Քաղաքացի Ջուլիետա Կարապետյանը փաստաբան Արթուր Գրիգորյանին մեղադրում է զենքով իրեն սպառնալիք հասցնելու մեջ։ Նա հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Մինչդեռ փաստաբան Արթուր Գրիգորյանը այլ կերպ է մեկնաբանում իրավիճակը։ Նրա խոսքերով՝ արդեն նախկին վստահորդներից մեկը պարբերաբար անհանգստացնում է իրեն, ինչին իրավապահ մարմինները պատշաճ չեն արձագանքել։ Ըստ փաստաբանի՝ Ջուլիետա Կարապետյանն ամիսներ շարունակ խախտել է իր բնակարանի անձեռնմխելիությունը, ընտանիքի անդորրը, շահած գործի գումարն է ցանկացել շորթել՝ կատարելով ինքնիրավչություն:

Դեռ 2013 թվականի հուլիսի 23-ին Արթուր Գրիգորյանն փաստաբանական ծառայությունների տրամադրման պայմանագիր է կնքել Ջուլիետա Կարապետյանի հետ, որով պարտավորվել է նրա ներկայացուցչությունն իրականացնել քաղաքացիական գործով: Գործը մինչեւ Վճռաբեկ դատարան լուծվել է Ջուլիետա Կարապետյանի օգտին եւ պայմանագրի գործողությունը դադարել է։ Գործի համար վճարվել է 150 հազար դրամ։

2014 թ արդեն կնքվել է երկրորդ պայմանագիրը, որի համար վճարվել է 150,000 դրամ կանխավճար։ Արթուր Գրիգորյանը վստահեցնում է՝ տեղեկացրել է, որ գործը կարող են չշահել, քանի որ տարբեր փաստաբաններ գործը վարել էին եւ տանուլ տվել․

«Մի ճանապարհ գտա։ Նոր երեւան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու մասին էր խոսքը, մերժում ստացանք, բողոքարկեցինք դատարան։ Դատարանում այդ գործը պետք է շարունակվեր, բայց նա սկսեց չարաշահել իր իրավունքները։ Օր չկար, որ մի 60-70 անգամ չզանգեր։ Իմ բազմաթիվ նախազգուշացումներից հետո, հիմնվելով պայմանագրի կետերի վրա, դադարեցրել եմ պայմանագրի հետագա գործունեությունը։ Նա անընդմեջ, անհարկի անհանգստացնում եւ խոչըդոտում է մյուս վստահորդների հետ իմ աշխատանքը, բացի այդ կանխավճարի համալրում չի արել»,- ասում է Արթուր Գրիգորյանը։

Իսկ Ջուլիետա Կարապետյանը հակադարձում է․ «Ինքը փաստաբան է չէ, ինչ իրավունք ունի հեռախոսազանգերին չպատասխանելու, միայն գումարը վերցնելու ու խաբելու համար է»։ Ջուլիետա Կարապետյանը պահանջում է փաստաբանից իրեն հետ վերադարձնել վճարված 300․000 դրամ գումարը եւ ներողություն խնդրել։ Նա գումարը հետ ստանալու համար ոչ միայն զանգահարել է փաստաբանին, այլ նաեւ գնացել տուն։

«Այդ օրը ես մենակ չեմ եղել, մարդ կա, ով հաստատել է։ Նույնը հարեւանները, ես ընդամենը նշել եմ, որ ճիշտ է՝ գազային ատրճականս իմ մոտ է եղել, հանել, ուղղակի սեղանին եմ դրել, ջղայնացած ասել եմ, ոստիկաններն էլ չկան , վերջը կարո՞ղ է բերես, ինչ- որ բանի հասցնես։ Ինչ վերաբերում է զենքը հանեմ եւ պահեմ վրան, նման բան չի եղել»,- հիշում է Արթուր Գրիգորյանը։

Փոխարենը Ջուլիետա Կարապետյանը պնդում է՝ Արթուր Գրիգորյանը իր վրա զենք էր պահել։ «Հանել է ատրճանակը եւ պահել ինձ վրա։ Ասել է՝ կկրակեմ, կկրակեմ, այնպես բարձ ասեց, որ հարեւանները դուրս թռան, այդ ժամանակ ես փախա»։ Փաստաբանի նախկին վստահորդը պնդում է՝ Արթուր Գրիգորյանը պետք է իրենից ներողություն խնդրի եւ վերադարձնի 300․000 դրամը։

Դեպքի հետ կապված Արթուր Գրիգորյանը դիմել է Գլխավոր դատախազին խնդրանքով՝ նամակը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունել եւ հանձնարարել Ջուլիետա Կարապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցել։

Փաստաբանը որպես հիմք նշել էր ապօրինի` առանց իր համաձայնության իր անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ հավաքելը եւ օգտագործելը, ինքնիրավչություն կատարելը, իր եւ ծնողների անդորրը տեւականորեն խախտելը, փաստաբանի գործարար համբավին վնաս տալը, ինչպես նաեւ բնակարան ապօրինի ներխուժելու փորձ կատարելը եւ ծեծել տալու սպառնալիքով դրամական պահանջ է ներկայացրելը:

Փաստաբանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Սակայն Արթուր Գրիգորյանը պնդում է՝ պաշտոնական կեղծիք է թույլ տրվել։ Հետաքննության մարմինը գործ է հարուցել եւ հարուցելու հիմքում դրել է ակնհայտ կեղծ տվյալ․

«Իբրեւ ես բացատրություն եմ տվել, թե Ջուլիետա Կարապետյանը ինձ տեւական ժամանակ ծանր մարմնական վնասվածք տալու սպառնալիք է հնչեցրել։ Նման բացատրություն իմ կողմից չի եղել, դա էլ հիմք են ընդունել, որ քրեական գործը հարուցեն 137 հոդվածով՝ այսինքն ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք։ Հոդվածն ավելի մեղմ է եւ իրականությանը չհամապատասխանող, գործը բոլորովին այլ դաշտ մղելու արհեստական միտում է։ Հարցը բոլորովին դրան չի վերաբերում, երբ շորթման մասին է խոսքը գնում, շորթման դեպքում սպառնալիքն իրական կընկալվի, թե իրական չի լինի, պահանջ ներկայացնելու պահից շորթումը համարվում է ավարտված հանցագործություն»,- բացատրում է Արթուր Գրիգորյանը։

Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դա։ Իսկ Ջուլիետա Կարապետյանին մեկ անգամ եւս հիշեցնում՝ եթե ունի քաղաքացիաիրավական պահանջ, կարող է սահմանված կարգով դատարան հայց ներկայացնել։ Բայց միաժամանակ ավելացնում է, երբ Ջուլիետա Կարապետյանը բողոք է ներկայացրել Փաստաբանների պալատ, թե գումարը հետ չի վերադարձնում, պատասխանել են՝ փաստաբանի գործողություններն իրավաչափ են։

Արթուր Գրիգորյանին տեղեկություններ են հասել, որ Ջուլիետա Կարապետյանը սովորություն ունի փաստաբաններին շահագործել եւ հետո շանտաժներով գումարը հետ ստանալ, սակայն հստակ փաստեր դեռ չունի։

Սուսաննա Պողոսյան

Pin It on Pinterest