լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
15.03.2017 | զեկույց

Արտահերթ զեկույց. ոստիկանությունը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, որ մարտի 14-ի միջադեպը առնչություն չունի նախընտրական գործընթացների հետ

Արտահերթ զեկույց. ոստիկանությունը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, որ մարտի 14-ի միջադեպը առնչություն չունի նախընտրական գործընթացների հետ
2017 թվականի մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» («ՕՐՕ») դաշինքը, իսկ ապա նաև ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտարարեցին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «ՕՐՕ» դաշինքի նախընտրական հանդիպումից հետո եղել է միջադեպ, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն: Ջրառատ գյուղից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները տարվել են ոստիկանություն, որտեղից ժամեր անց ազատ արձակվել: 

Այնուհետև, մարտի 14-ին նույն գյուղում հրազենի կիրառմամբ մեկ այլ միջադեպի արդյունքում վիրավորվեցին նախորդ միջադեպին մասնակից «ՕՐՕ» դաշինքի համակիրները:   

Դեպքերով զբաղվում են թե Քննչական կոմիտեն, թե Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:   

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը իրականացնում է երկարաժամկետ դիտորդական առաքելություն, որի սահմաններում որոշեց ուսումնասիրել միջադեպերը:   

Հրազենի կիրառումը   

Ոստիկանութունը հայտնել է, որ մարտի 12-ին հրազենը կիրառել է Ոստիկանության զորքերի 1001 զորամասի ծառայող, գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ով միջադեպից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Ավելին, ատրճանակից կատարվել է մեկ կրակոց, որից տուժողներ չեն եղել: Կրակոցից հետո «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները Լեռնիկ Երանոսյանի ձեռքից խլել են հրազենը, որը հետո հանձնվել է ոստիկանությանը: 

Վերոնշյալը հաստատում են նաև «ՕՐՕ» դաշինքի առաջնորդները:   

Ոստիկանությունից մեզ նաև հայտնեցին, որ գնդապետ Լեռնիկ Երանոսյանը միջադեպի ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել: «Մակարով» տեսակի ատրճանակը կցված է եղել (կամ պատկանել է) Լեռնիկ Երանոսյանին:   Ջրառատում մեր երկարաժամկետ դիտորդների հավաքած տեղեկություններով պարզվել է, որ մարտի 14-ին նույն գյուղում գյուղապետի եղբորորդու և նախորդ միջադեպի մասնակիցներից մեկի միջև ծագել է միջադեպ, որին խառնվել է ինքնաձիգով զինված ոստիկանության ծառայող՝ գյուղապետի եղբայր, Սերյոժա Գալստյանը: 

Այս տեղեկությունները հաստատում են նաև «ՕՐՕ» դաշինքից: 

Իսկ Քննչական Կոմիտեից պնդում են, որ ինքնաձիգով զինված է եղել այլ անձ և արձակվել է 4 կրակոց: Ըստ մեզ հետ զրուցած ականատեսների և «ՕՐՕ» դաշինքի, միջադեպի ժամանակ կիրառվել են նաև մետաղյա ձողեր: «Էրեբունի» հիվանդանոցից լրագրողներին հայտնել են, որ 3 տուժածներից մեկը հրազենային վիրավորում ունի, մեկը ծակող-կտրող վիրավորում, իսկ երրորդը՝ կոտրվածք: Դատելով հրապարակված տեսանյութից՝ կրակոցներից առնվազն մեկը և ծեծի մի մասը եղել է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ներկայությամբ:  

Նշենք, որ նախկինում հաստատված փաստ է, որ Լեռնիկ Երանոսյանը Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրն է: Երանոսյանները բնակվում են Ջրառատ գյուղում և այդ գյուղի գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Գալստյանի քեռիներն են:   

Կապը ընտրությունների հետ  

 Իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հաստատում և չեն հերքում, որ հրազենով 1-ին միջադեպը կապված է եղել ընտրությունների հետ, իսկ «ՕՐՕ» դաշինքից պնդում են կապի մասին և բերում մանրամասներ:   

Մասավորապես, մեր երկարաժամկետ դիտորդների հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի առաջնորդներից Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ մարտի 12-ին Ջրառատում իրենց նախընտրական հանդիպման ժամանակ գյուղապետ Սամվել Գալստյանը մոտեցել է քաղաքացիների մի մասին և հայհոյանքներով պահանջել հեռանալ հանրահավաքից:   Միջոցառումից հետո «ՕՐՕ» դաշինքի ջրառատցի համակիրները գյուղապետից հայհոյանքների համար «հաշիվ են պահանջել» և եղել է վիճաբանություն: 

Վիճաբանությունից հետո, «ՕՐՕ» դաշինքի համակիրների տուն է եկել գյուղապետի քեռի՝ ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը և հանելով ատրճանակը՝ պահանջել է իր առջև ծնկի իջնել: Ստանալով մերժում՝ Երանոսյանը օդ է կրակել, որից հետո դաշինքի համակիները Երանոսյանի ձեռքից խլել են ատրճանակը: Ատրճանակը ոստիկանությանը կամովին հանձնելը երևում է նաև հրապարակված տեսանյութերից մեկում:   

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր երկարաժամկետ դիտորդի հետ հեռախոսազրույցում հրաժարվեց մեկնաբանել միջադեպը: 

Մարտի 13-ին Ջրառատ այցելած մեր երկարաժամկետ դիտորդների կողմից միջադեպի մասնակիցների (այդ թվում գյուղապետի կամ «ՕՐՕ» դաշինքի համակիրների) հետ զրուցելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Սակայն բազմաթիվ քաղաքացիներ հաստատեցին միջադեպի կապը «ՕՐՕ» դաշինքի հավաքի հետ՝ հաստատելով, որ վիճաբանության պատճառ է դարձել գյուղապետի կողմից նախընտրական հավաքի մասնակիցների մի մասին հայհոյելը:   

Մարտի 14-ին Ջրառատում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել են դրանից երկու օր առաջ Լեռնիկ Երանոսյանի ձեռքից ատրճանակը խլած անձինք, իսկ միջադեպին, ականատեսների վկայությամբ, մասնակցել են Երանոսյանների ու Գալստայանների ընտանիքները: Ավելին, ինչպես նշվեց, Լևոն Երանոսյանի՝ քաղաքացիական հագուստով միջադեպին մասնակցելու փաստը ապացուված է նաև հրապարակված տեսնյութով:   Այլ կերպ ասած, մարտի 14-ի միջադեպը թեև չի ունեցել քաղաքական ենթատեքստ, սակայն եղել է մարտի 12-ի միջադեպի շարունակություն: Դա հաստատում են թե՛ տուժողների հարազատները և թե՛ մեզ հետ զրույցում՝ բնակիչները: 

Բնակիչներից ոմանք, սակայն, մարտի 14-ի միջադեպը ուղղակի կապում էին «ՕՐՕ» դաշինքի հավաքի հետ: Մեր երկարաժամկետ դիտորդներ հետ զրուցած ջրառատցիներից և ոչ մեկը (այդ թվում՝ գյուղապետի հարազատները) ոչինչ չի ասել միջադեպի կողմերի՝ նախկինում ունեցած կոֆլիկտների կամ տարաձայնությունների մասին:   Ոստիկանությունը, սակայն, հայտարարել է, որ միջադեպը սկսվել է գյուղի դպրոցում երեխաների վիճաբանությունից: Այդուհանդերձ, գյուղում մեր դիտորդները նկատել են նաև ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին:   

Հարկ է նաև նշել, որ ի հեճուկս Ջրառատի գյուղապետի կողմից «ՕՐՕ» դաշինքի հավաքի խոչընդոտման մասին բազմաթիվ հայտարարությունների, իրավապահ մարմիններից և ոչ մեկը չի հետաքննել այդ դրվագը: Այստեղ կարևոր է նաև նկատել, որ թեև մարտի 12-ի հավաքի մասին իրազեկում չի ներկայացվել, սակայն այն ունեցել է 100-ից պակաս մասնակից և հետևապես եղել է ամբողջությամբ օրենքի շրջանակներում:   

Մթնոլորտը Ջրառատում     

Թեև ակնհայտ է, որ մարտի 12-ին և 14-ին Ջրառատում հնչել են ատրճանակից և ինքնաձիգից կրակոցներ, սակայն գյուղում մարդիկ վախենում են այդ մասին խոսել: Մարտի 13-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրուցած բոլոր և ամսի 14-ի երեկոյան համարյա բոլոր գյուղացիները միաբերան պնդում էին, որ կրակոց չեն լսել: Ջրառատ այցելած մեր երկարաժամկետ դիտորդներին ևս գյուղացիների ճնշող մեծամասնությունը հայտնում էին, որ կրակոց չեն լսել և դեպքից տեղյակ չեն:   Մեր դիտորների հետ զրույցում միայն մի քանի բնակիչ է հաստատել միջադեպը՝ այն էլ այն բանից հետո, երբ երաշխիքներ են ստացել, որ իրենց անունները չեն հրապարակվի: Այդ քաղաքացիների մի մասը դեռևս մարտի 13-ին նշում էին, որ միջադեպի մասնակից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները վախենում են վերադառնալ Ջրառատ:   

Ըստ մեզ հետ զրուցած ականատեսների, հրազենով միջադեպը եղել է Ջրառատի գյուղապետարանի մոտ։ Թե ինգնաձիգով և թե մետաղյա ձողերով ու դանակով զինված անձինք դարանակալած են եղել գյուղապետարանի շենքում: Այդ տեղեկությունները ևս հաստատում են «ՕՐՕ» դաշինքից:   

Հարկ ենք համարում նաև նկատել, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայտնի է ցուցարարների նկատմամբ բռնության կիրառման համակարգմամբ և լրագրողների նկատմամբ բռնությունների անմիջական հրամաններ արձակելով: Ընդ որում, բոլոր այդ դեպքերից հետո այս տարվա ամանօրին Սերժ Սարգսյանը Լևոն Երանոսյանին պարգևատրեց «հասարակական կարգի գերազանց կատարման համար» մեդալով: 

Ջրառաատում բազմաթիվ գյուղացիներ «բարի խորհուրդ» էին տալիս մեր դիտորդներին անգամ չանցնել Երանոսյանների տան կողքով: Լեռնիկ Երանոսյանը նախկինում դատվել է Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատար եղած ժամանակ հարբած վիճակում վիճաբանություններ սարքելու և սպանության սպառնալիքով իր իսկ տեղակալին հետապնդելու համար: 

2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում Լեռնիկ Երանոսյանը լուսաձայնային նռնակ էր նետել լրագրողների ուղղությամբ: Այդ դեպքից հետո, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Երանոսյանի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել էր, սակայն ավելի ուշ Երանոսյանը վերականգնվել էր իր պաշտոնում: Նշենք նաև, որ թեև մարտի 14-ի առավոտյան Ջրառատում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լևոն Երանոսյանը քաղաքացիական հագուստով էր և որոշ ականատեսների պնդմամբ ոչինչ չէր անում իր ազգականներին հանդարտեցնելու համար, սակայն ժամեր անց մեր դիտորդները նրան նկատել են գեներալի համազգեստով՝ իրավապահների գործողությունները համակարգելիս: 

Ջրառատի բնակիչները դեպքի հետ կապված խոսելիս Լևոն Երանոսյանի անունը աշխատում էին չարտաբերել, կամ ասում էին շշուկով (անգամ, երբ շուրջը այլ մարդ չկար): Ամեն դեպքում, փաստ է, որ Երանոսյանների ընտանիքի և շրջապատի անդամները ատրճանակով և ապօրինի ինքնաձիգով զինված են եղել ու այդ զենքերը կիրառել են «ՕՐՕ» դաշինքի համակիրների դեմ:   Եզրահանգումներ   

Ուսումնասիրելով վերը նշված փաստական հանգամանքները՝ «Անկախ Դիտորդ» հասարակական դաշինքի երկարաժամկետ դիտորդները եկան հետևյալ եզրահանգումներին: 

1. Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը առնչություն ունի ընտրությունների հետ և իրենից ներկայացնում է իշխանության աջակիցների կողմից «ՕՐՕ» դաշինքի աջակից քաղաքացիների վրա ճնշում գործադրելու փորձ: 

2. Մարտի 14-ին նույն գյուղում տեղի ունեցած միջադեպը մարտի 12-ի միջադեպի շարունակությունն է: Հավանական է, որ դա Երանոսյանների վրեժն էր «ՕՐՕ»-ի համակիրների կողմից Լեռնիկ Երանոսյանին զինաթափելու համար: 

3. Ջրառատ գյուղում տիրում է վախի մթնոլորտ: Բնակիչները համատարած վախենում են բարձրաձայն խոսել միջադեպից, իսկ միջադեպի մասնակից ընդդիմադիրները, ոչ անտեղի, վախենում էին վերադառնալ գյուղ: Լևոն Երանոսյանից  Ջրառատում վախենում են համարյա բոլորը: 

4. Միջադեպը մեծապես արդյունք է այն հանգամանքի, որ նախկինում հանցագործություններ կատարած անձինք (Լեռնիկ և Լևոն Երանոսյանները) անպատիժ են մնացել և շարունակել են ծառայությունը Ոստիկանության զորքերում: 

5. Ոստիկանությունը փորձում է հանրային կեղծ տպավորություն ստեղծել, որ մարտի 14-ի միջադեպը որևէ առնչություն չունի նախընտրական գործընթացների, ընտրություններին մասնակցող ուժերի և ոստիկանության բարձրաստիճան ծառայողների հետ: 

6. Բոլոր իրավապահները աչք են փակել «ՕՐՕ» դաշինքի այն հայտարարությունների վրա, ըստ որոնց Ջրառատի գյուղապետը խոչընդոտել է քաղաքացիների՝ օրինական հավաքին մասնակցելուն: 

«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, 

ի դեմս՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 

Իրազեկ քաղաքացիների միավորման
 
Մարտունու կանանց համայնքային խորհրդի 

 Գորիսի մամուլի ակումբի  
934
Print
զեկույց
ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը 23.04.2018 | զեկույց

ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածությո

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին 23.04.2018 | զեկույց

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.


Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ 11.04.2018 | զեկույց

Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: