լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.05.2018 | խոշտանգումներ

«Ուզել են Սամվել Բաբայանի միջոցով համոզել, որ գրի Վահագի դեմ». Ալավերդու Վահագի գործով քննչական խումբը անթույլատրելի մեթոդներով է աշխատում

«Ուզել են Սամվել Բաբայանի միջոցով համոզել, որ գրի Վահագի դեմ». Ալավերդու Վահագի գործով քննչական խումբը անթույլատրելի մեթոդներով է աշխատում
Մոտ մեկ տարի է, քննչական կոմիտեն զբաղվում է Ալավերդի քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով: Հունիսի 13-ին 26-ամյա Վլադիմիր Դավթյանը «Մակարով» ատրճանակից մի քանի կրակոց արձակելով, սպանել է Կամո Փիրուզյանին, ապա հանձնվել է իրավապահներին և ինքնախոստովանական ցուցմունքներ գրել: 

Նա հայտնել է քննիչներին, որ Փիրուզյանն իրեն երկար ժամանակ հետապնդել է, պարբերաբար հայհոյել է, սպառնացել է, որ սպառնալիքներ է տվել, ինչն էլ դրդել է իրեն Կամոյի վերջը տալ: Փիրուզյանը քաղաքում հայտնի անձնավորություն էր, նախկինում երկու անգամ թմրամիջոցների պատրաստման և ապօրինի շրջանառության համար դատապարտված: 

Հայտնի է, որ սպանության կազմակերպիչը, ըստ քննիչների, Ալավերդում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանն է, որին մեղսագրվում են ծանր մեղադրանքներ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը և ղեկավարելը, ևս մի սպանության նախապատրաստում, իրավապահներին կաշառք տալը: Սակայն քննչական խումբը, որը ղեկավարում է ՔԿ նախագահի տեղակալ, մարտի մեկի գործով հայտնի Վահագն Հարությունյանը, ըստ ամենայնի, չունի բավարար ապացույցներ և ցուցմունքներ է կորզում անթույլատրելի մեթոդներով: 

«Մինչև քննիչ Համբարյանի դեմ գործ չհարուցեք, հացադուլից դուրս չեմ գա»:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում արդեն 12 օր է, ինչ հացադուլ է հայտարարել դատապարտյալ Արթուր Շահբազյանը: Նրա հարազատները Forrights.am-ին հայտնել էին, որ քննիչները Արթուրին հոգեբանական ճնշումների և շանտաժի են ենթարկում, համոզում են ցուցմունք գրել Աբգարյանի դեմ, սպառնում են, որ կվերաբացեն այն գործը, որով Շահբազյանը նախկինում դատապարտված է եղել: Արթուր Շահբազյանը բողոքներ է ներկայացրել քննչական կոմիտեի նախագահին, իսկ նրա փաստաբանը երեկ դիմել է ՀՔԾ, ներկայացնելով գործով քննիչ Համբարյանի օրինախախտ  պահվածքը, պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան: 

Սակայն դատախազությունից ստացվում են միայն  օբյեկտիվ քննութուն իրականացնելու խոստումներ: Շահբազյանը հայտարարել է իր հետ բանակցությունների եկած Լոռու մարզի դատախազության ներկայացուցիչներին, որ հացադուլից դուրս կգա միայն այն ժամանակ, երբ կիմանա, որ իր քննիչի՝ Համբարյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Այսօր, մայիսի 6-ին Արթուր Շահբազյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Գլխապտույտով, սրտխառնոցով նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Բժիշկները առաջարկել են կազդուրիչ պրոցեդուրաներ, գլյուկոզայի ներարկում, նա հրաժարվել է, ինչից հետո նրան կրկին տարել են «Վանաձոր» ՔԿՀ: 

Ճնշումներ են գործադրվում  նաև Արթուրի հարազատների վրա: Նրանց առանց ծանուցագրի, հրավիրում են բաժին և ապօրինի հարցաքննությունների են ենթարկում: Այդ մասին մեզ հայտնեց Արթուրի մտերիմներից մեկը: «Նույնիսկ չնկատեցի, որ սկսվեց հարցաքննությունը: Երբ որ հարցրեցի, թե ինչ նպատակով են ինձ կանչել, քննիչն ասեց՝ սա ձեր գեղը չի, ստեղ բժիշկ-բժիշկ չենք խաղում, հարցերիս պատասխանի, կիմանաս: Երկու հոգով վրա էին տվել, հարցեր էին տալիս, ես հրաժարվեցի առանց փաստաբանի պատասխանել», - ասաց նա: 

