, եթե մենք չփոփոխենք, օրինակ, «Քաղաքաշինության մասին», «Առողջապահության մասին», «Կրթության մասին»  օրենքները, հակախտրական օրենսդրությունը»:          

ինչ ժամկետներում է դա հնարավոր իրականացնել, փոխնախարարը դժվարացավ այս պահին ասել։ Մյուս կարեւոր խնդիրը, ըստ նրա, որ տարիներ շարունակ մտահոգում է հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամության ճանաչման գործակալության խնդիրն է, որը հայտնի է՝ որպես կոռումպացված կառույց` սուբյեկտիվ գնահատումներով. «Հիմա մենք մեր առջեւ խնդիր ենք դրել հաշմանդամության ճանաչման գործընթացը բարեփոխելու, որպեսզի հասկանանք, թե ինչպես է մարդու կարիքը գնահատվելու ու ինչ ծառայություններ պետք է տրամադրվեն:   

Մյուս խնդիրը պետք է լինի ծառայությունների ստեղծումն ու մատուցումը, դրանց մատչելիությունը. կան ծառայություններ, որոնք հասանելի չեն, իսկ ոմանց մասին ուղղակի տեղեկացված չեն։ Սա երկարաժամկետ ծրագրերի մեջ է մտնում։ Օրինակ՝ եթե մենք խոսում ենք աջակցող սարքերի տրամադրման մասին, ապա անձը պետք է հնարավորություն ունենա այդ սարքերն ունենալու։ Եթե մենք խոսում ենք մարդուն հոգեբանական աջակցություն տրամադրելու մասին, ապա պետք է հասկանանք՝ համայնքում լիարժեք ապրելու համար ի՞նչ անհրաժեշտ միջոցներ պետք է լինեն»։  

Այդ իմաստով խորհրդատվական ծառայությունները պետք է հասանելի լինեն մարդկանց, որնցից շատերն այսօր տարրական տեղեկատվություն ստանալու հնարավորություն չունեն՝ չգիտեն, օրինակ, որ կառույցին ինչպես դիմել, որոնք են իրենց իրավունքները, ինչ կարգեր կան։ 

Ամբողջ այս գործընթացի ամենակարևոր սկզբունքը, ըստ Զարուհի Բաթոյանի, պետք է լինի հաշմանդամություն ունեցող անձանց լայն ու լիարժեք մասնակցությունը. «Այսինքն, որեւէ բան մենք չենք  կարող որոշել կամ անել`առանց նրանց հետ քննարկումների` սկսած նախագծերի մշակման փուլից, վերջացրած իրականացմամբ, մոնիթորինգով, գնահատմամբ: Մենք պետք է հասկանանք, թե որքանով է արդյունավետ ցանկացած ծրագիր, որը մենք նախատեսում ու իրականացնում ենք։ Տարբեր ոլորտների բարեփոխման համար հիմա մոդելներն ենք քննարկում, քանի որ ի սկզբանե ունեինք փորձ, ինֆորմացիա. մենք ունեինք նախորդ օրենքը, օրենքի նոր նախագիծը եւ հիմա ուղղակի սկսել ենք աշխատել, որից հետո արդեն կլինեն հանդիպումներ ու լայն քննարկումներ»։    

Ի դեպ, 2015թ. տվյալներով՝ ՀՀ-ում ապրում է հաշմանդամություն ունեցող 200.401 անձ, որից Լոռու մարզում՝ 21.173 անձ: Վանաձոր քաղաքում ապրող 8000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձանցից 4555-ը կին է, 275-ը՝ երեխա: Հաշմանդամություն ունեցող մարդկանց 1133-ը 18-40 տարեկան է, 4133-ը՝ 40-63, իսկ 3343-ը՝ 63 տարեկանից բարձր: 


2.07.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=17&ln=1&page_id=193