լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.07.2018 | իրադարձություն

«Խավարամիտների արշավ». Իրավապաշտպանը՝ «Կյանքի խոսքի» անդամին պաշտոնից հեռացնելու պահանջի մասին

«Խավարամիտների արշավ». Իրավապաշտպանը՝ «Կյանքի խոսքի» անդամին պաշտոնից հեռացնելու պահանջի մասին
Պետական պաշտոն զբաղեցնող անձը պետք է բացառապես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինի, իսկ այլ եկեղեցիների կամ կրոնական կազմակերպությունների անդամ պաշոնյային պետք է «ամոթանք տալ», «աքսորել», «վառել» կամ նվազագույնը «անհապաղ հեռացնել» պաշտոնից: Նման քննարկումներ են գնում այսօր Ֆեսյբուքյան տիրույթում:  

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող «Պանարմենիան մեդիա գրուպի» մեջ մտնող «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «բացահայտել է», որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ է նշանակել Գևորգ Աճեմյանին, ով «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու անդամ է, ու ազդարարել, թե այդպիսով ապացուցված է, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ամենագործուն մասնակցությունն է ունեցել «թավշյա հեղափոխությանը»

։Թերևս ակհայտ է, որ տվյալ կայքի խմբագրի մտքի թռիչքը տրամաբանության հետ քիչ կապ չունի, բայց հարցը այլատյացության առիթ է դարձել, ու հիմա ֆեյսբուքում  քաղաքացիների մի հատված պահանջում է «անհապաղ հեռացնել» Աճեմյանին, որը Առաքելական եկեղեցու անդամ չէ: Հայաստանի նոր կառավարությունից երեկ այս առթիվ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. Նիկոլ Փաշինյանի խոսնակը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ կառավարության տեղեկատվության վարչություն մեր զանգերը անպատասխան մնացին ողջ օրվա ընթացքում: 

Խնդրի առթիվ ֆեյսբուքյան գրառում է արել միայն ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսնակ Կարպիս Փաշոյանը՝ գրելով. «Կրոնական կողմնորոշումից ելնելով քաղաքացուն աղանդավոր պիտակելը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև՝ միջնադարյան խավարամտության վառ դրսևորում: Ի դեպ, ձեևակերպումն այդ նաև հակագիտական է»: 

Փոխվարչապետի խոսնակը նաև գրել է, որ հայկական թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը սահմանադրական կարգը վերադարձրեց քաղաքացիներին: «Եվ ուրեմն եկեք պահպանենք այդ նույն սահմանադրության բարձրագույն արժեքները, այս դեպքում՝ քաղաքացու խղճի և դավանանքի ազատության իրավունքը»,-գրել է խոսնակը:Հայաստանում խղճի ազատության հարցերով զբաղվող religions.am կայքի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Forrights.am-ին ասաց, որ հարցի շուրջ քննարկումները համարում է շատ կարևոր: 

«Որովհետև հիմա Հայաստանում շատ կարծրատիպեր են ջարդվում և էդ կարծրատիպերից մեկը կլինի այն, որ որևէ եկեղեցու կամ կրոնական կազմակերպության անդամը զբաղեցնի բարձր պետական պաշտոն: Հանրությունը պետք է սովորի և հասկանա, որ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունք՝ անկախ իրենց կրոնական պատկանելությունից, ազգային պատկանելությունից»,-նշեց Դանիելյանը: Ըստ նրա՝ նման քննարկումներ եղել են բոլոր հասարակություններում ու այդպիսով առաջ են շարժվել: 

«Սա լավ դեպք է քննարկումների համար: Վստահ եմ, որ կգան այն եզրակացության, որ կրոնական պատկանելությունը կամ կրոնական համոզմունքները յուրաքանչյուրի անձնական գործն է և դա նույնիսկ հանրային քննարկման թեմա չէ: Վստահ եմ, որ մեծ մասամբ հանրությունը կգա ճիշտ որոշման: Այն որոման, որը համապատասխանում է մեր Սահմանադրությանը»,-ասաց Դանիելյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ ողջունելի է, որ Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց կրոնական համոզմունքները. «Խոսքը վերաբերում է և Գևորգ Աճեմյանին, ով ասաց, որ «Կյանքի խոսքից» է, և առողջապահության նախարարին, որը չի թաքցնում, որ աթեիստ է: Սա նշանակում է, մենք նոր կառավարությունով ունենք առաջին քայլերը դեպի ռեֆորմացիա»,-նշեց իրավապաշտպամը՝ հավելելով, որ սկսած խորհրդային ժամանկներից ու 90-ականներից, մենք հետ էինք գնացել դեպի միջնադար: 

«Եվ միջնադարյան մտածողությամբ պետության ու Հայ Առաքելական եկեղեցու կողմից համատեղ քարոզվում էր, որ ով Առաքելական չի, հայ չի: Ավելին, օրենքով ամրագրված էր, որ կրոնական կազմակերպությունների անդամները չեն կարող ունենալ այս-այս պաշտոնները՝ հատկապես ուժային կառույցներում: Սա իհարկե, չէր վերաբերւոմ Հայ Առաքելական եկեղեցուն: Դա այլ կրոնական համայնքների կայնքը թունավորվում էր: Ընդհուպ, եթե հայտնի էր դառնում, որ որևէ ճանաչված երգիչ կամ արվեստի գործիչ այլ կրոնական կազմակերպության անդամ է, վարկաբեկում էին ու թունավորում նրանց կյանքը»,-նշեց իրավապաշտպանը: 

Վերջինս համոզված է, որ նախկինում էլ իշխանության մեջ եղել են և աթեիստներ, և կրոնական այլ ուղղությունների ներկայացուցիչներ, որոնք, սակայն, «սարսափել են» այդ մասին բարձրաձայնել. «Հիմա կարծես իրավիճակ է փոխվում»: Ին վերաբերում է Աճեմյանին վարկաբեկելուն ու նրան անհապաղ հեռացնելու պահանջին, ապա, Ավետիք Իշխանյանի խոսքով, «սա խավարամիտների արշավ է»: 

«Եվ հույսով եմ, որ Հայաստանի կառավարությունը տեղի չի տա խավարամիտներին, նույն քայլերով առաջ կգնա ու կամաց-կամաց խավարամիտների թիվը Հայաստանում կպակասի, ինչպես քաղաքակիրթ երկրներում»,-ընդգծեց Իշխանյանը: Ըստ իրավապաշտպանի՝ Աճեմյանը կարող է իրավական ընթացք տալ հարցին,  սակայն ավելի կարևոր է հակադրաձումը, ոչ միայն  Աճեմյանի, այլև հասարակության այն հատվածի կողմից, որն անընդունելի է համարում կրոնական հայացքների համար մարդուն պաշտոնից հեռացնելու պահանջը: 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի խղճի, դավանանքի ազատության իրավունք՝ հավելելով, որ անկախ, թե անձը ինչով կզբաղվի, նրա համոզմունքների և դավանանքի համար վերաբերմունք դրսևորելը խիստ դատապարտելի է: Ինչ վերաբերում է գնահատականին, որ ոչ Առաքելական եկեղեցու հետևորդները չպետք է որևէ պետական պաշտոնում աշխատեն, դա, ըստ իրավապաշտպանի, հակասահմանադրական է և մարդու իրավունքի կոպտագույն խախտում: 

«Պետք է հասկանալ, որ ընտրովի մոտեցումը մարդկանց նկատմամբ արդեն անցյալում է, երբ որ, օրինակ, ըստ քաղաքական համոզմունքների կար վերաբերմունք մարդկանց նկատմամբ՝ աշխատեն կամ չաշխատեն: Դա խորը միջնադար է, խորը հետադիմական մոտեցում է և նույնիսկ քրիստոնեական արժեքների մեջ չի տեղավորվում»,-նշեց Սաքունցը: 

Բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե պետական պաշտոնում պետք է միայն Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ լինեն, իրավապաշտպանը խորհուրդ տվեց «նայել Առաքելական եկեղեցու վիճակին, որը ամենակոռումպացված կրոնական կազմակերպություններից մեկն է, որի կարկառուն հետևորդները հանդիսանում էին նախկին իշխանության ներկայացուցիչները, ՀՀԿ-ի իշխանությունը»: 

«Դավանանքով չի կարող որոշվել մարդու մասնագիտական կարողությունը և պաշոնատար անձի կողմից իր լիազորությունների կատարման արդյունավետությունը: Դա համարում եմ անհամատեղելի Հայաստանում նոր փոփոխությունների տրամաբանության հետ, որի հիմքում ընկած է արժանապատիվ քաղաքացու գաղափարը»,-եզրափակեց Սաքունցը: 

Ֆեյսբուքյան քննարկումներին արձագանքել է նաև ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու խոսնակը՝ շեշետելով, որ իրենց եկեղեցու հետևորդները ՀՀ լիիրավ քաղաքացիներ են, կարող են լինել և՛ պետական ծառայողներ, և՛ քաղաքական գործիչներ, և՛ զինվորականներ, և՛ իրավաբաններ, և՛ բժիշկներ, և՛ գիտնականներ, և՛ մշակույթի գործիչներ։ «Այլապես ստացվում է, երբ պետք է հարկ վճարենք, աղանդավոր չենք, երբ պետք է բանակում ծառայենք, աղանդավոր չենք, բայց հենց որևէ մեկը պետական ծառայության է անցնում, պարզվում է՝ աղանդավոր է»,-տարակուսանք է հայտնել եկեղեցու խոսնակ, կրոնագետ Արմեն Լուսյանը՝ շարունակելով. 

«Ինչպես հասկանում եմ՝ մենք այժմ կառուցում ենք իրավական պետություն, որտեղ ՀՀ քաղաքացիները չեն դասակարգվելու ըստ իրենց եկեղեցական պատկանելության և չեն զրկվելու իրենց օրինական հնարավորություններից միայն այն պատճառով, որ իրենց հավատքը ոմանց սրտով չէ»։Հայ Առաքելայան եկեղեցու դիրքորոշումն այս հարցի առթիվ չհաջողվեց պարզել. Մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: 

Մարինե Խառատյան   
4260
Print
իրադարձություն
մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին 18.07.2018 | իրադարձություն

մեկ օր ռուս զինվորը հայ ընտանիք է գնդակահարում, մյուս օրը՝ ահաբեկում են գյուղացիներին

Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղը սարսափի է մատնվել: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները ներխուժել են Փանիկ ու կրակոցներ արձակել. «Ոնց որ պատերազմի դաշտում լինեինք՝ սարսափ: Պատկերացրեք՝ ժողովուրդը տան մեջ նստած՝ պայթյուններ, կրակոցներ: Բնակիչներ կային, որ ուշաթափվ

Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից 18.07.2018 | իրադարձություն

Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հուլիսի 7-ին Միքայել Արզումանյ

Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 18.07.2018 | իրադարձություն

Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: