լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
27.06.2018 | կոռուպցիա

Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու հիմքեր կան

Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու հիմքեր կան
Ապրիլյան պատերազմի փաստով պետք է քրեական գործ հարուցվի և քննվի 2016 թվականին իշխանության գլուխ գտնված անձանց գործելակերպը: Քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ պատերազմի օրերին Սերժ Սարգսյանի իշխանությունը կասկածելի պահվածք է դրսևորել և ի հայտ են եկել պարզման ենթակա կասկածելի փաստեր: Ճիշտ կլինի, որ նախկին իշխանությանը մեղադրանքներ ներկայացնեն պատերազմի ժամանակ չարաշահումների մասին բարձրաձայնած ու այդ պատճառով ազատազրկված Ժիրայր Սեֆիլյանն ու Անդրիաս Ղուկասյանը: Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու հիմքեր կան և հետաքննությամբ կարող են բացահայտվել ծանրագույն հանգամանքներ, ասում է Մանվել Սարգսյանը. 

«Այնքա՛ն պատմություններ կան կապված իր հետ: Դեռ մարտի 1-ից չեմ խոսում, հիշեցնում եմ ապրիլյան պատերազմը: Այդ շրջանում նրան պետական դավաճանության մեղադրանքներ են ներկայացրել քաղաքական գործիչներ Ժիրայր Սեֆիլյանն ու Անդրիաս Ղուկասյանը, որոնք հետո ապօրինաբար ազատազրկվեցին: Եթե ծանրագույն հանցանքների ու պետական դավաճանության կասկածները հաստատվեն, Սերժ Սարգսյանը պետք է ձերբակալվի»: 

2008 թվականից ի վեր նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է, ինչը բնական է: Ապրիլյան պատերազմի առեղծվածային կողմերը նախկին նախագահի հանցավոր  գործելակերպի մեկ մասը կարող են միայն լինել: Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակակոռուպցիոն լայնածավալ գործընթաց է սկսել: Անվտանգության և իրավապահ մարմինների թիրախում հայտնվել է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը՝ նրան ծառայություններ մատուցած և ապօրինի հարստացած նախկին պաշտոնյաներ: Իրավապահ մարմինները պարզել են, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի անվան հետ կապվող Փյունիկ հիմնադրամը պետությանը հասցրել է առնվազն 300 միլիոն դրամի վնաս:

ԱԱԾ հաղորդմամբ՝ պետությանը 1 միլիարդ դրամի վնաս է հասցրել Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապվող Սիքյուրիթի դրիմ ընկերությունը: Ճիշտ է՝ այստեղից հերքում են իրավապահների պնդումը: Հունիսի 25-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանությունը բերման էր ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին, և նրա որդուն՝ Նարեկ Սարգսյանին: Նրանք ազատ են արձակվել: Հունիսի 25-ից ձերբակալված է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որը մեղադրվում է ապօրինաբար մեկ միլիարդ դրամի հասնող գումար կուտակելու մեջ: Նա կեղծ հայտարարագիր է ներկայացրել՝ թաքցնելով իրական ունեցվածքը: 

Հունիսի 25-ին մեղադրանք առաջադրվեց Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Իրավապահները նրան ու հորը՝ Մանվել Գրիգորյանին կասկածում են Զինված ուժերից հսկայական ծավալների գույք յորացնելու, ապօրինի զինամթերք պահելու մեջ: ԵԿՄ-ն համարվել է Սերժ Սարգսյանի հզոր հենարանը, ինչն այլևս անվերադարձ կորսված է: Հանրային մեծ հնչեղություն են ստացել ինչպես մաքսազերծմամբ զբաղվող Նոր ֆոլկ ընկերության կողմից պետությանը 7 միլիոն դոլարի վնաս հասցնելու, այնպես էլ 11 սուպերմարկետների ու Կարեն Կարապետյանի կառավարության միջև անօրինական պայմանավորվածության հետևանքով ահռելի չափերի հասնող հարկեր պետական բյուջե չվճարելու բացահայտումները: 

Իրավապահների մոտ կասկածներ կան, որ քաղաքացիներից հավաքագրված գումարներ են յուրացվել Երևանի քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամի միջոցով: Կան կալանավորված պաշտոնյաներ, սպասվում է նաև Տարոն Մարգարյանի նկատմամբ մեղադրանքի հարուցում: Ինչպես ասում են՝ սա ընդամենը կոռուպցիոն այսբերգի երևացող կողմն է: Դեռևս ազատության մեջ են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հանցանքների ու չարաշահումների մեջ թաղված քրեաօլիգարխիկ կլանի բազմաթիվ անդամներ: Անուններ չթվենք, վստահ ենք՝ Հայաստանում բոլորն են ճանաչում այդ մարդկանց: 

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Forrights.am-ի հետ զրույցում պնդում է՝ նրանց «բուծել» և հովանավորել է անձամբ Սերժ Սարգսյանը, ինչը պիտի անպատիժ չմնա. «Այս մարդիկ ընդամենը Սերժ Սարգսյանի ծառաներն են եղել: Այն հանգամանքը, որ ընդամենը այդ ծառաներին են ձերբակալում, նշանակում է, որ այդ ամբողջի գլուխ ինքն է կանգնած եղել, դա փայլուն բոլորը գիտեն, խնդիրը նա է՝ կընդունվի՞ որոշում նախկին նախագահին ձերբակալելու»: Շատերի դիտարկմամբ՝ Փաշինյանի կառավարությունը պատերազմ է հայտարարել կոռուպցիային, երբ պետությունից թալանված  միլիարդավոր դրամներ վերադարձվում են պետական բյուջե: Մանվել Սարգսյանն այս գործընթացը լոկ կոռուպցիայի դեմ պայքար չի անվանում: Ականատես ենք լինում Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման երկրորդ՝ ուժային փուլին. 

«Ժողովուրդը միասնական ջանքերով նախ գլխատեց այդ համակարգը, իսկ հիմա տիրանալով կառավարությանն ու ուժային կառույցներին, զբաղված է Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ հենարանների վերացմամբ»: Եթե Հայաստանում հեղափոխություն տեղի չունենար, կանգնելու էինք պետականության կորստի փաստի առաջ: Քաղաքագետի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի օրոք կառուցված պայմանագրային օլիգարխիայի տրամաբանությամբ պետության գերկարևոր ոլորտները՝ տնտեսություն, քաղաքականություն, արդարադատական համակարգ և այլն, բաժանվել են քրեածին տարրերի միջև. 

«Սարգսյանի կառուցած բուրգի հրեշավորությունը ոչ միայն այն է, որ  հասարակությունը թալանվել է և անօրինական հսկայական միջոցներ են կուտակվել, այլ այն, որ եթե նույնիսկ երկրի վիճակը 10 անգամ լավանա, նորից ժողովրդի կեսն աղքատ է լինելու: Ինչքան ուզում է երկրի Համախառն ներքին արդյունքը մեծանա, միևնույնն է՝ ողջ բարիքը մնում է 10% հարուստների ձեռքում: Բևեռացում է գնում, ու սովածներն ավելի են սովածանում»: Այս ընթացքը հետ շրջելու նպատակով կառավարությունը պիտի նախագծի ու կառուցի օրինական պետական համակարգ, որտեղ կգերակայի սահմանադրական կարգը. 

«Միայն քանդելով չի, կառուցելու պահը որ գալիս է ու չես կառուցում, դու չես ստանում այն արդյունքը, որը կստանաս: Քանի դեռ մեկ անձի հետ գործ ունենք, կա երաշխիք, վաղը կարող է այդ անձը ուրիշ ձևով մտածի, կամ ուրիշ անձ գա իշխանության: Պետք է համակարգեր ստեղծվեն, որոնք թույլ չեն տա ապօրինություններ»,- ասում է Մանվել Սարգսյանը: Քրեաօլիգարխիայի կազմաքանդմանը և պետության համար վտանգավոր անձանց ազատազրկմանը զուգահեռ պետք է օրենքներ ընդունվեն, որոնք կկանոնակարգեն պետություն-մասնավոր սեփականություն հարաբերությունները: Ըստ քաղաքագետի՝ կառավարությունն այս մասով բացթողում ունի. 

«Խոսվում է, կարծես ինչ-որ բաներ կա, բայց ես չեմ տեսնում որ զուգահեռ այս պրոցեսը գնում է օրենսդրական դաշտում: Բնական է, որ 10-15 հոգի թալանչիներ պետք է մեկուսացվեն, բայց մենք գործ ունենք տասնյակ-հազարավոր խոշոր օբյեկտների հետ, որոնց սեփականությունը պիտի ճանաչվի: Աշխարհում ընդունված շատ ձևեր կան՝ տնտեսական համաներում և այլն: Կառավարության մոտ էս ծրագիրն ու պրոցեսը չեմ տեսնում: Բայց սա է խնդիրը և իրականում շատ ավելի էական խնդիր է, քան զուտ կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասում է Մանվել Սարգսյանը:  

Քաղաքական համակարգի մարքումը ևս անհրաժեշտություն է: Հայաստանում գրանցված կա 70-ից ավելի կուսակցություն, որի գերակշիռ մասը դասական քաղաքական ուժեր չեն, պարզապես մարդիկ ինչ-որ ձևով ձեռք են բերել կուսակցական կնիք և ծառայություններ են մատուցել քրեաօլիգարխիկ համակարգին՝ իրենց կյանքը ապահովել: Քաղաքական ընտրությունները պետք է ազատվեն անօրինական կապիտալի ազդեցությունից: Մանվել Սարգսյանի խոսքով՝ մինչ այժմ կուսակցությունների անվան տակ տեղավորվել են կլաններ, որոնք այլևս պիտի իրավունք չստանան մասնակցել ընտրություններին: Նախ՝ կուսակցությունները պետք է վերագրանցվեն նոր օրենքով. 

«Մարդ-կուսակցությունները լրիվ օրենքից դուրս երևույթներ են և պետք է վերացվեն: Օրենքով դա արգելված է, բայց փաստորեն՝ երկար ժամանակ իրենց լավ են զգացել: Ինչո՞վ է Գագիկ Ծառուկյանը տարբերվում մյուսներից՝ ոչ մի բանով: Նա էլ իր դերն է ունեցել քրեաօլիգարխիկ համակարգում: Այդպիսի անձինք շատ կան»,- ասում է Մանվել Սարգսյանը: 

Մեր զրույցի վերջում քաղաքագետն անդրադառնում է հակակոռուպցիոն պայքարում Ազգային անվտանգության ծառայության ներգրավվածության բարձր աստիճանին. «ԱԱԾ հերոսացումը չի կարող դրական լինել, քանի որ հետագայում այդ կառույցը կարող է գլխացավանք դառնալ նույն կառավարության համար»: 

Ռոբերտ Անանյան
7260
Print
կոռուպցիա
Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար 17.07.2018 | կոռուպցիա

Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև ոստիկ

Բացահայտվել է կոռուպցիոն խոշոր սխեմա. կաշառքի դիմաց ազատում էին զինծառայությունից 17.07.2018 | կոռուպցիա

Բացահայտվել է կոռուպցիոն խոշոր սխեմա. կաշառքի դիմաց ազատում էին զինծառայությունից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվ

Քոչարյան-Սարգսյան երկյակը հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի գլխավոր շահառուն է 9.07.2018 | կոռուպցիա

Քոչարյան-Սարգսյան երկյակը հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի գլխավոր շահառուն է

Սերժ Սարգսյանի ավտորիտար իշխանավարմանը վերջ տված Թավշյա հեղափոխությունը քանդուքարափ է անում կոռուպցիոն բուրգը, ինչի վրա գոյատևում էր Սարգսյանի իշխանությունը: Ըստ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ բացահայտումներն այնքան փաստարկված են, որ Սերժ Սարգսյանին քրեական հետապնդմ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: