լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Այս պահին կարող ենք ասել, որ փակված է զինված ապստամբության էջը

Այս պահին կարող ենք ասել, որ փակված է զինված ապստամբության էջը
«Սասնա Ծռեր» անդամ Մխիթար Ավետիսյանը քիչ առաջ ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ պատգամավորական անձնական երաշխավորությամբ փոխեց Ավետիսյանի խափանման միջոց կալանքը։Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա Ծռեր» քրեական գործով նիստի ժամանակ, պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Մխիթար Ավետիսյանի խափանման միջոց կալանքը, հիմքում նշելով պատգամավորական երաշխավորությունը. «ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը այսօր առավոտյան անձնական երաշխավորություն են ներկայացրել այն մասին, որ ազատության մեջ գտնվելով, Մխիթար Ավետիսյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ չի խոչընդոտի դատավարական բնականոն ընթացքին»,- նշեց պաշտպան Պետրոսյանը։

Հայտարարված ընդմիջման ընթացքում դատարան ժամանեցին երաշխավորություն ներկայացրած պատգամավորները։ Դատավոր Մեսրոպ Մակյանը պատգամավորներին պարզաբանեց Մխիթար Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի մասին, ապա տեղեկացրեց՝ եթե ամբաստանյալը պատշաճ վարքագիծ չդրսևորի, ապա մուծված 1 մլն գրավ գումարը կդառնա պետության եկամուտը. «Անձնական երաշխավորողը նաև պատիժ կարող է կրել, եթե չարամտորեն չի կատարում իր պարտականությունները, ինչի հետևանքով ամբաստանյալը խուսափում է դատաքննությունից: Այդ դեպքում երաշխավորը պատիժ է կրում որպես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ երկու տարվա ազատազրկմամբ: Մնացած դեպքերում գումարը վերադարձվում է անձնական երաշխավորին»,- պարզաբանեց դատավոր Մակյանը, ինչից հետո պատգամավորները ստորագրությամբ հաստատեցին իրենց երաշխավորությունը։ Վերջիններս հեռանալիս ձեռքսեղմումով ողջունեցին ամբաստանյալներից յուրաքանչյուրին։

Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդությանը, ամբաստանյալներն էլ իրենց հերթին դատարանին խնդրեցին բավարարել այն։Խմբի անդամներից Արայիկ Խանդոյանն էլ ոտքի կանգնեց եւ շնորհավորեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ ծննդյան օրվա առթիվ. «Առողջ լինես, ախպե՛ր ջան, մեր գլխից անպակաս»: Շնորհավորանքին միացավ նաեւ Պավլիկ Մանուկյանը՝ Սեֆիլյանին անվանելով «զորավար»: Դահլիճում գտնվող Սեֆիլյանն էլ իր հերթին ոտքի կանգնեց եւ շնորհակալություն հայտնեց ընկերներին։ Մանուկյանը շարունակեց խոսքը, բողոք հղելով ներկայիս իշխանություններին՝ դժգոհելով դատաքննության այսպիսի ընթացքից: Դատավոր Մեսրոպ Մակյանը չհամաձայնեց. «Դժգո՞հ եք, որ ձեր ընկերներին կալանքից ազատո՞ւմ են…դատավարության կարգն է այդպիսին»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ պետք է սպասել պատգամավորներին: Ի պատասխան դատավորի նկատառմանը, Պավլիկը շեշտեց՝ իրենք արժանի չեն նման վերաբերմունքի, քանի որ չեն պատրաստվում խուսափել արդար դատաքննությունից. «Մենք ազգի զինվորներ ենք: Ես երկու անգամ թուրքական բանտ եմ նստել: Ոչ դոլարով են կարողացել ինձ առնել, ոչ էլ ռուբլիով: Հիմա էլ չեն կարող առնել»,- հայտարարեց նա եւ ավարտեց խոսքը։ 

Մեղադրանքի կողմն էլ, անդրադառնալով ներկայացված միջնորդությանը շեշտեց, որ երկրում իրավիճակի փոփոխության հետ կապված, նվազել է այն վտանգը, որ ազատության մեջ գտնվելով, մեղադրյալը նոր հանցանքներ կգործի եւ կխոչընդոտի արդար դատաքննությանը. «Այս ամենը հաշվի առնելով, մեղադրական կողմը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման»,- հայտարարեց Պետրոս Պետրոսյանը։Շուրջ մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել բավարարել պաշտպան Պետրոսյանի միջնորդությունը եւ փոխել Ավետիսյանի խափանման միջոց կալանքը՝ պատգամավորական անձնական երաշխավորությամբ։

Դահլիճը ծափահարություններով ողջունեց դատարանի որոշումը։ Մխիթար Ավետիսյանը հենց դատարանի դահլիճից ազատ արձակվելուց րոպեներ անց ողջունեց իր հարազատների եւ ընկերներին, ինչից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Նկատենք, որ ազատ արձակված «Սասնա Ծռեր» խմբավորման անդաներից շատերը հրաժարվում էին լրագրողների հետ զրույցից։ Վերջինս շեշտեց, որ երկրում իրավիճակի փոփոխությամբ, այսօր իրենք այլ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին. «Այսօր ժողովուրդը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլ արեց, հասավ իշխանափոխության եւ ընտրեց ժողովրդի թեկնածուին։ Այս պահին կարող ենք ասել, որ փակված է զինված ապստամբության էջը, դե գոնե մեր անունից կարող եմ այդպես ասել»,- նշեց Ավետիսյանը։ Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարան»-ի տարածած հայտարարությանն այն մասին, որ առաջիկա ընտրություններին իրենք եւս մասնակցելու են, Մխիթար Ավետիսյանը հաստատեց այն. «Ընտրությունների ակտիվ գործընթացին մասնակցելու ենք, մեր տղաներից շատերին ես տեսնում եմ Խորհրդարանում։ Սակայն, ես որեւէ թեկնածություն չեմ դնի, քանի որ քաղաքացիությունս չի համապատասխանում»,- հայտարարեց Ավետիսյանը եւ հեռացավ նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ Մխիթար Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, բացի այդ , հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս , իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել է իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։

Ռոզա Վարդանյան
285
Print
արդար դատաքննության իրավունք
Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը

Այսօր Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում մարդաշատ էր: Ալավերդի քաղաքից հոծ բազմություն էր ժամանել՝ ոտքից գլուխ սև հագնված տղամարդիկ, դաջվածքներով երիտասարդներ: Նրանք եկել էին մասնակցելու իրենց քաղաքի հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով դատական նիս

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը

«Հայտարարված ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում: Գալիս ես դատարան, էդ մարդկանց չես էլ տեսնում, ոչ մի բառ չես փոխանակում, մեկ էլ հանկարծ սենց բան ես լսում: Մեր բոլորի համար անսպասելի էր Պավլիկի խոսքերը»,- Forrights_ի հետ զրույցում նշեցին «Սասնա Ծռեր»-ի անդամներ Մխիթար Ավետիսյանն ո

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Ազարյանի համար հանրային պաշտպան կներգրավվի 17.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Ազարյանի համար հանրային պաշտպան կներգրավվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը, այս անգամ եւս նիստին ներկայացել էր առանց պաշտպա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: