Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Ամարյանը մեղադրվում է պաշտոնատար անձանց` տվյալ դեպքում ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Յուրա Ամարյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը, forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանում շարունակում է գործել նախկին, վատ պրակտիկան, երբ մեղադրական կողմը չկարողանալով հիմնավորել մեղադրանքը՝ սկսում է քանակական ապացույցների դիմել` այդ կերպ անիմաստ վատնելով հանրային և պետական միջոցները: Վերջինիս խոսքով՝ ստացվում է, որ գործի հետ առնչություն չունեցող վկաների միջոցով մեղադրող կողմը փորձում է իր ապացույցները հիմնավորել:

«Նույնը տեղի ունեցավ օգոստոսի 24-ի նիստին, երբ դատարան, մեղադրող կողմից, որպես վկա ներկայացել էր բանկի բանվորներից մեկը, ով ցուցմունքում նշել է, որ ոչնչից տեղյակ չէ, որևէ բան չի տեսել և չի լսել: Մեղադրանքի կողմը որպես քանակական ապացույց ներգրավում է ամենատարբեր մարդկանց, ովքեր բացարձակապես գործով որևէ հանգամանքի մասով չեն կարողանում ցուցմունք տալ: Նույն ցուցմունքը տվյալ անձը տվել է գործով նախաքննության ժամանակ, և դրանից արդեն պարզ է դառնում, որ այդ մարդը դատակոչի չպետք է ենթակա լիներ»,-ասաց Արայիկ Պապիյանը:

Խոսելով գործի հնարավոր զարգացումներից՝ Արայիկ Պապիկյանը նախ հույս հայտնեց, որ այն իր եզրահանգմանը կգա մինչև տարեվերջ, այնուհետև նշեց իր մտավախությունները առ այն, որ իրականում որևէ մեղավորություն չունեցող, նրա պաշտպանյալ Յուրա Ամարյանը կմեղադրվի, սակայն մեկ այլ հնարավոր` «մեծահոգության» սցենարով, չի ձերբակալվի:

«Մտավախություն կա , որ դատարանը կգա այն եզրահանգման, որ Ամարյանը մեղավոր էր, ԴԱՀԿ աշխատակիցները բոլորը հրեշտակներ են եղել, որևէ մեկը Յուրային չի վիրավորել, վերջինիս հանդեպ բռնություն չեն գործադրել, չեն հայհոյել նրա ազգությունը, և «լավություն» կանեն չեն կալանավորի Յուրային, որպեսզի Յուրան և նրա բարեկամները շնորհակալություն հայտնեն, որ վերջինիս տևական ժամանակով չեն բանտարկել»,-նշեց պաշտպանը, այս ամենը համարելով հնարավոր սցենար:

Որքան էլ, որ մեղադրող կողմը այս փուլում հայտարարել է, որ այլևս բողոքներ չունի, փաստաբանի հավաստմամբ առաջադրված հոդվածով քրեական գործերը հանրային բնույթի են և անկախ տուժողի բողոքել կամ չբողոքելուց, դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի այն:

Հաջորդ նիստին, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 25-ին, գործով ևս մի քանի վկանների պետք է լսեն, ովքեր Պապիկյանի համոզմամբ կապահովեն հերթական քանակական ապացույցների մասը, ցուցմունքում նշելով որ` ոչնչից տեղյակ չեն:

Հիշեցնենք, որ Յուրա Ամարյանը տարիներ առաջ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել, այնուհետև հայհոյել են վերջինիս ազգությունը, ինչից հետո հորդորել են չբողոքել, սակայն որոշ ժամանակ անց ԴԱՀԿ աշխատակիցները իրենք են բողոք ներկայացրել Ամարյանի դեմ:

Գործը դատարանում քննվում է ավելի քան 3 տարի:

Լիանա Այվազյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest