լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.12.2015 | ռազմավարական դատավարություններ

անմեղ մարդը մահվան է դատապարտվել

անմեղ մարդը մահվան է դատապարտվել
Երբ բարձրաստիճան պետական չինովնիկները խոսում են ռազմական բարեփոխումների մասին, նրանք հիշատակում են բանակի բարձր պաշտպանունանկության, կառուցվածքային վերափոխումների- հաջողությունների մասին: Սրա հետ մեկտեղ նրանք միշտ լուռ են, որ բանակում սպանում են, որ բանակը ապրում է իր պատկերացումներով- ոչ թե օրենքներով ու կանոնադրությամբ: Ռեպրեսիվ մեթոդներով բանակ զորակոչը, զինծառայողների նկատմամբ բռնություններն ու սպանությունները՝ բանակում զանգվածային բնույթ են կրում:               

Գործնականում հրամանատարական կազմն ու զինվորական դատախազությունը թաքցնում են սպանության իրական պատճառները: Զինվորական արդարադատությունը չի պատժում իրական հանցագործին՝ բանակի ներսում պահպանելով անպատժելիության մթնոլորտը:              

Արդեն 6 տարի է Հայաստանի սահմանամերձ շրջաններում ավարտվել են պատերազմական գործողությունները, սակայն չի նվազում խաղաղ պայմաններում բանակում սպանությունների թիվը: Հայկական բանակում հանցագործությունների՝ սպանությունների գերակշիռ մասը կատարվում են սահմանամերձ պահակակետերում: Զինծառայողներն այստեղ դուրս են սպայական կազմի վերահսկողությունից- բանակի ներսում ստեղծված ոչ ֆորմալ կառույցն է թելադրում ներքին օրենքներն ու փոխհարաբերությունները: Սպանությունների բացահայտման խոչընդոտները սկսվում են զորամասից: Զինդատախազությունը հիմնականում առաջնորդվում է այն վարկածով, որը թելադրվում է զորամասից:                

1997թ. Հունիսի 18-ին, գերագույն դատարանի զինվորական գործերով դատական կոլեգիան 5 զինծառայողների սպանության մեղադրանքով  մահապատժի է դատապարտել  19-ամյա Արթուր Մկրտչյանին: Դեպքը տեղի է ունեցել  1996թ. Հունիսի 11-ին Նոյեմբերյանի Կոթի գյուղում տեղակայված զորամասի թիվ 18 պահակակետում: Զինվորական ծառայությունն իրականացնող 7 զիբժնվորնեից 5-ը սպանվել են. Արթուր Չալաբյանը, Արմեն Մանուկյանը, Էմիլ Մաթևոսյանը, Արմեն Մխիթարյանը և Վարդան ՄԱրտոյանը: Ողջ մնացած երկու զինծառայողներից Վիգեն Ծատուրյանը գնացել է զորամաս և հայտնել կատարվածի մասին: Նա ասել է, որ սպանությունները կատարել է Արթուր Մկրտչյանը՝ միայնակ և փախուստի է դիմել /ձերբակալվել է 2 շաբաթ հետո/: Զինվորական դատախազությունը շուրջ 6 ամիս քննություն կատարելուց հետո ապացուցված է համարել Արթուր Մկրտչյանի մեղքը և մեղադրանք առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 4-րդ, 6-րդ կետերով, 186 հոդվածի 1-ին մասով, 232 պրիմ հոդվածի 1-ին մասով և 257 հոդվածի ,,ա,, կետով:              

Նախաքննության ընթացքում, շուրջ 3 ամիս գտնվելով զինվորական ոստիկանությունում, Արթուր Մկրտչյանը խոստովանական ցուցմունքներ է տվել, որոնցից հրաժարվել է Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան տեղափոխվելուց հետո միայն: Կատարված հանցագործության մեջ նա իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ հինգ զինծառայողների սպանությունները կատարել են այդ օրը ՊՆ համարանիշներով, ,,Նիվա,, ավտոմեքենայով հենակետ եկած  զինվորական ոստիկանության 3 աշխատակիցներ:             

Նա դատարանում հայտարարել է, որ սպանությունների իրական շարժառիթը  պահակակետում տեղի ունեցող զենքի վաճառքն է եղել, ինչի կապակցությամբ էլ հենակետ են ժամանել հիշյալ երեք անձինք:             

Որ նրանք ԶՈ աշխատակիցներ են, դատապարտյալը համոզվել է արդեն ԶՈ մենախցում գտնվելիս, երբ նրանցից մեկը այցելել է նրան, ինչ-որ դեղանյութ ներարկել և սպառնացել որևէ բան խոսելու դեպքում վերացնել ընտանիքին: Նա չի ճանաչել երեք անծանոթներին, սակայն որոշ տվյալներ է հաղորդել նրանց մասին: Նախաքննական մարմինը և դատարանը այս ուղղությամբ քննություն չեն կատարել, պատճառաբանելով, որ դա ,,քրեական պատասխանատվությունից խուսափելու միտում է,,:              

Արթուր Մկրտչյանին մահվան դատապարտելիս մեղադրանքի հիմքում դրվել են նրա խոստովանական և գործով միակ ականատես վկա Վիգեն Ծատուրյանի ցուցմունքները: Վերջինս այդ գործով որպես վկա, հետո կասկածյալ, այնուհետև որպես մեղադրյալ, ապա կրկին որպես վկա՝ տվել է բազմաթիվ իրարամերժ ցուցմունքներ՝ խոստովանելով իր մասնակցությունն այդ հանցագործությանը: Նրա զինվորական հագուստի վրա հայտնաբերվել են 4 սպանված զինծառայողների արյան հետքերը: Նախաքննական մարմինն ու դատարանը բացառիկ հանդուրժողականություն են դրսևորել վկայի նկատմամբ և ազատություն շնորհել նրան: Սպանված զինծառայողների հարազատները համոզված են, որ Վիգեն Ծատուրյանի ազատության գինը 25 000 դոլար է:            

Ըստ մեղադրական եզրակացության և դատավճռի, ,,ականատես վկա,, համարվող Վ. Ծատուրյանը հանցագործության ամբողջ ընթացքում քնած է եղել և արթնացել է կացարանում հինգերորդ զինվորի սպանության պահին միայն: Նա կարողացել է Մկրտչյանի ձեռքից խլել լիցքավորված ավտոմատն ու դետ շպրտել: Զինվորներից երկուսը սպանվել են խրամատում, մյուս երեքը՝ զինվորական կացարանում, որոնց, ըստ դատավճռի, Մկրտչյանը սպանել է երկու տարբեր զենքերով: Խրամատում հայտնաբերվել է ևս մեկ գնդակ, որն /ըստ փորձագետների եզրակացության/ կրակված չէ թիվ 18 պահակակետի զենքերից:  Ո՞վ է կրակել խրամատում անհայտ 3-րդ զենքից՝ քննությունը չի պարզել: Հանցագործության գործիքի վրա չեն հայտնաբերվել Արթուր Մկրտչյանի մատնահետքերը: Նրա զինվորական հագուստների վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել:             

,,Այս գործով  տարվող նախաքննության ընթացքում քննիչների կողմից ցուցաբերած անտարբերությունը պետք է, որ փաստ հանդիսանար դատարանի համար: Նրանք ոչ թե շահագրգռված են եղել գործը բացահայտելու, և իրական հանցագործներին ի հայտ բերելու, այլ ինչ գնով էլ լինի ինձ հանցագործ սարքելու մեջ,,, մեկուսարանից գրում է դատապարտյալը:             
Կատարված ծանր հանցագործության համար պատասխանատվության չի ենթարկվել հրամանատարական կազմը: Դատարանը սահմանափակվել է գործի քննությամբ՝ մահվան դատապարտելով շարքային զինծառայողին: Արդեն 5 տարի է Արթուր Մկրտչյանն իր պատիժն է կրում մահապարտների համար նախատեսված թիվ 93 խցում: Նա միակն է Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում պահվող մահապարտներից, ով ներման դիմում չի գրել:             

,,Մահապարտի իմ խցից ես բողոքներ եմ հղել տարբեր ատյաններ. ԳԴ-ին, ԱԱ, ՆԳ և ԱԱ նախարարներին, ՀՀ գլխավոր և զինդատախազներին, ՀՀ նախագահին: Վերջինս՝ Լ. Տեր պետրոսյանին ուղղված իմ դիմումով պահանջում էի ինձ հարցաքննել ,,ստի դեդեկտորի,, միջոցով, այլապես հացադուլ եմ հայտարարում: 1.02.1998թ-ից մինչև 6.02.1998թ. ես հացադուլի մեջ էի, այն էլ փետրվարի 6-ին իմացա նրա հրաժարականի մասին և ստիպված դուրս եկա հացադուլից: Քոչարյանին ուղղված վերջին բողոքս չեն ուղարկել բերդից: Այն ուղղակի պատռեցին,,, գրում է Արթուր Մկրտչյանը մեկուսարանից:             

Նոր քննություն կատարելու պահանջով դատապարտյալի և սպանված զինծառայողների հարազատների բողոքներն ուղղված ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին տարիներ շարունակ անպատասխան են կամ էլ հերթապահ մի պատասխան է տրվում. ,,դատավճիռը օրինական է, այն բողոքարկելու հիմքեր չկան,,: Իշխանության օղակներում պաշտոնատար անձինք հաճախ են դիմում այս պատժամիջոցին՝ ծածկելու համար հանցագործության իրական պատկերը:              

,,Ես հայրենիքին ծառայող զինվոր եմ տվել, բայց ինձ հանցագործ տղա վերադարձրեցին,,,-ասում է Ջավահիր Մկրտչյանը: Որդու զինվորական ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 6 ամիս, երբ տեղի է ունեցել դեպքը:              

Արթուր Մկրտչյանը խոստովանական ցուցմունքներ է տվել իր և իր ընտանիքի նկատմամբ գործադրված հոգեբանական և ֆիզիկական բռնությունների արդյունքում: Մինչև նրան հայտնաբերելը, ԶՈ աշխատակիցները 14 օր շրջափակել են Նոր Հաճնում գտնվող նրանց բնակարանը՝ ստեղծելով ահաբեկչության մթնոլորտ:  Ծեծի և նվաստացումների են ենթարկվել նրա ընկերներն ու համադասարանցիները: Նոր Հաճնի բնակչությունը ականատեսը դառնալով կատարվածին բազմաթիվ բողոքներ է հղել հայաստանյան իշխանություններին: ,,Ձերբակալությունների և ծեծի ենթարկվեցին  Արթուրի հայրը, սիրած աղջիկը /որին աններելի կոպտությամբ հարցաքննել էին/, ընկերներն ու բարեկամները, որոնք եկել էին իմանալու եղելությունը,,, գրում են Նոր Հաճնի 4000 բնակիչներ:              

ԶՈ բերման է ենթարկվել Շամշադինում զինվորական ծառայության մեջ գտնվող Արթուրի եղբայրը՝ Գուրգեն Մկրտչյանը: ,,Այնքան ծեծեք, մինչև եղբոր տեղն ասի,,, կարգադրել է այն ժամանակ ԶՈ պետ, գնդապետ Վահրամ Խոռխոռունին: Մեր հանդիպման ժամանակ Գուրգենը դժվարությամբ էր վերհիշում ԶՈ-ում անցկացրած 3 ամիսների մասին, որտեղ ենթարկվել է ամենադաժան խոշտանգումների. Էլեկտրաշոկ, քիմիական թունավորումներ, ծեծ: Այսօր էլ նրա վրա առկա են այդ օրերի հետքերը: Նրան խոշտանգված վիճակում ի ցույց են դրել եղբորը: ,,Երբ Արթուրը ինձ տեսավ, ամեն ինչ հասկացավ,,, պատմում է նա:              

ԶՈ-ում շաբաթներ պահվել է Արթուրի հայրը՝ Համբարձում Մկրտչյանը: Ավելի ուշ /դեպքից 3 ամիս հետո/ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ կաշառք տալու մեղադրանքով /օժանդակել է որդուն հրամանատարին 50 դոլար արժողությամբ ձայնագրիչ տալ՝ արձակուրդի թույլտվություն ստանալու համար/ և դատապարտվել 3,5 տարի ազատազրկման:             ,,Փոխանակ տղայիդ վրայից դիակները պակասեցնես՝ բողոքում ես,,, ասել է նրան գործի նախաքննությունը վարող, զինդատախազության քննիչ Սուրեն Թարվերդյանը:              

,,Բացի Արթուրից, մյուս որդիս էլ էր զինվորական ոստիկանությունում: Քննիչը շանտաժ անելով և ինձ վախեցնելով ստիպեց ստորագրել մեղադրանքը,,, դատարանում ասում է հայրը: Մեղավոր է ինքը, թե ոչ, հարցը, նա ուղղում է դատական կոլեգիային. ,,Ինչո՞վ է մեղավոր խեղճ ծնողը,, եթե բանակը դարձրել են փող աշխատելու ցեխ: Ուզում են, բոլորն էլ ուզում են, ինչքան շատ աստղ կա ուսերին, այնքան ավելի շատ են ուզում: Ծնող ես, պիտի տաս և վերջ: Դուք իներդ գիտեք, որ այդպես է: Ինքներդ էիք ասում, որ ամեն զորամաս իր ,,ստավկեն,, ունի: Հիմա ասեք խնդրում եմ, ո՞վ է մեղավոր. Ծնողը, հրամանատարը, որն ուզում է, թե՞ մեղավորներին ավելի վերևում է պետք փնտրել,,:             

,,Խավարի տարիներ էին, կարգին հոսանք չկար, աղջկաս հետ կուչ էինք գալիս մի անկյունում և սպասում,,, տանը մաիյնակ հայտնված մայրն ու 13 ամյա աղջիկը սարսափով էին հիշում այդ օրերը: Հոգեկան ծանր սթրեսներից ընդհատվել է նրա հղիությունը: Հիվանդանոց ուղեկցել են զինվորականները:              

,,Նախաքննության ժամանակ սպանությունները վերցրել էի ինձ վրա, որովհետև միջավայրից զգում էի, որ իրավունք չունեմ ճիշտ ցուցմունքներ տալ: Ես ուրիշ ելք չունեի,,, դատարանում խոստովանում է Արթուրը: Նախաքննության սկզբում՝ քննչական գործողություններին մասնակցել է ԶՈ պետ Վ. Խոռխոռունին: ,,Ես բոլորից շատ վախենում է Խոռխոռունուց,,, ասում է 19-ամյա պատանին:              

,,Ես փորձեցի քննիչ Թարվերդյանին պատմել եղելությունը, նա ինձ ասաց. ,,Ես գիտեմ ոնց է եղել, դու պետք է այսպես գրես: Արի խելոք քո վրա վերցրու սպանությունները, այնպես կանեմ 10 տարի կտան, թե չէ խոսք եմ տալիս, որ բացի քեզանից, հորդ էլ կդատեմ,,, ասել է քննիչը: Մեկ այլ նամակում Արթուրը գրում է, որ զինվորական ոստիկանությունում գտնվելու առաջին օրերին մենախուց նրան այցելել է հենակետ եկած 3-ից մեկը, որն ասել է. ,,Եթե հիմարություն անես, եղբայրդ մեզ մոտ է, կարող է կախված գտնեն, չհաշված ընտանիքիդ անդամները,,:             

,,Նա ինձ ինչ-որ դեղ սրսկեց, որից անջատվեցի, չեմ հիշում ինչ է կատարվել հետո: Հաջորդ օրը վիճակս անտանելի էր, սիրտս արագ էր աշխատում, ոսկորներս ցավում էին, բավական էր ինձ կպնեին՝ գոռում էի: Զուգարան գնալու համար էլ ծեծ կերա. Իրենց անհանգստացրել էի: Այդ երեկո սիրտս վատացավ: Մտան՝ մեկ-երկու հատ դուբինկայով խփեցին, տեսան, որ իսկապես վատ եմ,,:             

Սպանված զինծառայողների հարազատները համոզված են, որ դատարանում Ա. Մկրտչյանի ,,մումիայի կերպարանքով,, հայտնվելը արդյունք է թմրամիջոցների ներգործության:             

Արթուր Մկրտչյանի խոստովանական ցուցմունքները դրվել են մեղադրական եզրակացության և դատավճռի հիմքում: ՀՀ Սահմանադրությամբ  և օրենքներով՝ ,,Մեղադրյալը պարտավոր չէ իր դեմ ցուցմունք տալ: Մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար,,:          

 ԱՐԳԵԼՔՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՄԱՐ             

Զինդատախազությունը այսօր էլ պնդում է, որ Ա. Մկրտչյանի նկատմամբ ճնշումներ չեն գործադրվել. ,,խոստովանական ցուցմունքներ նա տվել է կամովին,, և վկայակոչում է գործի քննության ընթացքում նրա շահերը ներկայացնող երկու փաստաբաններին: Զինդատախազությանը մշտապես հավատարիմ փաստաբան Պահլավունուն ընտրել է նախաքննական մարմինը:             

,,Ես չեմ հիշում, որ Պահլավունին քննիչին նկատողություն աներ խախտումների համար: Շատ անգամ քննիչը ասում էր. Պաշտպանը ծեր և հիվանդ մարդ է, կարիք չկա հետներս ամեն տեղ տանել,,, մեկուսարանից գրում է Արթուրը: Փաստաբանը չի մասնակցել հանցագործության բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող քննչական գործողությանը՝ դեպքի վայրի տեղազննությանը:             

Իսկ Ա. Մկրտչյանի հարազատների կողմից հրավիրված փաստաբանի համար, նախաքննական մարմինը միայն խոչընդոտներ է ստեղծել: Այդ մասին են վկայում քրեական գործում տեղ գտած փաստաթղթերը և փաստաբանի բազմաթիվ բողոքներն ու բացարկները, որոնք ուղղել է ՀՀ գլխավոր դատախազին: Ամբողջ նախաքննության ընթացքում պաշտպանին միայն մեկ անգամ է հաջողվել առանձին հանդիպել իր պաշտպանյալի հետ: Որ փաստաբանը կաշկանդված է եղել իրականացնելու իր պրոֆեսիոնալ պարտականությունները, վկայում է քրեական գործում տեղ գտած մի գրություն՝ Արթուրի հետ հանդիպման թույլտվություն ստանալու մասին: Այս կապակցությամբ ՀՀ զինդատախազ Գևորգ Մարգարյանը դիմում է իր տեղակալ, այսօր ԶՈ պետ, Վլադիմիր Գասպարյանին. ,,Խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը,,: Վերջինս կարծիք է հայտնել, ,,որ փաստաբանը իր գործողություններով ապակողմնորոշում է քննությունը,,: 

Այս քննարկումներն ավարտվել են նրանով, որ թույլտվությունը չի տրվել, սակայն սա չի խանգարում զինդատախազությանը՝ իրեն պետք եղած ժամանակ, վկայակոչել փաստաբանին:          

ՄԱՀԱՊԱՏԻԺ ՄԵԿ ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ             

Արթուր Մկրտչյանի խոստովանական ցուցմունքները հանելու դեպքում, մնում է գործով միակ ականատես վկայի ցուցմունքները, որոնք չեն հաստատվում այլ ապացույցներով: Նախաքննության ընթացքում իր տված իրարամերժ ցուցմունքները Վիգեն Ծատուրյանը դատարանում բացատրում է իր վրա ԶՈ աշխատակիցների կողմից գործադրված ճնշմամբ: Իսկ, թե ինչո՞ւ է Ծատուրյանն իրեն մեղավոր ճանաչել զենքերի գողության փորձ կատարելու մեջ, նախաքննության սկզբում առաջադրված մեղադրանքում, հարցի պատասխանը քննությամբ չի տրվում: Մեղադրանքը առաջադրել է քննիչը, որը, ըստ նրա, իր վրա որևէ ճնշում չի գործադրել:             

,,Նախաքննության ընթացքում, որ փուլում, ինչ ցուցմունք տվել է Ծատուրյանը, այն ընդունվել է հիմք և նրա ցուցմունքի վրա էլ կառուցվել է դատավճիռը, չնայած, որ գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներ հակասության մեջ են գտնվում նրա ցուցմունքների հետ և հերքում դրանք,,, եզրակացրել է դատապարտյալների շահերի պաշտպան Համլետ Մաթևոսյանը:              
Դատավճռի համաձայն, զինվորական կացարանում քնած, ,,դեպքին ականատես գործով միակ վկա Վիգեն Ծատուրյանը,, հանցագործության գիշերը քնից արթնացել է 5-րդ զինծառայողի սպանության պահին միայն: Նրան հաջողվել է կռվի բռնվել Ա. Մկրտչյանի հետ, ձեռքից խլել ինքնաձիգը և դեն շպրտել:               

Փաստորեն, Մկրտչյանը առանց խոչընդոտի սպանել է 5 զինծառայողի, որոնցից երկուսը զինված են եղել /խրամատում սպանվածները/, իսկ քնած Ծատուրյանին չի կարողացել սպանել: Ծատուրյանն ու 3 զինվորները քնած լինելով կացարանում, չեն լսել ԱԿ-74 ինքնաձիգից արձակված 7 կրակոցները, 100 մետր հեռավորության վրա գտնվող խրամատում՝ գիշերը: Ծատուրյանը քնից չի արթնացել անգամ իր կողքին քնած Մաթևոսյանի վրա արձակած կրակոցի ձայնից:              

Դատարանը, բոլոր այս ցուցմունքները հավաստի է ընդունել: Վկան դատարանում չի կարողանում բացատրել, թե ինչպես է սպանված զինվորներից մի քանիսի արյունը հայտնվել իր հագուստների վրա և շալվարի գոտկատեղի ներսում: Դատարանը հավաստի է ընդունել նաև Ծատուրյանի այն ցուցմունքը, որ նրա զինվորական հագուստները ամբողջովին լինելով արյան մեջ, կռվի է բռնվել ,,մարդասպանի,, հետ և վերջինիս վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել:              

Սպանությունների կատարման բոլորովին այլ մեխանիզմ է ներկայացնում նույն վկան գործով իրեղեն ապացույց ճանաչված տեղատեսության մասին նախաքննական տեսաերիզում:              

,,Ամեն անգամ, երբ Ծատուրյանը ցուցմունքները փոխում էր՝ դատը հետաձգում էին, որպիսի հնարավորություն ունենային նոր ծրագիր մտցնել Ծատուրյան կոչվող մեխանիզմի մեջ,,, գրում է Արթուրը մեկուսարանից:             

Ըստ ԶՈ օպերատիվ բաժնի պետ Նանուշյանի ցուցմունքի, դեպքից հետո նրանց մոտ կասկածանք է առաջացել, որ Վ. Ծատուրյանը մասնակից է սպանություններին՝ նրան կենդանի թողնելու փաստը բացատրելով հանցագործի հետ հանցավոր համաձայնության գալու հանգամանքով:              
Դատապարտյալի պաշտպանը եզրակացրել է, որ ,,սպանությունները չէին կարող կատարված լինել մեկ անձի կողմից: Հանցագործության օբյեկտիվ պայմանները վկայում են, որ սպանությունները կարող էին կատարվել միայն խմբի կողմից,,: Դատարանը հավաստի է ընդունել վկայի բոլոր այն ցուցմունքները, որոնք անհրաժեշտ են եղել մեղադրանքը հիմնավորելու համար: Փաստաբանը դատարանին ուղղված միջնորդություններից մեկում գրում է. ,,Ծատուրյանին ձերբակալելիս քննիչ Թարվերդյանը արձանագրության մեջ գրել է. ,,ականատեսները Ծատուրյանին մատնացույց են արել որպես սպանության կատարողի,,: Մինչև Ծատուրյանին ձերբակալելը որևէ ցուցմունք չկա, որով նա մատնանշված լինի որպես սպանություն կատարող: Միայն քննիչը կարող է բացատրել, թե ովքեր են իրենց ցուցմունքներում նշել նրա անունը, ո՞ւր են այդ ցուցմունքները և ինչո՞ւ չեն կցվել քրեական գործին,,:              

,,Դու ես սպանել բոլորին, որովհետև բացի քեզանից այնտեղ ուրիշ մարդ չի եղել,,, դատարանում ասում է վկան՝ մոռանալով, որ ինքը նույնպես եղել է դեպքի վայրում: Նա հանգիստ է այս մասին խոսում, որովհետև վստահ է, որ իրավապահների կողմից իրեն վտանգ չի սպասվում: Ի պատասխան՝ Արթուրը նրան ասում է. ,,Դու ավելի լավ է պատմիր ճշմարտությունը: ես մինչև հիմա ինքնասպանություն չեմ գործել, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը,,:             

Ճշմարտությունը չբացահայտելու համար համատեղ պայքարել են զինդատախազության քննիչ Ս. Թարվերդյանը և դատարանում որպես մեղադրող հանդես եկող Մ. Թորոսյանը, որոնք այս հարցում գաղափարակիցներ լինելուց զատ, նաև բարեկամական կապեր ունեն միմյանց հետ: Ճշմարտությունը չբացահայտելու վերջնական կնիքը դրել է դատավոր Սերժ Ավետիսյանը /այսօր վերաքննիչ դատարանի դատավոր/, որն ընդամենը վավերացրել է զինդատախազության մեղադրանքը: Դատարանը կատարել է վերևից իջեցված հերթական պատվերը:          

ԵՐԵՔԸ ՊԱՀԱԿԱԿԵՏՈՒՄ                

Խոստովանական ցուցմունքներից հրաժարվելուց հետո, մինչև դատաքննության ավարտը, Ա. Մկրտչյանը պնդել է, որ սպանությունները կատարել են պահակակետ եկած երեք անձինք: Դատապարտյալը ասել է, որ հանցագործներից մեկը զենք է պահել իր վրա՝ ծնկի բերել, ինքը չի տեսել և չի կարող սպանությունների կատարման մանրամասներ պատմել: Նա տեսել է միայն, թե ինչպես են երեքը վիճում Էմիլի հետ: Վերջինս երեք անծանոթներին ներկայացրել էր որպես իր ընկերներ: Նրանց միջև զենք վաճառելու պայմանավորվածություն է եղել, ինչին տեղյակ էր նաև ինքը: դեռևս մայիս ամսին Էմիլը Արթուրին ասել է, որ վաճառքի համար ինքնաձիգեր կան և պետք է գնորդներ գտնել: ,,Ըստ Էմիլի հետ ունեցած պայմանավորվածության զենքերը պահակակետից  պիտի վերցնեի հունիսի 10-ին: Էմիլը ինձ ասաց, որ խոստացած զենքերը երեքն են բերել  և իրենց է պատկանում,,-դատարանում ասում է Արթուրը:               

Արթուրը թիվ 18 հենակետ է եկել անզեն՝ արձակուրդ գնալու նախօրեին /նա ծառայում էր թիվ 17-ում/: Իր հետ վերցրել էր նաև քաղաքացիական հագուստը:               

,,Ես զենքերի մասին դատարանում եմ ասում, որովհետև քննիչն ինձ ասաց, որ երեք անծանոթների հետ ինքը անմիջական կապի մեջ է և ես վախենում էի այդ մասին խոսել: Նրանցից մեկի անունը Արմեն էր, իսկ նա ով եկել էր ինձ մոտ՝ մենախուց, մոտ 30 տարեկան էր, ալեխառն մազերով, հասակը 170 սմ կլիներ: Նա ինձ ինչ-որ դեղ սրսկեց և ես գիտակցությունս կորցրեցի, իսկ թե այդ ժամանակ խոսել եմ, թե ոչ՝ չգիտեմ,,-սրանք դատարանում Արթուրի հաղորդած տվյալներն են երեքի մասին:             

ԶՈ-ում եղած ժամանակ դատապարտյալը համոզվել է, որ երեք անծանոթները այդ հիմնարկության աշխատակիցներ են: ,,Նրանք ինձ ասում էին մի վախեցիր, միևնույնն է, քեզ բերելու են զինվորական ոստիկանություն: Ասում էին՝ ինձ վրա վերցնեմ 5-ի սպանությունը՝ ինձ կազատեն քրեական պատասխանատվությունից: Էմիլի հետ զենքի վաճառքի մասին պայմանավորվածությունը ,,AKCY,, տեսակի ավտոմատի մասին է եղել,,-դատարանում ասում է Արթուրը: Նրա վկայությամբ նույն տեսակի ավտոմատ կր երեքից մեկի ձեռքում:              

Արթուրը զենքի վերաբերյալ դատարանում տված իր ցուցմունքներով լիովին մերժում է նախաքննական մարմնի կողմից ներկայացրած սպանությունների շարժառիթը՝ թղթախաղի արդյունքում՝ Էմիլին ունեցած 100 դոլար պարտքը: Նա չի ժխտում պահակակետում ինչ-որ ժամանակ թղթախաղով զբաղվելու հանգամանքը, սկայան նա դատարանում պնդում է, որ փակել է հինգ տուփ սիգարետի իր պարտքը, 4000 դրամը/ինը, ըստ դատավճռի, հասցվել է 100 դոլարի/ և մատնանշում  այն զինվորների անունները, որոնց միջոցով Էմիլին փոխանցել է այդ գումարը: Նա դատարանին միջնորդել է որպես վկա հարցաքննել նրանց:          

,Ես Այսօր էլ ի վիճակի եմ ապացուցել, որ վեճը 100 դոլարի համար չի ծագել, միայն թե անհապաղ առերեսում կազմակերպվի իմ թվարկած անձանց հետ, քանի դեռ ժամանակը չի ջնջել հիշողությունները այդ մարդկանց մոտ: Այդ մասին գիտեր նաև դատավոր Սերժ Ավետիսյանը, որը ինձ խաբեց և դատարան չկանչեց իմ թվարկած վկաներին, որովհետև այս դեպքում հօդս կցնդեր հանցագործության շարժառիթը, իսկ դատավորը չգիտես ինչու, անպայման ուզում էր դատապարտել ինձ,,-գրում է Արթուրը:           

Փամփուշտների պակասորդի մասին դատարանում հնչած ակնարկներն անգամ բավարար են հանցագործության ավելի լուրջ դրդապատճառների մեջ համոզվելու համար: Դատարանում խոսվում է 11.000 փամփուշտի պակասորդի մասին և այլն, սակայն քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ ամեն ինչ արվել է այդ բացը ծածկելու համար: Ըստ վկա Վ. Ծատուրյանի՝ դատարանում տված ցուցմունքի ,,պահակակետում երբեք հերթապահ սպա չի եղել, երբ սոված էինք լինում, որս էինք անում, կրակում էինք, այսինքն փամփուշտներ կրակում էին,,:           

Գումարտակի հրամանատար Մելիք Մելիքյանը զեկուցագրով հայտնում է, որ փամփուշտի պակասորդ չի հայտնաբերվել: վերջինս քրեական գործով անցնում է որպես մեղադրյալ: Իր հսկողության տակ գտնվող պահակակետում կատարված ծանր հանցագործության համար նա մեղադրվել է ,,ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ, որը հանգեցրել է ծանր հետևանքների,,:             

Դատարանը գումարտակի հրամանատարի նկատմամբ կիրառել է մեղմ պատիժ /3 տարի ազատազրկում/ և նրան դատարանի դահլիճից ազատ արձակել՝ կիրառելով ,,համաներում հայտարարելու մասին,, որոշում: Քրեական գործի նյութերում առկա են բազմաթիվ գրություններ, որոնք միջնորդում են հաշվի առնել գումարտակի հրամանատարի ծառայությունները հայրենիքի առջև: Դրանց հեղինակը, հիմնականում, նույն զորամասի հրամանատար Խաչմանուկյանն է:              

,,Դեպքի հաջորդ օրը գնացինք գնդապետ Խոռխոռունու մոտ: Զինվորական ոստիկանությունում ինձ դաժան ծեծի ենթարկեցին՝ ծնոտս ջարդեցին: Խոռխոռունին եկավ և ինձանից ուզում էին լսել, որ թիվ 18 պահակակետի զենքերը գողացված են և ես իմ ունեցած զենքերն եմ դրել դրանց փոխարեն,,-սա Մ. Մելիքյանի դատարանում տված ցուցմունքն է:              

,,Ինձ հարցաքննեցին գումարտակի հրամանատարի աշխատասենյակում: Դրանից հետո գնացինք դեպքի վայր: Մեզ հետ էին Խոռխոռունին, դատախազության քննիչներ…մինչև դատախազի գալը, որ տեսնենք ում զենքն է գողացված եղել,,-դատարանում իր նախաքննական ցուցմունքը հերքում է վկա Ծատուրյանը: Նա ասել էր նաև, որ դեպքից հետո գումարտակի հրամանատար Մելիքյանն էր զենքերը շարել կացարանի մուտքի մոտ. ,,Ինձ ոստիկաններն էին ստիպել, որ գրեմ Մելիքյանը զենքերը կողք կողքի էր շարել,,:            

Գործով իրեղեն ապացույց ճանաչված տեղատեսության մասին տեսաերիզում երևում են շարված զենքերն ու դրանց կողքին ընկած սպիտակ պարկը: Ո՞վ է կացարանի մուտքի մոտ շարել զենքերը, ինչ՞ համար էր նախատեսված սպիտակ պարկը, հարցերն անպատասխան են:          ,,Մի քանի ոստիկաններ և Խոռխոռունին ինձ ստիպում էին ասել, որ Մելիքյանը գողացված զենքերի փոխարեն թիվ 18 հենակետ նոր զենքեր է դրել,,,-դատարանում կրկին հերքում է իր նախաքննական ցուցմունքը Վ.Ծատուրյանը:              

Վերջինս անվերջ փոփոխվող ցուցմունքները չեն ստուգվել ոչ նախաքննական մարմնի և ոչ էլ դատարանի կողմից: Ինչպես է որոշել դատարանը այդ ցուցմունքների ճշմարտացիությունը՝ հայտնի չէ: Դատարանը բացառիկ հանդուրժողականություն է դրսևորել վկայի նկատմամբ և բոլորովին հակառակ կեցվածքն ընդունել դատապարտյալի դեպքում: Վկայի շարունակ փոփոխվող, իրարամերժ ցուցմունքները դրվել են մեղադրանքի հիմքում, իսկ Ա.Մկրտչյանի զենքին առնչվող և հանցագործության կատարողների՝ ԶՈ երեք աշխատակիցների վերաբերյալ ցուցմունքները, որոնք չեն փոխվել նախաքննության և ամբողջ դատաքննության ընթացքում, դատարանի կողմից գնահատվել է որպես ,,հորինվածք,,: Դատարանը հիմնավոր վերլուծություն չի կատարել և գնահատական չի տվել այդ փաստին: Արդյո՞ք այստեղ չեն թաքնված հանցագործության իրական շարժառիթները: Արդյո՞ք հենակետ եկած երեք անձանց վարկածը չէ պատճառը, որ գտնվելով նրանց ձեռքում, Արթուրը խոստովանական ցուցմունքներ է տվել: Արդյո՞ք չի շտապել դատարանը մահվան դատավճիռ կայացնել՝ խորանալու փոխարեն այս հարցերի մեջ: Ի՞նչը կարող էր հինգ զինվորների սպանության պատճառ հանդիսանալ. 100 դոլար պա՞րտքը, թե՞ զենքի վաճառքը:         

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ ԸՍՏ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ            

Ըստ մեղադրական եզրակացության և դատավճռի, Արթուր Մկրտչյանը  Էմիլ Մաթևոսյանին սպան էլ 100 դոլար պարտքի համար, Արթուր Չալաբյանին նախկինում՝ 1,5 տարի առաջ ունեցած վեճի, Արմեն Մանուկյանին՝ այն պատճառով, որ թույլ չի տվել Չալաբյանին սպանելուց հետո փախուստի դիմել: Իսկ Մխիթարյանի և Մարտոյանի սպանությունները նախաքննական մարմինը կապել է այդ պահին Մկրտչյանի մոտ առաջացած հոգեկան հուզված վիճակի հետ: Վեցերորդ զինծառայողին՝ Վիգեն Ծատուրյանին, նա չի սպանել, որովհետև վերջինիս հաջողվել է խլել Մկրտչյանի ձեռքից ավտոմատը և դեն շպրտել: Սրանք են, ըստ դատավճռի, հինգ զինվորների սպանությունների շարժառիթները:          

Նախաքննական մարմինը ապացուցված է համարել Էմիլի և Արթուրի միջև թշնամական հարաբերությունները և նրան սպանելու դիտավորությունը՝ 100 դոլար պարտքի համար: Սա է հանցագործության գլխավոր շարժառիթը: Սակայն, գալով պահակակետ, Ա. Մկրտչյանը առաջինը սպանել է Ա.Չալաբյանին: Դատապարտյալի պաշտպանը պարզաբանում է, որ 1,5 տարի առաջ Ա.Մկրտչյանը այդ զորամասում չի ծառայել, պարզապես նախաքննական մարմինը սպանության շարժառիթ է ստեղծել: Իսկ, թե ինչո՞ւ էր Մկրտչյանը ուզում փախուստի դիմել առաջին սպանությունից հետո, առանց իր գլխավոր նպատակն իրագործելու՝ Էմիլին սպանելու, այս հարցն անպատասխան է մնացել:              

Զինծառայող Ա.Մանուկյանը, տեսնելով, որ Չալաբյանին սպանելուց հետո Արթուրն ուզում է փախուստի դիմել, նախազգուշական կրակ է արձակել, սակայն վերջինիս հաջողվել է ինքնաձիգի փողը հենել Մանուկյանի գլխին և մի քանի կրակոցներով սպանել նրան: Նախաքննական մարմինը առանձին ջանքեր չի գործադրել հիմնավորելու, թե ինչպես է Մկրտչյանին հաջողվել սպանել արդեն մատը ձգանին պատրաստ վիճակում գտնվող Մանուկյանին:            

,,Ավելի անհեթեթ է մյուս երկու զինվորների սպանության շարժառիթը. Մաթևոսյանին սպանելուց հետո Մկրտչյանը հայտնվել է հուզական լարվածության վիճակում: Այս հեքիաթանման միտքը՝  հոգեկան հուզմունքի և շունչը կտրվելու մասին, քրեական գործում հայտնվել է Մկրտչյանի առաջին ցուցմունքում, ուր նա ասել է, որ շունչը սկսել է կտրվել բոլոր զինվորներին սպանելուց հետո, բայց քանի որ այս դեպքում անպատասխան էր մնում այն հարցը, թե ինչու է սպանել Մխիթարյանին ու Մարտոյանին, ուստի երկու օր անց, ինչպես դատարանում հայտարարեց իմ պաշտպանյալը, քննիչի հուշելով ու ցանկությամբ, տեղափոխվել է Մաթևոսյանին սպանելուց հետո,,,-նկատում է Մկրտչյանի պաշտպանը:          

Փաստաբանին այս համոզմունքին է բերել այն, որ քննիչը Արթուրին հարց չի տվել, թե ինչու է նա երկու օր առաջ տված ցուցմունքը  փոխել: Իսկ, ինչո՞ւ Մկրտչյանը չի սպանել վեցերորդ զինծառայողին: Նախաքննական մարմնի ենթադրությամբ, վերջինս ֆիզիկապես ավելի ուժեղ է եղել և կարողացել է խլել զենքը:              

,,Ես հասկանում եմ, որ նույն հարցը ծագում է նաև իմ դատարանում տված ցուցմունքների վերաբերյալ. Հնարավո՞ր է հինգին սպանողները, ողջ թողնեին երկուսին: Այս հարցի շուրջ, ես երկար եմ մտածել. Դա հնարավոր էր, եթե նրանք չէին ուզում սպանել Վիգեն Ծատուրյանին: Ինձ էլ վերացնելու դեպքում՝ ամեն ինչ կմնար Վիգենի վրա, չէ՞ որ նա գրանցված էր այդ հենակետում: Այս դեպքում անհրաժեշտ էր ևս մեկ հոգի /գոնե սկզբնական շրջանում/ և այդ մեկը ես էի: Ինչո՞ւ տեղի ունեցավ այդ ամենը: Ես մինչև հիմա այդ հարցի հստակ պատասխանը չունեմ: Սակայն, ունեմ այսպիսի մի կասկած. Գուցե, իրոք Ծատուրյանն է սպանել Էմիլին և այդ փաստը ավելացրել է մարդասպանների վստահությունը նրա նկատմամբ, և վերջինիս կախվածությունը մարդասպաններից: Դուք էլ մտածեք, գուցե սա՞ է այդ ,,լաբիրինթոսի,, բանալին,,,-նամակներից մեկում գրում է Արթուրը:          

Դատարանում Արթուրը հայտարարում է, որ սպանությունների մեխանիզմը իրեն թելադրել է քննիչը: ,,Երբ քննիչը ցուցմունքներս ուղղում էր և հուշում մանրամասներ, ես համոզված էի, որ նա տեղյակ էր հանցագործության մանրամասներին: Տեղազննության ժամանակ պարբերաբար անջատում էին տեսախցիկը և ինձ հուշում, թե ինչ պետք է ասեմ, հետո նոր նկարահանում հաջորդ դրվահգը,,: Դատապարտյալի այս խոսքերը հաստատում են տեղազննության մասին տեսաերիզը դիտելիս, որտեղ կատարված անփույթ մոնտաժի հետևանքով լսվում է, թե ինչպես է քննիչը սպառնալով հուշում. ,,Գիտես չէ՞, ի՛նչ պետք է ասես,, կամ՝ ,,լսար չէ՞՝ ի՛նչ պետք է ասես,,:            

Արթուրն այս տեսաերիզում ընկճված է, հյուծված: Նրա ձայնը հազիվ է լսվում: Նա չի պատմում, այլ պատասխանում է քննիչի հարցերին: Անհամեմատ ավելի լավ վիճակում է կասկածյալ Վիգեն Ծատուրյանը: Նա դեպքի մասին պատմում է վստահ, ազատ շարժուձևի մեջ: Մանրամասն նկարագրում է իր կողմից կատարված Էմիլ Մաթևոսյանի սպանությունը. Ինչպես է  ավտոմատի խզակոթով հարվածել նրա դեմքին և հետո մեկ կրակոցով սպանել նրան:           

ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾԻ Է ԴՐՎԵԼ ՔՆՆՈՒԹՅԱՄԲ ՉՊԱՐԶՎԱԾ ԶԵՆՔ            

Փորձաքննության տվյալներով պարզվել է, որ դեպքի վայրից առգրավվել է 7 պարկուճ ու 3 գնդակ, որոնցից 6 պարկուճն ու 2 գնդակը կրակվել են Մանուկյանի, 1 պարկուճը՝ Մխիթարյանի, իսկ 1 գնդակը անհայտ ինքնաձիգից, որը ըստ ձգաբան փորձագետների չի կրակվել թիվ 18 պահակակետում եղած զենքերից:            

Դատավճռով ապացուցված է համարվել, որ Արթուրը խրամատում Մանուկյանին ու Չալաբյանին սպանել է Չալաբյանի մոտ եղած, բայց Մխիթարյանին ամրացված ինքնաձիգով, այնուհետև այն թողել է խրամատում, իր հետ վերցրել Մանուկյանի ինքնաձիգը, որով էլ սպանել է զինվորական կացարանում գտնվող երեք զինվորներին, իսկ Վիգեն Ծատուրյանը նրա ձեռքից խլել է Մխիթարյանին ամրացված ինքնաձիգը: Այսպիսին է սպանությունների կատարման եղանակի ու գործիքի վերաբերյալ նկարագրությունը օրինական ուժի մեջ մտած դատավճռում:            

,,Պարոն դատավոր, Ձեզ ինչպե՞ս է թվում, եթե ես կատարած լինեի սպանությունը, ինչո՞ւ պիտի փոխեի զենքերը, եթե առաջին զենքի փամփուշտները չէին վերջացել: Դա անհեթեթություն է, երբ ձեռքիդ ինքնաձիգի մեջ փամփուշտներ կան և դու փոխում ես այն: Այնպես որ այս հարցը նույնպես առանց պարզաբանման է մնացել,,-դատարանում արտասանած իր վերջին խոսքում ասում է Արթուրը:                

,,Գուգարքի կայազորի դատախազության գրությունից երևում է, որ առգրավված պարկուճներն ու գնդակները ՀՀ զինդատախազություն ուղարկվել են առանց փաթեթավորման ու կնքման: Սակայն նշված պարկուճներն ու գնդակները քննիչ  Թարվերդյանի կողմից ներկայացվել են փորձագետին՝ փաթեթավորված ու կնիքված 7 ծրարների մեջ, որոնց վրա նշված է եղել,  թե դրանցից որը, դեպքի վայրում կոնկրետ որտեղից է հայտնաբերվել. Որ գնդակն է հանվել ՄԱթևոսյանի ոտքից և որ պարկուճն է գտնվել Մաթևոսյանի դիակի տակից: Որ դրանք փաթեթավորվել ու կնքվել են ոչ թե դեպքի վայրում Հախվերդյանի, այլ Թարվերդյանի կողմից, հաստատվում է նաև նրանով, որ փորձագետին ներկայացված ծրարները կնքված են եղել քննիչ Թարվերդյանի անձնական կնիքով: Բնական հարց է ծագում. Ինչպես է քննիչը որոշել, թե ո՛ր գնդակը կամ պարկուճը, դեպքի վայրում կոնկրետ որտեղի՛ց է հանվել,, սա միայն մի փոքր հատված է գործով իրեղեն ապացույցների վերաբերյալ փաստաբանի մի քանի թերթից բացկացած միջնորդությունից:               
Փորձաքննությունների արդյունքները հակասում են դատավճռում նկարագրվածին:              

Այսպես. Մանուկյանի ինքնաձիգից կրակած 5 պարկուճը հայտնաբերվել է խրամատում, իսկ Մխիթարյանի ինքնաձիգից կրակված 6 փամփուշտից ոչ մեկը չի հայտնաբերվել խրամատում և 6 պարկուճից հայտնաբերվել է միայն 1-ը: Զինվորական կացարանում Մկրտչյանը սպանել է Մանուկյանի ինքնաձիգով, ինչը նրա ձեռքից խլել և շպրտել է Ծատուրյանը, սակայն դեպքի վայրի զննության ընթացքում այդ ինքնաձիգը հայտնաբերվել է բլինդաժի մուտքի մոտ շարված ինքանձիգների թվում՝ լիցքաթափված և առանց պահունակի, իսկ բլինդաժից քիչ հեռու հայտնաբերվել է Մխիթարյանի ինքնաձիգը՝ լիցքավորված վիճակում, որով, ըստ մեղադրական եզրակացության, Մկրտչյանը սպանել էր խրամատում գտնվող զինվորներին և թողել այնտեղ:             

Եվ ընդհանրապես, քննությամբ պարզված չէ խրամատում հայտնաբերված 1 գնդակը ի՞նչ զենքից է կրակված և ինչ կապ ունի դեպքի հետ, ո՞վ է կրակել այդ զենքով: Ապացուցված է նաև, որ Է. Մաթևոսյանը սպանվել է մահճակալին պառկած վիճակում /քրեական գործում առկա են լուսանկարները/, իսկ, թե ինչպես է նրա դիակի տակ կրակված պարկուճ հայտնաբերվել, քննությունը չի պարզել:                

Դատարանում մի քանի վկաների ցուցմունքներով ապացուցվել է, որ յուրաքանչյուր զինվոր ծառայությունը կատարում է իրեն ամրացված զենքով, սակայն միևնույնն է, դատարանը հիմք է ընդունել, որ Չալաբյանը ծառայությունը կատարել է Մխիթարյանին ամրացված ինքնաձիգով: Ակնհայտ է, որ դատարանի համար գերխնդիրը մեղադրանքը հաստատելն է եղել:           

ՀՈԳԵԲԱՆ-ՓՈՐՁԱԳԵՏԸ ԵԶՐԱԿԱՑՐԵԼ Է              

,,Սպանությունների կատարման հետևանքով, Ա. Մկրտչյանի մոտ առաջացել է հուզական լարված վիճակ, որը, սակայն չի հասել ֆիզիոլոգիական աֆեկտի աստիճանի և նա լիովին հաշիվ է տվել իր կատարած գործողություններին,,, եզրակացրել է հոգեբան-փորձագետը:               ,,Մեկուսարանում ինձ այցելեցին քննիչ Թարվերդյանն ու հոգեբան-փորձագետը՝ առանց իմ դատապաշտպանի: Փորձագետը ինձ հարցրեց. ,,Ի՞նչ ես զգացել սպանությունները կատարելիս,,: Պատասխանեցի, որ սպանությունները ես չեմ կատարել: Այդ ժամանակ միջամտեց քննիչը. ,,ես չհասցրեցի ձեզ ասել, որ Արթուրը իրեն մեղավոր չի ճանաչում, բայց ինքն է սպանությունները կատարել: Ես ձեզ կծանոթացնեմ նրա ինքնախոստովանական ցուցմունքներին: Պատժից խուսափելու համար հրաժարվում է այդ ցուցմունքներից,,: Երբ ես սկսեցի բողոքել, քննիչն ասաց. ,,Դե ինքը մեզ անհրաժեշտ չի: Ես ձեզ ճանապարհին կպատմեմ,, և փորձագետի հետ հեռացան,,, նամակում գրում է Արթուրը:              

Դատավճռով ընդունված պայմաններին չեն համապատասխանում արձակված կրակոցների ուղղությունները: Գտնվելով խրամատում, Արթուրը կարողացել է Չալաբյանի գլխին կրակել վերևից ներքև, իսկ Մանուկյանի վրա՝ վերևից ներքև, ներքևից՝ վերև, ինչպես նաև՝ հետևից առաջ ու առաջիվ ետ ուղղություններով, ընդ որում՝ ոչ թե կրակահերթով, այլ մեկական կրակոցներով: ,,Սա այն դեպքում, երբ խրամատում սպանված զինվորները զինված են եղել, ավելին՝ Մանուկյանի ձեռքին եղել է լիցքավորված և կրակելու պատրաստ ինքնաձիգ,,, նշում է փաստաբանը:            

Հակասություն կա նաև բլինդաժում սպանված 3 զինծառայողների փորձաքննություններով ստացված տվյալների և դատավճռի միջև, որոնք այդպես էլ չեն պարզվել դատաքննության ընթացքում: Վկայակոչելով քրեական գործի տվյալները, փաստաբանը նշում է, որ դեպքից 10 օր հետո զինվորներ Մանուկյանի և Մխիթարյանի հագուստները գտնվել են քննիչ Թարվերդյանի աշխատասենյակում՝ առանց վնասվածքների: Հետագայում Մանուկյանի զինվորական հագուստի վրա հայտնաբերվել է բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ Մխիթարյանի վերնահագուստը անհետացել է:           

,,Հետաքրքիր է, որ քննիչը նախաքննության ընթացքում, քննություն է կատարել պարզելու համար, թե ի՞նչ պայմաններում է անհետացել Մխիթարյանի վերնահագուստը իր աշխատասենյակից,,, նշում է փաստաբանը:              

Փորձաքննությունների տվյալներով, սպանված զինվորների և վկա Վ. Ծատուրյանի զինվորական հագուստների վրա հայտնաբերվել են մյուս զինվորների արյան հետքերը: Զինվորներից երկուսը սպանվել էին խրամատում և բացառվում է արյան ցայտերի հնարավորությունը մեկից՝ մյուսի վրա:              

Գուցե հավաստի՞ է վկայի նախաքննական այն ցուցմունքը, թե կատարվածի մասին գումարտակում հայտնելուց հետո, հրամանատարի հետ եկել են դեպքի վայր՝ տեղափոխել դիակները և այլն: Թերևս, միայն սրանով կարելի է բացատրել մեկից մյուսի վրա, մասնավորապես վկա Վիգեն Ծատուրյանի հագուստների վրա՝ 4 սպանված զինվորների արյան հետքերի առկայությունը և ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էր վկան 2 ժամ ուշացումով դեպքի մասին հայտնել գումարտակում:           

ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ            

Զինդատախազությունը, մեր հարցերին ի պատասխան, բացառել է  քրեական գործում առկա այն փորձաքննությունների արդյունքները, որոնք հաստատում են չորս սպանված զինծառայողների արյան հետքերի առկայությունը վկայի զինվորական հագուստի վրա, ինչը վկայում է քրեական գործին տեղյակ չլինելու, ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ էլ ,,մեր դեմ խաղ չկա,, սկզբունքով առաջնորդվելու և ամեն գնով իրենց մեղադրանքը պաշտպանելու մասին: ,,Քրեական գործում պարզապես բացակայում է որևէ փորձաքննության եզրակացություն, որտեղ նշված լինի, թե Ծատուրյանի հագուստների վրա հայտնաբերվել են սպանվածներ Մանուկյանի, Մխիթարյանի, Մարտոյանի և Մաթևոսյանի արյան հետքերը,,, մեր հարցին պատասխանել է դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը /նշենք քրեական գործի տվյալներն այդ դրվագով.հատոր 2. Գործ-թերթ 7-14/,- Ծատուրյանի հագուստների վրա եղած արյունը համապատասխանում է Մաթևոսյանի արյանը, ինչն՝ իր հերթին, ապացուցում է գործով հիմնավորված այն հանգամանքը, որ սպանված ՄԱթևոսյանը գտնվել է կացարանի վերին մահճակալի վրա, իսկ Ծատուրյանը՝ ստորին, և բնականաբար, ՄԱթևոսյանի արյունը այս կամ այն կերպ պետք է լցվեր Ծատուրյանի վրա կամ քսվեր նրա հագուստներին ,,երբ գնում է զորամաս՝ հայտնելու կատավածի մասին, նկատեցի, որ ոտքերս արյան մեջ են,,, դատարանում ասում է վկան, սակայն նա չի կարողանում բացատրել, թե ինչպես է հայտնվել ,,արյան մեջ,,:            

Զինդատախազությունը այսօր էլ պնդում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները, վկայի և դատապարտյալի ցուցմունքները, փորձաքննությունների արդյունքերը համապատասխանում են իրար և որևէ հակասություն չկա:           

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է ապացույցների գնահատման կարգը. ,,Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ,,:         

,,ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՆԵՑԻՆ ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ,,            

Արդեն հինգերորդ տարին է, այս հարցի պատասխանը չեն կարողանում ստանալ  սպանված զինծառայողների հարազատները: Նրանք համոզված են, որ մեկ մարդը չէր կարող հինգ զինվոր սպանել և իրական հանցագործներն ազատության մեջ են:          

,,Դա դատավարություն չէր, այլ ծաղրուծանակ: Ինչ ուզեցին, այն էլ արեցին: Դատարանում մենք չստացանք մեր հարցերի պատասխանները. Ովքե՞ր են և ինչո՞ւ են սպանել մեր որդիներին: Մեզ չհամոզեցին, որ հանցագործը Արթուր Մկրտչյանն է և ես չեմ ուզում, որ ևս մեկ անմեղ մարդ տուժի,,, ասում է սպանված զինծառայող Վ. Մարտոյանի հայրը:              

,,Դեպքից 10 օր առաջ ուզում էի տղայիս տեղափոխել այդ զորամասից, բայց նա չհամաձայնվեց,,, շարունակում է պատմել հայրը: Հարևան Սայաթ-Նովա գյուղից Արարատ Պողոսյանը նույնպես ծառայել է թիվ 18 հենակետում: Դեպքից 1 շաբաթ առաջ ծնողները որդու խնդրանքով նրան տեղափոխել են մոտակա Կողբի զորամաս, սակայն 3 ամիս հետո ծնողներին վերադարձրել են որդու խոշտանգված մարմինը: ,,Նրանցից էի տեղեկացել, որ այս պահակակետում վտանգավոր մի բան կա և դրա համար էի ուզում որդուս տեղափոխել,,, շարունակում է պատմել սպանված զինծառայողի հայրը:              

Շրջանառվող խոսակցությունները կապված են եղել թիվ 18 հենակետում տեղի ունեցող զենքի վաճառքի հետ: Այսօր թիվ 18 հենակետը չկա: Դեպքից անմիջապես հետո այն հանվել է:            

,,Բոլոր ծնողներս էլ գիտենք, որ մեր երեխաների արյան գինը մեր չինովնիկները գնահատել են 25000 դոլար,-մի քանի ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքում գրում է սպանված զինվոր Էմիլի մայրը,-չեմ ընդունում, որ Արթուր Մկրտչյանը միայնակ կարող էր հինգ զինվորի կյանք խլել…չորս տարիներ անընդմեջ գրվող բողոքներիս պատասխան չեն տրվում…,,:        
Հերթական մերժումը՝ գործը քննելու վերաբերյալ, ստացվել է Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական, ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից: ,,Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Արթուր Մկրտչյանը իրեն մեղավոր է ճանաչել լիովին և ցուցմունքներ է տվել, որ 5 զինվորների սպանությունը կատարել է ինքը: Նա համառորեն պնդել է, որ սպանությունները կատարել է միայնակ և վկա Վ. Ծատուրյանը սպանությունների հետ կապ չունի,,: Արթուր Մկրտչյանը դատաքննության ընթացքում իրեն ,,լիովին,, մեղավոր չի ճանաչել և ,,համառորեն,, պնդել է հակառակը, որ սպանությունները ինքը չի կատարել: Վստահ ենք, որ զինդատախազությանն ուղղված բազում բողոքները մերժվել են՝ առանց քրեական գործն ուսումնասիրելու:          

ՀՀ զինվորական դատախազին հասցեագրված դիմումներում նշված փաստերը պարզաբանելու, ինճպես նաև քրեական գործով կատարված նախաքննության և դատաքննության օբյեկտիվության մեջ անձնապես համոզվելու համար, ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը տեսակցել է Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում գտնվող Արթուր Մկրտչյանի հետ: Հանդիպման մասին մեկուսարանից գրում է դատապարտյալը:                

,,Մեր զրույցը տևել է 20-30 րոպե: պրն Ջհանգիրյանը ինձ առաջարկեց պատմել եղելությունը: Ես պատմեցի եղելությունը, այն, ինչ արդեն պատմել եմ, որից հետո նա ինձ հարցրեց. ,,գուցե պահակակետում եղել է խոշոր գումար կամ թմրանյութեր, որոնց շուրջ կարող էր վեճ ծագել և հանգեցնել այդպիսի հետևանքների,,: Այստեղ հետաքրքիր է Պրն Ջհանգիրյանի մտքի ընթացքը. Նա մտածում է, որ միայն խոշոր գումարը կամ նարկոտիկները կարող էին հանգեցնել այդպիսի ողբերգության, բայց միաժամանակ ընդունում է, որ այդ վեճը խագել է 100 դոլարի պատճառով, որն իրականում չի եղել: Պրն Ջհանգիրյանը մեկ չի հավատում, որ ես չեմ ճանաչում այն 3-ին, որոնք իրական հանցագործներն են, մեկ չի հավատում, որ որ ես ոչ ոքի չեմ սպանել: Չի հավատում, որ ես ճշմարիտ ցուցմունքներ եմ տալիս, որովհետև եղելությունը պատմում էի խոնարհված աչքերով, բայց Պրն Ջհանգիրյանը չի պատկերացնում, որ ամեն պատմելուց ես վերապրում եմ այդ իրադարձությունները և ինձ համար շատ ծանր է: Ես պատրաստ եմ ապացուցելու իմ անմեղությունը անգամ ստի դեդեկտորի առջև և այդ մասին ես ասել եմ զինվորական դատախազին,,:              

Այս հանդիպումից հետո է, որ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը. ,,անձնական զրույցի ու քրեական գործի ուսումնասիրությամբ եզրակացության է հանգել, որ հանցագործությունը կատարել է Արթուր Մկրտչյանը,,:           

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ՊԱՀԱՆՋՈՎ           

,,Առայժմ դատավճիռը բողոքարկելու հիմքեր չկան, դատական սխալի հնարավորությունը չի անտեսվել: Հանձնարարվել է շարունակել օպերատիվ հետախուզական աշխատանքները և նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ անհապաղ տեղյակ պահել…,,, ՀՀ զինվորական դատախազի այս պատասխանը հուսադրող է, սակայն ,,առայժմ,, քրեական այս գործում նա սխալներ չի տեսնում:          

Իրավաբան փորձագետները, ում հետա այս քրեական գործով խորհրդատվություններ ենք անցկացրել, միանշանակ պնդում են, որ այսպիսի ապացույցների առկայության պայմաններում անհրաժեշտ է Արթուր Մկրտչյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել:             

,,Հանցագործությունը բացահայտված չէ, ճշտված չեն հանցագործության բոլոր մասնակիցները, անպատասխան են գործի բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր,,, սա է պատճառը, որ դատապարտյալի պաշտպանը միջնորդել է բեկանել դատավճիռը և լրացուցիչ քննություն կատարել: ,,ՀՀ քր.դատ.օրի  54 հոդվածը բացահայտում է ՀՀ քր.դատ.օրի 14 հոդվածի պահանջները քննության օբյեկտիվության, լրիվության և բազմակողմանիության վերաբերյալ, իսկ դա նշանակում է, որ նշված հոդվածների պահանջները շաղկապված են ու լրացնում են միմյանց: Այս քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում չեն պահպանվել նշված հոդվածների պահանջները,,, ասում է փաստաբանը:          

Մեղադրող կողմը դատարանում նշել էր, որ եթե Արթուրը անմեղ է, ինչո՞ւ է նրա պաշտպանը նոր քննություն պահանջում: Այս հարցին իր վերջին խոսքում անդրադարձել է դատապարտյալը. ,,Որովհետև քննությունը տարվել էր միակողմանի և որպեսզի ինքներդ համոզվեք, որ ես ոչ ոքի չեմ սպանել, դրա համար էլ նա նոր քննություն պահանջեց: Եվ, վերջապես, հինգ զինծառայողի սպանությունը, որ այսպես մատների արանքով են դիտում այդ գործին,,:          

Քրեական այս գործով անհրաժեշտ է նոր քննություն կատարել և բացահայտել հանցագործության իրական պատկերը: Սրան են սպասում հինգ սպանված զինծառայողների հարազատները, որոնք չեն ստացել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են սպանել հայրենիքի պաշտպանության համար բանակ մեկնած իրենց զավակներին: Սրան է սպասում Արթուր Մկրտչյանը, որն արդեն հինգերորդ տարին է հարկադրաբար ապրում է մահապարտի կյանքով: Եվ վերջապես, նոր քննության և արդար դատավճռի սպասում ենք մենք՝ ,,Հանուն Հայաստանի Հանրապետության,, քաղաքացիներս,,:          

Այսօր ամբողջ աշխարհում մահապատիժը վերացնելու տենդենցը դատական սխալի արդյունքում անմեղ մարդուն դատապարտելն է: Այս քրեական գործը լցված է դատական սխալներով: Դատարանը առանց ապացույցների հեշտությամբ մահվան է դատապարտել անմեղ մարդուն: Արթուր Մկրտչյանը մահվան է դատապարտվել չկատարած հանցագործության համար: Այս համոզմունքին է բերում քրեական գործի ուսումնասիրությունը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է մահապատժի վերացման անհրաժեշտության մասին:       

Ժաննա Ալեքսանյան

Տպագրված է ,,Հայկական ժամանակ,, օրաթերթում,       
2001թ. Հունվարի 30,31, Փետրվար 1:   
2456
Print
ռազմավարական դատավարություններ
բանակում  ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները 25.09.2015 | ռազմավարական դատավարություններ

բանակում ծանր հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում թույլ օղակները

Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան դեպքից  հետո,  ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով նշված զորամասի հրամանատարության և սպայական անձնակազմի  նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին հայտնի է դարձել դատական նիստի ժամանակ, երբ հետազոտվել են  քրեական գործ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին» 20.06.2015 | ռազմավարական դատավարություններ

«Մեր էրեխեքը չեն նեղացրել Մանուչարին»

քննիչը հայհոյել եւ հարվածել է վկային (տեսանյութ) 9.09.2014 | ռազմավարական դատավարություններ

քննիչը հայհոյել եւ հարվածել է վկային (տեսանյութ)

«Ես դեպքի վերաբերյալ ցուցմունք եմ տվել Մեղրու բաժանմուnքում: Իմ գրածին ու պատմածներին չհավատալով, Բաղդասարյան Հարութը (քննիչը) ինձ սկսեց հայհոյել և անվանեց չաթլախ, սկսեց հարվածներ հասցնել մարմնիս տարբեր մասերին: Այդ նույն օրը ես ՌՈ աշխատակիցներից և Տիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: