Սեֆիլյանը եւ մյուսներն ազատ արձակվեցին

Սեֆիլյանը եւ մյուսներն ազատ արձակվեցին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Վերաքննիչ դատարանն այսօր որոշում կայացրեց հենց դատարանի դահլիճից ազատ արձակել «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով ազատազրկված Ժիրայր Սեֆիլյանին, Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին եւ Հրայր Թոփչյանին։

Դեռ նախորդ նիստին, մեղադրող կողմն իր վերաքննիչ բողոքի քննության ելույթում մեղմացրել էր վերջիններիս ազատազրկման ժամկետները։ Մասնավորապես. «Սեֆիլյանի պատիժը մեղմացնել եւ դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, Գեւորգ Սաֆարյանի եւ Ներսես Պողոսյանի նմատմամբ խափանման միջոց կալանքը պայմանական չկիրառել, իսկ մյուս 3 անձանց՝ Գրիգորյանի, Թոփչյանի եւ Կիրակոսյանի մասով թողնել նույնը, քանի որ վերաքննիչ բողոքում նրանց պատժաչափի կրճատման մասին հիշատակված չէ»,- նշել էր դատախազ Պետրոս Պետրոսյանը։Վերաքննիչ դատարանը երկօրյա ընդմիջումից հետո, իր որոշումը հրապարակեց լեփ-լեցուն դահլիճում։ Սեֆիլյանը որոշումը լսեց նստած վիճակում՝ դեմքի անվրդով արտահայտությամբ։ Վերջինս դեռ նախորդ նիստին հայտարարել էր. «Բոլորն էլ դուրս են գալու, ես անպայման ազատ եմ արձակվելու, այլ տարբերակ չկա»։

Դատարանը՝ դատավորներ Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի եւ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ հայտարարեց, որ վերաքննիչ բողոքը բավարարվում է մասնակի։ Դատարանի դահլիճից ազատ են արձակվում Ներսես Պողոսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը եւ Գալուստ Գրիգորյանը, նրանց պատիժը մեղմացնել եւ սահմանել 2 տարի ազատազրկում՝ ստորագրությամբ ազատ արձակելով, իսկ Սեֆիլյանի պատժաչափը մեղամացնել մինչեւ 5 տարի 5 ամիս եւ պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։Դատարանի դահլիճում նրանց դիմավորեցին զուռնա-դհոլով։

Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 ու կես տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝  5 տարի 5 ամիս, երեք անչափահաս տղաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը՝  3-ական տարվա ազատազրկման: Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:Ի սկզբանե, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ սա դատավարություն չէ, այլ թատերական բեմադրություն: Մյուս 6 ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ, իսկ Գևորգ Սաֆարյանը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության: Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման, ներկայացված որևէ մեղադրանք չի ապացուցվել դատարանում, փոխարենը քրեական հոդվածների տակ իրականացվել է քաղաքական գործչի հետապնդում:

Ռոզա Վարդանյան


13.06.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=12&ln=1&page_id=783