Հին հոդվածներ

«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ անդամները հույս չունեն, որ նոր նախագահն իր հետ արդարություն կբերի

«Հայաստանի կույրերի միավորում»-ն այլևս նոր նախագահ ունի. արտահերթ ընտրության ժամանակ 16 «Կողմ» և 4 «Ձեռնպահ» ձայնով նախագահ ընտրվեց միակ առաջադրված թեկնածու 65-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Նախագահի ընտրությունը հեշտ չանցավ. արդեն մեկ ամսից ավելի իրենց բողոքի ձայնը բարձրացրած ՀԿՄ-ի անդամներն առավոտից փակել էին այն սենյակի ճանապարհը, որտեղ պետք է նիստը կայանար: 

Բողոքի ակցիա իրականացնող անդամների նկատմամբ բռնություն և ուժ է կիրառվել հենց ոստիկանական աշխատակիցների աչքի առաջ, որոնք որևէ որոնք որևէ կերպ չեն միջամտել. «Մեզ ծեծեցին և քաշքշեցին, իսկ ոստիկաններից և ոչ ոք մոտ չեկավ: Մենք տեղեկություն ունեինք, որ նախագահական կազմի կողմնակիցները նման դրսևորում էին ցույց տալիս, որ մենք ևս ուժ գործադրեինք և ոստիկանական ուժերը կարողանային մեզ բերման ենթարկել, սակայն սադրանքին չտրվելով՝ բացեցինք ճանապարհը»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց բողոքի ակցիայի մասնակից Պատվական Ռևազյանը: 

Դեռևս օգոստոս ամսից նախագահության կազմի հրաժարականը պահանջող միավորման անդամների հետ որևէ հանդիպում նորընտիր նախագահը չի ունեցել: Բողոքի ակցիայի մասնակիցներն անգամ համոզմունք ունեն, որ Ռաֆիկ Խաչատրյանը տեղյակ չէ, թե ում և ինչի դեմ են իրենք ընդվզում. «Այսօր մի փոքր ելույթ ունեցավ Խաչատրյանը, որի ժամանակ նշեց, որ երիտասարդներին նույնպես տեղ են տալու միավորման կազմում, բայց մենք նման հույս չունենք: Նորից նույն է լինելու՝ իրար գործ են շարունակելու, նույն անարդարություն է լինելու»,- թերհավատորեն նշեց Ռևազյանը: 

Նորընտիր նախագահ Խաչատրյանը և բողոքի ակցիայի անդամները երեքշաբթի օրը կհանդիպեն: Վերջիններս, սակայն, չկարողացան այս պահին հստակ պատասխանել՝ այդ հանդիպումն իրենց բոլոր հարցերի պատասխանը կտա՞, թե ոչ. «Չորեքշաբթի օրը կհավաքվենք միավորման մեծ դահլիճում և կքննարկենք հետագա անելիքները: Հնարավոր է, որ չորեքշաբթի օրվանից մենք կրկին սկսենք նստացույցը»,- նշեց Պատվական Ռևազյանը:  

Ինչպես նշեցին բողոքի ակցիա իրականացնող անդամները, այն պահին նրանք դիմել են Քննչական կոմիտե՝ միավորման «անօրինությունների խնդրով», որն էլ գործն ուղարկել է Գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ միավորման անդամներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում չվճարվող աշխատավարձերի մասին և պահանջում՝ օր առաջ հրաժարական ներկայացնեն ՀԿՄ նախագահության ողջ անձնակազմը և բացահայտել ՀԿ-ում տարիներ շարունակ տեղի ունեցած թալանն ու կոռուպցիան. 

«30 տարի ա նրանք նույն քաղաքականությունն ունեն. ցածր գներով իրենց ծանոթ-բարեկամների անունով ամրագրել են միավորմանը պատկանող տարածքները, վերջիններս էլ դրանք բարձր գնով այլ մարդկանց են տրամադրել և ստացված գումարը գրպանել»,- իր խոսքում նշել էր բողոքի ակցիայի մասնակից Վրեժ Մանուկյանը: 

Նկատենք, որ նախագահի թափուր տեղի համար թեկնածություն չէր առաջադրել ՀԿ փոխնախագահ Մարտին Սարգսյանը: Ինչպես ավելի վաղ Forrights-ի հետ զրույցում նշել էր՝ ակցիայի մասնակիցների կողմից շատ է շրջանառվում իր անունը՝ միավորման հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կողին. «Ախր ինչքան կարելի է իմ անունը շոշափել: Որտեղով անցնում ես՝ Մարտին, հա Մարտին, ախր անմեղության կանխավարկած կա, չի կարելի էլի»,- իր վրդովմունքն էր հայտնել նա: 

 Ռոզա Վարդանյան

Կեղծ ընթերականեր ներգրավելով` քննիչը գործ է սարքել. ամբաստանյալ

Շրջադարձային ընթացք է ստանում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 33-ամյա Գագիկ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը: Կա հավանականություն, որ քննչական մարմինն ընդհանրապես հրաժարվի Կարապետյանին առաջադրված մեղադրանքից: Սեպտեմբերի 3-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Կարապետյանի գործով նախաքննությունն իրականացրած քննիչի նկատմամբ`ենթադրաբար պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշով: Ընթանում է նախաքննություն: 

2016 թվականից կալանքի տակ գտնվող Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին և հոկտեմբերի 30-ին Կարապետյանն ապօրինի մուտք է գործել Ստեփանավանի բնակիչներ Բաբայանի և Փիլիկյանի առանձնատներ, գաղտնի հափշտակել 203 000 դրամ գումար և 2 043 700 դրամ արժողության բիժու և ոսկյա զարդեր ու դիմել փախուստի: 

Ընթանում է դատաքննություն և Կարապետյանին 2-ից 8 տարվա ազատազրկում է սպառնում: Տուժողները Գագիկ Կարապետյանի դեմ ցուցմունք չեն տվել, ընդամենը հաղորդում են ներկայացրել, որ իրենց բնակարանը թալանվել է: Իր գործը քննած քննիչի դեմ Դատախազությունում հաղորդում է ներկայացրել Գագիկ Կարապետյանը, ապա ՀՔԾ-ում բացատրություն է տվել: Նա պնդել է, որ իր վերաբերյալ քրեական գործի նախաքննության փուլում քննիչը կեղծիքներ է արել` իր դեմ գործ սարքել: Կազմել է մի շարք քննչական գործողությունների վերաբերյալ արձանագրություններ, ընթերակաները, թեև քննչական գործողություններին մասնակից չեն եղել, այդուհանդերձ, քննիչի հորդորով ստորագրել են արձանագրության տակ: 

Սա ծանրակշիռ կերպով կասկածի տակ է դնում Գագիկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը, և օրինականությունն ընդհանրապես:   Կարապետյանի հարազատները մեզ հետ զրույցում պնդում են, որ Ստեփանավան քաղաքում կա ընթերակաների ու ականատեսների խումբ, որոնք պարբերաբար իբր ականատես են լինում այս կամ այն հանցագործության: Տարբեր գործերով կասկածյալների դեմ ցուցմունքներ են տալիս` ականատես չլինելով դեպքին, կամ ներգրավվում են իբրև ընթերակա, ստորագրում քննչական գործողությունների վերաբերյալ արձանագրությունների տակ` չմասնակցելով դրանց: 

Նույնն է տեղի ունեցել Գագիկ Կարապետյանի դեպքում: Քննիչը կատարել է 16 քննչական գործողություն, որոնց մասնակից են դարձել վերոնշյալ շահագրգիռ ընթերակաները: Քննիչը կազմել է զննության արձանագրություն, ըստ որի` իբր ընթերակաների մասնակցությամբ զննել է Կարապետյանի գաղտնալսված խոսակցությունները: Սակայն գործում ոչ ձայնագրության աղբյուրը կա, ոչ էլ ընթերականերն են մասնակցել քննչական գործողություններին: 

Դատարանում ընթերակաները ցուցմունք են տվել, որ իրենք մասնակցություն չեն ունեցել ՝ ուղղակի քննիչը գրել է և իրենք ստորագրել են: Գագիկ Կարապետյանի գործով ընթերական մեկ այլ անձի` Դավիթ Դավթյանի գործով ՀՔԾ-ում հարցաքննվել է որպես որպես վկա: Հետո ներկայացել է քննչական մարմնին ու խոստովանել, որ սուտ ցուցմունք է տվել: Կարապետյանի գործով ընթերակա Նարեկ Գրիգորյանը և այլ ընթերականեր հարցաքննվել են միանգամայն տարբեր անձանց` Գագիկ Գյոզալյանի, Սամվել Ղուկասյանի, Հակոբ Կիրակոսյանի գործերով: Գագիկ Կարապետյանը ներկայացված փաստերն ապացուցող տվյալներ է ներկայացրել ՀՔԾ-ին: 

 Անդրադառնալով դատաքննության բուն փուլին, նշենք, որ գործով տուժողները Կարապետյանի դեմ ցուցմունք չեն տվել, ինքը՝ մեղադրյալը ևս հրաժարվել է ցուցմունք տալ:Մեղադրանքի հիմքում դրվել է մեկ անձի՝ Հարություն Վարոսյանի վկայությունը: Վերջինս, ըստ Կարապետյանի, համագործակցում է իր դեմ գործ սարքած ոստիկանների հետ և 7 անգամ փոխել է ցուցմունքները:    

Ավելի վաղ Գագիկ Կարապետյանը հարազատների միջոցով Forrights.am-ին հայտնել էր, որ իր դեմ քրեական գործ են սարքել իրավապահ համակարգի մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ: 2016 թվականին նրան բնակարանային գողության կասկածանքով ձերբակալել են: Բարձրաստիճան ոստիկանները կաշառք են առաջարկել, որ եթե 3 չբացահայտված գործ իր վրա վերցնի, գումար կտան: Ինքը հրաժարվել է, որից հետո կալանավորվել է:    

Ըստ Կարապետյանի, այսպիսի գործարք իրեն առաջարկել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Ոստիկանության Ստեփանավանի բաժնի նախկին պետ Սարգիս Այվազյանը: Նրանց միջև զրույցը տեղի է ունեցել ձերբակալման օրը: Ոստիկաններն այցելել էին Ձերբակալվածների պահման վայր: Ու քանի որ Գագիկը հրաժարվել է, կալանավորել են:Երկու դրվագով բնակարանային գողության մեջ մեղադրվող Գագիկ Կարապետյանը հայտարարում է, որ ոստիկաններն իր դեմ կեղծ քրեական գործ սարքել են քննիչներ Լևոն Պառավյանի ու Արամ Չիտչյանի հետ համագործակցությամբ:   

Ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդը վստահ է, որ եթե օբյեկտիվ քննություն իրականացվի, իրեն ներկայացված մեղադրանքը կարող է վերացվել:       

Հայկ Սեխիլյանի բուժման հետագա ընթացքը Գերմանիայում շարունակելու համար, ի՞նչ լուծում է առաջարկում ՊՆ-ն

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, պայմանագրային զինծառայող Հայկ Սեխիլյանը միակն է, որին վիրահատող ու բուժող բժիշկն ամեն անգամ տեսնելիս գլուխը կախում է: «Նա ասել էր, որ ես երբեք չեմ քայլելու։ Նույնիսկ Գերմանիայից եկած մասնագետները հույս չտվեցին, որ ես անգամ սայլակ կնստեմ. եթե դա լինի, մեծ հրաշք կհամարեն։ Հրաշքը եղավ»,- պատմում է Հայկ Սեխիլյանը:    

Նա անկողնային պառկած մնաց 6-8 ամիս: «5-րդ ամսում վերակենդանացման բաժանմունքում ոտքիս բութ մատն արդեն սկսել եմ շարժել։ Բժիշկները ասացին, թե դա իմ երեւակայության արդյունքն է։ Սակայն հետո՝ օրվա մեջ մի երկու անգամ, շարժումը կրկնեցի ու այդպես սկսեցի քիչ-քիչ քայլել։ Միշտ ձեռքերիս հաշվին էի ձգվում, տեղաշարժվում` պատերին բռնված, ոտքերս անզգա վիճակում ուղղակի ճոճորվում էին: Հիվանդանոցի ամբողջ պատերն արյուն էի արել։ Բժիշկները գալիս, ասում էին՝ դե հերիք է. համ քեզ ես տանջում, համ մեզ, բայց հիմա արդեն արդյունքը տեսնում եք՝ ձեռնափայտով քայլում եմ: Դրա համար երբեք հույսս չեմ կորցնում»,- հավաստիացնում է նա։      

Հայկ Սեխիլյանը ողնաշարի կրծքային Տ4 մակարդակի կոտրվածք ստացավ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Արցախի Հանրապետության Թալիշի դիրքերից մեկում՝ ականի պայթյունից: Ստացել է առաջին կարգի հաշմանդամության կարգ, վիրահատվել է երկու անգամ, եւ բուժումը դեռ շարունակվում է. «Մենք մեզ հաշմանդամ չենք համարում, միայն թղթերով։ Սպորտով զբաղվելը եւս նպաստում է քայլելուս, մինչդեռ նախկինում ես միայն պառկած վիճակում եմ եղել»:   

Նրա առողջության ամբողջական վերականգնում հնարավոր է, սակայն դրա համար հարկավոր է եւս մեկ վիրահատություն, քանի որ, նրա խոսքով, բեկորներ կան դեռ մնացած: Հայկ Սեխիլյանի վստահեցմամբ՝ ՀՀ-ում իր բուժումը հնարավոր չէ իրականացնել, այլ միայն Գերմանիայում. «Մեր բժիշկները ռիսկ չեն անում` սարքավորումների բացակայության պատճառով, քանի որ բեկորները խորն են՝ փափուկ հյուսվածքների մեջ են։ Իսկ թե երբ կգնամ արտերկիր՝ բուժման, դա արդեն պետության որոշելիքն է»։    Վիրավոր զինծառայողը երկու տարի է` մեկնելու հարցը բարձրացնում է, սակայն լուծումն անընդհատ ձգձգվում է, նրա բնորոշմամբ, անիմաստ պատճառաբանություններով. «ՀՀ-ում ոչ մի բժիշկ գրավոր չի գրում, որ ինքը չի կարող վիրահատել։ Միայն բանավոր են ասում. շատ կլինիկաներ կան, որ մոտեցել եմ, շատ ջերմ ընդունելություն են ցույց տվել, սակայն ասել են, որ միայն բանավոր կարող են հաստատել, որ չեն կարող վիրահատել»։    

Ըստ նրա՝ մյուս խնդիրն այն է, որ հայ մասնագետները Գերմանիայից պահանջում են տվյալներ, թե ի՞նչ ժամանակում են կարողանալու իրեն բուժել, ի՞նչ մեթոդով, ի՞նչ կարժենա, մինչդեռ Գերմանիայից պատասխանում են՝ մինչեւ չհետազոտեն, իրավասու չեն որեւէ տվյալ ուղարկել. «Գերմանիայում հետազոտումն արժե 3000 եվրո: Ասում եմ` այդ գումարը տվեք, գնամ հետազոտվեմ ու ձեզ ինչ թուղթ հարկավոր է, բերեմ, ասում են` մենք նման լիազորություն չունենք, որ բյուջեից նման գումար դուրս գրենք։ Եթե Գերմանիայի կլինիկայում արված ախտորոշումն համընկնի ՀՀ հետ, ապա 25-26 հազար եվրո կարժենա ամբողջական բուժումս, ու 6 շաբաթում ես կկարողանամ ոտքի կանգնել»։   Իշխանափոխությունից հետո անձամբ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել. 

«Նա ոչ ասել է` հա, ոչ՝ չէ: Հիմա սպասողական վիճակում եմ։ Աշխարհի տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն եմ իրականացրել, այդ թվում եւ՝ Գերմանիայում ու կարող եմ գնալ, հանձնվել ու բուժումն այդպես իրականացնել, սակայն չեմ ցանկանում այդ տարբերակով հեռանալ հայրենիքից. թեկուզ այս կարգավիճակով, բայց կմնամ այստեղ»։     

Հայկ Սեխիլյանը պատմում է, որ թե Գերմանիայի, թե Իսրայելի, թե ԱՄՆ բժիշկները զարմացած են` վերջին 70 տարվա մեջ սա առաջին դեպքն է, երբ մարդու ողնուղեղը 3 մմ կտրվի ու նա վեր կենա ու քայլի. «Արտերկրի բժիշկները չեն հավատում, անգամ ասում են, թե հաստատ ՀՀ-ում սխալ ախտորոշում են տվել։ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի բժշկական կենտրոնից Երեւանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց հատուկ թուղթ էին ուղարկել, որ այդ վնասված տեղը նորից նկարեն ու ստացված պատկերից զարմացած էին մնացել։ Արտերկրից ժամանած այդ բժիշկներն անգամ դիտողություն են արել մեր մասնագետներին, որ նման դեպքը նրանց համար կարող էր գիտահետազոտական աշխատանքների համար կարեւոր լինել, սակայն աչքաթող են արել»։      

ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար Լիանա Բարսեղյանը չժխտեց, որ  Գերմանիայի Հելդեբերգի համալսարանական կլինիկայից Հայկ Սեխիլյանին առաջարկվել է նախնական հետազոտություն` հետագա բուժման տակտիկան որոշելու համար։ Սակայն զինծառայողներին օտար երկրներում բուժօգնության ուղարկելը կարգավորվում է Կառավարության 2016թ. 410-Ն որոշմամբ, որի հիման վրա Առողջապահության նախարարություն է ներկայացվում փաստաթղթերի համապատասխան փաթեթ։ 

Նույն որոշմամբ սահմանված է նաեւ, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնագիտական եզրակացության հիման վրա, եթե այն դրական է, Կառավարությունը փոխհատուցում է այդ ծախսերը։     Տիկին Բարսեղյանին զարմացրեց զինծառայողի այն պնդումը, որ բժիշկները հրաժարվել են ՀՀ-ում բուժում իրականացնել: Ըստ նրա՝ հունիսի մեկին եղել է միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որտեղ քննարկվել է Հայկ Սեխիլյանին վերաբերող փաթեթը` Գերմանիայից ուղարկված հրավերով, ու մասնագետները եկել են այն եզրակացության, որ նախնական այդ հետազոտությունները հնարավոր է ապահովել բժշկական մի քանի հաստատություններում.   

«Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է նաեւ ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը, որը առաջարկեց հենց իրենց բուժհաստատությունում` Հերացու անվան համալսարանական կլինիկայում, Հայկն անցնի այդ զննությունները, իսկ եթե անհրաժեշտ է, կոնսիլիում հրավիրվի` հետագա իր բուժման տակտիկան որոշվի եւ բուժումն այնտեղ ստանա։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարից ստացանք գրություն, որով խնդրել է, որ մենք դիմենք այդ կենտրոնին` Հայկի բուժումը կազմակերպելու համար, ինչը մենք արել ենք։ Ռուբեն Ֆանարջյանն էլ մեզ պատասխան գրություն է ուղարկել՝ նշելով, որ պատրաստ է ընդունել Հայկին, որի` պետպատվերով բուժման ուղեգիրը տալիս է ՊՆ բուժվարչությունը»։    

Քանի որ Հայկ Սեխիլյանն ունի առարկություններ, նրա բուժման փաթեթը նորից պետք է վերանայի մասնագիտական հանձնաժողովը եւ նորից եզրակացություն տա: «Այդ դեպքում  ՊՆ-ն կրկին պետք է դիմի մեզ` Առողջապահության նախարարություն՝ գրությամբ, փաթեթով, Գերմանիայի այդ կլինիկայի հրավերով: Այդ դեպքում նորից կհավաքվի մասնագիտական հանձնաժողովի նիստ, քննելու համար բոլոր փաստաթղթերը։ Նիստին ներկա կլինի նաեւ Ռուբեն  Ֆանարջյանը ու պարզ կդառնա` իրոք, մերժե՞լ են Հայկին, թե հնարավոր է բուժումը ՀՀ-ում իրականացնել: Միջգերատեսչական հանձնաժողովի այդ պատասխանն արդեն կլինի գրավոր։ Դա էլ հիմք կլինի Կառավարության համար` գումար դուրս գրել-չգրելու համար։ Թե դրական, թե բացասական եզրակացության դեպքում մենք այն ուղարկում ենք ՊՆ»,- ընդգծեց Լիանա Բարսեղյանը։     

Պարզաբանում ստանալու համար գրավոր հարցում ուղարկեցինք նաեւ ՊՆ. ո՞րն է Գերմանիա բուժման մեկնելու ձգձգման պատճառը, արդյոք ՊՆ-ին ՀՀ համապատասխան բուհաստատություններից պարզաբանում տրվել է՝ ինչո՞ւ գրավոր չի ձեւակերպվում վիրահատումից հրաժարվելու մասին պատճառաբանությունը, արդյոք պետությունը կկարողանա՞ հատկացնել համապատասխան գումարը՝ Հայկ Սեխիլյանի բուժման հետագա ընթացքը Գերմանիայում շարունակելու համար, ի՞նչ լուծում է առաջարկում ՊՆ-ն:   ՊՆ-ից ստացված պատասխանում եւս հղում է կատարվում ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 21-ի 1Տ1 410֊ Ն որոշմամբ սահմանված կարգին եւ միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը. 

«Համաձայն վերը նշված որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի՝ հանձնաժողովը տվել է բացասական մասնագիտական եզրակացություն, քանի որ օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության (Հելդեբերգի համալսարանական կլինիկա) կողմից առաջարկված հետազոտության տեսակները, եղանակները և դրանց վերջնական արդյունքը հնարավոր է ապահովել ՀՀ տարածքում գործող մի շարք բժշկական հաստատություններում։ Բացի ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 21-ի 1Տ1 410-Ն որոշմամբ սահմանված կարգի և պայմանների՝ զինծառայողների արտերկրում բուժման կազմակերպման այլ ընթացակարգեր նախատեսված չեն և ՀՀ ՊՆ գործառույթները սահմանափակվում են նշված որոշման շրջանակներում»։    

Դրա հետ մեկտեղ ՊՆ՝ մեզ ուղարկված պատասխանում նշվում է նաեւ. «Հայկ Բենիամինի Սեխլիյանի կողմից որևէ օտարերկրյա պետության իր նախընտրած բժշկական կազմակերպությունից բուժման (հետազոտության) ձևերի, ժամկետների և բուժման (հետազոտության) համար անհրաժեշտ ծախսերի մասին էլեկտրոնային կամ այլ եղանակով ստացված գրավոր տեղեկատվությունը ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում գործող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության ու զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողովի կողմից կարող է կրկին քննարկվել օտարերկրյա պետության բժշկական հաստատությունում նրա բուժումը ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 21-ի 1Տ1 410-Ն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով կազմակերպելու հնարավորությունները»։  

Իսկ արդյոք «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի»-ից Հայկ Սեխիլյանին գումար փոխանցվե՞լ է: ՊՆ-ից տեղեկացնում են, որ  հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի 2018թ. օգոստոսի 9-ի 1Տ1 6 որոշման 2-րդ կետով նախատեսվել է հատուցման գումարներ վճարել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել 2015 և 2016թթ. տեղի ունեցած մարտական գործողությունների՝ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու արդյունքում. «Վերը նշված որոշման շրջանակներում Հայկ Սեխլիյանի փաստաթղթերը ներկայացվել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն՝ ուսումնասիրման և սահմանված կարգով
 ընթացքավորելու համար»։  


Նարինե Իրիցյան

Փաստաբանների վեճի գործը կարճվել է, բայց, ըստ էության, նրանք չեն հաշտվել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի հարձակման դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է: Գործում որպես մեղադրյալներ ներգրավված փաստաբաններ  Արմեն Սողոմոնյանը, Սիմոն Բաբայանը և Արսեն Հարությունյանը հաշտվել են: Այս գործում տուժած, սակայն մեղադրյալի կարգավիճակ ստացած Արմեն Սողոմոնյանից տեղեկացանք, որ իրեն զանգել է Սիմոն Բաբայանի պաշտպան  Հրանտ Անանյանը,ապա հանդիպել են Սիմոն Բաբայանի և Արսեն Հարությունյանի  հետ։ Նրանք հայտարարել են, որ իրար նկատմամբ բողոք չունեն, ցանկանում են հաշտվել և չեն ցանկանում որևէ մեկը ենթարկվի քրեական պատասխանատվության: 

«Երբ անձը չունի բողոք, բնականաբար, ես էլ չեմ ունենա որևէ մեկի վերաբերյալ բողոք՝  հաշվի առնելով մինչև այդ տեղի ունեցածը, նկատի ունեմ Տիգրան Աթանեսյանի պահվածքը: Մեզ բոլոր ճանաչողները գիտեն, որ շատ լավ ընկերներ ենք եղել, սակայն, վերջին ամիսներին Տիգրանի պահվածքը շատ անհասկանալի էր: Նա չէր պատասխանում իմ հեռախոսզանգերին,  հաղորդագրություններին, ուղղակի  կորել էր՝իմանալով, որ իմ վերաբերյալ քրեական գործը շարունակվում է, ես դեռևս մեղադրյալի կարգավիճակում եմ: Դրանից հետո գործն ուղարկեցին դատարան  և ես հրապարակեցի մեղադրական եզրակացությունը: Վստահ եմ, որ ինքն այդ ամենի մասին տեղյակ եղել է»,- ասաց Արմեն Սողոմոնյանը՝ հավելելով, որ իրենց միջև որևէ խնդիր չի եղել և իրենք որևէ հարցի շուրջ չեն վիճել:  

Փաստաբանի խոսքով՝ այդ ամենը սկսվել է այն ժամանակ, երբ նույն քրեական գործի շրջանակներում Աթանեսյանի  մասով քրեական գործը քննիչի որոշմամբ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է և նա ստացել է վկայի կարգավիճակ:  

«Գործի նյութերի ուսումնասիրության ժամանակ ես նկատեցի, որ իմ վերաբերյալ Տիգրանի տված ցուցմունքներում կան ռեալ հակասություններ: Ստացվում էր, որ ոչ թե նրանք են իմ վրա հարձակվել, այլ բոլորով հարձակվել էին իր վրա: Եթե այդ տրամաբանությամբ շարունակենք՝  նշանակում է, որ ոչ թե նրանք են ինձ վրա հարձակվել, այլ ես եմ նախահարձակ եղել: Եվ դրան հետևեց Տիգրանի՝ զանգերին ու հաղորդագրություններին չպատասխանելը, շփումները դադարեցնելը, մեկնաբանութունները թողնում են ընթերցողներին»,- ասաց Արմեն Սողոմոնյանը՝ շարունակելով՝ 

«Երբ օգոստոսի 23-ին եղավ դատարանի որոշումը՝ գործի կարճման վերաբերյալ, Տիգրանը նույնսիկ այդ ժամանակ չարձագանքեց, սակայն երբ  Սիմոն Բաբայանի բողոքի հիմքով  դատարանը վերացրեց քրգործը կարճելու վերաբերյալ որոշումը և փաստացի ինքը վերադարձավ մեղադրյալի կարգավիճակի, նոր սկսեց բողոքավոր կերպարով  հանդես գալ  և ներկայանալ որպես հալածյալ, որպես փաստաբանության պաշտպան: Իսկ եթե իմ մասին թույլ է տալիս արտահայտություններ անել 30 արծաթների վերաբերյալ,  նախ թող նայի իր կերպարը՝ որպես ընկերոջ, ապա իմ կերպարը, նոր 30 արծաթի մասին խոսի»։ 

Հարցին, թե եթե չհաշտվեին ինչ ընթացք կունենար այս գործը, Արմեն Սողոմանյանն ասաց, որ եթե իրեն կոնկրետ չառաջարկեին հաշտվել, իրենք միանշանակ շարունակելու էին պայքարը:  

«Փաստաբանության համար պայքարը կշարունակվեր այն դեպքում, եթե Տիգրան Աթանեսյանն ընկեր լիներ: Ինչ վերաբերում է, նրան որ Տիգրան Աթանեսյանը հայտարարում է, որ ինքը չի հաշտվել ու չի պատրաստվում հաշտվել, ապա թող չփորձի հանրությանն էլի մոլորության մեջ գցել: Ինքն այս գործով որպես վկա չէր կարող հաշտվել ինչ-որ մեկի հետ: Այնպես որ այդ հեքիաթներն էլ թող իզուր տեղը չպատմի: Իսկ որ գրել է, որ ինքն այդ տարիքում սխալվում է ընկեր ընտրելու մեջ, ապա իրոք ես եմ սխալվել»,- եզրափակեց Արմեն Սողոմոնյանը:  

Փաստաբանների հաշտության մասին խոսեց նաև Արմեն Սողոմոնյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը՝ կոչ անելով Տիգրան Աթանեսյանին, որ  ավելորդ մեկնաբանություններով հանդես չգան: «Եկեք հաշվի առնենք մի բան, որ Արմենը՝ պատահաբար գտնվելով այնտեղ, ոչ իր խնդրի, այլ Տիգրան Աթանեսյանի խնդրի հետ կապված, իզուր տեղը ծեծ էր կերել: Եվ այս պայմաններում ընկերոջը թողնել մենակ, չհետաքրքրվել նրա ճակատագրով․․․ 30 արծաթի մասին խոսողները, թող առաջին հերթին  իրենց  վերագրեն այդ հանգամանքը: Հիմա բան էր, տեղի էր ունեցել,  հուր հավիտյան չպիտի մենք թուր ու թվանք լինեինք միմյանց հետ: Մանավանդ մարդկանց կողմից պատրաստակամությունը կար, որպեսզի գործն ավարտվի օրենքով սահմանված կարգով՝ հաշտություն կնքելով»,- ասաց Արթուր Գրիգորյանը: 

Փաստաբանի խոսքերով՝ նախաքննության փուլում, հենց  ամենսկզբից  Արմենը թե՛ ցուցմունքներում,  թե առերեսումերի ժամանակ ասել էր, որ ինքն իր մասով ուշ թե շուտ բողոքից հրաժարվելու է: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, սակայն իր գրասենյակում տեղի ունեցած դեպքի  և դրա ընթացքի մասին այլ տեսակետ ունի, ասել է այն, ինչ կա: 

«Այն, ինչ ես ուղիղ չեմ տեսել, չեմ ասել: Արմենի հետ կատարված դեպքն էլ եմ նկարագրել, ի վերջո մի մոռացեք, որ մենք այդ ամեն ինչին ունենք ականատես վկա, որը մանրամասն պատմել է, թե ով ինչ է արել, դա իմ օգնականն է: Նաև հարևաները կողքի գրասենյակից եկել պատմել են, թե ինչ են տեսել: Այսինքն՝ ապացույցներն առավել քան բավարար են, սա մեծ ծրագիր է այս գործը կոծկելու: Համոզված եմ, նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է  սրա հետևում կանգնած: Որ գործը կոծկելու այս տարբերակը կա ես իմացել եմ անցյալ տարի աշնանը: Ես ցավում եմ, որ այդ տարբերակին մասնակից եղան մարդիկ, որոնք չպետք է մասնակից լինեին ՝ զուտ բարոյական տեսակետից, բայց ամեն մեկն ինչ կանի՝ իրեն կանի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը: 

Խոսելով  իր մասով գործի կարճման մասին՝ Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր նկատմամբ հարձակում գործած անձանց քրեական գործի մասը կարճվել էր դեռ մարտ ամսին, որն ինքը վիճարկել  է և հիմա էլ վիճարկում է և գործը գտնվում է առաջին ատյանի դատարանում: 

«Կրկին նշեմ, սա իմ անձնական գործը չէ, եթե սա լիներ իմ անձնական գործը ոչ մեկ սրա մասին չէր իմանա: Սա փաստաբանությունը կործանող մարդկանց դեմ պայքարի մի մասն է, որպեսզի ցույց տամ, թե ովքեր են փաստաբանության գլխին կանգնած  և ինչ օրի են հասցրել, որ երկրում կա 2000 գործող փաստաբան, իսկ ամենագիտակ մարդը իրավապահ համակարգից կարող է թվել 20-30 փաստաբանի անուն, ուղղակի այդ 20-30 հոգով մնացել ենք այս մասնագիտությունը պահողների դերում: Դրա համար է մեր պայքարը, այս գործը դրա մի մասն է, անձնական վրեժխնդրության ոչինչ չունեմ, այս քաղաքում մեծացած մարդ եմ: Իմ համար կյանքի տրագեդիա չի այս ամեն ինչը, բայց հասցնելու եմ նրան, որ այս մարդիկ կանգնեն պատասխանատվության առջև որպեսզի պարզվի ճշմարտությունը: Ո՞վ է դա արել, ո՞վ է հովանավորում »,- ասաց փաստաբանը: 