Հայտնեց նաև, որ երկրորդ անգամ է նույն անօրինական եղանակով հարցաքննության կանչվել և հրաժարվել է իր մերձավորի վերաբերյալ ցուցմունք տալուց: Արթուր Շահբազյանի հարազատի հետ զրույցից հետո տպավորություն ունեցանք, որ Ալավերդու բնակիչներին կանչում են փողոցներից ու վկայութուններ են վերցնում Վահագն Աբգարյանի դեմ:  

«Լավ եմ արել, սպանել եմ Կամոյին» 

Վլադիմիր Դավթյանի հարազատները և փաստաբանը ևս պնդում էին, որ քննչական խումբն ամեն գնով փորձում է ապացույցներ «ստեղծել» Աբգարյանի դեմ:  Շուտով կլրանա Դավթյանի կալանքի մեկ տարին, և քննիչները  քրեադատավարության օրենսգրքի պահանջով, պարտավոր են գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, կամ ազատ արձակել Դավթյանին: Վերջերս նա նոր ցուցմունքներ է տվել, այս պատասխանատու փուլում բարդություններ ստեղծելով քննչական խմբի համար:  

Կամո Փիրուզյանի սպանությունից հետո ԶԼՄ-ները գրեցին, որ այն երկու պատերազմող խմբերի՝ «Ստրոնգ Սթոուն» քարի հանքի տեր Արթուր Աբգարյանի և Վահագն Աբգարյանի միջև «ռազբորկաների» մի դրվագն է:  Սկիզբը 2015 թվականն էր, երբ Ալավերդու քաղաքապետի ընտրությունից առաջ Վահագն Աբգարյանը ծեծի ենթարկեց Կամո Փիրուզյանի եղբորը՝ Վարդան Փիրուզյանին, որն էլ հետագայում երկու անգամ փորձեց սպանել Վահագն Աբգարյանին: 2015 թվականին նա Վահագի ավտոմեքենայի ուղղությամբ ավտոմատից կրակահերթ «կազմակերպեց» Ախթալայի կամրջի վրա:  

2016 թվականի մայիսին էլ Վարդան Փիրուզյանը, որը ներկայում հետախուզման մեջ է, գիշերով կրակելով սպանեց Աբգարյանի երկու թիկնապահներին՝ Էդուարդ Պողոսյանին և Վարդան Ավագյանին: Եւս մի թիկնապահ՝ Գագիկ Մոսինյանը, սպանվեց 2017 թվականի սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի մոտ: Ահա այս շղթայի մի մասն էլ, ըստ հրապարակումների, Աբգարյանի սպանված թիկնապահ Էդուարդ Պողոսյանի ընկերոջ՝ Վլադիմիր Դավթյանի արարքն էր: Դավթյանը ժխտում է այս կարծիքը, վստահեցնելով, որ իր արարքը կապ չունի Ալավերդու երկու քրեական խմբերի հակամարտության հետ: 

Իր նախնական ցուցմունքներում Վլադիմիր Դավթյանը պնդել է, որ չի փոշմանում իր արարքի համար: «Լավ եմ արել, սպանել եմ Կամոյին», - գրել է նա: 

Հաշվեհարդար, թ՞ե պատվերով սպանություն - ահա գլխավոր հարցը

Սպանութունից երկու օր անց Լոռու քննչական վարչությունը Դավթյանին մեղադրանք առաջադրեց Քր. Օր. 104-րդ հոդվածով (սպանություն) և 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերք պահել-օգտագործելը): Սեպտեմբերին գործն ուղարկվեց ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Երեք ամսից դատախազությունը  հաղորդեց, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է «Վահագն Աբգարյանի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով»: 

Դավթյանին նոր մեղադրանք առաջադրեցին՝ «սպանություն, որը կատարվել է պատվերով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»,  ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն և սառը զենք պահելու և կրելու համար: Հունվարի 18-ին հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվեց Վահագն Աբգարյանը: 

Վլադիմիր Դավթյանի շահերի պաշտպան Հակոբ Ճարոյանը Forrights.am-ին հայտնեց, որ իր պաշտպանյալին ս.թ. հունվարի 12-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են ԱԱԾ-ի շենք, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ,  որտեղ նա հոգեբանական ճնշումների է ենթարկվել: 

«Իմ պաշտպանյալը ապրիլին ցուցմունքներ է տվել, որոնք խարխլում են Վահագն Աբգարյանին ներկայացված մեղադրանքների հիմքը և քննչական խմբին նախաքննության ավարտին կանգնեցրել է շատ բարդ իրավիճակում», - ասում է Հակոբ Ճարոյանը: Նա մանրամասները չի բացահայտում, խոստանալով, որ կխոսի, երբ գործը ուղարկվի դատարան: «Մի բան կարող եմ ասել: Աբգարյանի դեմ հիմնական ցուցմունքը տվել է նրա հյուրանոցի տնօրեն, նրա ընկեր Արթուր Մնացականյանը՝ Արկոն, իսկ Վլադիմիր Դավթյանի ցուցմունքները կասկածի տակ են դնում, ինչը հեշտությամբ կարելի է ապացուցել», - ասում է Հակոբ Ճարոյանը: 

«Ուզել են Սամվել Բաբայանի միջոցով համոզել, որ գրի Վահագի դեմ» 

Մեր տեղեկություններով, Վլադիմիր Դավթյանը վկայութուն է տվել այն մասին, որ սպանության օրը անըդհատ կապի  մեջ է եղել Արկոյի հետ, որ հենց նրա ցուցումով, նրա եղբոր կնոջից է ստացել սպանության գործիքը: Արթուր Մնացականյանը առերեսման ժամանակ այս պնդումները չի ընդունել, սակայն ցանկության դեպքում քննիչները կարող են ստուգել դրանց իսկությունը, քանի որ Մնացականյանն ու Դավթյանն իրար զանգել են և սմս-հաղորդագրություններ են ուղարկել:  

Այսպիսով, քննիչները «Կատա» սուպերմարկետի մոտ կատարված սպանությունից մեկ տարի անց անորոշության մեջ են դրա դրդապատճառների և կարևոր հանգամանքների հարցում: Իսկ Դավթյանը իր հարազատների միջոցով  մեզ փոխանցեց, որ իրենից պահանջվել է ցուցմունք գրել Վահագն Աբգարյանի դեմ: 

«Վլեին երեք ամիս պահել են «Երևան-Կենտրոնի» բերդում, չեն թողել, որ նույնիսկ փաստաբանների հետ կապվի, ասել են՝ դու հըլը սենց գրի, պահանջել են, որ Վահագի վրա «բան գրի», բայց  նրա արյան մեջ կեղտոտություն չկա: Նրան տարել են Բաբայան Սամվելի կամեր գցել, ուզում էին իրա միջոցով նրան համոզեն, որ գրի Վահագի դեմ: Բայց նա շառ անող չի, նա քիլեր չի եղել: Ո՞ր մի քիլերը մարդ կխփի ու կգնա կհանձնվի: Առկոն նրա հետ ընկեր է եղել, դանակն էլ ա տվել Վլեին, ասել ա՝ էս ինչ տեղն ա, իջի վերցրու: Նա Արկոյի համար չի պայքարում, չի ոզում կեղտոտվի, որ անմեղ մարդիկ տուժեն», - հաղորդեցին մեզ Վլադիմիր Դավթյանի խոսքերը: 

Մեր տեղեկություններով, քննչական խմբի հիմնական ցուցմունք գրողը՝ Արկոն,  խաղամոլ է, «Գուդվին» գրասենյակի հաճախորդ է և ահռելի պարտքեր ունի:  

 Սյուզան Սիմոնյան 
12185
Print
խոշտանգումներ
Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն առևանգել և բռնության են ենթարկել զոլաքարցի 18 ամյա երիտասարդին 16.08.2018 | խոշտանգումներ

Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցներն առևանգել և բռնության են ենթարկել զոլաքարցի 18 ամյա երիտասարդին

Ոստիկանությունն աշխատում է ցուցմունքներ կորզելու հարազատ մեթոդներով     
Գեղարքունիքի Զոլաքար գյուղի տարեց բնակիչ Միշա Մխիթարյանը հայտարարում է, որ թոռանը՝ 18-ամյա Հայկ Մխիթարյանին ոստիկանությունը հետապնդում է, նրան առևանգել և բռնու

«Նույնիսկ Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ  չի ստացել»․ փաստաբան 10.08.2018 | խոշտանգումներ

«Նույնիսկ Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ չի ստացել»․ փաստաբան

Նույնիսկ Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովի պաշտպանը այդ աստիճան սպառնալիքներ եւ նախատիքներ չի ստացել,  որքան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները։ Վստահեցնում է  նրա պաշտպաններից  Արսեն Մկրտչյանը։   
Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ 5.08.2018 | խոշտանգումներ

Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ

Փաստաբան Հայկ Ալումյանի գրառումը ֆեյբուքի իր էջում

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: