«Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»

«Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր «Սասնա Ծռեր» խմբի 11 անդամները բոյկոտեցին քրեական գործի քննությունը: Վերջիններիս պաշտպանները՝ ի նշան փաստաբաններին մինչև 100.000 դրամ տուգանելու օրինագծին, արդեն մոտ մեկ շաբաթ է գործադուլի մեջ են, ուստի մեծ մասն այսօր նիստին չէր ներկայացել: 

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամները դատարանին հայտարարեցին, որ առանց իրենց պաշտպանները չեն պատրաստվում մնալ նիստերի դահլիճում, ուստի լքում են: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը թույլ չտվեց նրանց, ինչը բորբոքեց մեղադրյալներին. 

«Ես լքում եմ նիստերի դահլիճը, քանի որ չեմ ցանկանում մնալ նույն վայրում, որտեղ գտնվում է այն դատախազը, որն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում է պահանջում»,- ասաց Արամ Հակոբյանը:

Նիստերի դահլիճում գտնվող պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ գորադուլի մեջ է գտնվում և դատարան է ներկայացել միայն հայտարարություն անելու համար. 

«Դուք այդ օրենքն ընդունելով սահմանափակում եք մեր իրավունքները, հաջորդ անգամ իմ այս հայտարարության համար Դուք տուգանելու եք ինձ 100.000 դրամով: Այսօրվա ստեղծված իրավիճակի համար միայն Դուք եք մեղավոր, Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»,- նշեց փաստաբանը և լքեց նիստերի դահլիճը: Նրան հետևեցին մեղադրյալները, չնայած դատավոր Օհանյանի նախազգուշացումներին և հորդորներին: 

Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց դատական սանկցիա և հեռացրեց նիստերի դահլիճից 10 ժամով: Քաղաքացիների համար նախատեսված դահլիճում գտնվող «Սասնա Ծռեր» համախոհները ևս բոյկոտեցին նիստը և լքեցին դատարանը՝ կիսադատարկ թողնելով այն:

Այնուամենայնիվ, դատարանը որոշեց առանց մեղադրյալների և պաշտպանների շարունակել քրեական գործի ընթացքը, նշելով, որ դահլիճում գտնվում են 3 հանրային պաշտպանները, ուստի չի խախտվի ամբաստանյալների պաշտպանական իրավունքները: Դատախազ Հակոբ Ենոքյանը շարունակեց հրապարակել գրավոր ապացույցները՝ գրեթե դատարակ դահլիճում:       

Ռոզա Վարդանյան


13.02.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=12&ln=1&page_id=658