լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.04.2018 | բանակ

19 զինվորի թաքցված մահ․ ինչպես է ՊՆ-ն մոլորեցնում հանրությանը

19 զինվորի թաքցված մահ․ ինչպես է ՊՆ-ն մոլորեցնում հանրությանը
Պաշտպանության նախարարությունը միտումնավոր թաքցնում է Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը՝ մահացությունների վերաբերյալ հանրությանը տալով ոչ ամբողջական և ոչ ճշգրիտ տեղեկատվություն։ Մի բան, որում պետական քարոզչամեքենան մեղադրում է հակառակորդ Ադրբեջանին։ 

Այս եզրահանգմանը գալիս ենք՝ ուսումնասիրելով ու համադրելով 2017 թվականին Զինված ուժերում մահացած զինծառայողների թվի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակներին տրամադրած ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվությունը։ Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի Տարեկան հաշվետվության ԳԼՈՒԽ 3. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ բաժնում (գտնել՝ զեկույցի 286-րդ էջում) նշված է, որ համաձայն ՊՆ-ից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում 2017 թվականին մահացել է 75 զինծառայող։ Մարտական հերթապահության ընթացքում զոհվել (մահացել) է 41 զինծառայող, այլ պայմաններում՝ 34։ 

Մինչդեռ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում մահացել է 56 զինծառայող։ Ստացվում է՝ Պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցրել է 19 զինծառայողի մահը։ ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Forrights.am-ի հետ զրույցում մեկնաբանում է՝ ՊՆ-ն զբաղված է տարրական ստախոսությամբ․ 

«Պաշտպանության նախարարությունը հանցագործություններ է թաքցնում, մոլորության մեջ է գցում հանրությանը։ Կարող ենք արձանագրել, որ բանակում սպանությունների մասին Պաշտպանության նախարարության հայտնած որևէ թվի պետք չէ վստահել։ Այդ դեպքում հարց՝ արդյո՞ք իսկապես բանակում 75 զինծառայող է մահացել։ Ես հիմնավոր կասկած եմ հայտնում, որ այդ թիվն էլ չի համապատասխանում իրականությանը՝ զոհերն ավելի շատ են»։ 

Վանաձորում գործող իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին Հայաստանի Զինված ուժերում մահացել է 63 զինծառայող (ներառված են Արցախի և Հայաստանի տարածքներում արձանագրված դեպքերը)։ Ինչպես նշեցինք, Պաշտպանության նախարարության կողմից ՀՔԱՎ-ին տրամադրած պաշտոնական տեղեկության Զինված ուժերում 2017 թվականին 56 զինծառայողի մահ է գրանցվել, մինչդեռ ՀՔԱՎ-ը սեփական հետաքննությունն էր արել ու պարզել, որ այդ թիվը հասնում է մինչև 63-ի։ 

Արթուր Սաքունցը նկատում է՝ Պաշտպանության նախարարությունն ընդամենը շաբաթներ առաջ համառորեն հերքում էր 63 զինծառայողի մահվան փաստը, սակայն այսօր ինքն է հայտարարում առնվազն 75 զինծառայողի մահվան մասին, ինչը տարակուսելի է։ «Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը ոգևորված վիճարկում էր մեր ներկայացրած 63 թիվը, իսկ հիմա Օմբուդսմենի գրասենյակին հայտնում են 75 թիվը։ Դուրս է գալիս՝ վիճարկում էին, որ մեր ներկայացրած թիվը իրականից քիչ է»,- ասաց Արթուր Սաքունցը։  

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Forrights.am-ի հետ զրույցում նախ ասաց, թե ՊՆ-ն ամեն տարեվերջին մահացությունների հստակ թվեր է հրապարակում և դրա հետ կապված ինքը մեկնաբանություն չունի։ Հետո ավելացրեց՝ իր փորձը հուշում է, որ ամեն տարի նման անհամապատասխանություն է լինում․ «Որովհետև տարբեր մեկնաբանությունների խնդիր կա այստեղ։ Մեկը ներկայացնում է ծառայության հետ կապ ունեցող, մեկը՝ կապ չունեցող (մահացությունների, խմբ․) տվյալներ, մեկը ներկայացնում է ժամկետային զինծառայողների, մյուսը՝ համընդհանուր տվյալներ և այլն, միշտ էլ էս խնդիրը եղել է»։ 

Արծրուն Հովհաննիսյանի աղավաղված այս պատասխանում այդպես էլ չգտանք գլխավոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է ՊՆ-ն մեկ դեպքում նշում, որ Զինված ուժերում 56 զինծառայող է մահացել, մեկ այլ պարագայում՝ 75։ Հետևությունն ավելի քան պարզ է՝ Պաշտպանության նախարարությունը սուտ տեղեկատվություն է տրամադրել ՀՔԱՎ-ին, ինչը որևէ արդարացում չունի։ Հանրությանը Զինված ուժերում մահացությունների վերաբերյալ սուտ տեղեկատվություն է տրամադրել նաև Հայաստանի զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին Tert.am կայքում զինդատախազի հետ հարցազրույց է հրապարակվել։ 

Նյութի վերնագիրը հնչեղ է ու խրոխտ՝ «Բանակում մահվան դեպքերի նվազում ունենք, իսկ ինչ-որ բան թաքցնելու գործելաոճից վաղուց ենք հրաժարվել. ՀՀ զինդատախազ»։ 

Մինչդեռ հրապարակման մեջ Զինված ուժերում 2017 թվականի մահացությունների վերաբերյալ Վահե Հարությունյանը կեղծ տեղեկատվություն է հայտնում։ Նա նշում է, թե սահմանային իրավիճակի հետ կապ չունեցող հանգամանքներում 29 զինծառայող է մահացել։ Զինդատախազը բերում է նաև նախորդ տարիների ցուցանիշները՝ 2016 թվականին՝ 47, 2015 թվականին՝ 31 դեպք։ Վահե Հարությունյանի ներկայացրածից ստացվում է, թե ներքին խնդիրների պատճառով մահերը քչացել են։ 

Պաշտպանության նախարարության թվերը էականորեն հակասում են զինդատախազի բերած տվյալներին։ Համաձայն Օմբուդսմենի գրասենյակին ներկայացրած պաշտոնական տվյալների՝ մարտական հերթապահության հետ չկապվող (նույնն է, ինչ՝ զինդատախազի ասած սահմանային իրավիճակի հետ կապ չունեցող) հանգամանքներում զինծառայողների մահացությունների թիվը 34 է, այսինքն՝ 5-ով ավելի, քան Վահե Հարությունյանն է հայտարարել։ Ոչ ճշգրիտ տեղեկություն հայտնելուց հետո զինդատախազն այսպիսի գնահատական է հնչեցնում՝ ընդգծելով թվացյալ նվաճումը․ 

«Ինչո՞ւ եմ հատկապես կարևորում այս տվյալները, քանի որ խոսքը հայ զինվորի կյանքի մասին է, և անձամբ ինձ համար նույնիսկ մեկով նվազումը բավականին մեծ ձեռքբերում է»։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։ 

Հետգրություն։ Քննարկման առանձին թեմա է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Տարեկան հաշվետվության՝ զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության հատվածը։ Օմբուդսմենը որևէ գնահատական չի տալիս Զինված ուժերում 75 զինծառայողի մահվանը փաստին, ինչը դեմ է ՄԻՊ առաքելությանն ընդհանրապես։ Ներկայացվում են միայն զինծառայողների մահվան պատճառները, ու թե Պաշտպանության նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկել։

Ռոբերտ Անանյան 
12975
Print
բանակ
ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին 10.07.2018 | բանակ

ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետո

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց 10.07.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը նիստի էր ներկայացել առ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության:  Անբնական երևույթ է բանակ չգնալը» 9.07.2018 | բանակ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության: Անբնական երևույթ է բանակ չգնալը»

Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա: Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և մարդիկ կարողացել են ինչ-որ ձևով խարդախություն անել»,- կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: