Ժիրայր Սեֆիլյանն առանց վրդովմունքի է լսել մեղադրական ճառը

Ժիրայր Սեֆիլյանն առանց վրդովմունքի է լսել մեղադրական  ճառը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ» քրեական գործի ժամանակ մեղադրական կողմը պահանջեց 11 տարի ազատազրկման ենթարկել «Հիմնադիր խորհրդարահ»-ի նախագահ Ժիրայր Սեֆիլյանին: 

Մեղադրական ճառը հրապարակվեց դատախազ Հակոբ Ենոքյանի կողմից: Վերջինս մեկ ժամից ավելի մանրամասն անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին և Հրայր Թոփչյանին առաջադրված մեղադրանքներին, ապա նախաքննական և դատաքննական փուլերի ամփոփ նկարագիրը ներկայացնելով՝ ամփոփեց իր ճառը: 

Դատախազ Ենոքյանը մեղադրական ճառում հայտարարեց, որ դեռ 2014թ մայիս ամսից Ժիրայր Սեֆիլյանը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություն կազմակերպելու մտադրությամբ, նախնական համաձայնության գալով մի խումբ մարդկանց հետ, թռուցիկների և հանրահավաքների միջոցով սադրիչ ելույթներ է ունեցել՝ դրդելով հանրությանը զինված պայքարի մեջ մտնել իրենց հետ: 

«Քննչական գործողությունների ժամանակ «Հիմնադիր խորհրդարան» և «Սարդարապատ» գրասենյակներից հայտնաբերվել և առգրավվել է մի շարք ռետինե և ինքնաշեն մահակներ, թռուցիկներ, դանակներ, զինամթերք, իսկ ավտոմեքենայից՝ 2 ինքնաձիգեր»,- ասվում էր ճառում: 

Մեղադրողն առանձին-առանձին անդրադարձավ այդ գործընթացների ժամանակ յուրաքանչյուր մեղադրյալի դերին և գործողություններին, ըստ դրանց էլ՝ դատավորից համապատասխան պատժաչափ պահանջեց: Մասնավորապես, Հակոբ Ենոքյանը միջնորդեց՝ Շուշիի առանձնակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարի ազատազրկմամբ, որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնելով նրա անցած մարտական ուղին և իր խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաներին, իսկ որպես ծանրացնող հանգամանք՝ առանձնապես ծանր հանցագործություն իրականացնելու մտադրությունը: 

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով, որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնելով խնամքի տակ գտնվող տարեց մորը: Ի դեպ, նշենք, որ դատախազ Ենոքյանը որպես պատժի սկիզբ նշեց 2017թ. դեկտեմբեր ամիսը, այնինչ «Տոնածառի գործ»-ով Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ 2 տարի ազատազրկված է եղել: Սասունիկ Կիրակոսյանին դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով: Ներսես Պողոսյանին դատապարտել 4 տարի ժամկետով, որպես մեղմացուցիչ հանգամանք նշելով վերջինիս խմաքի տակ գտնվող 3 անչափահաս երեխաններին ու հիվանդ մորը: Գալուստ Գրիգորյանին և Հրայր Թոփչյանին համապատասխանաբար 3-ական տարի ազատազրկում, իսկ ամենաքիչ պատժաչափը սահմանվեց Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարի, ինչը բորբոքեց Ներսես Պողոսյանին. 

«Արդարացրեք, արա՛, արդարացրեք: Սրան հենց դատարանից էլ ազատ արձակեք, որովհետև ես հետո սրան տենալու եմ, լսեցի՞ր, արա՜»: Նկատենք, որ դատապարտման ժամկետները լսելու ընթացքում որևէ էմոցիոնալ պոռթկում չեղավ Սեֆիլյանի և մյուսների մոտ: Հակառակը, Ժիրայր Սեֆիլյանը մինչև վերջ անվրդով մնաց, ինչը չենք կարող ասել ապակիներից այս կողմ գտնվող համախոհների մասին: Նրանք ժամանակ առա ժամանակ բղավոցներով էին ընդունում դատախազի հնչեցրած խոսքերը, իսկ վերջնական բորբոքվեցին, երբ Հակոբ Ենոքյանը ազատազրկման ժամկետները սահմանեց: 

Գևորգ Սաֆարյանն ապակուց այն կողմ փորձեց հանգստացել ներկաներին. «Ժողովուրդ ջան, հանգիստ, մի լարվեք, սենց էլ պետք ա լիներ, բա գիտեինք ի՞նչ»: 

Փոքր ընդիջումից հետո, պաշտպանական ճառով հանդես եկավ Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը: Վերջինս իր հերթին անդրադարձ կատարեց քննչական գործողություններից մինչև դատավարական գործընթացին, նշելով այն կետերեն ու որոշումները, որոնք, ըստ իրեն,  անօրինակ են: Պաշտպան Հակոբյանը շեշտեց, որ մեղադրող կողմը վրեժ է լուծում իր պաշտպանյալից այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է նախաքննության և դատաքննության ժամանակ ցուցմունքներ տալուց. 

«Սասունիկ Կիրակոսյանին 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտելը տրամաբանությունից դուրս է: Նա մասնակցել է արցախյան պատերազմին, ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք ավելի են խորացել ՔԿՀ-ում:  Դուք նրան տանջանքների եք դատապարտում, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Սասունիկ Կիրակոսյանն իր դատավարական իրավունքներից օգտվելով է հրաժարվել ցուցմունք տալուց և հիմա դրա համար պատժվում է, Դուք անմարդկային պատիժ միջնորդեցիք»,- հայտարարեց պաշտպանը: 

Նիստի ավարտից առաջ, Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ մինչև փետրվարի 16-ը ներառյալ գործադուլ է հայտարարում (ի նշան բողոք` ԱԺ-ի կողմից այսօր ընդունած փաստաբաններին մինչև 100.000 դրամ տուգանելու մասին օրենքի-խմբ.) : 

 Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց քրեական գործի քննությունը ևս մեկ շաբաթով հետաձգել, նշանակելով փետրվարի 23-ին, այդ ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատավորից լրացուցիչ ժամանակ խնդրեց, նշելով, որ «նման անմարդկային ճառից հետո 2 շաբաթը բավարար ժամանակ չէ, որ պաշտպանական ճառ գրի»: Դատավորն առարկեց պաշտպանի հայտարարությանը և որոշումը թողեց ամփոփոխ: 

Ռոզա Վարդանյան 


9.02.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=12&ln=1&page_id=657