Մեր այն դիտարկմանը, թե դատելով փաստաբանի ֆեյսբուքյան գրառումներից, կարո՞ղ ենք հասկանալ, որ նա դժգոհ է փաստաբանների hաշտվելու փաստից, Աթանեսյանն ասաց. «Խնդիրը բարոյականության և մարդկային հարաբերությունների մեջ է»:    

Լիլիթ Թադևոսյան  

Սպանված զինվորին մեղադրում են սեռական բռնությունների և այլ «մահացու մեղքերի» համար, մահացածի լռությունը որպես քննությունը կոծկելու երաշխիք

2017 թվականի դեկտեմբերի 11-ին Ն զորամասում սպանված զինծառայող  Նարեկ Ադիբեկյանի գործում սենսացիոն փաստ է արձանագրվել: Զինդատախազության երրորդ կայազորային բաժնի քննիչները սպանված զինծարայողին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի միաժամանակ 4 հոդվածով՝ 139՝ «սեքսուալ բնույթի գործողություններ», 182՝ «Շորթում», 359՝ «Կանոնագրքային հարաբերությունների խախտում» և 360՝ «Զինծառայողին վիրավորելը զինծառայության վայրում»: 

Հիմքը մեկ անձի՝ Մ.Մ.-ի ցուցմունքն է, որին քննիչն իր որոշումներում այսպես է բնութագրում. «անհոգ է, մտահոգ, քչախոս, անհամարձակ, մեկուսի, մեղսունակ, «նրա մոտ հայտնաբերվել է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն»: Իսկ ռազմաբժշկական հանձնաժողովը ենթադրյալ մարդասպանին բանակ ճամփելիս, փաստաթղթերում գրել էր, «անմեղսունակ»: Գործում երկու փորձաքննություն կա նրա անձի վերաբերյալ, հակասական արդյունքով: Ըստ առաջինի, մարդասպանը գիտակցել է, ինչ է անում, երկրորդի համաձայն, նա եղել է աֆեկտի տակ: Եւ ահա այս անձի ցուցմունքը հիքմ ընդունելով, երրորդ կայազորային քննչականը փակելու միտում կա: 

Աղմկահարույց պատմության տգեղ մանրամասները 

Մ.Մ-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկում երկար ժամանակ՝ մոտ երեք ամիս, պարբերաբար սեռական տանջանքների և բռնությունների են ենթարկել: Մ. Մ-ի իրական տվյալները չենք հրապարակում նրա հարազատների խնդրանքով: Նա դեպքից անմիջապես հետո ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Հայտնել է, որ Ադիբեկյանն է իրեն հետապնդել, ծեծել, իրենից 5 հազար է շորթել,  օծանելիք, իսկ սպանության օրը իրեն «ծնող է հայհոյել», ինչը վերջին կաթիլն է եղել:

Երբ Մ. Մ-ն և Նարեկը երկուսով մենակ են եղել մարտական հերթապահության վայրում, ինքը Նարեկից թաքուն իցքավորել է իր ինքնաձիգը և առանձին մենահատ կրակոցներ արձակելով սպանել է վերջինիս: «Եթե կողքով անցնելուց սիլլեին, գլուխն էլ չէր թեքի, որ պատասխաներ», - այսպես են «մարդասպանին» բնորոշում Մ.Մ-ի համագյուղացիները, իսկ նրա հարազատները պատմում են, որ Մ-ն տանջված, բարի, խելոք տղա է եղել, ոչ մեկին երբեք չի նեղացրել իր կյանքում: Սա նաև քննիչների  վարկածի հիմքն է: 

Ըստ դատաբժշկական եզրակացության, Մ-ի ափերի մեջ, իրոք, այրվածքների հետքեր են եղել, վնասվածքներ բերանի, այտերի, քթի, ամորձիների և հետույքի շրջանում, ուղիղ աղու արյունազեղումներ և պատռվածքներ, աղիքի ներթափանցումների հետքեր: Քննիչները ապացուցված են համարում, որ բոլոր այս վնասվածքները հասցրել է  մի զինվոր՝ Նարեկ Ադիբեկյանը, որը չկա այլևս, որը չի կարող ոչ մի բառ ասել որպես արդարացում:

Նարեկն ինքն է զոհ  

Ադիբեկյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը վստահ է, որ կատարվածը անգամ հեռավոր աղերս չունի պաշտոնական վարկածի հետ։ “Մ.Մ-ն մասնակցություն չունի Նարեկ Ադիբեկյանի սպանության հարցում, իսկ Նարեկը՝ Մ-ի խոշտանգման հարցում: Մեկ ցուցմունքը բավարար չէ մարդուն  նման մեղադրանքեր հետմահու առաջադրելու համար: Նարեկին և Մ-ին պետք է արդարացնել», - հահոզված է Ադիբեկյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Փորձաքննությունների եզրակացություններն ուսումնասիրելով, նա և քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը բազմաթիվ քննչական սխալներ են հայտնաբերել: 

Օրինակ, նկատել էր, որ իրեղեն ապացույցների փաթեթներից պարկուճը փոխարինել են փամփուշտով / պարկուճով հնարավոր է որոշել, թե ում զենքից է կրակված այն/, դեպքի վայրից գտած պարկուճները չեն ներկայացրել փամփուշտ, այլ կերպ ասած՝ ինչպես կարողացել են, «խմբագրել են» իրեղեն ապացույցների փաթեթների պարունակությունը: Հայարփի Սարգսյանը բողոք է ներկայացրել դատախազություն, քննիչներին մեղադրելով դեպքի վայրը կեղծելու մեջ: ՀՔԾ-ն քննել է բողոքը և որոշել է, որ քննիչները «շփոթվել» են, դեպքի վայրը սխալ են զննել, որովհետև մութ էր: 

ՀՔԾ-ն եզրակացրել է. քննիչը «շփոթվել է»

Քրեագետ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն է պատմում. « ՀՔԾ քննիչ Կալաջյանը չի բարեհաճել նույնիսկ հարցաքննել դեպքի վայրի զննությանը մասնակից անձանց և ընթեկաներին: Նա ընդամենը  հիմք է ընդունել քննիչների պատճառաբանությունը, որ եղել է ժամը մութ և որ իրենք դիտավորություն չեն ունեցել կեղծիքներ թույլ տալու, այլ շփոթմունքի պատճառով են այդ կեղծիքներն առաջացել են: Եթե հավատանք գրածին, ապա ստացվում է, որ քննչական բաժնում անտերություն է, քննիչներն ինչ ուզում, անում են, քննչական բաժնում չկան նորմալ մասնագետներ և դատախազական հսկողություն: Այն հանցագործությունները, որ մենք հայտնաբերել ենք գործում, վերահսկող մարմինը պետք է տեսներ մեզանից առաջ»: 

Ուսումնասրելով Ադիբեկյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի հաղորդումը հանցագործության մասին, որտեղ մատնանշված են փաստեր, փորձագիտական եզրակացություններով հիմնավորված, դատախազությունը պատասխանել է նրան, որ անգամ կարգապահական վարույթ հարուցելու հիմք չկա: 

«Նրանք պնդում են, որ շփոթմունք է եղել: Խծուծներ զինվորիերից չեն վերցվել, հայտնաբերելու համար, թե ովքեր են եղել դեպքի վայրում, մատնահետքեր չեն վերցվել, իրեղեն ապացույցների փաթեթին ավելացվել է ոչ թե մեկ, այլ միանգամից  30 փամփուշտ, որոնք չեն նշվել փաթեթի վրա: Նման սխալները չեն կարող սովորական շփոթմունքի հետևանք լինել: Սա ոչ թե շփոթմունք է, այլ ապացույցների վերացում: Մենք կրկին դիմել ենք գլխավոր դատախազություն, որ այս փաստերով պատշաճ քննություն իրականացվի: Պատասխանը դեռ չի ստացվել», - ասում է փաստաբանը: Քննիչների հանցագործությունը կոծկելու համար, ՀՔԾ-ն անհավանական վարկած է մոգոնել,  նոր կեղծիք ավելացնելով գործին:

Քննիչ, թ՞ե սերիալ գրող

Ըստ  Ռուբեն Մարտիրոսյանի,  Նարեկի և Մ-ի «ռազբորկայի» վայրում  հայտնաբերվել է վեց պարկուճ և դրանք ուղարկվել են փորձաքննության երկու ինքնաձիգների հետ միասին: Փորձագետները տվել են եզրակացություն, որ 4 պարկուճները կրակված է եղել Մ.Մ-ի կողմից, իսկ երկուսը՝ անհայտ անձի կողմից: Ո՞վ է եղել այդ «պարոն Իքսը»: Տրամաբանական է ենթադրել, որ այս հարցի պատասխանը կարող էր լույս սփռել սպանության հանգամանքների վրա, գուցե, բացահայտել իրական մարդասպանին: Բայց ակնհայտ է, որ քննիչները չունեն նման նպատակ: Մեր քննիչները, զինվորների մահվանն առնչվող գործերում ֆանտաստիկ երևակայություն են դրսևորում: 

Դեկտեմբերի 10-ին, սպանությունից մեկ օր առաջ, այդ նույն վայրում, որտեղ  սպանվել է Նարեկը, շուն են սպանել: «Այդ երկու պարկուճները, պարզվում է, կրակվել են ոչ թե դեպքի օրը, այլ մեկ օր առաջ ավագ լեյտենանտ Սասուն Վարդանյանի կողմից, որը, իբր, կրակել է իր անձնական շան վրա, իր ինքնաձիգի «ֆուկուսը» կարգավորելու, այսինքն, այն համապատասխան նշանառության բերելու համար», - պատմում է ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Ստացվում է, որ հայ սպաները հրեշավոր կերպարներ են,  որոնք ոչ թե ծառայելու են գնացել, այլ իրենց սադիստական հակումներին հագուրդ տալու՝ շուն, կամ զինվոր կրակելու, բռնաբարելու, տանջելու:

«Անգամ եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ Սասուն Վարդանյանն իր գործողություններով կոպտորեն խախտել է մարտական հերթապահության կանոննները: Նա իրավունք չուներ մարտական հենակետում կրակել: Ապացուցված են համարում, որ նա կրակել է, սակայն  ոչ մի պատասխանատվության նա չի ենթարկվել», - ասում է Ռուբեն Մարտիրոսյանը: Ի դեպ, Սասուն Վարդանյանը պնդել է, որ իր զենքից չի կրակել շանը, սակայն փորձաքննության արդյունքով, պարկուճներից մեկը կրակված է հենց Սասուն Վարդանյանի զենքից, իսկ մյուսը՝ անհայտ զենքից: Գուցե ն՞ա է իրական հանցագործը: «Չի բացառվում», - պատասխանում է Ռուբեն Մարտիրոսյանը: 

«Սա հարգանքի բացակայություն է զինվորի, բանակի նկատմամբ»

Եւ այսպես, պաշտոնական վարկածով Ադիբեկյանի սպանությա ն վայրում կրակողները երկուսն են եղել՝ Նարեկն ու սեռական բռնությունները զոհ Մ.Մ-ն: Նրանք երկուսով են եղել դիրքում: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության  կատարած հետաքննության արդյունքում պարզվել էր, որ Ադիբեկյանի սպանության վայրում գործի է դրվել առնվազն երեք զենք, իսկ այժմ արդեն ապացուցված կարելի է համարել, որ դեպքի վայրում կրակվել է առնվազն 4 և ավելի զենքերից, այսինքն, այստեղ փոխհրաձգություն է տեղի ունեցել, մարտ, որին մասնակցել են 4 անձ:

Կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը եզրակացնում է. Զինվորական գործերով քննչական մարմինները խոր դեգրադացիա են ապրում։ Խղճուկ, ողորմելի քննություն են վարում: Նարեկը ծառայել է ռուսական բանակում, խախտումով զորակոչվել է հայկական բանակ ու հետո նրան սպանել են։ Փոխանակ բացահայտեն գործը, մահացած մարդու վրա են դնում իրենց անկարողությունն ու անգործությունը: Սա հարգանքի բացակայություն է զինվորի, բանակի նկատմամբ։ Սպանել են զինվորին, հիմա էլ մեղադրում են»: 

Ըստ Մ.Մ-ի ցուցմունքի, նա 16 մենահատ կրակոց է արձակել Նարեկի ուղղությամբ: Բայց դեպքի վայրից գտել են ընդամենը 6 պարկուճ: ։ Պարկուճները թեւեր չունեն, դրանք ընկնում են կրակող անձից մինչեւ մեկ մետր հեռավորության վրա, և ուրեմն, ո՞ւր են մնացած տասը: Դատախազությունը, պատշաճ հսկողություն չիրականացնելով այս գործով, ՊՆ-ն՝ զորամասի հրամանատարությանը պատասխանատվության չենթարկելով, քննիչները՝ կատարած հանցագործությունը կոծկելով, բերել են նրան, որ նախաքննությունը փակուղի է մտել: 

Դրանից  դուրս գալու  միակ ուղին այն է, որ նշված մարմինները դադարեն կոծկել հանցանքները, պատժեն բոլոր պատասխանատուներին՝ զորամասում, քննչական մարմնում և ՊՆ-ում: Միայն  այսպես հայկական բանակն արատավորող հանցածին բարքերին վերջ կդրվի:

Սյուզան Սիմոնյան

Հույժ կարևոր զորամասի լուծարման հետքերով. ո՞ւմ էր դա ձեռնտու

Լուծարվել է ՀՀ Զինված ուժերի միակ մասնագիտացված ինժեներասակրավորային զորամասը: Forrights.am-ին հայտնի է դարձել, որ լուծարումը լուրջ դժգոհություններ է առաջացրել մի խումբ զինվորականների շրջանում: Իր տեսակով, գործառույթներով ու նշանակությամբ բացառիկ զորամասը գործել է` սկսած 2002 թվականից և տեղակայված է եղել Էջմիածին քաղաքում: 

Լուծարման որոշում կայացվել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի օրոք: Գործընթացը շարունակել է Դավիթ Տոնոյանը: Զորամասի անձնակազմը 2018 թվականի մարտից մտցվել է խաղաղապահ զորամասի կազմի մեջ, արդյունքում` սակրավորները դադարել են գոյություն ունենալ որպես առանձին զորամիավոր:Ինժեներասակրավորային զորամասի լուծարումից հետո բանակի շարքերը լքել է շուրջ 50 սակրավոր, 70-ի չափով զինծառայող էլ սպասում է ծառայությունից արձակման ՊՆ նախարարի հրամանին: Պրոֆեսիոնալ սակրավորներից շատերը չեն շարունակում ծառայությունը խաղաղապահ զորամասում և լքում են բանակը, իսկ նրանց տեղը համալրում են պատահական մարդիկ: 

Ականազերծման աշխատանքներ կատարելիս բանակն այլևս աշխատելու է ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ` մարդկային ֆակտորի վրա. «Մենք լրիվ անտեսվեցինք, ոչ մի կարծիք հաշվի չառնելով` խաչ քաշեցին մեզ վրա: Մեր բանակին ականազերծողներ այլևս պետք չե՞ն: Բայց չէ՞ որ այս մասնագիտության կայացման գործում մենք մեր կյանքն ենք ներդրել: 15-17 տարվա փորձ ունեցող մասնագետների ինչպե՞ս եք փողոց շպրտում: Ինչպե՞ս կարելի է գրչի հարվածով ոչնչացնել մասնագիտացված զորամասը: Ո՞ւմ է ձեռնտու այսքան կարևոր ստորաբաժանման վերացումը»,- Forrights.am-ի հետ զրույցում այսպիսի հարցեր են բարձրացնում վրդովված զինծառայողները: Համոզված են, որ Պաշտպանության նախարարությունը միտումնավոր է ծանր ու անտանելի պայմաններ ստեղծել, որ մասնագետները լքեն ծառայությունը:

ինչո՞ւ սակրավորները ծառայությունը չշարունակեցին խաղաղապահ զորամասում:

Խաղաղապահ զորամասում ծառայությունը չշարունակելու մի քանի պատճառներ ունեն սակրավոր-մասնագետները: Առաջինն այն է, որ նոր ստորաբաժանումում բավարար թվով սակրավորի հաստիքներ չեն հատկացվել: Մինչդեռ, սկզբում Պաշտպանական գերատեսչությունն այս մարդկանց խոստացել էր, որ որևէ մեկը դուրս չի մնալու, բոլորին տեղավորելու են մոտակա զորամասերում: Փորձառու և պրոֆեսիոնալ սակրավորներին այլ զորամասերում առաջարկել են վարորդի, մեխանիկի աշխատանքներ: Անտեսվել է մասնագիտական պատրաստվածությունը: 

Մյուս խնդիրն այն է, որ այս ամառվանից փոխվել է խաղաղապահների տեղակայման վայրը: Զորամասը դուրս է բերվել Երևանից և տեղակայվել մարզերից մեկում: Սակրավորական գումարտակի նախկին զինծառայողների գերակշիռ մասը բնակվել է Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում: Զորամասի` Էջմիածնում գտնվելը սակրավորներին թույլ էր տալիս առանց մեծ ծախսերի ու դժվարությունների հասնել գործի: Հիմա նրանց ճանապարհը երկարել է 50-ից 80 կիլոմետրով: Թե՛ ֆինանսական, թե ժամանակի առումով այլևս անհնար է դարձել առավոտյան ժամը 08:00-ին լինել նոր զորամասում: Բացի այդ, նվազել է բնակարանային վարձի համար պետությունից ստացվող գումարը` 45 000-ից իջնելով 18 000 դրամ:

Մոտ մեկ ամիս առաջ կայացել է հանդիպում`ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ու խաղաղապահ զորամասի զինծառայողների միջև, այդ թվում` սակրավորների: Թույլ չտալով որևէ մեկին արտահայտել բողոքը` Արտակ Դավթյանը կոպիտ ու խիստ արհամարհական տոնով է խոսել զինծառայողների հետ. «Ասեց` ա՛յ խոպանչիներ, դուք չլինեք, ուրիշը կլինի: Գենշտաբի պետը ուղղակի հոխորտաց` ես ոնց ուզեմ, էդպես էլ լինելու ա: Չոբանի պես էր խոսում զորքի հետ»: 

Զինծառայողները նաև պատմում են, որ դահլիճում հավաքվածները աշխատել են Դավթյանին հարցեր չտալ` լկտի պահվածքի պատճառով` վախեցել են, որ կվիրավորի: Պրոֆեսիոնալ մասնագետների հետ վեճի է բռնվել`արգելելով իրեն հակաճառել:«Մինչև ե՞րբ պիտի մեր երկում հարցերը վախի ու ճնշումների մթնոլորտում լուծվեն, տարիներով կառուցածը փլուզում են ու դրա տեղում ոչինչ չի սարքվում: Պրոֆեսիոնալները գործից դուրս են գալիս` կանաչի վաճառող դառնում, սա հարի՞ր է մեր բանակին ու հայ սպային»,- դժգոհում են զինծառայողները:

Սա լոկ անձնական հարց չէ: Հույժ կարևոր ինժեներասակրավորային այս զորամասի վերացումը լրջորեն վնասելու է բանակի մարտունակությանը: Ոչնչացվում է մի ամբողջ բացառիկ զորատեսակ: Ինժեներասակրավորային զորամասը ականազերծում էր Հայաստանի վտանգավոր տարածքները, ոչնչացնում էր ոչ պիտանի զինամթերքը, վնասազերծում էր պայթյունավտանգ առարկաները: Հատուկ օպերացիաների ժամանակ օգնություն էին խնդրում ինչպես ոստիկանությունը, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությունը: Պատերազմի ժամանակ հետախուզական, հակահետախուզական ուժերի հետ մեկտեղ սակրավորները առաջնագծում տարածք են ազատում զորքերի առաջխաղացման համար: 

Պետությունը հսկայական գումարներ է ծախսել ինժեներ-սակրավորներ պատրաստելու վրա: Զինծառայողները վերապատրաստվել են արտասահմանում, մասնակցել մասնագիտական ուսուցումների, մեկնել միջազգային հաստատություններ` գործուղումների:Այսօր մասնագիտական այդ բազան լիկվիդացվում է. «Պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը ի՞նչ են մտածում, եթե վաղը, մյուս օրը պատերազմ սկսվի, նորմալ սակրավորներ չենք ունենալու, ո՞վ ա գնալու մինապոլյա զորքի համար ճանապարհ բացի, 18 տարեկան զինվո՞րը, նոր զոհե՞ր ենք ուզում: Մենք` բոլորս շուտով կհամտեսենք այս որոշման դառը պտուղները, բայց արդեն ուշ կլինի»,- զգուշացնում են մասնագետ-սակրավորները: 

Պաշտպանության նախարարության հրապարակած բաց տվյալների հաշվարկմամբ`Forrights.am-ը պարզել է, որ 2016 և 2017 թվականներին ՀՀ և Արցախի Զինված ուժերում ականի ու հակատանկային նռնակի պայթյունից մահացել է 6 զինծառայող, վիրավորվել` մոտ 2 տասնյակը:

Ո՞ւմ է ձեռնտու պրոֆեսիոնալ զորամասի վերացումը

Կան հիմքեր պնդելու, որ ինժեներասակրավորային զորամասի փաստացի ոչնչացումը բարձրաստիճան պաշտոնյաներին հավելյալ ֆինանսական եկամուտ է ապահովելու: Գործ ունենք կոռուպցիոն ռիսկի հետ: Այսպիսի համարձակ պնդում ենք անում` հիմնվելով բացառապես փաստերի վրա: Այսպես, 2011 թվականի փետրվարից ինժեներասակրավորային զորամասի գոյությանը զուգահեռ Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Այս կառույցը 7 տարի շարունակ գտնվել է իրենց զորամասի տարածքում, ունեցել է մեկ տասնյակի չհասնող աշխատակիցներ և կատարել է խիստ խորհրդանշական գործառույթներ: 

Ականազերծման գործը կատարել են զորամասի սակրավոր ծառայողները, ինչի դիմաց աշխատավարձից բացի հավելյալ օրավարձ են ստացել: ՊՈԱԿ-ի գոյությունը ֆիկտիվ բնույթ է կրել: Այն պահից սկսած, երբ սակրավորական գումարտակը մտցվեց խաղաղապահ զորամասի կազմ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դարձավ առանցքային դեր ունեցող կառույց ականազերծման հարցերով: Նախկինում, եթե ականազերծման հանձնարարությունն անմիջապես զորամասին է իջեցվել, հիմա` ՊՈԱԿ-ին, որն իր հերթին այդ գործը հանձնարարում է կատարել խաղաղապահներին միացած սակրավորական զորամասի ծառայողներին:

Դերերի այսպիսի վերաբաշխումը ստորացուցիչ վիճակում է դրել սևագործ ու վտանգավոր աշխատանք կատարող սակրավորներին: Էականորեն նվազել է զինծառայողների ֆինանսավորումը: Մինչև զորամասի լուծարումը սակրավոր-մասնագետները 30 օրով գործուղվում էին ականազերծման աշխատանքների: Ամսական 120 000 դրամ աշխատավարձից զատ ամեն օրվա համար նրանք ստանում էին 1500 դրամ օրավարձ: Այժմ այս գումարը հանվել է սակրավորների աշխատավարձից: ՊՈԱԿ-ի տնօրենը Ռուբեն Առաքելյանն է, որը Դավիթ Տոնոյանի մերձավոր բարեկամն է: 2011 թվականին` Առաքելյանի նշանակման պահին, Տոնոյանը ՊՆ փոխնախարար էր:

Զինծառայողները համոզմունք ունեն, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախընտրում է հարստացնել իր մերձավոր բարեկամ Ռուբեն Առաքելյանին ու նրա ՊՈԱԿ-ին` անմարդկային և ստորացված կարգավիճակում թողնելով սակրավորներին: Նախարարից բացի, հատուկ շահագրգռություն ունեն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ՊՆ Ինժեներական զորքերի վարչության պետ գեներալ Մաթևոսյանը:

Արդարության պահանջ

Մինչ ինժեներասակրավորային զորամասի կազմալուծումն ու խաղաղապահ գունդ տեղափոխումը, նրա ծառայողները նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով կասեցնել բանակի համար խիստ վտանգավոր գործընթացը: Սակայն լուծում չի տրվել:Զինծառայողները Պաշտպանության նախարարությունից և վարչապետից խնդրում և պահանջում են վերականգնել ինժեներասակրավորային զորամասը: Վստահեցնում են, որ պահեստազոր արձակված պրոֆեսիոնալ տղաները պատրաստ են հետ վերադառնալ և հանուն պետության աշխատել նույն ջանասիրությամբ և արդյունավետությամբ, ինչպես`նախկինում:

Ռոբերտ Անանյան

Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի դեմ քրեական գործ կհարուցվի

Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն: Փաստաբան Հայարփի Սարգսյանի բողոքն այսօր բավարարվեց Վերաքննիչ քրեական դատարանում:

«Վերաքննիչ բողոքիս բավարարումը նշանակում է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաններ՝ այդ թվում Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Օսիկյանը, Դատապարտյալների հիվանդանոցի նախկին պետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը և «Էրեբունի» ԲԿ-ի մի խումբ բուժաշխատողներ հավանական է պատասխանատվության ենթարկվեն: Այս բոլոր իրավասու անձիք, ովքեր պարտավոր էին իրենց գործունեության շրջանակներում ամեն ինչ անել, որ մարդը չխոշտանգվի, ովքեր անտեսել էին իմ կողմից ներկայացված բոլոր դիմում-պահանջները, այսօր այս ամբողջի վերաբերյալ կհարուցվի քրեական գործ և կիրականացվեն համապատասխան դատավարական գործողություններ»,- հայտարարեց փաստաբանը:

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանը, ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, անհայտ անձի կողմից արձակված կրակոցներից վիրավորվել էր ազդրի, ոտքի և ծնկի մի քանի հատվածներում: Նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը շուրջ 2 տարի բարձրաձայնել է, որ իր պաշտպանյալն ունի բժշկական միջամտության կարիք, սակայն թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Քրեակատարողական հիմնարկը խնդրի լուծման համար որևէ քայլ չեն ձեռնարկել. 

«Դեռ 2 տարի առաջ՝ առանց կալանավորման որոշման Հովհաննեսին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց՝ առանց բուժելու նրա վիրավոր ոտքը: Ես բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթղթեր, սակայն որևէ ընթացք չի տրվել իմ բարձրաձայնած խնդրին. փաստացի, նրանք անգործություն են դրսևորել: Այս մասին ես բողոք էի ներկայացրել Գլխավոր դատախազին, սակայն Դատախազությունը, շրջանցելով Քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածը, ոչ մի հստակ որոշում չէր կայացրել, այլ ընդամենը ինչ-որ մի գրությունով էր պատասխանել»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ Հովհաննեսի առողջական վիճակն օր օրի վատանում էր, ուստի հարկավոր էր խնդրին արագ լուծում տալ: Գլխավոր դատախազի «անգործությունը» բողոքարկելու համար վերջինս դիմել էր Առաջին ատյանի դատարան, սակայն, դատարանը, «անտեսելով այն փաստերը, որ տեղի է ունեցել հանցագործություն», հետ է ուղարկել փաստաթղթերը: Ինչպես պարզաբանեց Հայարփի Սարգսյանը, այս մասին ինքը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան, որի դատավոր Արսեն Նիկողոսյան այն այսօր բավարարեց:

Ամիսներ առաջ՝ հունիսի 15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանը փոխեց շուրջ 2 տարի անազատության մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը 1000000 դրամ գրավի դիմաց: Ազատ արձակվելուց օրեր անց, Հարությունյանը լուրջ վիրահատության ենթարկվեց: Այսօր նա ժամանակ առ ժամանակ ստացիոնար բուժում է ստանում և պատրաստվում երկրորդ անգամ վիրահատվել.

«Ամբողջ 2 տարի բժիշկները պնդում էին, որ Հովհաննեսի վիրահատության կարիք չունի և նրա առողջական վիճակը բավարար է, սակայն ազատ արձակվելուց օրեր անց, բժիշկները շտապ վիրահատություն նշանակեցին: Իմ պաշտպանյալին առողջական բարդ շրջան է սպասվում, ես կասեի տարիների ստացիոնար բուժում է անհրաժեշտ, որ ամբողջության վերականգնվի վնասված ոտքը»,- իր խոսքն ավարտեց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Վերջում փաստաբանը նշեց, որ Հովհաննեսի վիրավորում ստանալու դեպքի մասին ինքը 2 հաղորդում է ներկայացրել, սակայն այս պահին որևէ ընթացք չի տրվել գործին:

Հավելենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, զավթել և պահեր շենքեր, շինություններ և տևանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակով պատանդ վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու  նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության  համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն և ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափի վնաս:

Ռոզա Վարդանյան

«Իսկ որ դու ցուցում էիր տալիս անմեղ մարդուն 12 տարի նստացնել, դա հանցագործությո՞ւն չէր». Նախկին դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ դատավոր աշխատած Պարգև Օհանյանի համար զարմանալի է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատավորի վրա ճնշում գործադրելու, արդարադատության ու արդարությունից է խոսում: Օհանյանը, ով դատավոր է աշխատել 1999-2008 թվականը, հիշում է՝ ինչ բարքեր էին Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ: 

«Դատավորներին պատվերները սկսվել են հենց Քոչարյանի ժամանակ: Բավական է հիշենք, հենց Հյուսիսային պողոտայի հետ կապված պատվերները: Նախագահականից կամ զանգում էին՝ օգնականը կամ աշխատակազմի ղեկավարը, կամ կանչում էին նախագահական: Զանգել են դատարանի նախագահին, դատարանի նախագահն էլ կանչել է դատավորներին, ասել է՝ Հյուսիսային պողոտայի հետ կապված գործերը պիտի լուծվեն հօգուտ իրացնողների: Սա նորություն չի»,-պատմեց նախկին դատավորը:  

Ըստ նրա՝ դատավորին պատվերը միշտ միջնորդավորված է եղել: «Կարող է ուղիղ դատավորին զանգելու դեպքեր լինեն, չգիտեմ, ինձ հետ չի եղել: Կոնկրետ ինձ ոչ ոք չի զանգել: Ասվում էր դատարանի նախագահին, դատարանի նախագահն էլ կանչում էր, հրավիրում էր բոլորին՝ ասում էր՝ սենց-սենց: Նման արատավոր բաներ է եղել Քոչարյանի իշխանության ժամանակ»,-բացահայտեց Օհանյանը: «Հիմա ո՞վ է խոսում օրենքից, արդարությունից, զավեշտ է: Անձը, ով ստեղծել է պատվերով արդարադատության, կաշկանդված, կոռումպացված համակա՞րգը»,-հարց է ուղղում նախկին դատավորը: 

Նրա խոսքով՝ այսօր ահռելի կարողության տեր Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ ամբողջ երկիրը վերածել էր «իր շահի բոստանի», ամեն ինչ ծառայեցնում էր իր շահերին ու իրեն ոչ ոք չպետք է խանգարեր. «Ամեն հարաբերության մեջ իր շահն էր: «Ռոյալ Արմենիայի» գործով գործարան կար, մի քանի շահ էր համընկել..., հողեր, տարածքներ, Հյուսիսային պողոտա, բիզնես էր ու էդ բիզնեսում պիտի իրանց խանգարող չլիներ: Դատավորն ո՞վ էր, դատավորը պիտի նոտարի պես հաստատեր վճիռները, որ մարդանց հանեն, որ էնտեղ շենքեր կառուցեն, իրանք միլիոններ, միլիարդներ աշխատեն: Հիմա էդ մարդը նստել, խոսում է ԱԱԾ ու ՀՔԾ պետերի կենցաղային խոսակցությունունից ու դա որակում հանցագործությո՞ւն»,-տարակուսեց Օհանյանը: 

Ինչ վերաբերում է ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցությանը դատավորի զանգի մասով, ապա Պարգև Օհանյանի խոսքով, այդ մասով խոսակցությունը չպետք է լիներ: «Ակնհայտ է, որ էդ երևույթը միշտ եղել ա ու էդ երևույթը ձևավորվել է հենց Քոչարյանի իշխանության կողմից կարելի է ասել: Դատավորն էլ մարդ ա, կաշկանդվում ա, հա, հիմքերը նայում ա, բայց նրա առաջ հանրապետության նախկին նախագահն ա»,-ասաց նախկին դատավորը՝ շարունակելով. «Այդ զրույցը չպիտի լիներ, եթե խորանանք դատավորի, պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների մեջ, բայց մեր իրականության մեջ նման երևույթ կա և գալիս է հենց Քոչարյանի իշխանության օրերից սկսած»: 

Միևնույն ժամանակ Պարգև Օհանյանը ուղղակի պարտադրանք դատավորին այդ խոսակցության մեջ չի տեսնում: «Նրբությունն ինչում է. Կալանքի հիմքերի մասին է խոսքը, այսինքն ԱԱԾ պետն ասում է՝ էդ հիմքերի պարագայում դու ուզես-չուզես պիտի կալանքը տաս: Փաստացի սա ցուցում չի կարա լինի, որովհետև եթե չտար էլ, ԱԱԾ-ն ի՞նչ պիտի աներ, ԱԱԾ-ն լծակ չունի դատավորի վրա: Ես ճնշում կհամարեի, որ ուղղակի ասեր՝ պարտադիր պիտի տաս: Ես պարտադրանք չեմ տեսնում»,-ասաց Օհանյանը: 

Նշենք, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը գաղտնալսված խոսակցության մեջ ՀՔԾ պետին ասել է. «Ինձ դատավորը նոր զանգեց: Դե մի քիչ վախեցած ա: Ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը: Հրա՞չ, հա՞: Հրա՞չ ա անունը դատավորի: ...Մի խոսքով՝ դատավորը, ով որ պետք ա կալանքը տա: Ասել եմ՝ դուխով: Բա, մի հատ հիմքերը պրոստո նայեմ, պարոն Վանեցյան, հետո զանգեմ, զեկուցեմ, էս անեմ, էն անեմ: Ասեցի նայի հիմքերը, հետո կզանգես: Բա կալանքը ուզես չուզես, պիտի տաս»:  

Ըստ Օհանյանի՝ պատվերի դեպքում ոչ թե դատավորը կզանգեր, այլ դատավորին պիտի զանգեին: «Ես որպես նախկին դատավոր ասեմ, որ ԱԱԾ պետը երբեք դատավորին ուղղակի չի ասի: Մի քիչ անուղղակի հուշվում է միջնորդությունը ներկայացնող անձի կամ դատախազության միջոցով»: Ըստ Օհանյանի՝ նախկինում դատարանի վրա ճնշումները եղել են տարբեր ձևերով: «Ամենասովորական քրեական գործը քննելիս դատախազն ընկալվել է որպես պետության, ուժային կառույցի ներկայացուցիչ, և դատավորները, չասեմ վախեցել են, միշտ հաշվի են նստել մեղադրողի հետ: Սա նաև եկել է նաև խորհրդային տարիներից»,-նշեց Օհանյանը: 

Նա նաև մանրամասնեց, որ դատավորները միշտ էլ կաշկանդված ու երկյուղած են եղել, որ վայ, ԱԱԾ-ի գործ է, զգույշ լինենք. «Բայց եթե դատավորը հեռու լինի կոռուպցիոն անգամ մտքից, մաքուր լինի, ոչ մեկից էլ չի կաշկանդվի: Դա էլ կա, բայց դա էլ միանշանակ չի, որովհետև եթե անգամ դատավորը կաշառք չի վերցնում, էլի վախենում է իր պաշտոնը կորցնել»: 

Yerevan.Today-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանցագործություն է որակել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցությունը. «Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել: Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամաբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից»,-ասել է նա:    

Պարգև Օհանյանն այսօր հարց է ուղղում Ռոբերտ Քոչարյանին. «Իսկ որ դու դատավորին ցուցում էիր տալիս 12 տարի նստացնել անմեղ մարդուն, հանցագործություն չէ՞ր: Հենց «Ռոյալ Արմենիան» ի՞նչ էր, ուղղակի ցուցումով էր գործը եկել, որ պիտի դատապարտվեն 12 տարի ազատազրկման»: Ո՞վ է ցուցումը տվել մեր հարցին ի պատասխան՝ Օհանյանն ասաց. «Նախագահականից: Հիմա անուն չտամ»:   

Օհանյանի խոսքով՝ «հանցագործն այսօր խոսում է հանցագործության մասին»: «Իսկ որ դու քո ախրաննիկներին ասում էիր՝ սատկացրեք էսինչին, որովհետև ասել ա՝ «պրիվետ, Ռոբ»: Դա հանցագործությո՞ւն չէր»,-կրկին հարց է ուղղում նախկին դատավորը: Ըստ նրա՝ Քոչարյանն իր պաշտոնավարման ժամանակ վերահսկել է անգամ քաղաքացիական գործերը, եթե իր կամ շրջապատի շահն է եղել մեջտեղում: 

«Եղել է տասնյակներով անգամ էնպիսի գործեր, որ հասարակ քաղաքացիական գործ էր, բայց որտեղ շահ կար տարածքի հետ կապված, կարար էդ հարցը միչև հասներ իրեն, և եղել է տենց դեպք, երբ կանչել են նախագահական, թե ինչի եք էս վճիռը կայացրել»,-պատմեց դատավորը, ով «Ռոյալ Արմենիայի» տիրոջ արդարացման վճռից հետո Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ հեռացվեց դատավորի պաշտոնից: 

Ըստ Օհանյանի՝ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցության էությունը պետք է քննութամբ պարզվի: Ինչպես հայտնի է՝ զրույցի բովանդակության առթիվ գլխավոր դատախազությունն արդեն քրգործ է հարուցել՝ բացահայտելու պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հիմքեր կան, թե ոչ: Ինչ վերաբերում է «Մարտի մեկի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Ազարյանի որոշմանը, Պարգև Օհանյանը սխալ է համարում այն. 

«Չի կարող անձը, ով ուզում է լինի, լինել բացարձակ անձեռնմխելի: Վճռաբեկը հուսով եմ, կբեկանի այդ որոշումը»: 

 Մարինե Խառատյան          

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ևս մի հիմք է առաջացել․ մեղադրյալի կողմից հնարավոր ազդեցություն դատավորի վրա

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անձնական զրույցի գաղտնալսումը տեղի էր ունեցել հուլիսի վերջին, երկրորդ նախագահի կալանավորման նախօրեին, փակ ռեժիմով տեղադրվեց համացանցում սեպտեմբերի 5-ին, հրապարակային դարձվեց  միայն սեպտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրը: Ապա սկսվեց ՀՀԿ կարկառուն դեմքերի՝ ՙՙԱշոտյան-Շարմազանով՚՚-ների, քոչարյանական իրավաբանների, գաղտնի և բացահայտ «PR-շիկների» գրոհը ՀՔԾ և ԱԱԾ դիրքերի, Փաշինյանի կառավարության ուղղությամբ:    

Սև քարոզչության թամբին   ՙՙ

Հաստատվեցին օդում կախված լուրերը, որ վարչապետն անձամբ ուղորդում և համակարգում է քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերը՚՚, - Վանեցյանի ու Խաչատրյանի ասուլիսը չավարտված գրեց իր ՖԲ էջին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 2015 թվականի փետրվարի 12-ին նույն Աշոտյանը ՀՀԿ ԳՄ նիստում, Ծառուկյանի ահեղ դատարանի օրը, ՙՙԴոդին՚՚ բամփելու օգտին ճառ ասողներից էր: ՙՙՔանի ժամանակն է, իսկ ժամանակը հիմա է, այդ գործողությունները ամբողջությամբ պետք է իրականացվեն: Առանց խղճի խայթի, առանց ավելորդ զգացվողությունների, որոնք իբր մեզ ավելի քաղաքակիրթ են դարձնում՚՚, - ասում էր նա: «Սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ», - սև քարոզչության հիմնական «մեխը» խփեց Քոչարյանը հերթական «բացառիկ» հարցազրույցում։ 

Վերջերս նա Աշոտյանից և խոսնակ Շարմազանովից հաճախ է խոսում։ Նշված քայլերի հաջորդականությունը վկայում է, որ գաղտնալսումը և դրան հետևած գործողությունները ծրագրված էին, ունեին հստակ ժամանակացույց և նպատակ․ վարկաբեկել առավել ակտիվ իրավապահ կառույցները, որոնք վարչապետի հիմնական հենարանն են:  ՙՙՍա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ՚՚, - Փաշինյանի գնահատականն է։   

«Ինձ դատավորը նոր զանգեց, դե, մի քիչ վախեցած ա»   Երկու բարձրաստիճան պաշտոնյաների զրույցից տպավորությունն այնպիսին է, ասես, թաքուն ներս ես նայել ինչ որ մեկի բանալու անցքից: Ավանդապես փակ իրավապահ կառույցների ղեկավարներն անկաշկանդ, ՙՙընգեր՚՚, ՙՙցավդ տանեմ՚՚, սանձարձակ արտահայտություններով խոսում են իրար հետ, առանց վարվելակարգ պահպանելու: ՙ

ՙֆիգուրանտների՚՚ հասցեին վիրավորական արտահայտություններ են լսվում, որոնք, սակայն նախատեսված չեն եղել լայն հանրության ականջների համար և արտահայտել են զրուցակիցների անձնական վերաբերմունքը մարտի մեկի գործով մեղադրյաների նկատմամբ: Նրանց կալանքի հիմքերին վերաբերող զրույցի հատվածը կարելի է,  ինչպես Վանեցյանն ասաց, ՙՙիրավաբանական քննարկում՚՚ համարել իրավապահ երկու մարմինների ղեկավարների միջև, մանավանդ, որ մեղադրյալները ազգային անվտանգության տեսանկյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Մեկը երկրի նախկին նախագահն է, մյուսը՝ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը մարտի մեկին պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Սակայն մի հատված ենք առանձնացնում զրույցից, առավել «սենսացիոնը»։  Արթուր Վանեցյանն ասում է․ «Ինձ դատավորը նոր զանգեց, դե, մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ ա՞ անունը դատավորի, մի խոսքով, դատավորը, ով որ պտի կալանքը տա։ Բա, ասեց, մի հատ հիմքերը նայեմ, զանգեմ զեկուցեմ, պարոն Վանեցյան ջան»։ Սասուն Խաչատրյանը պատասխանում է․ «Թող նայի»։ «Ասի՝ նայի հիմքերը, կնայես, բայց կալանքը ուզես, չուզես, պտի տաս»։ Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Սասուն Խաչատրյանը հարցնում է Վանեցյանին․ «Չփակե՞նք, ընգեր», վերջինս էլ խոստանում է․ «Հեսա կխոսամ»։   ՀԱԿ իրավական հարցերի խորհրդատու Արմեն Խաչատրյանը որևէ սենսացիա այս զրույցի մեջ չի տեսնում, առավել ևս վկայություն, որ դատարանների վրա ներազդելու, քրեական  վարույթն ուղորդելու մասին խոսող հանգամանք։  Forrights.am-ի համար նա վերլուծում է․ 

«Խոսում են քրեական բացահայտումներով զբաղվող երկու գերատեսչությունների ղեկավարներ, և եթե հաշվի ենք առնում, որ տասնյակ տարիներ այդ հանցագործությունները բացահայտելու հասարակական պահանջ է եղել, ապա, ի պատիվ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի ասեմ, որ սա բավականին կոռեկտ խոսակցություն է։  Իհարկե, սա մասնավոր զրույց էր, որևէ ենթադրություն չէր կարող նրանց կողմից լիներ, որ այդ խոսակցությունը ձայնագրվում է և կհրապարակայնացվի։ Սկանդալային է, թերևս, մի բան։ Զրույցից ակնհայտը է, որ անգամ հեղափոխությունից հետո դատավորը վախեցած է, նշանակում է՝  նրա վրա եղել է հնարավորոր ազդեցություն, որ դատավորը վախեցել է որոշում կայացնել և կապվել է ԱԱԾ տնօրենի հետ։ Իսկ սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ևս մի հիմք է առաջացել․ մեղադրյալի կողմից հնարավոր ազդեցություն դատավորի վրա»: 

Զրույցից տպավորություն չի ստեղծվում, որ Խաչատրյանն ու Վանեցյանն են որոշում փակել-չփակելու հարցը։ «Վարույթ իրականացնող մարմնի ղեկավարը խոսում է օպերատիվ ծառայություն իրականացնող մարմնի հետ։ Մասնագիտական սլենգով ասած, «փակողներն» իրար հետ են խոսում փակել -չփակելու մասին, մանավանդ, որ հիմքերից են խոսում, ասում է՝ հիմքերը կան»։   

«Ճնշումներից ով խոսի, չխոսի, Քոչարյանը թող տանձից ու խնձորից խոսի»

Դատավորների վրա ճնշումների մասին է խոսում Քոչարյանը։ Ի՞նչ կասեք։ 

«Ճնշումներից ով խոսի, չխոսի, Քոչարյանը թող գնա տանձից ու խնձորից խոսի: Քսան տարի թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ուղղակի միջամտություն են ունեցել դատական իշխանության վրա։ Դատական ակտեր են եղել՝ քաղաքացիական, վարչական, քրեական գործերով, որոնց վճիռներն ուղղակի գրվում էին Բաղրամյան 26-ում, հասարակ կալանքի գործեր, ոչ քաղաքական կոնտեքստով։ Անգամ գույքային վեճերով դատավորն ուղղակի ցուցում է ստացել ՍԵրժի Վաչոյից, գույք, ունեցվածք, բիզնես խլելու գործեր չբացահայտելու ուղղակի հրահաններ են եղել նախագահականից։ 

Իշխանությունը հայտարարում է, որ բոլոր թալանչիները պետք է նստեն, իսկ դատարանը խափանման միջոց է փոխում, գրավ է կիրառում Սերժի Վաչոյի, Սաշիկի տղու, Քոչարյանի, այլ գործերով անցնող մեղարյալների նկատմամբ։ Դատավորները նրանց աշխատողներն են եղել»։ 

 Սյուզան Սիմոնյան

«Եթե ինքնասպանություն ա, ուրեմն ղեկավարության մատը խառն ա»

«Մենք կորցրել ենք գանձ ու երբեք ոչ մեկն իրա տեղը չի կարա լրացնի: Ամբողջ Նոր Հաճընը սգում էր` մինչև էսօր: Նրա կորուստը, ցավն ուրիշ ա, դուք չեք պատկերացնի… ասե՛ք, ես էլ ո՞նց ապրեմ»,- աղիողորմ սգացող կինը Մարինե Գասպարյանն է: 

Մայիսի 4-ի գիշերը, ժամը 01:10-ի սահմաններում մարտական հենակետում հայտնաբերվել է որդու` Արթուր Գասպարյանի անշնչացած մարմինը: 20-ամյա զինծառայողը հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել բերանի խոռոչում` երկու կրակոցից: Նախաքննական մարմինը հենց սկզբից գործը քննում է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Քննիչները մորն ու քրոջն ասել են` դա չի նշանակում, որ ինքնասպանությունը հաստատված վարկած է`ավելի շուտ 50/50 է: 

Ինքնասպանության վարկածն ընտանիքը կտրականապես մերժում է.«Ինքը մեկ կամ վեց ամսվա ծառայող չէր, որ ասեինք` դե չդիմացավ, ինքնասպան եղավ: Ո՞նց չէր դիմանա, երկու մետր հասակով թիկնեղ տղա էր, ի՞նչ պիտի լիներ, որ չդիմանար… Ինքնասպան եղողը ո՞նց կարար երեկոյան 11-ին քրոջ ու հոր հետ խոսեր կիրակի օրը մեր զորամաս գնալուց: Ծնողներին սպասողը ինքն իրեն խփո՞ւմ ա»,-տարակուսած հարց է բարձրացնում Մարինե Գասպարյանը: 

Արթուրն արդեն 1 տարի 4 ամիս ծառայության մեջ էր ու վաղուց էր անցել բանակային կյանքին հարմարվելու բարդ շրջանը: Որդու մահը գուժել են ոչ միանգամից, հիշում է իր ու ամուսնու եղբոր զրույցը. «Ասում եմ` Արո, ճիշտն ասա, երդվի՛, հո Արթուրին բան չի եղել: Ասում ա` չէ, Արթուրը վիրավոր ա: Բայց ի՞նչ վիրավոր, թող Աստված տար, վիրավոր լիներ... ու ամեն Աստծո առավոտ վերքը խորանում ա... Ապրում եմ, բայց Աստծու ամեն օր ես քայքայվում եմ... Ինչ նպատակներ ու երազանքներ ուներ,- Լիլիթը հանգստացնում է արտասունքների մեջ խեղդվող մորը, խոսում իր սրտից,- ու ցավը գիտե՞ք որն ա, որ ասում են ինքնասպան ա եղել, ու ամեն ապուշի բերանը լեզու են դնում, որ կանգնի մեզ հարցնի` բա ինչի՞ ա ինքնասպան եղել»:

Հայրը՝ Արտյոմ Գասպարյանը Ռուսաստանից հատուկ էր եկել որդուն տեսակցելու: Դեպքի առավոտ հերթափողը պիտի դիրքերից իջներ զորամաս, իսկ կիրակի Արթուրը տեսակցելու էր ծնողներին: «Ես դեպքից երկու ժամ առաջ հետը խոսել, տրամադրությունը շատ ավելի լավ էր, քան նախկինում, քանի որ գիտեր` երկու օրից գնալու ենք իրեն տեսնելու»,- ասում է Արթուրի քույրը: 

Նախորդ անգամ քննությունների պատճառով Լիլիթը չէր կարողացել տեսակցել եղբորը: Արթուրը հատուկ խնդրել է` այս անգամ այնպես անի, որ ինքն էլ հոր ու մոր հետ զորամաս, կարոտել էր քրոջը: Ուսուցչուհիները, հարևաններն վկայում են, ճիշտ է` շրջապատում Արթուրը լիդեր չէր, բայց երբ սկսեիր հարցեր տալ, իր խելացիությամբ ու հասունությամբ կտարբերվեր ընկերներից: 

«Ամենալավն էր, ամենահարգվածն էր, մեծերի հետ` մեծ, փոքրերի հետ` փոքր, ծնողների հետ` որպես երեխա, քրոջ հետ` որպես եղբայր, ինքը իդեալական էր ամեն ինչում, ինքը թերի կողմ չուներ»,- Արթուրին այսպես են բնութագրում ճանաչողները: «Արթուրը գիշերը երազիս գալիս ասում է` դուք հո հիմար չեք, ես ո՞նց կարայի իմ վրա զենք բարձրացնեի»,- պատմում է տիկին Մարինեն: 



Արթուրը Գասպարյանը բանակ է զորակոչվել 2017 թվականի հունվարի 23-ին: Նրա մահից 21 օր անց Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագ պայմանագրային սերժանտին. 

«Քննության արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ շարքային Արթուր Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացնելու՝ վիրավորանք հասցնելու, ինչպես  նաև մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքեր»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում: 

Դիրքի ավագը կասկածվում է երկու դրվագով հանցագործություն կատարելու մեջ`ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մաս` Մարտական հերթապահության կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝ պատժվում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ, և 360-րդ հոդվածի 2-րդ մաս` Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է պետի կողմից ստորադասի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ: Արարքը պատժվում է առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Եթե դատարանը առաջադրված 2 մեղադրանքն էլ համարի հաստատված, հենակետի ավագին կսպառնա առավելագույնը 4 տարվա ազատազրկում: Արթուրի հարազատների տվյալներով` դիրքում գտնված 5 զինծառայողները շարունակում են ծառայությունը: Կասկածյալը ևս ազատության մեջ է: 

Ինչո՞ւ են իրենց տղային սպանել, և ով է կատարողը, այս հարցով Գասպարյանների ընտանիքը դիմել է Պաշտպանության նախարարություն: Որևէ բացատրություն չտալով`այնտեղից նրանց ուղարկել են Դատախազություն: Դեռևս չի ստացվել նաև վարչապետին ուղարկված նամակի պատասխանը. 

«Խնդրել ենք, որ գործն անուշադրության չմատնեն, ու մեզ չխաբեն, թե Արթուրն ինքնասպան ա եղել»: Գասպարյանները ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ:  Ընտանիքը դժգոհ է ընթացող քննության ընթացքից. «Ոչ մի բան չեն անում: Երբ զանգում ես, ասում են` դեռ նորություն չկա, լինելու դեպքում ձեզ կասենք»,- բողոքում է Լիլիթ Գասպարյանը:

«Ով որդուս կյանքից զրկել ա, ով դրա մեջ մի փոքր մեղք ունի, պիտի պատասխան տա: Կարող ա` ես չեմ կարա էնպես անեմ, որ պատասխան տա, բայց Աստված կարա: Հավի ճուտ չէր, որ կորավ գնաց, ես քննիչներին էլ եմ ասել` 6-ն էլ թող դատվեն, ո՞նց կարար 6 հոգուց մեկը չիմանար, թե ոնց եղավ... ասում են` մենք չգիտենք: Եթե ինքնասպանություն ա, ուրեմն ղեկավարության մատը խառն ա»,- համոզված է Մարինեն: 

Դիրքում գտնված 5 զինծառայողներն ասել են`դեպքի պահին իրենք բլինդաժում են եղել, Արթուրը`խրամաբջիջում: Մահվանից առաջ` 01:00-ին նա արդեն հանձնել էր հերթափոխը: Ընտանիքին ասել են, թե կրակած զենքի վրա մատնահետք չի հայտնաբերվել, ինչը տարօրինակ է` անհավատալի:

Ծառայությունից Արթուրը երբեք չի բողոքել: Մայրը վստահ է` եթե իր տղային  նեղացնող լիներ, կկիսվեր իր հետ, ցավը չէր պահի մեջը: Տիկին Մարինեին մնում է միայն մխիթարվել որդու սիրառատ խոսքերը վերհիշելով. «Ամեն զանգելիս ոչ թե մամ էր ասում, այլ` սրբությունս, ասում էր` պապան համ իմ ընկերն ա, համ ախպերն ա, բայց դու իմ միակն ես, իմ սրբությունն ես...»։

Ռոբերտ Անանյան