«Սասնա Ծռեր»-ի գործով դատարան են ներկակացել սպանված ոստիկանների այրիները

«Սասնա Ծռեր»-ի գործով դատարան են ներկակացել սպանված ոստիկանների այրիները
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով։ 

Տուժող կողմը հայտարարեց, որ դատարան են ներկայացել սպանված ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի այրի Հասմիկ Ոսկանյանը եւ Յուրի Տեփանոսյանի այրի Արփինե Թումասյանը։ Դատարանի որոշմամբ, վերջիններս ընդգրկվեցին գործի վարույթում՝ որպես տուժող կողմի իրավահաջորդներ։ 

Նիստի սկզբում՝ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության քննությունից հետո, մինչ դատարան կգային նրա համար անձնական երաշխավորագիր ներկայացրած ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Միքայել Մելքումյանը, դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարական կողմերին հայտնեց, որ շարունակվում է գործով առկա ապացույց հանդիսացող տեսանյութերի եւ ձայնագրությունների հետազոտումը։ Այսօր մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց Շտապ օգնության աշխատակիցների, տնօրեն՝ Թագուհի Սեփանյանի եւ ամբաստանյալներից մի քանիսի հեռախոսային գաղտնալսումները։ Խոսակցություններից պարզ է դառնում, որ Շտապ օգնության տնօրեն Ստեփանյանը, «Սասնա Ծռեր» անդամ «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանին հորդորում է անհապաղ ազատ արձակել պատանդառված բժիշկներին. «էդ կնոջն ազատ արձակեք: Տղամարդ եք ի վերջո, էդ կինն ի՞նչ ունի անելու ձեր մեջ»,- հորդորում էր Ստեփանյանը։

Հեռախոսային ձայնագրություններից հասկացվում է, որ նույնաբովանդակ զրույցներ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ՇՕ տնօրենի եւ խմբավորման անդամների միջեւ։ Երբեմն խոսակցությունը լարվում էր եւ երկուստեք ձայնի բարձրացումներ էր լինում, ինչը վերածվում էր վեճի. «Արայիկ ջան, ինձ մոտ հիմա գտնվում են էդ բժիշկների ծնողները։ Հնարավո՞ր չի էդ կնոջն ազատել։ Ախր դու տղամարդ ես, չէ՞»,- Խանդոյանին էր հորդորում Թագուհի Ստեփանյան։ «Միայնակ Գայլ»-ի նյարդերն ի վերջո տեղի են տալիս. «Ք*՞քն ընկանք, որ տղամարդ ենք»,- լսվեց նրա բարկացած ձայնը, ինչին հաջորդեց Ստեփանյանի պատասխանը. «Հա , ք*քն ընկար»։

Դատարանը շարունակում է հրապարակել գործով անցնող ապացույցները։

Ռոզա Վարդանյան


13.06.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=12&ln=1&page_id=782