լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
3.08.2018 | իրադարձություն

Բաց նամակ

Բաց նամակ
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

ՀՀ ԱԺ պատգամավորներինԵրևան, 

01 օգոստոսի 2018թ.

Հարգելի պարոն Զեյնալյան, տիկին Թանդիլյան, պարոն Հարությունյան, պարոն Թաթոյան, ՀՀ ԱԺ պատգամավորներ,

Ձեր ուշադրությունն ենք ցանկանում սևեռել վերջերս հնչեղություն ստացած Սիսիան քաղաքի բնակիչ Հասմիկ Սարգսյանի դատական գործի և սոցիալական վիճակի վրա:

Գրեթե մեկ տարի առաջ ծանոթուհու բնակարանից 10 հազար դրամ գողություն կատարելու մեղադրանքով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Հասմիկ Սարգսյանին դատապարտել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հասմիկ Սարգսյանի հանրային պաշտպանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը 26․06․2018թ․ դատական նիստում վճռել է Սարգսյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ներկայումս Սարգսյանը պատրաստվում է այդ վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Այս գործի հետ կապված՝ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք կասկած են հարուցում դատական համակարգի նկատմամբ: 2018թ. ապրիլի 3-ին Սիվիլնեթի «Ազատամարդ․ Բազմազավակ և միայնակ մայրը դատապարտվեց վեցուկես տարվա» հաղորդման մեջ Սարգսյանը նշում է, որ ինքն իրականում 4000 դրամ էր գողացել, սակայն քննիչը ճնշում է գործադրել իր վրա՝ ստիպելով խոստովանել 10000 դրամի գողություն, ինչն արդեն քրեորեն հետապնդելի է: Իր վրա գործադրված ճնշումների հարցով Սարգսյանը դիմել է ՀՔԾ, սակայն գործը կարճվել է: Այժմ գործի կարճումը բողոքարկվում է:

Հասմիկ Սարգսյանի սոցիալական վիճակը խիստ խոցելի է։ Նա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, և գողություն անելու նրա միակ դրդապատճառը եղել է երեխաներին կերակրելը: Սարգսյանը 4 երեխա ունի. նրանցից մեկը ծառայում է ՀՀ զինված ուժերում, մյուսը չափահաս է, իսկ երկուսն անչափահաս են: Ավելին, երեխաներն առողջական ծանր խնդիրներ ունեն: Ինքը՝ Հասմիկ Սարգսյանը, նույնպես լուրջ առողջական խնդիրներ ունի: Նա ամուսնալուծված է, ամուսինը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս և Սարգսյանի պնդմամբ՝ որևէ կերպ չի օգնում իրեն ու երեխաներին: Հասմիկ Սարգսյանն այս պահին որոշ սրտացավ մարդկանց աջակցությամբ ապրում է Սիսիան քաղաքի մի բնակարանում, սակայն մինչև ս. թ. հունիս ամիսը մշտական գրանցում չունենալու և Սիսիանի տեղական իշխանությունների ոչ բարյացակամ մոտեցման հետևանքով անգամ չի կարողացել օգտվել «Փարոս» ծրագրից: Սոցիալական աջակցության ծրագրում նա ներգրավվել է հասարակական կազմակերպությունների միջամտությունից հետո։ Այժմ Հասմիկն աշխատում է հացի փռում, սակայն առողջական խնդիրների պատճառով տվյալ աշխատանքը կատարելը վտանգավոր է նրա համար (միոմաների պատճառով բարձր ջերմաստիճանի պայմաններում նա արնահոսում է)։

Հարգելի նախարարներ, ԱԺ պատգամավորներ, բարձրագույն դատական խորհրդի նախագահ և Մարդու իրավունքների պաշտպան, մենք կոչ ենք անում ուշադրություն դարձնել այս խնդրին, ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի․

(ա) ոստիկանության հնարավոր ապօրինությունները բացահայտվեն․ եթե Սարգսյանի վրա իրոք ճնշումներ են գործադրվել, և նա 4000, այլ ոչ 10000 դրամ էր գողացել, ապա նրա հանդեպ քրեական հետապնդումն ընդհանրապես ապօրինի է եղել, Հատուկ քննչական ծառայություն ներկայացված բողոքը, ըստ Հասմիկ Սարգսյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի, պատշաճ չի քննվել,

(բ) համապատասխան դատական ատյանները վճիռ կայացնելիս հաշվի առնեն Հասմիկ Սարգսյանի սոցիալական պայմանները՝ անչափահասների խնամակալ լինելը, առողջական ծանր վիճակը, աղքատությունը,

(գ) Հասմիկ Սարգսյանին տրամադրվի այնպիսի աջակցություն, որ նա կարողանա բարելավել իր սոցիալական պայմանները՝ առողջական վիճակին համապատասխան աշխատանք գտնի, սոցիալական օժանդակությունից օգտվի, Հասմիկը և երեխաներն անվճար բուժօգնություն ստանան,

(դ) անհապաղ նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն նմանատիպ անարդար դատավճիռների օրինականությունը և նման անհամաչափությունը կատարված հանցանքի ու պատժի միջև, աղքատությունից դրդված գործողություններին հատուկ որակում և մոտեցում կցուցաբերեն։

Ակնկալում ենք, որ Վճռաբեկ դատարանը կղեկավարվի իրավունքի՝ այդ թվում արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի իրավունքի, մարդկայնության, մարդասիրության սկզբունքներով և կայացնի բարձրագույն դատական ատյանին վայել, իսկապես իրավական և արդարացի որոշում, քանզի վճռաբեկ ատյանի խնդիրը զուտ օրենքների ֆորմալ պահանջների կատարումը չէ, այլ մարդակենտրոն իրավունքի զարգացումը և այդպիսի իրավունքի փիլիսոփայության ներմուծումը արդարադատության ոլորտ:

Արփինե Գալֆայան

Աննա Շահնազարյան

Արէ Մարտիրոսյան

Անահիտ Սիրմոնյան

Զառա Հարությունյան

Լալա Ասլիկյան

Անտոն Իվչենկո

Աննա Նիկողոսյան

Արման Ղարիբյան

Ստելլա Չանդիրյան

Զարուհի Հովհաննիսյան
695
Print
իրադարձություն
«Սահմանադրության մեջ որևէ վերապահում չկա անձեռնմխելիության մասով: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն Սահմանադրությունից» 14.08.2018 | իրադարձություն

«Սահմանադրության մեջ որևէ վերապահում չկա անձեռնմխելիության մասով: Եթե դժգոհողներ կան, թող դժգոհեն Սահմանադրությունից»

«Ցավալի է, որ Հայաստանում որևէ պետական մարմին իրեն իրավունք է վերապահում դատարանի որոշումն անվանել «ապօրինի»: Այդ պետական մարմինը լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստը և իր սեփական լիազորությունենրի շրջանակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի շահերի

Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը 14.08.2018 | իրադարձություն

Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը

«Ես տեսել եմ մարտի 1-ը և չեմ կարող մոռանալ: Անմոռանալի են արյան լճակները, ջարդած, ջախջախված գլուխները, փողոցում մանկահասակ մորը դուբինկաներով խփելը, ոստիկանական այդ թշնամական վերաբերմունքը: 80 ականատեսի հետ ենք խոսել, ահավոր բաներ են պատմել: Ո՞վ է դա արել, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն:

Պետության առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության 14.08.2018 | իրադարձություն

Պետության առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին՝ հրավիրելով մասնակցել օգոստոսի 17-ին, ժամը 18:30ճին Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին: Վարչապետը խոսել է նաև Հայաստանում օրինականության հաստատման անհրաժեշտությունից՝ այն համարելով այլընտրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: