լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.03.2017 | զեկույց

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույց. մարդու իրավունքների վիճակը Հայաստանում

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույց. մարդու իրավունքների վիճակը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտի երեկ հրապարակած 2016թ. Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի՝ Հայաստանի բաժնում նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով Հայաստանն աստիճանաբար վերածվում է խորհրդարանական երկրի, ինչն ավարտին կհասնի, երբ 2018 թվականին կսպառվի ներկայիս նախագահի պաշտոնավարման ժամկետը:

Քաղաքական դաշտում գերակայող դիրք ունեն նախագահ Սերժ Սարգսյանը և նրա առաջնորդած հանրապետական կուսակցությունը: 2013 թվականի նախագահական և 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները, 2015-ի սահմանադրական հանրաքվեն վարչարարության առումով լավ կազմակերպված էին, բայց գրանցված լուրջ խախտումները կասկածի տակ են առնում ընտրական գործընթացի ամբողջականությունը:

Անվտանգության ուժերն արդյունավետ կերպով վերահսկվում են քաղաքացիական իշխանության կողմից: 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրավել է ոստիկանության համալիրը, պատանդառել է ոստիկանների և քաղաքական պահանջներ է ներկայացրել: Երկու շաբաթ տևած առճակատման ընթացքում սպանվել է երեք ոստիկան: Մայրաքաղաքում և այլ շրջաններում տեղի են ունեցել «Սասնա ծռերի» հետ համերաշխության ցույցեր:

 Իրավապահները խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել և ապօրինի ձերբակալություններ են կատարել: 5 ոստիկանների լիազորությունները դադարեցվել են, 13-ը կարգապահական տույժի են ենթարկվել, 4 ոստիկան, այդ թվում Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, պաշտոններից ազատվել են, սակայն այդ ամենն, ըստ զեկույցի, համարժեք պատիժ չէ համատարած չարաշահումների համար:

2016-ի ընթացքում առավել մտահոգիչ խնդիրներն են իրավապահների անպատժելիությունը և իշխող հանրապետականների քաղաքական գերակայությունն ապահովելու համար պաշտոնյաների կողմից կառավարության լծակների գործադրումը: Դատական սահմանափակ անկախության պայմաններում երկրի վերնախավը քաղաքական և տնտեսական լծակներն օգտագործել է աջակիցներին, ինչպես նաև կաշառված իրավապահ և դատական համակարգը հարստացնելու համար:

Այլ խնդիրների շարքում զեկույցում նշվում են բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած սպանությունները, սպաների կամ ծառայակիցների կողմից զինվորներինկատմամբ բիրտ գործողությունները: Բանտերում գերբնակեցում է և ծանր պայմաններ, 2016-ի առաջին 10-ն ամիսների ընթացքում բանտերում մահացել է 24 մարդ, 17-ը՝ տարբեր հիվանդությունների զոհ են դարձել, 7-ը ինքնասպանություն է գործել:

Ձերբակալությունների և հարցաքննությունների ընթացքում բերման ենթարկվածների և կասկածյալների նկատմամբ իրավապահները բռնություններ են կատարել, հայաստանում տեղի են ունենում կամայական ձերբակալությունները:

Լուրջ խնդիր են նախնական կալանքի երկարատև ժամկետները, ձերբակալության պատճառների ոչ թափանցիկ հանգամանքը, ցուցմունքների հանդեպ անվստահությունը, ազատ արձակելու կարգի անորոշությունը, ձերբակալվածների՝ տեսակցության իրավունքի կամայական սահմանափակումը, երկարատև դատավարությունները: Դատարանները թերանում են դատական գործընթացի արդարությանն ուղղված օրենքները կիրարկելու հարցում:

Լրատվամիջոցների վերաբերյալ զեկույցում ասվում է, որ տպագիր և հեռարձակող մամուլը կարծիքների բազմազանություն չի ապահովում, հեռուստաընկերությունների գերիշխող մասը պետության տեսակետն է արտահայտում: Բնակչության մեծամասնության համար հեռարձակող մամուլից տեղեկատվության հիմնական աղբյուրը հանրային հեռուստատեսությունը մնում է:

Հեռուստակայանների մեծ մասը պատկանում է իշխող կուսակցության ներկայացուցիչներին և քաղաքական կապեր ունեցող ունեցող գործարարներին: Այդ կայանները իրադարձությունները միակողմանի են լուսաբանում: Քաղաքական զգայուն հարցերում մամուլի գերիշխող մեծամասնությունը կառավարության տեսակետն է արտահայտում:

Անկախ մի քանի լրատվամիջոցներ հիմնականում համացանցում են աշխատում, ինքնաբավ չեն և գոյատևում են միջազգային ֆինանսական աջակցության շնորհիվ: Իշխանությունը հիմնականում չի վերահսկում համացանցային մամուլը, որը սոցիալական ցանցերի հետ մեկտեղ դարձել է տեղեկատվության կարևոր այլընտրանքային աղբյուր:

Համացանցով քաղաքական զարգացումների ուղիղ հեռարձակումը մեծ կարևորություն է ձեռք բերում հատկապես հանրային բողոքների ժամանակ: Այնուամենայնիվ համացանցային մամուլն էլ որոշակի կախվածություն ունի սեփականատերերից և գովազդատուներից: Կան վստահելի տեղեկություններ այն մասին, որ և համացանցային և հեռարձակվող լրատվամիջոցները իշխանության հետ առնչություններ ունեցող մի խումբ մարդկանց ձեռքում են: Ավանդական և համացանցի մամուլի պատկանելությունը թափանցիկ չէ:

Մամուլում կա ինքնագրաքննություն: Ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից եղել են լրագրողների վրա հարձակման դեպքեր: Ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում տուժել է 24 լրագրող և օպերատոր:

Հավաքների ազատությունը, քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունները և բազմակարծությունը սահմանափակվել են: Առկա է ընտանեկան բռնության խնդիր: Իշխանությունը որոշ սահմանափակումներ է գործադրել կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք նաև ենթարկվել են հանրային-սոցիալական պարսավանքի: Արական և իգական սեռի նորածինների թվի անհավասարությունը վկայում է սեռով պայմանավորված աբորտների առկայության մասին:

Շարժունակության խնդիրներ ունեցող քաղաքացիների հանդեպ համատարած խտրականություն է: Խտրական վերաբերմունք է դրսևորվել նաև սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Հանրության կողմից բացասական վերաբերմունք է ՄԻԱՎ-ՁԻԱՎ-ով հիվանդ մարդկանց նկատմամբ:

Կառավարությունը ոտնահարում է աշխատավորների իրավունքները և ոչ համարժեք եռանդով է գործադրում աշխատանքային օրենսգիրքի պահանջները: Իշխանությունը հպանցիկ է քննում պաշտոնյաների չարաշահումների գործերը: Իրավապահներն անպատժելիորեն բռնություններ են գործադրում, երբեմն այդ համակարգի ղեկավարների անմիջական հրահանգներով:

Իշխանության կողմից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկել 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բախումներում տեղի ունեցած 10-ը սպանությունների համար: Հայաստանյան զեկույցի 4-րդ բաժնում կա ծավալուն անդրադարձ կոռուպցիային: Հղում անելով Համաշխարհային բանկի և «Ֆրիդոմ Հաուսի» զեկույցներին, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը փաստում է, որ համատարած կոռուպցիան Հայաստանի առջև ծառացած ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, և դրա դեմ կառավարության պայքարը սոսկ մակերեսային է:

Թեպետ Սահմանադրությունն արգելում է գործարարներին զբաղեցնել պետական պաշտոններ՝ մեծ թվով գործարարներ և խոշոր սեփականատերեր Ազգային ժողովի պատգամավորներ են, իսկ կառավարության պաշտոնյաներն առաջ են տանում իրենց մասնավոր գործարար շահերը:

Օլիգարխները կապեր ունեն կառավարության հետ և մենաշնորհ են հաստատել տնտեսությունում: Ավելին, իշխանությունն անտեսում է կառավարության պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին մամուլի հրապարակումները: Կոռուպցիան առկա է շինարարության բիզնեսում, պետական, դատական ատյաններում, գնումների ոլորտում, հարկային, մաքսային, կրթական, առողջապահության համակարգերում և բանակում:

Ապրիլյան բախումներից հետո հանրությունն ահազանգել է բանակի թերի ղեկավարման և միջոցների յուրացման մասին, ինչին ի պատասխան պաշտպանության նախարարությունն ազդարարել է հակակոռուպցիոն միջոցներ ձեռնարկելու մասին: Որոշ ավագ սպաներ, մասնավորապես գնումների ոլորտը կարգավորողներից մի քանիսը, ազատվել են պաշտոններից: Իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումներ է տվել, սակայն գործնականում միակ տեսանելի արդյունքը եղել է կառավարության ավտոմեքենաների թվի կրճատումը:

Ապրիլի 4-ին «Հետք» համացանցային լրատվամիջոցը հրապարակել է վերլուծություն ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների մասին: Պողոսյանը հրաժարական է ներկայացրել, հարուցվել է քրեական գործ, սակայն, ինչպես Պետդեպարտամենտի զեկույցում է ասվում, նոյեմբերի 25-ի դրությամբ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել [Մեր կողմից հավելենք, որ գործը հետագայում ընդհանրապես կարճվել է]:

Օրենքը պահանջում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքների անդամները ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագրեր: Դրանց մի մասը տեղադրվել է համացանցում: Այնուամենայնիվ, մեծ թվով պաշտոնյաներ, դատավորներ, Ազգային ժողովի պատգամավորներ, թաքցնում են իրենց ունեցվածքի և եկամուտների աղբյուրը, տեղեկություններ չեն հայտնում ստացած նվերների կամ փոխառությունների ապահոված շահի մասին: Իշխանությունը թերանում է հավատարմագրերում հայտնված անբացատրելի հարստության կամ ակնհայտ անհամապատասխանության հարցերն ուսումնասիրելու գործում:  
986
Print
զեկույց
ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը 23.04.2018 | զեկույց

ԱՄՆ դեսպանատան կոչը Հայաստանի կառավարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածությո

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին 23.04.2018 | զեկույց

ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.


Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ 11.04.2018 | զեկույց

Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: