2017 թվականի դեկտեմբերի 11-ին Ն զորամասում սպանված զինծառայող Նարեկ Ադիբեկյանի գործում սենսացիոն փաստ է արձանագրվել: Զինդատախազության երրորդ կայազորային բաժնի քննիչները սպանված զինծարայողին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի միաժամանակ 4 հոդվածով՝ 139՝ «սեքսուալ բնույթի գործողություններ», 182՝ «Շորթում», 359՝ «Կանոնագրքային հարաբերությունների խախտում» և 360՝ «Զինծառայողին վիրավորելը զինծառայության վայրում»:

Հիմքը մեկ անձի՝ Մ.Մ.-ի ցուցմունքն է, որին քննիչն իր որոշումներում այսպես է բնութագրում. «անհոգ է, մտահոգ, քչախոս, անհամարձակ, մեկուսի, մեղսունակ, «նրա մոտ հայտնաբերվել է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն»: Իսկ ռազմաբժշկական հանձնաժողովը ենթադրյալ մարդասպանին բանակ ճամփելիս, փաստաթղթերում գրել էր, «անմեղսունակ»: Գործում երկու փորձաքննություն կա նրա անձի վերաբերյալ, հակասական արդյունքով: Ըստ առաջինի, մարդասպանը գիտակցել է, ինչ է անում, երկրորդի համաձայն, նա եղել է աֆեկտի տակ: Եւ ահա այս անձի ցուցմունքը հիքմ ընդունելով, երրորդ կայազորային քննչականը փակելու միտում կա:

Աղմկահարույց պատմության տգեղ մանրամասները

Մ.Մ-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկում երկար ժամանակ՝ մոտ երեք ամիս, պարբերաբար սեռական տանջանքների և բռնությունների են ենթարկել: Մ. Մ-ի իրական տվյալները չենք հրապարակում նրա հարազատների խնդրանքով: Նա դեպքից անմիջապես հետո ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Հայտնել է, որ Ադիբեկյանն է իրեն հետապնդել, ծեծել, իրենից 5 հազար է շորթել, օծանելիք, իսկ սպանության օրը իրեն «ծնող է հայհոյել», ինչը վերջին կաթիլն է եղել:

Երբ Մ. Մ-ն և Նարեկը երկուսով մենակ են եղել մարտական հերթապահության վայրում, ինքը Նարեկից թաքուն իցքավորել է իր ինքնաձիգը և առանձին մենահատ կրակոցներ արձակելով սպանել է վերջինիս: «Եթե կողքով անցնելուց սիլլեին, գլուխն էլ չէր թեքի, որ պատասխաներ», — այսպես են «մարդասպանին» բնորոշում Մ.Մ-ի համագյուղացիները, իսկ նրա հարազատները պատմում են, որ Մ-ն տանջված, բարի, խելոք տղա է եղել, ոչ մեկին երբեք չի նեղացրել իր կյանքում: Սա նաև քննիչների վարկածի հիմքն է:

Ըստ դատաբժշկական եզրակացության, Մ-ի ափերի մեջ, իրոք, այրվածքների հետքեր են եղել, վնասվածքներ բերանի, այտերի, քթի, ամորձիների և հետույքի շրջանում, ուղիղ աղու արյունազեղումներ և պատռվածքներ, աղիքի ներթափանցումների հետքեր: Քննիչները ապացուցված են համարում, որ բոլոր այս վնասվածքները հասցրել է մի զինվոր՝ Նարեկ Ադիբեկյանը, որը չկա այլևս, որը չի կարող ոչ մի բառ ասել որպես արդարացում:

Նարեկն ինքն է զոհ

Ադիբեկյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը վստահ է, որ կատարվածը անգամ հեռավոր աղերս չունի պաշտոնական վարկածի հետ։ “Մ.Մ-ն մասնակցություն չունի Նարեկ Ադիբեկյանի սպանության հարցում, իսկ Նարեկը՝ Մ-ի խոշտանգման հարցում: Մեկ ցուցմունքը բավարար չէ մարդուն նման մեղադրանքեր հետմահու առաջադրելու համար: Նարեկին և Մ-ին պետք է արդարացնել», — հահոզված է Ադիբեկյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Փորձաքննությունների եզրակացություններն ուսումնասիրելով, նա և քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը բազմաթիվ քննչական սխալներ են հայտնաբերել:

Օրինակ, նկատել էր, որ իրեղեն ապացույցների փաթեթներից պարկուճը փոխարինել են փամփուշտով / պարկուճով հնարավոր է որոշել, թե ում զենքից է կրակված այն/, դեպքի վայրից գտած պարկուճները չեն ներկայացրել փամփուշտ, այլ կերպ ասած՝ ինչպես կարողացել են, «խմբագրել են» իրեղեն ապացույցների փաթեթների պարունակությունը: Հայարփի Սարգսյանը բողոք է ներկայացրել դատախազություն, քննիչներին մեղադրելով դեպքի վայրը կեղծելու մեջ: ՀՔԾ-ն քննել է բողոքը և որոշել է, որ քննիչները «շփոթվել» են, դեպքի վայրը սխալ են զննել, որովհետև մութ էր:

ՀՔԾ-ն եզրակացրել է. քննիչը «շփոթվել է»

Քրեագետ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն է պատմում. « ՀՔԾ քննիչ Կալաջյանը չի բարեհաճել նույնիսկ հարցաքննել դեպքի վայրի զննությանը մասնակից անձանց և ընթեկաներին: Նա ընդամենը հիմք է ընդունել քննիչների պատճառաբանությունը, որ եղել է ժամը մութ և որ իրենք դիտավորություն չեն ունեցել կեղծիքներ թույլ տալու, այլ շփոթմունքի պատճառով են այդ կեղծիքներն առաջացել են: Եթե հավատանք գրածին, ապա ստացվում է, որ քննչական բաժնում անտերություն է, քննիչներն ինչ ուզում, անում են, քննչական բաժնում չկան նորմալ մասնագետներ և դատախազական հսկողություն: Այն հանցագործությունները, որ մենք հայտնաբերել ենք գործում, վերահսկող մարմինը պետք է տեսներ մեզանից առաջ»:

Ուսումնասրելով Ադիբեկյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի հաղորդումը հանցագործության մասին, որտեղ մատնանշված են փաստեր, փորձագիտական եզրակացություններով հիմնավորված, դատախազությունը պատասխանել է նրան, որ անգամ կարգապահական վարույթ հարուցելու հիմք չկա:

«Նրանք պնդում են, որ շփոթմունք է եղել: Խծուծներ զինվորիերից չեն վերցվել, հայտնաբերելու համար, թե ովքեր են եղել դեպքի վայրում, մատնահետքեր չեն վերցվել, իրեղեն ապացույցների փաթեթին ավելացվել է ոչ թե մեկ, այլ միանգամից 30 փամփուշտ, որոնք չեն նշվել փաթեթի վրա: Նման սխալները չեն կարող սովորական շփոթմունքի հետևանք լինել: Սա ոչ թե շփոթմունք է, այլ ապացույցների վերացում: Մենք կրկին դիմել ենք գլխավոր դատախազություն, որ այս փաստերով պատշաճ քննություն իրականացվի: Պատասխանը դեռ չի ստացվել», — ասում է փաստաբանը: Քննիչների հանցագործությունը կոծկելու համար, ՀՔԾ-ն անհավանական վարկած է մոգոնել, նոր կեղծիք ավելացնելով գործին:

Քննիչ, թ՞ե սերիալ գրող

Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, Նարեկի և Մ-ի «ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է վեց պարկուճ և դրանք ուղարկվել են փորձաքննության երկու ինքնաձիգների հետ միասին: Փորձագետները տվել են եզրակացություն, որ 4 պարկուճները կրակված է եղել Մ.Մ-ի կողմից, իսկ երկուսը՝ անհայտ անձի կողմից: Ո՞վ է եղել այդ «պարոն Իքսը»: Տրամաբանական է ենթադրել, որ այս հարցի պատասխանը կարող էր լույս սփռել սպանության հանգամանքների վրա, գուցե, բացահայտել իրական մարդասպանին: Բայց ակնհայտ է, որ քննիչները չունեն նման նպատակ: Մեր քննիչները, զինվորների մահվանն առնչվող գործերում ֆանտաստիկ երևակայություն են դրսևորում:

Դեկտեմբերի 10-ին, սպանությունից մեկ օր առաջ, այդ նույն վայրում, որտեղ սպանվել է Նարեկը, շուն են սպանել: «Այդ երկու պարկուճները, պարզվում է, կրակվել են ոչ թե դեպքի օրը, այլ մեկ օր առաջ ավագ լեյտենանտ Սասուն Վարդանյանի կողմից, որը, իբր, կրակել է իր անձնական շան վրա, իր ինքնաձիգի «ֆուկուսը» կարգավորելու, այսինքն, այն համապատասխան նշանառության բերելու համար», — պատմում է ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Ստացվում է, որ հայ սպաները հրեշավոր կերպարներ են, որոնք ոչ թե ծառայելու են գնացել, այլ իրենց սադիստական հակումներին հագուրդ տալու՝ շուն, կամ զինվոր կրակելու, բռնաբարելու, տանջելու:

«Անգամ եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ Սասուն Վարդանյանն իր գործողություններով կոպտորեն խախտել է մարտական հերթապահության կանոննները: Նա իրավունք չուներ մարտական հենակետում կրակել: Ապացուցված են համարում, որ նա կրակել է, սակայն ոչ մի պատասխանատվության նա չի ենթարկվել», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը: Ի դեպ, Սասուն Վարդանյանը պնդել է, որ իր զենքից չի կրակել շանը, սակայն փորձաքննության արդյունքով, պարկուճներից մեկը կրակված է հենց Սասուն Վարդանյանի զենքից, իսկ մյուսը՝ անհայտ զենքից: Գուցե ն՞ա է իրական հանցագործը: «Չի բացառվում», — պատասխանում է Ռուբեն Մարտիրոսյանը:

«Սա հարգանքի բացակայություն է զինվորի, բանակի նկատմամբ»

Եւ այսպես, պաշտոնական վարկածով Ադիբեկյանի սպանությա ն վայրում կրակողները երկուսն են եղել՝ Նարեկն ու սեռական բռնությունները զոհ Մ.Մ-ն: Նրանք երկուսով են եղել դիրքում: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության կատարած հետաքննության արդյունքում պարզվել էր, որ Ադիբեկյանի սպանության վայրում գործի է դրվել առնվազն երեք զենք, իսկ այժմ արդեն ապացուցված կարելի է համարել, որ դեպքի վայրում կրակվել է առնվազն 4 և ավելի զենքերից, այսինքն, այստեղ փոխհրաձգություն է տեղի ունեցել, մարտ, որին մասնակցել են 4 անձ:

Կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը եզրակացնում է. Զինվորական գործերով քննչական մարմինները խոր դեգրադացիա են ապրում։ Խղճուկ, ողորմելի քննություն են վարում: Նարեկը ծառայել է ռուսական բանակում, խախտումով զորակոչվել է հայկական բանակ ու հետո նրան սպանել են։ Փոխանակ բացահայտեն գործը, մահացած մարդու վրա են դնում իրենց անկարողությունն ու անգործությունը: Սա հարգանքի բացակայություն է զինվորի, բանակի նկատմամբ։ Սպանել են զինվորին, հիմա էլ մեղադրում են»:

Ըստ Մ.Մ-ի ցուցմունքի, նա 16 մենահատ կրակոց է արձակել Նարեկի ուղղությամբ: Բայց դեպքի վայրից գտել են ընդամենը 6 պարկուճ: ։ Պարկուճները թեւեր չունեն, դրանք ընկնում են կրակող անձից մինչեւ մեկ մետր հեռավորության վրա, և ուրեմն, ո՞ւր են մնացած տասը: Դատախազությունը, պատշաճ հսկողություն չիրականացնելով այս գործով, ՊՆ-ն՝ զորամասի հրամանատարությանը պատասխանատվության չենթարկելով, քննիչները՝ կատարած հանցագործությունը կոծկելով, բերել են նրան, որ նախաքննությունը փակուղի է մտել:

Դրանից դուրս գալու միակ ուղին այն է, որ նշված մարմինները դադարեն կոծկել հանցանքները, պատժեն բոլոր պատասխանատուներին՝ զորամասում, քննչական մարմնում և ՊՆ-ում: Միայն այսպես հայկական բանակն արատավորող հանցածին բարքերին վերջ կդրվի:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest