լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.04.2018 | զեկույց

Պաշտպանի Տարեկան զեկույցում որևէ տառ անգամ չկա աղմկահարույց՝ Սասնա ծռերի գործով արձանագրած խնդիրների մասին

Պաշտպանի Տարեկան զեկույցում որևէ տառ անգամ չկա աղմկահարույց՝ Սասնա ծռերի գործով արձանագրած խնդիրների մասին
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ապրիլի 3-ին հրապարակել է 2017 թվականի Տարեկան հաշվետվությունը, որտեղ Օմբուդսմենը ամփոփում է նախորդ տարում մարդու իրավունքների վիճակը Հայաստանում։ 

2017 թվականի ընթացքում Օմբուդսմենի գրասենյակը քաղաքացիներից ստացել է 6417 դիմում-բողոք։ Պետական մարմիններից ամենից հաճախ քաղաքացիները բողոքել են ոստիկանությունից՝ 744 դիմում, երկրորդ տեղում Քրեակատարողական ծառայությունն է՝ 669, երրորդը դիրքում Դատական իշխանության մարմիններն են՝ 453, իսկ չորրորդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ 450 բողոք։ 

ՄԻՊ գրասենյակին ուղղված դիմումներից կարող ենք եզրակացնել, որ պետական մարմինների հետ խնդիրների ամենից շատ 2017-ին առնչվել են Երևանի բնակիչները, մայրաքաղաքից ստացվել է 3113 բողոք-դիմում, երկրորդ խնդրահարույց մարզը Գեղարքունիքն է՝ 455 բողոք, Արմավիրի և Շիրակի մարզերը գրեթե հավասար դիրքում են, համապատասխանաբար՝ 370 և 360 բողոք։ Միանգամից նշենք, որ Պաշտպանը զերծ է մնացել Հայաստանում մարդու իրավունքներին խիստ գնահատականներ հնչեցնելուց։ 

Հաշվետվությունում մակերեսային բնույթի են հատկապես քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին  մեկնաբանությունները։ Տարեկան հաշվետվությունը լի է Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության, Ոստիկանության, միջազգային կազմակերպություններին հղումներով։ Զեկույցն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զբաղված է պետական կառույցներից այս կամ այն դեպքին վերաբերող տեղեկություններ հավաքագրելով ու դրանք հանրությանը ներկայացնելով։ 

Մի կողմ է դրված իրավապաշտպան գործառույթը, առնվազն, այդպիսին չէ Հավետվության ոգին։ Քիչ են ու լղոզված, կամ որոշ դեպքերում բացակայում են Պաշտպանի գնահատականները կոնկրետ դեպքերի ու երևույթների վերաբերյալ։ ՄԻՊ-ը չի նկատել և չի մեկնաբանել իշխանական մարմինների թույլ տված սխալները կամ թերացումները ինչպես Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրություններում, այնպես էլ քաղաքական հնչեղությամբ դատավարությունների ընթացքին վերաբերող։  

ՄԻՊ գրասենյակի զգուշավոր կեցվածքը կարող է ունենալ հետևյալ պատճառը՝ Արման Թաթոյանը կաշկանդված է Արդարադատության նախարարությունում նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնից (նախարարի տեղակալ), ինչպես նաև այն հանգամանքից, որ իրեն Հանրապետական կուսակցությունն է առաջադրել ու ընտրել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։    

Ազգային ժողովի ընտրություններ 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անդրադարձել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։ Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ընտրակաշառքի վերաբերյալ շուրջ 1000 հրապարակում, որոնցից ավելի քան 100-ն ուղարկվել է քրեական հետապնդման մարմիններին։ Օմբուդսմենն ընդհանրապես, ժլատ է գտնվել խորհրդարանական ընտրությունները գնահատելիս։ Դիտարկումը խիստ ընդհանրական է․ 

«Ընտրական գործընթացում արձանագրված այս իրողությունները բացասական ազդեցություն ունեցան ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից, ինչպես նաև առաջ բերեցին մտահոգություններ ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ»: Մարդու իրավունքների պաշտպանը Տարեկան հաշվետվությունում ոչ խորությամբ է նկարագրում ԱԺ ընտրությունների քարոզչության շրջանում և բուն քվեարկության օրը իրեն հայտնի ընտրախախտումները և չի բացահայտում դրանց հովանավորած ուժերին։ 

Պաշտպանն ապրիլերկուսյան ընտրություններում արձանագրել է մտահոգիչ տեղեկություններ ու դեպքեր ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, սակայն չի հստակեցվում, թե Պաշտպանին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական ո՞ր ուժն է ընտրակաշառք բաժանել, և կիրառել վարչական ռեսուրս։ Բոլորին է հայտնի, որ տեղի դիտորդական կազմակերպությունները մատնանշել են իշխող քաղաքական ուժին։ 

ՄԻՊ-ը արձանագրել է հանրակրթական դպրոցների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու, ինչպես նաև ընտրական գործընթացի մասնակցի օգտին քվեարկելու նպատակով ընտրողներին ահաբեկելու դեպքեր։ Այդուամենայնիվ, Արման Թաթոյանի ղեկավարած կառույցը Հաշվետվությունում չի զետեղել իր տեղեկությունները, թե քաղաքական ո՞ր ուժի գիտությամբ և պատասխանատվությամբ են ընտրողներն ահաբեկվել և ովքեր են ճնշել դպրոցների աշխատակիցներին։ Սա այն դեպքում, երբ համաձայն Իրազեկ քաղաքացիների միավորումը բացահայտման՝ ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնահավաք աշխատանքը համակարգվել է Հանրապետական կուսակցության շտաբից։ 

ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ՝ զանգվածային լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած շուրջ 850 հրապարակում, որոնցից 325-ով խախտման վերաբերյալ տվյալները չեն հաստատվել, իսկ 131-ը պարունակել է առերևույթ հանցագործության հատկանիշներ, որոնք ուղարկվել են քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: 

Հաշվետվությունում ասվում է, որ Պաշտպանի աշխատակազմն ապրիլի 2-ի ընտրություններում արձանագրել է լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Կրկին չհստակեցնելով, թե ընտրարշավին մասնակցող ո՞ր ուժի կողմանկիցներն են լրագրողներին բռնությունների ու հետապնդումների ենթարկել, ՄԻՊ-ը բավարարվում է նշելով, թե անհրաժեշտ է ապահովել քրեական պատասխանատվության խիստ միջոցների կիրառումը լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտած անձի նկատմամբ՝ անկախ վերջինիս կարգավիճակից կամ որևէ այլ հանգամանքից։ Պաշտպանի ուսումնասիրությունները վկայում են՝ լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում այն մասին, որ պատասխանատվության մեխանիզմի բացակայության պատճառով է, որ ստեղծվում է անպատժելիության տպավորություն, ինչն էլ իր հերթին չի ունենում որևէ կանխարգելիչ ազդեցություն նման ապօրինությունները հետագայում կանխելու տեսանկյունից․ 

«Համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պետության կողմից պաշտպանված է իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից»: Իսկ թե ինչու լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը չեն բացահայտվում, ՄԻՊ գրասենյակը չի փորձել հասկանալ։ ՄԻՊ գրասենյակը նշում է, որ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Դատախազնությունն արձանագրել է 923 ընտրական իրավախախտումների մասին ԶԼՄ հրապարակումներ։ 

13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ 12 քրեական գործ ուղարկվել է դատարան, որոնցից 10-ով արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ, 8-ով՝ անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է որոշակի ժամկետով ազատազրկում։ Մեկ գործով մեկ անձի նկատմամբ նշանակվել է տուգանք, մեկ գործով մեկ անձ դատապարտվել է 2 տարի ազատազրկման, իսկ երկու քրեական գործով դատաքննությունը դեռևս շարունակվում է։ 

Հատկանշական է, որ օրինակ Ազգային ժողովի ընտրությունների մասին խոսելիս հայաստանյան դիտորդական կազմակերպությունների զեկույցներից տվյալներ չեն մեջբերվում Օմբուդսմենի Տարեկան հաշվետվությունում։ Ինչպես հայտնի է, այդ կազմակերպությունները հիմնականում բացասական էին գնահատել անցկացված քվեարկության որակը։ Մեջբերումներ են արվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցից։ 

Լրագրողի մասնագիտական գործունեության երաշխիքները 

Մարդու իրավունքների պաշտպանն իր Տարեկան հաշվետվությունում առանձին սյունյակով է անդրադարձել լրագրողի մասնագիտական գործունեությանը, ընդգծելով որ լրագրողական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դրսևորում անթույլատրելի է և պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա․ «Այդպիսի ցանկացած ոտնձգություն վտանգում է ոչ միայն լրագրողի իրավունքները, այլև իր բացասական ազդեցությունն է թողնում հասարակության տեղեկացվածության իրավունքի լիարժեք ապահովմանը»: 

Ըստ Օմբուդսմենի՝ կարծիքի արտահայտման ազատության երաշխավորումն ու լրագրողի գործունեության պաշտպանվածությունը ժողովրդավարական հասարակությունում ունի կարևորագույն նշանակություն: «Մտահոգիչ են 2017 թվականի ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունները որոշ լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2017 թվականի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու 12 դեպքով քրեական գործ է հարուցվել։ Նշված դեպքերից միայն 2-ով է մեղադրական դատավճիռ է կայացվել»։ 

Օմբուդսմենը նաև արձանագրում է՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքերի բացառումը պետք է ապահովվի ինչպես կոնկրետ դեպքերի առնչությամբ պետության պատշաճ իրավական գնահատականով, այնպես էլ նույն պետական համակարգում լրագրողի բարեխղճության կանխավարկածի և վերջինիս գործունեության` իբրև հասարակական վերահսկողության կարևոր օղակի ընկալումների արմատացմամբ։ 

Մարդու իրավունքները Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում

Մարդու իրավունքների պաշտպանի Տարեկան հաշվետվությունը կազմված է 400 էջից, սակայն ընդամենը 1 էջ է հատկացված Զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը։ Կարելի է եզրակացնել, որ սա վկայում է Պաշտպանի ոչ բավարար հետաքրքրվածությունն ու մտահոգությունը զինծառայողների մահվան ու ինքնավնասումների դեպքերի նկատմամբ։ Պաշտպանը խիստ աղքատիկ բառապաշարով է մեկնաբանում զինծառայողների կյանքի իրավունքի խնդիրը։ 

Ըստ Պաշտպանության նախարարության կողմից ՄԻՊ-ին տրամադրված վիճակագրական թվերի՝ 2017 թվականի ընթացքում գրանցվել է 75 զինծառայողի մահվան ելքով դեպք։ Ընդ որում, մարտական հերթապահության ընթացքում զոհվել (մահացել) է 41 զինծառայող, այլ պայմաններում՝ 34: ՄԻՊ-ը չի փորձել վերլուծել, թե ի՞նչ է թաքնած 75 զինծառայողի մահվան տակ, խորքային ի՞նչ պատճառներ են առկա Զինված ուժերում զինծառայողների մահացության 75 դեպքի հետևում։ Մահացությունների 2017 թվականի ցուցանիշը չի համեմատվում նախորդ տարիների հետ։ 

Ապրիլյան պատերազմի 4 օրերին Զինված ուժերում մահացել է նույնքան զինծառայող և քաղացիական անձ (77 մարդ), քան 2017 թվականի խաղաղ ժամանակահատվածում (75): Պաշտպանը չի ախտորոշել իրավիճակը, մահերը զսպելու ուղղությամբ չեն առաջարկվել լուծումներ։ ՄԻՊ-ը գնահատականն այսպիսին է․ «Արձանագրված մահվան և ինքնավնասման դեպքերը պետք է դառնան դրանց պատճառների և նպաստող պայմանների խորը ուսումնասիրության ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հիմք: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նշված դեպքերի կանխարգելման և ընդհանուր իրազեկվածության բարձրացման ուղղությամբ»։  

Համաձայն ՄԻՊ հաշվետվության՝ զինծառայողների մահվան դեպքերը տեղի են ունեցել հակառակորդի հարձակողական և դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների, դիպուկահարների կողմից արձակված կրակոցների հրետակոծության, մարտական հերթապահության կրման և զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնադրային կանոնների խախտումների, հիվանդությունների, ճանապարհատրանսպորտային ու դժբախտ պատահարների հետևանքով, ինչպես նաև անձնական (ընտանեկան խնդիրների պատճառով): 

Հարց է առաջացնում վերջին ձևակերպումը՝ ի՞նչ նկատի ունի Օմբուդսմենը, երբ արձանագրում է, թե զինծառայողները բանակում մահանում են նաև անձնական (ընտանեկան խնդիրների պատճառով): Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից կարևոր է նաև համագործակցությունը լրատվամիջոցների և փաստաբանների հետ: Սակայն գործնականում Պաշտպանը միշտ չէ, որ շահագրգռված է լուծում տալ ԶԼՄ-ների բարձրացրած խնդիրներին։ 

Օրինակ՝ Forrights.am-ը ՄԻՊ աշխատակազմին էր ներկայացրել Արցախի Ասկերանի զորամասի արդեն նախկին զինծառայող Էդգար Հակոբյանի խնդիրը։ Էդգարի պնդմամբ՝ իրեն ծեծի են ենթարկել Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում։ ՄԻՊ աշխատակիցը փախուստի մեջ գտնվող  Էդգար Հակոբյանի վիճակին ծանոթանալուց հետո նրան խորհուրդ տվեց ներկայանալ Ռազմական ոստիկանություն։ Իհարկե Էդգարը չներկայացավ, և ՊՆ-ի որոշմամբ նա ազատ արձակվեց զինծառայությունից, սակայն այս դեպքը խորին անվստահություն է առաջացնում Պաշտպանի գրասենյակի նկատմամբ։ 

Ինքնավնասման դեպքերը բանակում։ 

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2017 թվականի ընթացքում գրանցվել է զինծառայողների կողմից ինքնավնասման 69 դեպք, որոնցից 85%-ը կատարվել են զինվորական ծառայության պարտականությունների իրականացման հետ կապված հանգամանքներում: 

Զինծառայողների առողջական վիճակ։ 

Ըստ Օմբուդսմենի Տարեկան հաշվետվության՝ կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնությունից անգամ այն դեպքում, երբ հիվանդությունը ձեռք են բերել ծառայության ընթացքում։ Պաշտպանի համար անհասկանալի է ՊՆ դիրքորոշումը, թե ինչու՞ պայմանագրային զինծառայողները չպետք է օգտվեն այդ իրավունքից: Պաշտպանին հասցեագրած բողոքների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռքբերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական սպասարկման իրավունքից:   

Արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքներ 

Տարեկան հաշվետվությունում որևէ տառ անգամ չկա 2017 թվականին աղմկահարույց՝ Սասնա ծռեր խմբի գործով դատավարության ընթացքում նրանց պաշտպանների արձանագրած խնդիրների մասին։ Այդ գործին անուղղակի վերաբերող մեկնաբանության հանդիպում ենք «Պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը» բաժնում։ Ինչպես հիշում ենք, խուզարկությունների պատճառով դատարան մուտք գործել չկարողացած Սասնա ծռերի փաստաբանները չէին ներկայանում դատական նիստերի, դատարանի որոշմամբ ներգրավվում էին հանրային պաշտպաններ, Սասնա ծռերը հրաժարվում էին նրանցից և հանրային պաշտպանները փաստացի չէին պաշտպանում մեղադրյալներին։ 

Սասնա ծռերի «իրական» փաստաբանները հայտարարում էին, որ ոտնահարվում է իրենց պաշտպանյալների արդար դատաքննության իրավունքը։ Օմբուդսմենն անդրադարձել է այս հարցին․ «Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ պաշտպան ունենալու իրավունքը բացարձակ չէ։ Մեղադրյալի կողմից պաշտպանի ընտրություն կատարելու իրավունքը դատարանի կողմից կարող է անտեսվել կամ ստորադասվել, եթե դրա համար առկա են արդարադատության գերակա շահով պայմանավորված վերաբերելի և բավարար հիմքեր։ Միևնույն ժամանակ մեղադրյալի կողմից պաշտպանից հրաժարումը պետք է արտահայտվի աներկիմաստ՝ ուղեկցվելով դատավարական նվազագույն երաշխիքներով, այդ թվում՝ իրավունքից հրաժարվելու դեպքում մեղադրյալի համար առաջանալիք հետևանքների գիտակցմամբ»։ 

Արձանագրենք, որ ՄԻՊ եզրակացությունն ամբողջովին տեղավորվում է դատախազության, դատական մարմինների պատկերացումների սահմաններում։ 

Հանրային հնչեղություն ունեցող գործերից Օմբուդսմենն անդրադառնում է 2016 թվականի հուլիսին Սարի թաղում և Խորենացի փողոցում Ոստիկանության թույլ տված խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերի քննությունը: ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ անձանց բերման ենթարկելիս և դրանից հետո նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել 60 քաղաքացի։ 

Տվյալ գործով հարցաքննվել են տարբեր ԶԼՄ-ների թվով 24 լրագրող, որից 21-ը ճանաչվել է տուժող։ Հարցաքննվել են նաև ոստիկանության թվով 60 ծառայող։ Նախաքննությամբ թվով 8 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել։ Նրանցից 4-ի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով և տուգանք՝ 200,000 դրամի չափով։ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեջ մեղադրվող ևս 4 քաղաքացի տուգանվել է 200 000 - 250 000-ական դրամներով։ 

Պաշտպանը կարևոր է համարում քրեական գործերի քննության ընթացքի մասին հանրությանը հրապարակային և պարբերական հաշվետության ներկայացումը։ 2017 թվականի հունիսի 28-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքում Ոստիկանության ծառայողների կողմից Սասնա ծռեր խմբի անդամներին ծեծի ենթարկելու տեղեկությունների առնչությամբ հարուցված քրեական գործի քննությանը: 

Ինչպես գիտենք, Ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ: ՄԻՊ-ը նշում է, որ առանձնազրույցների ընթացքում նշված կալանավորված անձինք տեղեկացրել են, որ ֆիզիկական ուժի կիրառման հետքերը Ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնությունների հետևանք են: 

Պաշտպանն ընդգծում է, որ հենց դատարանի շենքում բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները մտահոգիչ են այն առումով, որ հանրային ընկալման տեսանկյունից կարող են բացասական ազդեցություն ունենալ, հատկապես դատարանների՝ որպես արդարադատություն իրականացնող մարմնի նկատմամբ: Նմանօրինակ քայլերը կարող են բացասաբար անդրադառնալ քրեական արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության տեսանկյունից նաև այն պատճառով, որ հարուցված քրեական գործերով տուժող ճանաչված անձինք եղել են պետության պատասխանատու հսկողության տակ: 

2017 թվականի հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը և Գագիկ Եղիազարյանը ճանաչվել են տուժող: 

Նկատենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը այս դեպքի մասին խոսելիս, այն չի նեկայացնում իբրև կատարված փաստ, այլ օգտագործում է ծեծի ենթարկելու տեղեկություն տերմինը։ Չնայած որ, ինչպես զեկույցում է նշվում, իրենք տեսակցել են տուժողներին, ծանոթացել ծեծվածների վերաբերյալ բժշկական մանրամասների, արձանագրված են տուժողների վնասվածքները։ 

 Ռոբերտ Անանյան
3117
Print
զեկույց
ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը 23.04.2018 | զեկույց

ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածությո

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին 23.04.2018 | զեկույց

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.


Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ 11.04.2018 | զեկույց

Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: