«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է. օրենքը կտարածվի 2015-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է. օրենքը կտարածվի 2015-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կիրականացվեն փոփոխություններ և դրա շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: 

Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ գործող օրենքով դրա շահառուներ են հանդիսանում 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները:

«Այսինքն, այսպես ասած «1000 դրամների» օրենքում նախատեսված ժամկետը երկու տարով հետ կտրվի և այն կտարածվի 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա նաև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կայանալու է համապատասխան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված է նախկին զինծառայողներին շահառու ճանաչելու վերաբերյալ հարցը: 

«Շահառու կճանաչվի ևս 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ»,- ասաց Տոնոյանը:Իր հերթին, վարչապետը նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներն ու զինհաշմանդամները նախկինում շահառու չէին հանդիսանում, սակայն այս փոփոխությամբ այդ հարցը ևս կլուծվի:

«Պետք է կոչ անենք, որ բոլոր ընկերություններին շարունակել վճարումները: Այս հիմնադրամը պետք է ավելի մեծանա, որպեսզի շահառու դարձնենք ավելի վաղ ժամանակաշրջանում վիրավորված զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ընդգծեց վարչապետը:


9.08.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=10&ln=1&page_id=810