լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.12.2017 | խոշտանգումներ

Եվ լավագույն երազում անգամ չենք տեսնի պատժված հանցագործ ոստիկաններին

Եվ լավագույն երազում անգամ չենք տեսնի պատժված հանցագործ ոստիկաններին
«Յուրօրինակ ազատ լրագրություն». Երբ լրագրողին բռնության ենթարկելու դեպքում պատիժները համարժեք չեն    

Նախագահական նստավայրում տարեմուտի տոնի առթիվ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հյուրընկալած Սերժ Սարգսյանը լրագրողներին հավաստեց, թե «նախորդ երկուսուկես տասնամյակում մենք կարողացել ենք ձևավորել դինամիկ հասարակություն, հանրային կառույցներ և յուրօրինակ ազատ լրագրություն, ու անկաշկանդ լրագրողը պետք է լինի մեր հասարակության ամենատես աչքը», մինչդեռ լրագրողների գործունեության խոչընդոտման և բռնությունների գործերի քննությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ լրագրողների դեմ բռնությունների գործերով համարժեք պատիժներ չկան:   

Այս տարվա ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 և  ճնշման 9 դեպքեր են գրանցվել։   Իսկ մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին նախորդող քարոզարշավի հենց ընթացքում արձանագրվեցին լրագրողների իրավունքների խախտումներ. 1 բռնության եւ 2 խոչընդոտումների դեպք։ Բռնության 2 դեպք եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման 5 միջադեպ էլ գրանցվել է բուն ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին։     

Արձանագրված բռնությունների ու խոչընդոտումների 21 դեպքից միայն 6-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, որոնցից 4-ը կարճվել է «հանցակազմի բացակայության» ձեւական հիմնավորմամբ։   ՀՔԾ-ից Forrights.am-ին փոխանցած տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականներին քննվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու 25 դեպք և դրանցից 11-ն է մեղադրական եզրակացությամբ դատարան  ուղարկվել: Այդ գործերով անցել է 19 մեղադրյալ։     

«Եթե իրականում խոսքի ազատությունը հարգող իշխանություններ լինեին, նրանք պետք է համարժեք գործողություններ իրականացնեին և թե ընտրությունների, թե «Էլեկտրիկ Երևանի», թե Սարի թաղի, թե մյուս բոլոր դեպքերով լրագրողների դեմ բռնություն կիրառածներին, նրանց աշխատանքը խոչընդոտածներին պատասխանատվության ենթարկեին: Բայց գործընթացը իմիտացիոն բնույթ է կրում, որը գործելաոճ է դարձել»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:   

Վերջինս ուշադրություն հրավիրեց Սերժ Սարգսյանի հնչեցրած «յուրօրինակ ազատ լրագրություն» արտահայտությանը։ «Այ, էդ «յուրօրինակ ազատությունը» շատ հետաքրքիր արտահայություն էր, որովհետև ես կարծում եմ, որ իշխանությունները յուրովի են հասկանում խոսքի ազատությունը և լրագրողների գործունեության միջավայրը»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ հաճախ լրագրողների դեմ բռնություն կիրառողները պատասխանատվության չեն ենթարկվում իրավապահ մարմինների եւ դատարանների ոչ համարժեք գործողությունների, որոշումների ու վճիռների հետեւանքով։   

Մեդիափորձագետ Լիլիթ Հովհաննիսյանը Forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ խոչընդոտվում է լրագրողի մասնագիտական աշխատանքը, կամ, որպես կանոն, քրգործ չի հարուցվում կամ եթե հարուցվում է, գործը կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով:   

«Փաստերը ցույց են տալիս, որ իրավական առումով անպատժելության մթնոլորտ է տիրում: Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքում պատիժը համաչափ չէ և քանակին և որակին: Առավելագույն դեպքում տուգանք է լինում պատժամիջոցը և համաչափ գործողություն չի կիրառվում»,-ասաց մեդիափորձագետը:      


Սարի թաղում բռնության ենթարկված 19 լրագրողների գործով ազատազրկվել են միայն «Արմենիա» ՀԸ-ն տեսախցիկը կոտրած և օպերատորի վրա հարձակվածները:      

Պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն, սակայն ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում 19 լրագրողների դեմ կիրառված վայրագությունների ու դաժան ծեծի համար մեկ տարով ազատազրկվել են միայն Սերժ Սարգսյանի փեսա և Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պատկանող «Պանարմենիան մեդիա հոլդիգի» կազմում գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության տեսախցիկը կոտրած և օպերատորին ծեծի ենթարկած չորս անձինք: Ընդ որում, մեղավորները բացահայտվել ու դատապարտվել են շատ օպերատիվ կերպով։ 

Սարի թաղի դեպքերը տեղի են ունեցել հուլիսի 29-ին, իսկ «Արմենիայի» տեսախցիկը կոտրածներն ու օպերատորին ու լրագրողին ծեծածները արդեն օգոստոսի 10-ին դատապարտվել են 1 տարվա ազատազրկման և 200-ական դրամ տուգանքի։   Սարի թաղում մյուս լրագրողներին ծեծի ենթարկածներից և ոչ մեկը չի ազատազրկվել. 1,5 տարվա ընթացքում եղել է ընդամենը 4 վճիռ, որոնցով մեղադրյալները 50-200-ական դրամ տուgանքների են դատապարտվել, իսկ 1in.am-ի օպերատորին ծեծի ենթարկածը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման։ Ասել է թե՝ չի կրել պատիժը։   

Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալների՝ հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանական  գործողություններից տուժեցին 27 լրագրող եւ օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների, ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվեցին տարատեսակ այլ ճնշումների եւ հետապնդումների։    

«Իմ նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունների փաստով քրեական գործ է հարուցված, բայց ընդամենն այդքանը»,- Forrights.am-ին պատմեց Սարի թաղում բռնության ենթարկված ու ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից այրվածքներ ստացած լրագրող Ռոբերտ Անանյանը՝ շարունակելով․ 

«Տաբատս են փորձաքննության ենթարկել, իսկ հարուցված քրեական գործը դոփում է տեղում։ Մեր տեսախցիկը ֆիքսել է այն ավտոմեքենան, որից դուրս գալով ոստիկանները հարձակվել էին մեզ վրա, երբ փորձում էինք հեռանալ բռնությունների թատերաբեմ դարձած Երևանի Սարի թաղից։ Արձանագրվել է նաև ոստիկանների դեմքերը, սակայն մինչ օրս մեղադրյալի աթոռին որևէ մեկը չի հայտնվել, և իհարկե՝ չի էլ հայտնվի»։   Տուժած լրագրողի խոսքով՝ իշխանությունները քաղաքացիների ու լրագրողների դեմ բռնությունների հիմնական կազմակերպիչն էին: 

«Եվ լավագույն երազում անգամ չենք տեսնի պատժված հանցագործ ոստիկաններին։ Ի դեպ, մինչ օրս Հայաստանի փոխոստիկանապետի պաշտոնում է Սարի թաղում և 2015-ին Բաղրամյան պողոտայում սանձազերծված բռնությունների անմիջական ղեկավարը՝ Լևոն Երանոսյանը։ Անցած տարեվերջին նա անգամ նախագահի կողմից մեդալ ստացավ՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»,-ասաց Ռոբերտ Անանյանը։   Մեդիափորձագետ Լիլիթ Հովհաննսիյանը խիստ բացասական է գնահատում Սարի թաղի դեպքերի քննությունը: 

«Սարի թաղի գործով դժգոհությունը շատ մեծ է, որովհետև որևէ գործողություն չի իրականացվում»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Լիլիթ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ազատազրկվածների անձերը չեն բացահայտվում։ 

«Եղան վարկածներ, որ դրանք թիկնապահներ են կամ քաղաքացիական հագուստով ուժային կառույցների ներկայացուցիչներ, բայց փաստացի որևէ տվյալ չկա, որ նրանք ոստիկաններ են եղել»,-ասաց մեդիափորձագետը:   «

Բացի այս 4 լրավամիջոցների դեպքից, կարելի է ասել, լրագրողների դեմ բռնությունների գործը դոփում է տեղում, քանի որ նախաքննությունը չի ավարտվել և գործը չի ուղարկվել դատարան»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով․ 

«Խոչընդոտվել է 27 լրագրողի աշխատանք, բայց 21-ն են տուժող ճանաչվել, և ընդամենը 4 ԶԼՄ ներկայացուցչի գործ է հասել դատարան և վճիռ եղել: Մնացածի մասով ոչ մի տեղաշարժ չկա»:   

Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցրեց «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ լրագրողների դեմ բռնությունները՝ նշելով. «Որևէ առաջընթաց չկա այդ գործով: Մենք համարում ենք, որ քրեական գործը և դատաքննությունն իրականացվում է ձևական և իմիտացիոն բնույթ է կրում: Այդ նույնը կարող եմ ասել ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որ նույնպես 20-ից ավելի լրագրողներ և օպերատորներ տուժեցին, այդտեղ 9 անձանց է ներկայացվել մեղադրանք, որոնցից ոչ մեկը ոստիկաններ չեն»:    

Մինչդեռ, ըստ Մելիքյանի, հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները իրենց լիազորությունները գերազանցելով հատուկ միջոցներ կիրառում ու բռնության ենթարկում լրագրողներին:   

 Մարինե Խառատյան
888
Print
խոշտանգումներ
Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ 5.08.2018 | խոշտանգումներ

Իմ հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ, սպառնալիքներ

Փաստաբան Հայկ Ալումյանի գրառումը ֆեյբուքի իր էջում

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվ

փաստաբանը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չունի 3.08.2018 | խոշտանգումներ

փաստաբանը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չունի


փաստաբան Արթուր Գրիգորյանի բաց նամակը գլխավոր դատախազին

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը վերջապես բարեհաճեց իմ հաղորդման հիման վրա ձեռնամուխ լինել նյութերի նախապատրաստմանը (հնարավոր է

Ինչ ճակատագիր է սպասվում թավշյա հեղափոխությունից առաջ բռնության ենթարկվածներին 19.07.2018 | խոշտանգումներ

Ինչ ճակատագիր է սպասվում թավշյա հեղափոխությունից առաջ բռնության ենթարկվածներին

«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից,  «Սասնա ծռեր» խմբի համակիր, նկարիչ Փայլակ Թեւանյանը  մոտ մեկ տարի է ամբաստանյալի կարգավիճակ ունի։: Ըստ մեղադրանքի՝ նա  նախորդ տարվա հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: