Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ, եթե վճռաբեկ բողոք չներկայացվեր

Ժիրայր Սեֆիլյանը կրկին կհայտնվեր անազատության մեջ,  եթե  վճռաբեկ բողոք չներկայացվեր
«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել։  Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել՝ ճանաչելով եւ հռչակելով  Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը։  

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին դատապարտել էր 10,5 տարվա ազատազրկման։ Դատարանն ամբողջությամբ  ապացուցված էր համարել, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, կազմակերպված խմբի կազմում  ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ: 

Բացի Ժիրայր Սեֆիլյանից, այս գործով անցնում են  Հրայր Թոփչյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գալուստ Գրիգորյանը, Սասունիկ Կիրակոսյանը եւ Ներսես  Պողոսյանը։  Նրանք բոլորն էլ հունիսի 13-ին ազատ արձակվեցին, քանի որ առաջադրված մեղադրանքները մեղմացվեց ։ 

Պաշտպան Արայիկ Պապիկյանը շեշտում է՝ վերաքննիչ դատարանն  առաջադրված բոլոր երեք մեղադրանքներով էլ փոփոխություններ է կատարել Ժիրայր  Սեֆիլյանի պատժի տեսակների մեջ․  

«Կազմակերպված խումբը դարձրել էր  մի խումբ անձինք։ Շենք- շինություններ զավթելու հոդվածով հետապնդումը դադարեցրել եւ կարճել էր՝  վկայակոչելով,  թե Սեֆիլյանը կամովին հրաժարվել է հանցանքը ավարտին հասցնելուց, իսկ զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով պատժաչափը 4,5 տարուց դարձրել էր 3,5 տարի։ Բայց Վերաքննիչ դատարանն աճպարարություն էր արել, ապացույցները թողել էր նույնը» ։    

Վերաքննիչ դատարանը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով։   «Սա վկայում  է, որ Վերաքննիչ դատարանը մեխանիկական աշխատանք է կատարել։ Ապացույցներն ընդհանրապես չի նայել։ Ասեմ ավելին՝ այն բոլոր ապացույցները, որոնք մեղադրական եզրակացության  մեջ եղել են վրիպակով, տառասխալով  կամ անճշտություններով,  ինչպես առաջին ատյանն, այնպես էլ Վերաքննիչ դատարանը  նույնությամբ պատճենահանել է»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը։  

Մեղադրական եզրակացության մեջ դրված ամենակարեւոր ապացույցներից մեկն էլ, իբրեւ գաղտալսվել է Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսազանգերը,  այդպես չի եղել։  Գաղտնալսվել էր Սմբատ Գալոյանի հեռախոսահամարը։ « Ես  վկայակոչեցի, որ գաղտնալսվել է Սմբատ Գալոյանը, ոչ թե Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրանքի կողմն ի վերջո ընդունեց այդ փաստը։ Բայց մինչեւ հիմա  դատարանը նշում է, որ գաղտնալսվել է Ժիրայր Սեֆիլյանը, բայց նույնիսկ դատախազն է ընդունում, որ դա Սմբատ Գալոյանի գաղտնալսումն է ։ Սա ցույց է տալիս, որ դատարաններն արհամարհել են  Քրեական դատավարության օրենսգիրքը, Սահմանադրությունը, ուղղակի Սերժի  պատվերը իներցիայով շարունակում են կատարել»,- ավելացնում է պաշտպանը։ 

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսներ»-ի գործը  հարուցվել է 2016 թ  մայիսի 12-ից 18-ի գաղտնալսումների հիման վրա, իսկ դատարանն այդ օրերին  գաղտնալսում երբեք չի արտոնել: Ինչպես առաջին ատյանում, այնպես էլ վերաքննիչ դատարանում  պաշտպանական կողմը նշել է, որ այդ օրերին հավաքված ապացույցները կատարվել են օրենքից դուրս։  Սակայն դատարանները ապացույցները ճանաչել են թույլատրելի եւ վերաբերելի։ 

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու  մեղադրանքի հիմնավորման համար էլ երեք տեսանյութ է վկայակոչվում։  Այդ երեք տեսանյութերի վերաբերյալ էլ գրված է, որ նույն րոպեին, վայրկյանին թե Ժիրայր Սեֆիլյանը եւ թե  Գեւորգ Սաֆարյանը ելույթ են ունեցել։  

«Այսինքն   տարբեր օրերին, տարբեր ամիսներին, տարիներին,  բայց նույն  րոպեին եւ  վայրկյանին ելույթ են ունեցել։    Սա խոսում է,  որ մի հատ գրել են, հետո պատճենահանել։  Երբ բացում ես այդ տեսանյութերը եւ որոշման մեջ նշված րոպեներով նայում,  կամ նրանք չեն խոսում կամ չկան, բայց դա  դրել են մեղադրանքի հիմքում»,-  հավելում է Արայիկ Պապիկյանը։  

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոխարինվել էր  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Վարդան Բոստանջյանի, Վարդևան Գրիգորյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Նոռա Առուստամյանի, Սերգեյ Բագրատյանի, Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորությամբ:

Երաշխավորներից յուրաքանչյուրի կողմից 500.000 դրամ վճարելուց հետո նա ազատ արձակվեց, միչեւ որոշման օրինականմ ուժի մեջ մտնելը։«Բայց օրինական ուժի մեջ դա երբեք չի մտնելու։ Ես դեռ առաջին ատյանի դատավճռի հրապարակման օրն ասել էի, որ Սեֆիլյանն անազատության մեջ մնալու  է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության գլխին Սերժ Սարգսյանն է, այդ իշխանության գոյության ժամկետով էր պայմանավորված , այլեւս հետադարձ ճանապարհ չի լինելու»,-  եզրափակեց  Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։   

 Իսկ ինչ որոշում կկայացնի Վճռաբեկ դատարանը, պարզ կդառնա եռամսյա ժամկետում։

Սուսաննա Պողոսյան 


10.08.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=12&ln=1&page_id=859