Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չի փոխվել․նա շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքները։

Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չի փոխվել․նա շարունակում է չընդունել առաջադրված մեղադրանքները։
«Ռոբերտ Քոչարյանը փայլուն խոսեց դատարանում։ Ավելին, ես կարծում եմ, որ իմաստ ունի իր ասածի մի զգալի մասը հրապարակել։ Նա բավականին լավ հիմնավորված փաստարկներ բերեց իրեն առաջադրված մեղադրանքի եւ գործի վերաբերյալ»,- քիչ առաջ հենց Վերաքննիչ դատարանից դուրս գալուց անմիջապես հետո հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։

Ավելի քան 8 ժամ տեւողությամբ նիստն ընդմիջվել էր ընդամենը 20 րոպեով, փաստաբանները շեշտեցին՝ ծանր ու լուրջ գործ է, ինչն էլ հետեւանքն է նրան, որ այս ամբողջ ընթացքում միջնորդությանն քննության մոտ 75%-ն է քննվել։ Պաշտպան Ալումյանը նշեց, որ շատ փաստարկներ դեռ պետք է ներկայացնեն դատավարական երկու կողմերն էլ. 

«Այս պահին մեղադրող կողմն իր առարկություններն էր ներկայացնում մեր վերաքննիչ երկու բողոքների վերաբերյալ, որոնցից մեկը 21 էջ է, մյուսը՝ 27։  Նշեմ, որ մեղադրող կողմի առարկությունները շատ չեն տարբերվում Առաջին ատյանում հնչած առարկություններից, սակայն մեր փաստարկները շատ են եւ բոլորն էլ լուրջ բնույթ են կրում»,- հայտարարեց նա եւ հավելեց՝ դատարանը հավասարակշռված էր տրամադրված գործի նկատմամբ։

Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանն էլ, չնայած շտապում էր խուսափել որեւէ մեկնաբանություն տալ նիստի մասին, այնուամենայնիվ մի խոսքով շարունակեց գործընկերոջը. 

«Տպավորությունները դրական են, ակնկալիքները դրական են։ Հիմքեր չեմ տեսնում, որ դրական չլինեն, չնայած մինչեւ վերջ չենք լսել բոլոր արգումենտները, որ կարողանամ ամբողջությամբ գնահատել»,- ասաց Օրբելյանը։Պաշտպանն հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը չի փոխվել եւ նա շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։

Պայմանավորված աշխատանքային ժամի ավարտի հետ, դատարանը խափանման միջոց կալանքի քննությունը կշարունակի արդեն վաղը՝ 14:00-ից. 

«Չեմ կարող հստակ ասել, թե արդյոք հենց վաղն էլ կավարտվի նիստը։ Հնարավոր է, որ դատարանի որոշումը հրապարակի երկուշաբթի օրը»,- իր խոսքի վերջում հավելեց Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթվա ընթացքում, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու համար անձնական երաշխավորություն են ներկայացրել թվով 45 պատգամավորներ։ Նրանց մեջ գերակշիռ մեծամասնություն են կազմում «Հանրապետական» խմբակցության անդամները, երեքը՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից են, մեկն էլ՝ «Ծառուկյան» դաշինքից։ 

Դեռ երեկ Գլխավոր դատախազությունը մերժել էր խափանման միջոցը փոխելու պատգամավորական երաշխավորությունը, նշելով. «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման հիմքերը, և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»:

Հավելենք, որ այսօր ժամը 12:00-ին դատարան էին ժամանել Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբանները, որոնք, սակայն, հրաժարվել էին որեւէ հարցի պատասխանել եւ շտապել ներս մտնել դատարան։ Դեռ օրեր առաջ, նրանք պնդում էին, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է անօրինական, իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այս ամենը որակում էր «քաղաքական հաշվեհարդար երկրորդ նախագահի դեմ»։

Ռոզա Վարդանյան


9.08.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=12&ln=1&page_id=857