Իշխանափոխությունից հետո Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ուղիղ ժողովրդավարության գաղափարը: Պետական կառավարման համակարգի պարբերական բռնազավթման, ազատ ընտրությունների մեխանիզմի եւ արդարադատության համակարգի կաթվածահարության պայմաններում հայ հասարակության մեջ զգալիորեն մեծանում է այդ գաղափարի գրավչությունը:

Ընդհանրապես` ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամի խորացման առնչությամբ տվյալ գաղափարը լայնորեն քննարկվում է ողջ աշխարհում: Սակայն Հայաստանում դա միանգամից անվստահության ալիք առաջ բերեց` կապված այն կասկածանքների հետ, թե նոր կառավարությունը մտադիր է մանիպուլյացնել հեղափոխականորեն տրամադրված զանգվածներին: Այլ կերպ չէր էլ կարող լինել. հեշտ չէ հասկանալ տեղի ունեցած արմատական փոփոխությունների իմաստը` մնալով հանրային գիտակցության մեջ գերիշխող կլանային արժեքների ու պատկերացումների կրող:

Ներկայացուցչական ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում ճգնաժամ է ապրում տարբեր պատճառներով: Եթե զարգացած երկրներում հիմնական պատճառը լայն զանգվածներին մանիպուլյացիայի ենթարկելու հնարավորությունների աճն է, ապա այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, հիմնական պատճառ կարելի է մատնանշել հասարակության կլանային բնույթը: Հայաստանում, ինչպես եւ հետխորհրդային շատ երկրներում, մարդկանց միավորումները գերազանցապես հիմնվում են կլանային եւ քրեական սկզբունքների վրա: Խմբերի ձեւավորման այլ սկզբունքներ չեն զարգացած, ինչն էլ հանգեցնում է քաղաքացիական հասարակության թուլացման: Քաղաքական պայքարը, փաստորեն, հանգում է կլանային պայքարի:

Քաղաքական կուսակցությունները մեծամասամբ միավորվում են մեկ առաջնորդի շուրջ, որը միանձնյա որոշումներ է կայացնում: Որպես կանոն, յուրաքանչյուր միավորում իրեն համարում է ճշմարտության միակ կրող: Որեւէ բազմակարծություն ընդունելի չէ: Մեծ մասամբ այդպիսի կուսակցությունները վերածվում են «մարդ-կուսակցություն» երեւույթի, որոնք տասնամյակներ շարունակ մնում են այդպես երկրի քաղաքական կյանքին կառչած եւ ծառայություններ մատուցում ցանկացած իշխանավորի: Միանգամայն օրինաչափ է, որ քաղաքական գործընթացները հանգում են դիմակայության` իշխանության տիրապետող «իշխող կուսակցության» եւ մի քանի միավորումների կոալիցիայի տեսքով պարբերաբար առաջացող «ընդդիմության» միջեւ: Վերջիններս ի հայտ են գալիս համապետական ընտրությունների նախաշեմին: Քանի որ երկրում ազատ ընտրությունների մեխանիզմն այդպես էլ չարմատավորվեց, յուրաքանչյուր ընտրություն բողոքների մեծ ալիք է առաջ է բերում լայն զանգվածների կողմից, որոնք վիճարկում են պետական հաստատությունների ցանկացած որոշում: Այդ գործողությունները կարելի է բնութագրել որպես ուղիղ ժողովրդավարության դրսեւորում: Ավելին` կարելի է պնդել, որ վերը նկարագրված պայմաններում ուղիղ ժողովրդավարությունը տեղայնանում է միայն բողոքի եւ անհնազանդության գործողություններում: Փաստորեն բողոքն ու անհնազանդությունը դառնում են ուղիղ ժողովրդավարության ինստիտուցիոնալ մարմնավորումը: Որեւէ այլ ձեւեր այն չի կարող ձեռք բերել:

Պատահական չէ, որ երկու անգամ` 1996 եւ 2008 թվականներին, այդօրինակ գործողություններն ավարտվեցին քաղաքական գործընթացներին բանակի միջամտությամբ: Նշված ձեւերում ուղիղ ժողովրդավարությունը միշտ ընդհուպ մոտենում է անկարգության սահմանին: Իսկ նման անկարգության վիճակից դուրս գալը նշանակում է միայն ներկայացուցչական ժողովրդավարությանը փոխարինող ավտորիտար կարգի ուժային վերականգնում: Այսինքն` տեղի է ունենում ուղիղ ժողովրդավարության հաղթահարում: Եթե չի հաջողվում գտնել ուղիղ ժողովրդավարությունն անկարգությունից առանձնացնելու միջոց, ապա միշտ տեղի է ունենում նույն այդ ներկայացուցչական ժողովրդավարության վերականգնումը:

Եթե համաձայնվենք տարածված տեսակետի հետ, թե ուղիղ ժողովրդավարության առանցքային դրսեւորումներն են հանրաքվեն կամ պլեբիսցիտը, քաղաքացիների բովանդակային-քաղաքական նախաձեռնությունները, ավելի վաղ ընտրված քաղաքացիական ծառայողին` մինչեւ նրա լիազորությունների ավարտը, պաշտոնից ազատելու հնարավորությունը, ապա պետք է ընդունենք, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը տակավին հեռու է ուղիղ ժողովրդավարության սկզբունքներից: Եվ նույնիսկ հիմա մեզանում ավելի շուտ հեղափոխական առաջնորդի ժողովրդական հավանության ինստիտուտ է առաջարկվում: Դա ուղիղ ժողովրդավարություն չէ: Ուղիղ ժողովրդավարության ծիլերը կնշմարվեն, երբ քաղաքացիները կարողանան դառնալ այն հարցերի նախաձեռնողները, որոնց շուրջ որոշումներ են կայացվում: Ուղիղ ժողովրդավարությունը կարիք ունի այնպիսի պայմանների, որտեղ ցանկացած մեկի առաջարկած նախաձեռնությունները չեն անտեսվի ու չեն ճնշվի հենց սկզբից, այլ հնարավորություն կունենան օրակարգի մաս կազմել: Արդյոք նման բան հնարավո՞ր է հայ քաղաքական գործիչների կլանային մտածողության պայմաններում:

Հայաստանում հաճախ սիրում են ուղիղ ժողովրդավարության հարցերում վկայակոչել Շվեյցարիայի փորձը: Իրոք, այդ երկրում ցանկացած քաղաքացի կարող է Սահմանադրության փոփոխություն նախաձեռնել, եթե կարողանա իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը եւ իր նախաձեռնությունը դնել հանրաքվեի: Այդ երկրում Պարտադիր հանրաքվեն օրինականացված է. եթե խորհրդարանը Սահմանադրության փոփոխություն է ընդունում, ապա այն ուժի մեջ է մտնում միայն հանրաքվեով հաստատվելուց հետո: Օրինականացված է նաեւ օպցիոնալ հանրաքվեն. խորհրդարանի կողմից օրենք ընդունելուց հետո քաղաքացիներն իրավունք ունեն տվյալ օրենքը չեղարկելու համար հանրաքվե կազմակերպել: Այդ երկրում անընդհատ քաղաքական գործընթաց է գնում` բոլոր նախաձեռնությունների լայն քննարկմամբ: Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցելու քննարկմանը եւ պաշտպանելու իրենց շահերը: Ոչ ոք չի կարող անտեսել կամ արգելափակել որեւիցե մեկի նախաձեռնությունը. չկան կլաններ եւ չկան «մարդ-կուսակցություններ»: Կա հասարակություն եւ համընդհանուր պատասխանատվություն բոլորին տրված խոսքի համար: Միակ ճշմարտության կրողներ չկան:

Հնարավո՞ր է արդյոք նման բան Հայաստանում: Եթե կա ցանկություն, ապա պետք է հավատալ եւ ձգտել դրան: «Թավշյա» հեղափոխությանն էլ շատ քչերն էին հավատում, բայց ստացվեց, չէ՞:

Մանվել Սարգսյան

Հոդվածը հրապարակվել է www.acnis.am

Pin It on Pinterest