լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
30.04.2018 | կոռուպցիա

Ինչո՞ւ է խոսում Քոչարյանը

Ինչո՞ւ է խոսում Քոչարյանը
Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության Ռոբերտ Քոչարյանի գնահատականը, որը հնչեց ռուսական հեռուստաալիքով.  անսպասելի չէր: Դժվար Հայաստանում գտնվի մեկը, ով դրական արձագանք սպասեր Քոչարյանից: Անսպասելի էր թերևս լրատվամիջոցի ընտրությունը՝ ոչ թե «Մեդիամաքս», կամ գոնե Քոչարյանի «կուրացիայի» տակ աշխատած «Հ-2» հեռուստաընկերություն, այլ ռուսական НТВ: 

Վերջինս ոչ այնքան ջանասիրաբար է կատարում Կրեմլի հրահանգները և իշխանության կողմից տոտալ հսկողության տակ գտնվող ռուսական հեռուստադաշտում դիրքավորված է որպես թուլատրելի, փոքր ինչ դեղնավուն այլընտրանք պաշտոնական ալիքներին: Ակնհայտ է, որ նոր հայկական պետության հետ «դե յուրե» չճշտված հարաբերությունների պայմաններում պաշտոնական ալիքների՝ ռուսաստանի հանրային հեռուստատեսության  /1 канал/ և «Россия» -ի համար Հայաստանի երկրորդ նախագահը անցանկալի զրուցակից է: Բայց անգամ  դեղնավուն НТВ-ն նրան մեծ կրճատումներով «եթեր տվեց», Քոչարյանին «տեղավորելով» հայկական հեղափոխությունը ակնհայտորեն դրական որակող ռեպորտաժում: 

Դրա վերնագրում անգամ՝ «Հեղափոխություն առանց գույնի», շեշտված հակադրումը Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտքերին:  «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ տվեք ինձ իշխանություն, հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին», - ասում է Ռոբերտ Քոչարյանը, մոռանալով իր իշխանության գալու պատմությունը, երբ այն, որպես «ճամպրուկ», վերցրեց Վազգեն Սարգսյանի ձեռքից: Այսօր քչերն են այս մասին խոսում, չցանկանալով ստվեր նետել Սպարապետի վերջին տարիների արած-չարածի վրա, բայց համընդհանուր փաստ է, որ Վազգեն Սարգսյանը, գործի դնելով բանակն ու իր մյուս լծակները, ընտրակեղծիքների, ճնշումների ճանապարհով, իշխանությունը որպես ճամպրուկ հանձնեց Ռոբերտ Քոչարյանին: 

Ահա ինչպես է պատկերացնում իշխանությունը Ռոբերտ Քոչարյանը. «Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն»: Սա հայտարարում է մի մարդ, որն իր ինքնասիրությունը վայր դրած, քաջ գիտակցելով, որ Հայաստանի ժողովուրդն իրեն չի սիրում, «աներեսաբար» երկու անգամ նախագահ նստեց: 98-ին, իր 100 օրվա առթիվ ասուլիսում նսեմացրեց, վիրավորեց Հայաստանի ողջ ժողովրդին, հայտարարելով. 

«Հետաքրքիր է մի հարց. ով է այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի, և եթե այդպիսի տղամարդիկ կային, ինչով էին նրանք զբաղվում 1995 թվականից այս կողմ, երբ հեռուստատեսությամբ մեկ րոպե խոսելու հնարավություն չունեին, երբ մի մասը ձերբակալված, մի մասը նկուղներում թաքնված էին ապրում, անեին հեղաշրջում, ինչո՞ւ չէին անում, սպասում էին Քոչարյան Ռոբերտը Ղարաբաղից գա»: 

Փաստորեն, այն ժամանակ նա չէր ժխտում, որ հեղաշրջում է արել, դավադիր հեղաշրջում, որի պտուղները Հոկտեմբերի 27-ն ու Մարտի մեկն էին: Կառավարման 10 տարվա ընթացքում նա առանց մտածելու, որ դիմացինները ինքնասիրություն ունեն, փչացրեց քաղաքական դաշտը, դաժան հաշվեհարդարներ տեսավ քաղաքական հակառակորդների հետ՝ Վանո Սիրադեղյանի, Արկադի Վարդանյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի հետ, ոմանց արտաքսելով, ոմանց դուրս մղելով քաղաքական պրոցեսից, ընդդիմադիր շարժումները ճնշելով, «գրպանային» կուսակցություններ և «գրպանային», նվաստ, թիվ մեկ դեմքին հնազանդ խորհրդարան ստեղծելով:

Քաղաքական դաշտի այս իմիտացիան փլվեց 2008 թվականի համաժողովրդական շարժման արդյունքում: Բայց ի՞նչ է համաժողովրդական շարժումը, ինչ է ժոովրդավարությունը, ինչ անմիջական դրսևորումներ կարող է ունենալ ժողովրդի իշխանությունը,  նա երբեվիցե չընկալեց: 

Ռոբերտ Քոչարյանը չունեցավ բավականաչափ իրավագիտակցություն հասկանալու համար, որ անգամ ամենաօրիանական իշխանությունը պարտավոր է հաշվի նստել ժողովրդի իշխանության և կամքի հետ, երկրի ղեկավարին ներկայացրած պահանջների հետ, որ հակառակ դեպքում քաղաքացիները իրավունք ունեն իրենց հասանելի միջոցների՝ հավաքների, խաղաղ ցույցների, այլ ակցիաների դիմելով, հետ վերցնել իշխանությունը պետության քաղաքական ղեկավարներից, տվյալ դեպքում՝ իշխող կուսակցությունից, և պատվիրակել այն իր վստահությունը շահող ուժերին, կամ գործիչներին: 

Ժողովրդավարության այս այբուբենը Ռոբերտ Քոչարյանի համար ըմբռնելի չի: «Ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ` սա լիովին այլ ծայրահեղություն է», - ասում է նա, իսկ НТВ-ի մեկնաբան Իվան Տրուշկինը էքս-նախագահի խոսքից հետո ցույց է տալիս, թե ինչպես են ցույցերի երիտասարդ մասնակիցները լվանում Հանրապետության հրապարակը շատրվանների ջրով:  «Նրանց ընդվզումը էմոցիոնալ է, բայց առանց ագրեսիայի: Երևանի փողոցներում չկա ոչ մի կոտրած ցուցափեղկ, ոչ մի վառված ավտոմեքենա, անգամ մի խարույկ չկա», - ասում է մեկնաբանը, և անկախ քեզանից աչքիդ առաջ գալիս է Քոչարյանի մարտի երկուսի զբոսանքը արյունաքամ Երևանի գլխավոր պողոտայով: 

Ինչո՞ւ այն ժամանակ նա չէր հասկանում, որ «չի կարելի ստիպել մարդկանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ»: Ինչո՞ւ, հանուն ինչ՞ի է խոսում հիմա: 

 Սյուզան Սիմոնյան
1020
Print
կոռուպցիա
Նիկոլ Փաշինյան.. «հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները» 30.04.2018 | կոռուպցիա

Նիկոլ Փաշինյան.. «հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները»

«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները», ֊քիչ առաջ հեռարձակված ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 


Ինչո՞ւ է խոսում Քոչարյանը 30.04.2018 | կոռուպցիա

Ինչո՞ւ է խոսում Քոչարյանը

Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության Ռոբերտ Քոչարյանի գնահատականը, որը հնչեց ռուսական հեռուստաալիքով.  անսպասելի չէր: Դժվար Հայաստանում գտնվի մեկը, ով դրական արձագանք սպասեր Քոչարյանից: Անսպասելի էր թերևս լրատվամիջոցի ընտրությունը՝ ոչ թե «Մեդիամաքս», կամ գոնե Քոչարյանի «կուր

«Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել և հանրությունը մինչև հիմա սպասում է» 22.02.2018 | կոռուպցիա

«Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել և հանրությունը մինչև հիմա սպասում է»

Եվրամիությունը լուրջ է տրամադրված և չի պատրաստվում ձեռքերը ծալած նայել, թե ինչպես է Հայաստանի կառավարությունն այս անգամ ևս տապալում ստանձնած բարեփոխումները։ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվել է ուժեղացնել հակակ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: