լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.07.2018 | մշակութային իրավունք

«Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան»

 «Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան»
Հայաստանում թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո բռնկվեց աննախադեպ մի շարժում, որը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Մայր Աթոռ տեղափոխված բողոքի գործողությունները վերածվել են իրական պատերազմի՝ տեղակատվական հարթակում, ինչպես և՝ մերթընդմերթ ֆիզիկական բախումներ են տեղի ունենում հոգևորականների ու բողոքավորների միջև: Հատկապես լարված է եղել իրավիճակը հուլիսի 14-ին, երբ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման անդամները պառկեցին Գնդեվանք այցելած Կաթողիկոսի ճանապարհին: 

Հանրահայտ գիտնական Հենրիկ Հովհաննիսյանը վերաբերմունքն իրավիճակին բացասական է: Չի հիշում մեկ դեպք, երբ հավատավոր ժողովուրդը պահանջի քահանայապետի հրաժարականը, թեև անարժան կաթողիկոսներ ունեցել ենք: Հոգևոր դաշտում խմորումները նա մեկ բառով է նկարագրում՝ տգեղ է. 

«Եթե հեղափոխություն է կատարվում, եթե իշխանություն է փոխվում, եթե իշխանավորներ ու օլիգարխներ են մերկացվում, դա չի նշանակում, որ պիտի ոգևորվել և շարժումը տեղափոխել եկեղեցու դուռը՝ Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան»,- Forrights.am-ին ասում է Հենրիկ Հովհաննիսյանը: Գիտնականը հարց է տալիս Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին՝ ի՞նչ փաստերով են ապացուցում, որ Գարեգիկ Երկրորդն անարդար է ընտրվել: Պարզապես հեղափոխությունից հետո մարդիկ որոշել են, որ ամեն ինչ պետք է լինի նոր, ամեն ինչ պետք է քանդել, ամեն ինչի վրա պետք է հարձակվել: Հիմա էլ որոշել են հարձակվել եկեղեցու վրա: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ եկեղեցին այն տեղը չէ, որտեղ կարելի է ցույց անել. 

«Եկեղեցին պահպանողական հաստատություն է և նրա ուժն ու իմաստը իր պահպանողականության մեջ է: Ձեռք մի՛ տվեք դրան»: 

Նրան հատկապես անհասականալի է, երբ աշխարհական քրիստոնյան կանգնում է Վեհարանի առջև ու ճառ ասում. «Ես նրան կասեմ՝ ա՛յ տղա, դու ո՞վ ես: Քեզ ո՞վ է թույլ տվել Վեհարանի մոտ կանգնես, եկեղեցու մոտ ճառ ասես, միտինգ անես, ո՞վ է թույլ տվել: Քաղաքական մանիֆեստացիաների բեմավիճակներն ինչո՞ւ են շփոթում և բերում եկեղեցու դուռը: Չե՞ն հասկանում, թե դա ինչքան տգեղ է»: Հենրիկ Հովհաննիսյանին նաև հասկանալի չէ՝ ի՞նչ է Գարեգին Երկրորդի դեմ դուրս եկածների պահանջը. 

«Նա նախագահ, վարչապետ կամ Խորհրդարանի նախագահ չէ, որ հրաժարական պահանջես: Իրավունք չունես: Ինչպե՞ս է ընտրվել՝ քո գործը չի, վերջացել է այս պատմությունը»: Գարեգին Երկրորդի կաթողիկոսության դեմ ծավալված շարժման առանձնահատկությունն այն է, որ այն ծնվել է եկեղեցու միջից: Բողոքավորների շարքերում մենք տեսնում ենք սքեմավորների: Հենրիկ Հովհաննիսյանը սխալ է համարում ներեկեղեցական հարցերը հասարակական քննարկման առարկա դարձնելը, անգամ եթե անել դա անարդար որոշումներն են ստիպում. 

«Օգնության են կանչում հասարակությա՞նը, ո՞ր հասարակությանը, շատ կասկածելի է այդ հասարակությունը: Ովքե՞ր են նրանք, արդյո՞ք աղանդավորներ չկան նրանց մեջ»: Գարեգին Երկրորդը Սուրբ Էջմիածնի գահակալն է արդեն 20 տարի: Հիմնական քննադատությունը նրա հասցեին այն է, որ նրա առաջնորդության տարիներին եկեղեցին հեռացել է մարդուց: Որպես հետրևանք՝ հոգևոր սովը հագեցնելու մղումով առաքելականները համալրում են տարատեսակ կրոնական կազմակերպությունների շարքերը: 

Պարոն Հովհաննիսյանը չի հասկանում՝ «եկեղեցին հեռացել է ժողովրդից» ձևակերպումը. «Այդ ե՞րբ էր ժողովրդին այդքան մոտ, ինչ ձևով էր մոտ, որ հիմա հեռացավ: Եկեղեցի գնացողը գնում է»: Ըստ նրա՝ Հայ առաքելական եկեղեցին բարեփոխման կարիք չունի. «Եկեղեցին չի բարեփոխվում: Եկեղեցին պահպանողական հիմնարկ է, ռեֆորմները կարող են վերաբերել քաղաքական ու տնտեսական համակարգերին, բայց ո՛չ եկեղեցուն: Ռեֆորմները եկեղեցին  չի կարող ընդունել և պետք է չընդունի: Ես մերժում եմ նման միջամտությունները: Աշխարհականն այս ձևով պետք է եկեղեցու գործերին չխառնվի»: 

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը հուլիսի 6-ին հայտարարեց, թե Էջմիածնի գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են: Այդ թվում ՝ Սուրբ Գեղարդը մասնակի կամ ամբողջությամբ փոխանցվել է ռուս քաղաքապետի կամ ռուս եկեղեցուն: Մայր Աթոռը ստիպված եղավ 1 օրով ցուցադրության հանել բացառիկ մասունքը: Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներից Կարեն Պետրոսյանը հայտարարեց, թե Մայր Աթոռում ցուցադրության դրված Գեղարդը բնօրինակը չէ, քանի որ բնօրինակի վրա, ըստ որոշ հոգևորականների պնդման, մետաղական կնիք կա: 

Հենրիկ Հովհաննիսյանը Սուրբ Գեղարդին նայում է իբրև սիմվոլի, իսկ սիմբոլը քննարկման ենթակա չէ: Իրական Գեղարդի գոյության փաստն ինքնին պատմականորեն դժվար ապացուցելի է. «Ինչպե՞ս են որոշել, թե այդ Գեղարդը հենց այն է, որ թաթախվել է Տիրոջ արյան մեջ: Դրա ապացույցը որտե՞ղ է: Դա սիմվոլ է: Բարդուղիմեոս Աառաքյա՞լն է բերել, ինչպե՞ս ես ստուգել, պատմականորեն ինչպե՞ս է դա վկայված, թե դա որ մեկն է: Նախ՝ քանի՞ նիզակ է թաթախվել Տիրոջ արյան մեջ, մեկն է, երկուսը, թե՞ յոթը, Գյումրիի եկեղեցին Յոթ վերք է կոչվում, այս էլ չգիտես: Տիրոջ կողքը ավազակ էր խաչվում, կարող է ավազակի արյան մեջ է թաթախվել, ի՞նչ գիտես: Ուրեմն՝ տեսեք, թե որքան անլուրջ է այս ամբողջը»: 

Հենրիկ Հովհաննիսյանը հայ և ռուս եկեղեցիների միջև սիմվոլների նվիրատվությունը բնական երևույթ է համարում: Քրիստոնեական եկեղեցիների միջև մասունքների փոխանակումն ու նվիրաբերությունն ընդունված կարգ է. «Ենթադրենք՝ այդպիսի փոխանակություն եղել է, ինչո՞ւ եք իրար խառնվել, տղե՛րք: Ինչի՞ համար եք անհանգստանում, այս նիզակի՞, սիմվոլի՞ համար: Նիզակի վրայի ժանգը տարան, թե ինչ… սա ի՞նչ խոսակցություն է 21-րդ դարում, խորին տգիտություն: Հավատի սիմվոլները անքննելի են»,- եզրափակեց գիտնականը: 

Որպես հավելյալ տեղեկություն մեջբերենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հրապարակած տվյալները: Ըստ այդմ՝ ժամանակին Վազգեն 1-ին կաթողիկոսը Եթովպիայի կայսերն է նվիրաբերել Թադեոս առաքյալի մասունքը, Գարեգին 1-ինը` Անդրեաս առաքյալի մասունքն է նվիրել Ռուս Ուղղափառ եկեղեցու Ալեքսիյ 2-րդ պատրիարքին։ Հայկական կողմը ևս քույր եկեղեցիներից մի շարք քրիստոնեական սրբություններ է նվեր ստացել։ 

Մասնավորապես` 1970 թվականին, երբ Վազգեն 1-ին կաթողիկոսն այցելել էր Վատիկան, Պողոս 6-րդ պապը նրան էր հանձնել Բարդուղիմեոս առաքյալի մասունքը, իսկ 1994թ-ին Հովհաննես Պողոս 2-րդ պապն իր բանագնացների միջոցով Էջմիածին էր ուղարկել ու Մայր տաճարում Վազգեն 1-ին հանձնել սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։ 2000 թվականին, երբ Գարեգին 2-րդ կաթողիկոսն այցելել էր Վատիկան, Հովհաննես Պողոս 2-րդը նրան էր հանձնել Նեապոլի սուրբ Գրիգորի վանքում պահվող սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժը Հայաստանին է վերադարձրել Կիլիկյան արվեստի գլուխգործոց համարվող, 13-րդ դարի մասնյաց պահարանը, որում ամփոփված են ավելի քան 20 սրբերի մասունքներ։  

Ռոբերտ Անանյան   
15238
Print
մշակութային իրավունք
 «Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան» 16.07.2018 | մշակութային իրավունք

«Վեհարանի դիմաց վրաններ դնել… ներողություն, սա այլանդակություն է, չի կարելի նման բան»

Հայաստանում թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո բռնկվեց աննախադեպ մի շարժում, որը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Մայր Աթոռ տեղափոխված բողոքի գործողությունները վերածվել են իրական պատերազմի՝ տեղակատվական հարթակում, ինչպես և՝ մերթընդմերթ ֆիզիկական բախ

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը 29.06.2018 | մշակութային իրավունք

Ինչ խնդիր է լուծում Սարդարապատի թանգարանի ենթակայության փոփոխությունը

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը կարող է Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարության ենթակայությունից փոխանցվել Մշակույթի նախարարությանը: Հաստատության տնօրեն Կարեն Արիստակեսյանի կ

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ) 10.06.2018 | մշակութային իրավունք

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով.նա պետք է հեռանա».բողոքի ակցիա (տեսանյութ)

Հայաստանի հոգևոր կյանքը կարիք ունի բարեփոխումների, ինչը հնարավոր չէ իրականացնել Գարեգին Բ կաթողիկոսի օրոք. 

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա կաթողիկոս է ընտրվել կեղծիքներով և պետք է հեռանա», ֊հայտարարում են Երևանի փողոցնե

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: