լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.06.2018 | բանակ

Նոր զարգացումներ զինծառայողի բռնաբարության գործով. նա հրաժարվել է արագացված դատաքննությունից և արցախցի փաստաբանից

Նոր զարգացումներ զինծառայողի բռնաբարության գործով. նա հրաժարվել է արագացված դատաքննությունից և արցախցի փաստաբանից
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում սկսվել է Մարտակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած առանձնահատուկ դեպքի շուրջ դատաքննությունը։ Հունիսի 3-ին երկրորդ դատական նիստն էր նշանակված։ Ամբաստանյալը ժամկետային զինծառայող Կ․-ն է, որը փետրվարին, բանակ զորակոչվելուց օրեր անց ահազանգել էր մորը, որ իր անմիջական հրամանատար, կապիտան Գ․-ն ծեծել է եւ պարբերաբար բռնաբարել է իրեն: 

Գ-ն այս գործով անցնում է որպես տուժող։   Նա երդվում է, որ երիտասարդն իրեն զրպարտել է բանակից ազատվելու նպատակով:   

Կ․-ն այս գործով միանգամից չի մեղադրվել։ Նա, նախ, տուժող էր, որին պահում էին ռազմական ոստիկանությունում, ոստիկանների անսահման տիրապետության ներքո,  հոգեբանական ճնշումների էին ենթարկում, թույլ չէին տալիս, որ առանց վկաների հանդիպի մորը, ստիպեցին հրաժարվել փաստաբանից: Ի վերջո, զինծառայողը ցուցմունք գրեց, որ զրպարտել է սպային, և նրան մեղադրանք առաջադրեցին քրեական օրենսգրքի 333 հոդվածով՝ «Սուտ մատնություն»:   

Այդ պահից սկսած երիտասարդի ճակատագիրը կանխատեսելի էր՝ արագացված դատաքննություն և ազատազրկման փոքր ժամկետ, կամ, լավագույն դեպքում պատժի պայմանական կիրառում: Բայց հունիսի 3-ին, դատարանում երիտասարդը անսպասելիորեն հրաժարվել է արագացված դատաքննությունից, հրաժարվել է երրորդ կայազորային քննչական խմբի ղեկավար Արտակ Ոսկանյանի կողմից նրան հրամցված արցախցի փաստաբանից: Ինչ կլինի հետո, պարզ չի, սակայն հնարավոր է, որ զինծառայողը հրաժարվի ինքնախոստովանական ցուցմունքներից:   

Պետք է ընդունել, որ երկար ժամանակ ճնշումների տակ գտնվող երիտասարդի համար սա համարձակ քայլ էր: Նրա փաստաբան, Արցախի հանրային պաշտպանը  Իշխանյան ազգանունով /իր անունը նա հրաժարվեց նշել. - Ս.Ս./ Forrights.am -ի հետ զրույցում հերքեց ճնշումների փաստը, ասելով. «Նրան ոչ ոք չի ճնշել, նա շատ լավ է իրեն զգում»: Փաստաբանը հորդորում էր մեզ չխառնվել և թողնել, որ քննիչները աշխատեն:   

Երիտասարդի տեսքից, սակայն, ըստ նրա մոր, չի երևում, որ նա «շատ լավ է իրեն զգում»: Կ-ին զորակոչել են «դեմոդեքս» կոչվող մաշկային հիվանդությամբ, որի դեպքում, ըստ օրենքի, բանակ չեն տանում, և սթրեսներից այն սրվել է։ բացի այդ, երիտասարդը սրտի նոպաներ է ունեցել։ ՊՆ պաշտոնյաները վերջապես միջամտել են, և նրան պառկացրել են ռազմական հոսպիտալ։   Մայրը դատական նիստի օրը որդուն տեսել է ընկճված վիճակում, դեմքը վերքոտ, սրտի ստուգիչ սարքը դոշին։ 

«Լեյկոպլաստիրով դոշին ապարատը կպցրած էր, ինձ չէին էլ ասել, որ սիրտը վատ ա,- տագնապում է մայրը, - այսօր կրկին դուրս են գրել Կ-ին։ էլի նույն թարախներով  դուրս են գրել,  գլխին տեղ-տեղ մազերը թափած, հիվանդ վիճակում, նեվրոզով, աղիքների հիվանդությամբ։ Ասեց՝ մամա ջան, ծխում եմ։ Ինքը երբեք չի ծխել, բայց ասեցի՝ բալես, ծխի, եթե դա քեզ թեթևավացնում ա»։    

Գտնվելով ռազմական ոստիկանությունում զինծառայող Կ-ն այնքան հուսահատված է եղել, պատրաստ ծայրահեղ քայլերի, որ գրություն է ուղարկել մորը.   «Եթե ինձ հետ մի բան կատարվի, մեղավոր ճանաչեք Գ-ին»: Սրանից կարելի է ենթադրել, որ Գ-ն մուտք ուներ երիտասարդի մոտ, ի տարբերություն վերջինիս մոր: Կինը պատմում է, որ դատախազությունից իրեն կանչել են և ստիպել են բացատրություն տալ, թե գրությունն ինքն է գրել։ Ձեզ ստիպե՞լ են, որ դուք նման բացատրություն գրեք՝ հարցին պատասխանեց․ «Այո»։   

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին, պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով իր որդուն տեղափոխեն զինվորական հոսպիտալ, քանի որ նրան բժիշկների եւ հոգեբանների օգնություն է պետք:   Պաշտպանության նախարարության գնդապետ, Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանի միջամտությամբ տեղափոխել են զինվորական հոսպիտալ:

Պետք է նկատել, որ ՀՀ պաշտպանական գերատեսչության պահվածքը բանակում նմանօրինակ դեպքերի հետ կապված փոխվել է: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը անվերապահորեն հերքում էր, որ հայկական քաջարի սպան առհասարակ կարող է նման նողկալի արարք թույլ տալ, իսկ մեր հետաքնննությունն այս գործով և դրա արդյունքում արված հրապարակումները իր խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով որակում էր որպես «ապատեղեկատվություն»,  «սպայակազմի և ժամկետային զինծառայողների փոխհարաբերությունների մասին թյուր կարծիք ձևավորելու նպատակ ունեցող»:   

Այսօր ՊՆ ղեկավարությունը ավելի սթափ է նայում բանակում տիրող իրավիճակին: «Առավոտի» հետ զրույցում գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը երեկ նշել է. «Մենք պետք է այստեղ իրազեկումը բարձրացենք, որ եթե իրականում նմանօրինակ փորձեր, դեպքեր լինեն, գոնե զինծառայողը վստահություն ունենա համապատասխան կառույցի նկատմամբ՝ սկսած մեզնից, ասենք, թեկուզ մենք, որպես պայմանական վերահսկողական օղակ ԶՈՒ-ում, մարդու իրավունքների կենտրոնը՝ իր թեժ գծով, մարդիկ կարողանան վստահաբար դիմել, մենք կկարողանանք երաշխավորել իրենց իրավունքների պաշտպանությունը»:     

Հիշեցնենք, որ գործով երկու անգամ դատաբժշկական փորձաքննություն է արվել: Առաջին՝ թիվ 87 եզրակացությամաբ հաստատվում են Կ-ի ցուցմունքները իրեն սեռական բնույթի գործողությունների ենթարկելու վերաբերյալ: Նրա ուղիղ աղիքի շրջանում հայտնաբերվել են բութ առարկայի ներգործության հետևանքով հասցված վնասվածքներ: Դրանց ստացման ամսաթիվը համընկնում է Կ-ի նշած ժամկետի հետ: Երկրորդ փորձաքննությունը, որը արվել է ինքնախոստովանական ցուցմունքներ գրելուց հետո, վնասվածքների ստացման անորոշ ժամկետ է նշում՝ 7-10 օրվա և ավելի։   Այս փաստը անուղղակիորեն վկայում է, որ երկրորդ փորձաքննությունը, որի կարիքը չի եղել, ակնհայտորեն արվել է սուտ մատնության վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքների համար հիմք ստեղծելու նպատակով: 

Սյուզան Սիմոնյան

Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ հոգեբանական և առողջական խնդիրներով տառապող Կ-ին    հոսպիտալից տեղափոխել են  Ստեփանակերտի Ռազմական ոստիկանություն: 
5250
Print
բանակ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. 13.08.2018 | բանակ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Վերաքննիչ քրեական դատարանը հիմք ընդունելով նրա անձեռնալխելիությունը, փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը։    

«Չի կարող անձը ենթարկվել պատասխանատվության

Վարչապետի որդին զինվորական երդում տալիս 13.08.2018 | բանակ

Վարչապետի որդին զինվորական երդում տալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը, ով այսօր զինվորական երդում է տվել: 

«Որդիս՝ զինվորական երդում տալիս», – գրել է Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով որդու լուսանկարը:
Շարունակում են բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին 9.08.2018 | բանակ

Շարունակում են բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին

Զինակոչիկների հիվանդությունների ախտորոշումը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ: Այդ մասին է վկայում քաղաքացի Վաղարշակ Տոնապետյանի երկու որդիների պատմությունը: Նրա երկու որդիներն էլ բանակ զորակոչվելիս առողջական խնդիրներ են ունեցել, ինչին ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովը պատշաճ ուշադրություն չի դա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: