լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.07.2018 | սոցիալական իրավունքներ

«Դռան շեմին կանգնած էի, մեկ էլ երկու կողմից պատերը, առաստաղը քանդվեցին՝ լցվեցին գետնին»

«Դռան շեմին կանգնած էի, մեկ էլ երկու կողմից պատերը, առաստաղը քանդվեցին՝ լցվեցին գետնին»
Հայաստանցիների աչքերը դեռ չեն մոռացել գեներալ Մանվելի Գրիգորյանի տնից հայտնաբերված անսահման հարստությունների տեսարանը: Որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը արժեքային համակարգով չի տարբերվել հորից: Սուրբ քաղաք Էջմիածնի բնակիչների խնդիրները լուծելու փոխարեն  քաղաքապետը մասնակցել է պետական ունեցվածքի յուրացմանը: Էջմիածնի արվարձանում՝ Մաշտոցի փողոց 152 հասցեում ծվարած Լուսյա Հովհաննիսյանի ընտանիքի պատմությունը անարդարության ցցուն օրինակ է, որի մեջ թաղված է հոգևոր մայրաքաղաքը: 

Տասներկու քառակուսի մետր մակերեսով սենյակը, որում ապրել է 4 հոգանոց ընտանիքը, դարձել էր առնետների ու միջատների մշտական բնակատեղի: 1992 թվականին Լաչինի ազատագրության ժամանակ տիկին Լյուսյան կորցել է ամուսնուն՝ Սուրեն Հովհաննիսյանին: Կինը ելք չի ունեցել, քան աղջկա ու երկու թոռան հետ պատսպարվել բնակարան չհիշեցնող կիսաքանդ մի սենյակում: Ժամանակավոր կեցության իրավունքով մրոտ ու խոնավ այս սենյակը տրամադրել է Լուսյայի ամուսնու եղբայրը: 39 տարի ապրել են այստեղ: Հուլիսի 7-ին պատահածը չքավոր ընտանիքին զրկել է նույնիսկ թշվառականի կյանքով ապրելու հնարավորությունից.  

«Դռան շեմքի մոտ կանգնած էի, ուզում էի աման հանեի, որ գնայի ճաշ եփելու, եկա պահարանի դիմաց կանգնեցի՝ տեսա վերևից հող ա թափվում: Գլուխս առաջ բերեցի, մեկ էլ երկու կողմից պատերը, առաստաղը քանդվեցին՝ լցվեցին գետնին: Թոռներս բղավեցին՝ վայ տատի ջան, ինչ եղավ, երկու երեխեքին տանից հանեցի դուրս: Մտա ներս, որ մաքրեմ, տեսա որ ի վիճակի չեմ: Ապրելու տեղ չունենք, մնացել ենք փողոցում, էլ ի վիճակի չենք ստեղ ապրելու»,- Forrights.am-ին պատմում է Լուսյա Հովհաննիսյանը: 

Տանիքից զրկված Լուսյայի թոռներն ու աղջիկը ժամանակավոր տեղավորվել են  աշխատանքային ընկերոջ բնակարանում: Քարուքանդ եղած տուն մտնել հնարավոր չէ. «Վախենում եմ գերանները վրես ընկնեն»: Լուսյան մեկ առ մեկ վեր է քաշում ընկած տախտակները, քարերը, հասկանում, որ դրանք հին ձևով շարել հնարավոր չէ, ու կրկին նետում գետնին: Փլուզումից հետո Լուսյայի ահազանգով այստեղ է ժամանել Էջմիածնի փոխքաղաքապետը, որը խոստացել է ընտանիքին տեղավորել ժամանակավոր ապաստանում: Փոխքաղաքապետը խոստացել է բնակարան հատկացնելու խնդրանքով դիմել Պաշտպանության նախարարություն: 

Ազատամարտիկ ամուսնուն կորցրած Լյուսյան արդեն 10 տարի գրանցված է ՊՆ-ի բնակարանային հերթացուցակում. «Քանի անգամ դիմել եմ ոմն Սերժին, Սերժը պատասխան չի տվել, դիմել եմ Վիգեն Սարգսյանին, իրա պատասխանը սենց ա եղել՝ սպասեք, երբ որ ձեր հերթը կհասնի, էն վախտ կտանք: Զոհվածի ընտանիքին տենց պատասխա՞ն են տալիս»: Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունը չկարողացավ 10 տարում լուծել հարցը: Լուսյան իր մեկնաբանությունն ունի. 

«Պաշտպանության նախարարությունը հազիվ լուծում էր մարտի 1-ի հարցը, ո՞նց լուծեր մեր տան հարցը: Նախարարները ժամանակ չունեցան մեզ ընդունելու, բայց հարստանալու և մեր նման ընտանիքների հաշվին ապրելու ժամանակ ունեին»: Լյուսյան տանիք ստանալու խնդրանքով 5 ամիս առաջ դիմել է գեներալ Մանվել Գրիգորյանին. «Մանվելը ինձ շատ կոպիտ, վիրավորական տոնով ասեց՝ քո նման որ մի հարյուր հոգի գան ստեղ, բա մենք ի՞նչ անենք, դուրս արի, դուրս արի ստեղից: Ինչի՞, զոհվածի կնոջը նա էդպիսի պատասխան պիտի տա՞, գրողը տանի դրան»: 

Պաշտոնապես դիմել է նաև նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, պատասխանել է, թե ֆոնդ չունեն: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել է 30-ից ավելի սեփականության վկայական. «Միգուցե իմ տան գրքույկն էլ ա ընդեղ, իմ վրա մութ ա, տեղյակ չեմ»,- բարկացած, ձեռքերը անհանգիստ շարժումներով նկատում է Լուսյան: Անճարության մեջ հայտնված կինը վիրավորանք է զգում նախորդ իշխանության վերաբերմունքից: Նա եզրակացրել է, որ 90-ականների զոհված տղաներն արդեն մոռացվել են. 

«Բայց չէ՞ որ 90-ականներին կռվածներն են էս անկախությունը հաստատել, որ գան նստեն աթոռին ու մեզ նմաններին բանի տեղ չդնեն…»: 

Ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքի ամսական եկամուտը 40 հազար դրամ է:  Սեփական միջոցներով տուն գնելու մասին չի էլ կարող մտածել. «Հազիվ էն երկու եթիմներին պահեմ, էլ ինչո՞վ լուծեմ էդ խնդիրը, տղամարդ էլ չունեմ գլխիս, որ մեկը գա ինձ օգնի,- հուսահատությունից Լուսյաի սիրտը ճաքում է՝ արցունքները լցվում են աչքերը, ձեռքերով փակում է երեսը,- հարցերս լուծող լինեի չէի գնա ընկնի լրագրողների դուռը, գան լուսաբանեն»: 

Տունը փլուզումից այնպես է վնասվել, որ վերականգնելը թվում է անհնարին: Էջմիածնի փոխքաղաքապետը դիմել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Նա խոստացել է խնդրի շուրջ խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի մասնագետներ ուղարկեն իրավիճակին ծանոթանալու: Մոտ 10 օր առաջ նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում Լուսյան համարում է իր ընտանիքի միակ հույսն ու հենարանը: 

Ռոբերտ Անանյան  
7113
Print
սոցիալական իրավունքներ
Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից 2.07.2018 | սոցիալական իրավունքներ

Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից

Անուշ Ասլանյանը, որը 2014թ. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հիմնեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն, անձամբ բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում՝ մատչելի միջավայրի բացակայության պատճառով:  Նույն խնդրի հետ են բախվում Լուռու մարզի Վանաձոր քաղաքում ապրող հաշմանդամութ

12 ազատամարտիկների «դրախտի» դուռը: Սա նրանց վերջին  հանգրվանն է 30.06.2018 | սոցիալական իրավունքներ

12 ազատամարտիկների «դրախտի» դուռը: Սա նրանց վերջին հանգրվանն է

Ազատամարտիկների «դրախտ» հասնելը հեշտ չի: Մուրացան փողոցի վերջնամասում հին, «սովետական» հացի փուռ կա, հին «սովետական»ցուցանակով՝ «Հացաբուլկեղեն»: Այդ փռի նիհար հացթուխը ձեզ ուղեկցում է մինչև երկաթյա դարպաս: Դարպասից այն կողմ ավտոկայանատեղի է, ինչ որ բետոնակույտեր: Միանգամից աջ ես թեքվո

Արշալույսը խաղաղ չի. ընդդիմադիր գյուղում կրքեր են եռում 25.06.2018 | սոցիալական իրավունքներ

Արշալույսը խաղաղ չի. ընդդիմադիր գյուղում կրքեր են եռում

Արմավիրի Արշալույս գյուղում ըմբոստացել են Արշալույսի 10 տարվա գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, որը կալանավորված գեներալ  Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Գյուղացիների մի մասը պահանջում է նրա հրաժարականը, վստահեցնում են, որ Զարզանդ Գրիգորյանը բռնապետական  կարգեր է հաստատել գյուղ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: